Ռոբերտ Էմմիյան. Հավերժ չեմպիոնի երազանքը

Ռոբերտ Էմմիյան. Հավերժ չեմպիոնի երազանքը

newmag-ը զրուցել է մինչև օրս Եվրոպայի, ԽՍՀՄ ու հանրապետության բազմակի չեմպիոն, բարի կամքի խաղերի հաղթող Ռոբերտ Էմմիյանի հետ, ում նախաձեռնությամբ հոկտեմբերի 3-ին Երևանում կանցկացվի վազքի միջազգային կիսամարաթոնը՝ «Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ը:

Առաջին անգամ հոկտեմբերի 3-ին Երևանում կանցկացվի վազքի միջազգային կիսամարաթոնը՝ «Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ը:

Երևանի միջազգային կիսամարաթոնը կազմակերպվում է պետական ծրագրի շրջանակում սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի հովանու ներքո:

Միջոցառման պաշտոնական կազմակերպիչն է «ՌԱՆԱՐՄ» ընկերությունը Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի ղեկավարությամբ: Մինչև օրս Եվրոպայի, ԽՍՀՄ ու հանրապետության բազմակի չեմպիոն, բարի կամքի խաղերի հաղթող Ռոբերտ Էմմիյանին է պատկանում Եվրոպայի հեռացատկի ռեկորդը՝ 8,86 մետր։ Նա այդ ցատկը կատարել է Ծաղկաձորում 1987-ի մայիսին:

Սպորտի վարպետը հաճախ է լինում Երևանում: Կազմակերպական աշխատանք, հանդիպումներ, վազքուղու ուսումնասիրում:

– Պարոն Էմմիյան, ինչո՞ւ որոշեցիք Երևանում կիսամարաթոն անցկացնել։

– Նախ և առաջ շատ ուրախ եմ, որ այս տարի մեր երազանքը կատարվեց, և առաջին անգամ անցկացվելու է վազքի Երևանի միջազգային կիսամարաթոնը: Իմ սպորտային տարիներին (իսկ ես հիսուն տարեկան եմ և արդեն գրեթե քառասուն տարի` ատլետիկայի մեջ) սպորտի միջոցով ինձ բախտ է վիճակվել լինել գրեթե ամբողջ աշխարհում: Շատ լավ գիտեմ ու գիտակցում եմ, թե ինչ դեր ունեն երկրի համար մարաթոնային վազքերը։ Ինձ բախտ է վիճակվել լինել Լոնդոնի, Աթենքի մարաթոններում, Փարիզի մարաթոնում, որտեղ կար 54000 մասնակից: Առաջինը՝ ես ուզում եմ, որ ներկայացնենք մարաթոնը: Պետք է քարոզել, որ ամենօրյա վազքի միջոցով կարելի է իրոք առողջ լինել, պետք է մասսայական սպորտը զարգացնել, նաև զարգացնել սպորտային տուրիզմի որոշ ուղղություններ, քանի որ Հայաստանը հրաշալի հնարավորություններ ունի: Աշխարհում վազքասերները շատ են և իրենց վազքի մարաթոններով հնարավորություն ունեն լինել աշխարհի տարբեր մասերում: Հայաստանը միակ երկիրն է, որը չի ունեցել մարաթոն կամ կիսամարաթոն։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կազմակերպիչներին, հովանավորներին, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին, օլիմպիական կոմիտեին, ֆրանսիական և տեղական կազմակերպություններին։ Որպեսզի միջոցառումը ստացվի, մենք պետք է բոլորս ամեն ինչ անենք, ներգրավենք մարդանց, դրական լիցքերով լցվենք և հավատանք ամեն մի լավ նախաձեռնության:

emmian

– Ինչպիսի՞ն են Հայաստանում մարաթոնր կազմակերպելու պայմանները` վազքուղիների որակը, ենթակառուցվածքները:

– Ես ուրախ եմ, որ հիանալի համագործակցում ենք Ատլետիկայի միջազգային ֆեդերացիայի հետ, եվրոպական ֆեդերացիայի հետ, որոնք շատ են սիրում մեր երկիրը: Դա ևս մի պատճառ է, որ Հայաստանում սպորտն ու ատլետիկան զարգանան։ Ցավոք, մեր երկիրը միակն է, որ չունի ատլետիկական վազքուղի: Միջազգային ֆեդերացիան աջակցում է մեր կառավարությանը: Սերժ Սարգսյանը խոստացել է շուտով լուծել այդ խնդիրը, որպեսզի հանրապետությունում ունենանք ժամանակակից վազքուղիներ:

