ՉԵՄՊԻՈՆ. Կրիշտիանու Ռոնալդու. Թռչնակը Մադեյրայից

ՉԵՄՊԻՈՆ. Կրիշտիանու Ռոնալդու. Թռչնակը Մադեյրայից

Ռոնալդուի մանկությունից մինչև աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստ դառնալը, երբ 2009 թվականին 132 միլիոն դոլլարի դիմաց Մանչեսթեր Յունայթեդից տեղափոխվեց Ռեալ Մադրիդ։ Ամեն ինչ՝ գրագետ փոխանցումներով:

Ատլանտյան օվկիանոսի ջրերում թաքնված է հավերժական գարնան կըղզին: Պորտուգալական Մադեյրան է: Կղզու խորհրդանիշը ստերլիցիա ծաղիկն է: Նման է հրաշքների աշխարհի ֆանտաստիկ դեղին թռչնակի: Ամեն տարի՝ ապրիլի վերջին և գարնան սկզբին, Մադեյրայում անցկացվում է ծաղկի տոնը: Մադեյրայում շաքար այլևս չեն արտադրում: Բայց կար ժամանակ, որ շաքարի արտահանումն էր կզղու տնտեսության հիմքը: Ու հենց այդ շաքարի արտադրության շնորհիվ էր Մադեյրայի գինին այդքան հանրահայտ դարձել ամբողջ աշխարհում: Մադեյրայի 500-ամյա պատմության մասին խոսում են կղզում ամեն քայլափոխի հանդիպող արձանները: Այդպիսիներից մեկն էլ վերջերս է ավելացել ամենահայտնի մադեյրացու պատվին: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է:

Մադեյրայում է 1985-ի փետրվարի 5-ին ծնվել ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի անվանակիցը: Կրիշտիանուի անվան շուրջ ծնողները ամիսներով վիճում էին: Հարցը կոնսենսուսով լուծվեց: Տղային երկու անվանում տվեցին: Մոր ուզած Քրիստիանը պորտուգալերեն հնչեց Կրիշտիանու, հոր սիրելի Ռոնալդն էլ դարձավ Ռոնալդու. «Մինչև նախագահ դառնալը Ռեյգանը հոլիվուդյան դերասան էր: Հայրս էլ պաշտում էր նրա մասնակցությամբ ֆիլմերը»:

Ժոզե Դինիշ Ավեյրուն ադմինիստրատիվ պաշտոն էր զբաղեցնում տեղական ֆուտբոլային «Անդորինիա» ակումբում: Տղայի ստացած առաջին նվերն էլ ֆուտբոլի գնդակն էր. «Այն հիմա ընտանեկան մասունք է մեզ համար»:

Տղայի ապագան կանխորոշված էր: Տաղանդի մասին խոսում էր փողոցային մականունը: Ռոնիին հոլանդացի գերաստղի` Պատրիկ Կլյուվերտի հետ էին համեմատում. «Հիշում եմ Պատրիկի գոլը չեմպիոնների լիգայի եզրափակիչում: «Այաքս»-«Միլան» խաղն էր: Այնպես էի ուրախացել, կարծես ես լինեի գոլի հեղինակը»:

Առաջին տրանսֆերային գործարքը նրա կյանքում կայացավ 8 տարեկանում: Կղզու առաջատար թիմը «Անդորինիայից» գնեց վունդերկինդին: Փոքրիկի համար մեկ այլ՝ «Մարիտիմո» ակումբն էլ էր պայքարում. ««Նասիոնալում» ասացին` երկու տարի ինձ կապահովեն մարզահագուստով ու մարզակոշիկով: Հարմար տարբերակ էր»:

12 տարեկանում Ռոնալդուն հայտնվեց մեծ քաղաքում: Լիսաբոնի «Սպորտինգն» էր գնել նրա տրանսֆերային իրավունքները: Այստեղ անմիջապես հասկացան` անմշակ ադամանդ է ձեռքներն ընկել: Նրան «Սպորտինգում» առանձին ֆիզիոթերապևտ տրամադրեցին, մարզումային անհատական գրաֆիկ մշակեցին: Տղան տաղանդավոր էր, բայց ֆուտբոլային թերություն ուներ. գիրուկ էր. «Մայրս ասել էր, որ եթե երկու բաժին ապուր ուտեմ, շուտ կմեծանամ: Այդպես էլ անում էի: Միշտ երկու անգամ շատ էի ուտում: Ու պատահական չէ, որ «Սպորտինգի» մարզիչների առաջ կանգնեցի ճարպերի մեծ պաշարով ու ծուռ ատամներով»:

Ճարպոտ Կրիշտիանուից 2 ամսում սալի հետք չմնաց: Բայց պարզվեց, որ տղան ավելի լուրջ խնդիր էլ ունի, քան ավելորդ կիլոգրամները: Առոգանությունն էր: Պորտուգալերենը հարուստ է բարբառներով: Պորտուի բնակչին անհնար է շփոթել լիսաբոնցու հետ: Իսկ Մադեյրան ընդհանրապես այլ էր: Ռոնիին ոչ ոք չէր հասկանում:

Թվում էր` բոլորովին այլ լեզվով է խոսում, ոչ թե մայրենի պորտուգալերեն լեզվով. «Բառ չասած՝ տղաներն արդեն ծիծաղում էին: Ինձ ծաղրածուի պես էի զգում: Լացակումած զանգում էի մորս, որ գա ու ինձ տուն տանի»:

Խաղընկերները շուտով համակերպվեցին տարօրինակ առոգանությամբ Կրիշտիանուի խոսքին: Լիսաբոնյան ֆուտբոլի ակադեմիայում Ռոնալդուն անցավ ֆուտբոլային բոլոր աստիճաններով ու 17 տարեկանում մոտեցավ դեբյուտին: 2002-03 մրցաշրջան: «Մայա» մարզադաշտ: Պորտուգալական «Սպորտինգը»՝ ընդդեմ սևիլիական «Բետիսի»: Հանդիպման ստատուսը ընկերական էր, բայց խաղադաշտում մինչև 50-րդ րոպեն մարտական ոչ-ոքի էր` 1-1. «Ադրենալինը գագաթնակետին էր հասել: Չէի համբերում, թե երբ եմ դուրս գալու խաղադաշտ: Վերջապես մարզիչը գլխով արեց: Ստանում եմ գնդակը, ոտքով կասեցնում, նկատում եմ՝ «Բետիսի» դարպասպահը դուրս է եկել: Հարվածը չպետք է ուշացնել, ու գոոոոլ…»:

«Առյուծների» երկրպագուները կարճ ժամանակում սիրահարվեցին նորահայտ հրաշամանուկին: Երկրպագուների արսենալում ավելացան վանկարկումները Ռոնալդուի պատվին:

Եվրոպական արենայում գարնանային կղզու թռչնակը հայտնըվեց U-17 European Championship-ի ժամանակ (մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնություն): Առաջինը Ռոնալդուի հնարավորությունները գնահատեց «Լիվերպուլի» նախագահ Ժերար Ուլիեն: Բայց մերսիսայդցիները վճռեցին չգնել պատանուն: Չափազանց երիտասարդ համարեցին ու իսկական զենք դրեցին հակառակորդի` «Մանչեսթեր Յունայթեդի» ձեռքին:

cristiano-ronaldo-reveals-unretouched-underwear-ad-images-01

Սըր Ալեքսը հիացած էր երիտասարդի տաղանդով: 18 միլիոն եվրո արժողությամբ գործարքը «Յունայթեդն» ու «Սպորտինգը» կնքեցին 2003-ին: Անգլիայում բեքհեմյան դարաշրջանը փոխարինվեց Ռոնալդուով: Սկզբում շփոթմունքը անվան շուրջ առաջացավ:

Ալեքս Ֆերգյուսոնը Ռոնալդուին բառացիորեն հագցրեց 7 համարի մարզաշապիկը: Ռոնին 28 համարն էր ուզում. «Սըր Ֆերգին տվեց 7 համարի մարզաշապիկն ու բացատրեց` այն կրել են մեծ ֆուտբոլիստներ` Բեսթը, Կանտոնան, Բեքհեմը, այն մագնիսական ձգողականությամբ է ներծծված»:

Կարմիր սատանաների կազմում առաջին դեբյուտային մըրցաշրջանն ապացուցեց, որ Ռոնալդուն արժանի էր լեգենդար 7 համարին: Համաշխարհային ֆուտբոլում տարածվեց մադեյրացի դեղին թռչնակի փառքը: Սկսվեց գովազդային ընկերությունների պայքարը Ռոնալդուի համար: Երկրպագուների խելագար ամբոխ հավաքվեց նրա շուրջը: Ռոնին էլ սուպերմոդել գեղեցկուհիների ցանկն ընդլայնեց:

Եվրոպական գրանդները ամեն տարի փորձում էին որսալ Կրիշտիանուին, բայց սըր Ֆերգին ամուր էր բռնել կապը, որը քիչ էր մնում պոկվեր 2005-ին: Այդ տարի մահացավ պորտուգալացու հայրը: Մեկ ամիս անց Կրիշտիանուին ձերբակալեցին բռնաբարության մեղադրանքով: Դատաիրավական հարցերը կարգավորվեցին, բայց դեպրեսիան չանցավ: Ռոնին մտադիր էր «Ռեալ» տեղափոխվել: Այս անգամ էլ՝ այնտեղ Բեքհեմին փոխարինելու:

Սըր Ալեքսն անձամբ մեկնեց Ալգրավ, որտեղ հանգստանում էր Ռոնալդուն, և համոզեց միտքը փոխել. «Երախտապարտ եմ Ֆերգյուսոնին: Դրանից հետո մենք հաղթեցինք պրեմիեր լիգայում ու չեմպիոնների լիգայում»: Մոսկովյան տրիումֆից հետո «Ոսկե տղայի» գինը կրկնակի աճեց: Առաջին «Ոսկե գնդակը» նրան շնորհեցին 2008-ին: Պերինեյան թերակղզում ընդունված է համարել, որ երրորդ փորձն անպատճառ հաջող կլինի: «Ռեալը» լրջորեն տրամադըրվեց Ռոնալդուի տրանսֆերը ձեռք գցելու գործին:

Երկար ու սկանդալային բանակցությունները ի վերջո ավարտվեցին Արքայական ակումբի հաղթանակով: Մադրիդում Ռոնալդուն խոստովանեց` «Ռեալն» իր երազանքն էր. «Միշտ իմացել եմ, որ աշխարհում կա միայն մի ակումբ, որտեղ պարտավոր եմ խաղալ` Մադրիդի «Ռեալում»:

«Սանտյագո Բերնաբեուում» 94 միլիոն եվրո արժողությամբ 24-ամյա պորտուգալացուն տեսնելու էր եկել 80 հազար հանդիսատես: Եվս 250 հազար մարդ «Ռեալի» Ռոնալդու շոուին հետեվում էր ուղիղ եթերով:

Թե քանի գոլ խփեց, քանի մրցանակ նվաճեց, քանի աղջկա սիրտ կոտրեց, քանի գովազդում նկարահանվեց ու քանի զրո ավելացրեց իր բանկային հաշվեհամարին, գիտեն շատերը: Բայց քչերն են ճանաչում ամբարտավան կեցվածքի ու մեծամտության դիմակի տակ թաքնված, ընտանիքին նվիրված Ռոնալդուին:

Կրիշտիանուն անձնական փորձով գիտի, թե ինչ աղետալի հետևանքներ ունեն ալկոհոլն ու թմրանյութը: Ավագ եղբորը` Ուգուին, Կրիշտիանուն կարողացավ փրկել թմրամոլությունից: Բայց ալկոհոլիկ հայրն այդպես էլ չուղղվեց: Բարձրահասակ, գեղեցկադեմ Դինիշ Ավեյրուին Ռոնալդուն պաշտում էր: Փորձում էր հորը համոզել բուժվել: Կրիշտիանուն պատրաստ էր վճարել աշխարհի լավագույն ռեաբիլիտացիոն բուժարաններին:

Բայց հայրը չէր համաձայնում Մադեյրայից դուրս գալ. «Ես տեսել եմ՝ որքան ավերիչ կարող է լինել ալկոհոլը: Անգամ գարեջուր չեմ խմում»:

Ռոնին 14 տարեկանում նկատեց, որ իր ավագ եղբորը կործանում են թմրադեղերը: Անհրաժեշտ էր նրան շտապ տեղափոխել վերականգնողական կլինիկա: Ռոնալդուն Լիսաբոնում էր արդեն: Նրա ամսական աշխատավարձը ընդամենը 300 դոլար էր: Կրիշտիանուն պատրաստակամ հրաժարվեց վաստակած գումարից՝ իրենից տասը տարով մեծ Ուգոի բուժման օգտին: Այսօր ավագ եղբայրը զբաղվում է Կրիշտիանուի ադմինիստրատիվ հարցերով:

Պորտուգալացի սուպերսթարի քույրերն էլ վայելել են կրտսեր եղբոր հոգատարության հաճույքը: Կատյան Լիսաբոնում հայտնի կաբարեի երգչուհի է: Հանդես է գալիս Ռոնալդա կեղծանվամբ: Էլման հագուստի մոդելավորող է: Սեփական նորաձևության տուն ունի եղբոր անվանատառերով` «CR7»:

cristiano-ronaldo-six-pack-1024x768

Մայրը Կրիշտիանուի համար աստվածուհի է: Ոչ մի սուպերմոդել չի կարող նրա աչքում խամրեցնել Մարիա Դոլորեշի գեղեցկությունը: Նրա խոսքը վերջնական է Ռոնալդուի համար: CR7 կրտսերի մոր մասին էլ Կրիշտիանուն չի սիրում խոսել: Ասեկոսեները շատ են, թե ով է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի զավակի մայրը: Ամենաշրջանառողը սուրոգատ մոր տարբերակն է:

Հայտնի խաբսերը, որ Ռոնալդուն կատարում է խաղադաշտում գնդակն ընդունելիս, ֆունշալցիներն անվանում են O Balinho Maderiense: Այն դարձել է կղզու բնակիչների ժողովրդական պարը: Ֆուտբոլային ամենավառ աստղի մարզաշապիկները, մեդալներն ու մրցանակները զարդարում են Մադեյրայում բացված` Ռոնալդուի թանգարանը: Հարցին, թե ինչ է Մադեյրան Ձեզ համար, Ռոնալդուն պատասխանում է անթաքույց հուզմունքով. «Իմ հայրենիքն է: Այստեղ են ապրում մայրս, քույրերս ու եղբայրս: Այստեղ հորս շիրիմն է: Մադեյրայում ես տանն եմ: Ուր էլ թռչեմ, վերջում այստեղ եմ վերադառնալու` հրաշքների աշխարհի դեղին ծաղկի երկիր»:

Գրել կարծիք