– Ամբողջ աշխարհում մարաթոնային վազքը և առհասարակ վազքը մարդկանց ամենօրյա «գործն» է։ Բազմաթիվ երկրներում տեսել եմ, որ մարդիկ առավոտյան վազում են, որովհետև ունեն այդ կուլտուրան։ Ի՞նչ է պետք, որ Հայաստանում էլ այն ձևավորվի: Դրան նպաստող առաջին քայլերն արվում են այս մեծամասշտաբ միջոցառմա՞մբ։

– Այո՛, հենց դա է նպատակը։ Ես ամեն օր՝ առավոտյան վեցն անց կեսին, արթնանում եմ, գնում եմ վազելու, մարզանք անելու, լողանալու և տեսնում եմ, որ շատերը վազում են` և՛ երիտասարդներ, և՛ մեծահասակներ: Շատ կուզեի, որ նրանց թիվն ավելանար, քանի որ առողջության համար լավագույն պայմանն է մարզանքը: Շարժվելը, քայլելը, վազելը շատ կարևոր են։ Շատ կուզեի, որ Հայաստանում բոլոր մարդիկ՝ ամեն տարիքի, առանց ամաչելու վազքով զբաղվեն. դա հաստատ ավելի ճիշտ է, քան նստակյաց կյանք վարելը, խմելը, ծխելը։

– Դուք նաև մարզում ե՞ք:

– Այո՛: Չնայած ապրում եմ Ֆրանսիայում, Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահն եմ: Պարբերաբար Երևանում եմ, հետևում եմ բոլոր մրցումներին, մարզիկներին ուղարկում եմ միջազգային մրցումների, մարզական հավաքների: Ես նաև Ֆրանսիայի ատլետիկայի ֆեդերացիայի անդամ եմ և Ֆրանսիայի նախագահի խորհրդականը միջազգային կապերի գծով: Ես իմ կարիերան սկսել եմ Հայաստանում, ծնվել եմ Գյումրիում։ Շատ լավ դպրոց եմ ունեցել, լավ ուսուցիչ: Նա էլ ծնողներիս ասել է, որ ես պետք է անպայման սպորտով զբաղվեմ։ Ես շատ ուրախ եմ, որ ինձ տարան գիմնաստիկայի, և ես բախտ ունեցա երիտասարդ տարիներին շատ հաջողություններ գրանցել: Եվրոպայի ռեկորդն արդեն 30 տարի ինձ է պատկանում, որը շատ մեծ ուժ է տալիս:

emmian-2

– Այժմ որքա՞ն կարող եք վազել և ցատկել:

– Ես կարող եմ շատ վազել, հեռու ցատկել: 1998-ին շատ լավ արդյունքներով` 8,28 մ, ցատկեցի և հաղթեցի մրցաշարը և հենց այդ բարձր տրամադրությամբ էլ որոշեցի վերջացնել կարիերաս բարձր սպորտում։ Ուրախ եմ, որ 25 տարի եղել եմ սովետական հավաքականի կազմում, որը շատ հզոր հավաքական էր:

– Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա մարզիկը, որպեսզի հաջողությունների հասնի:

– Աշխատասիրություն, հարգանք և բարձունքներ նվաճելու երազանք:

– Դուք հասե՞լ եք Ձեր երազանքին:

– Այո՛, իմ երազանքն էր, որ հասնեի մեծագույն բարձունքների, ու հասա: Շատ մարդկանց աջակցության շնորհիվ կերտեցի իմ սպորտային ուղին, և այժմ միայն ամեն ջանք գործադրում եմ, որ միջազգային ասպարեզում Հայաստանը ներկայանա լավագույն կերպով:


11800543_659761244125921_6888809790363790917_n

Ինչ է «Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ը

Առաջին անգամ Երևանում անցկացվելու է վազքի միջազգային կիսամարաթոնը՝ «Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ը (www.runarm.am): Այս սպորտային ձեռնարկը կրելու է ամենամյա բնույթ՝ նպատակ ունենալով խթանել սպորտաձևի տարածմանը, քարոզել առողջ ապրելակերպ և Հայաստանում զարգացնել սպորտային տուրիզմը:

Միջոցառումը, որը մեկնարկելու է Հանրապետության հրապարակում, ներառելու է 4 վազքարշավ.
• Կիսամարաթոն (21,097 կմ),
• Փոխանցումավազք (2 x 10,550 կմ),
• 5 կմ վազք,
• 2,5 կմ վազք` 12–ից 18 տարեկան դպրոցականների համար:

«Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ին մասնակցության հայտագրման գործընթացը մեկնարկել է օգոստոսին: Բոլոր մասնակիցները հոկտեմբերի 2-ին՝ մեկնարկից ժամեր առաջ, կստանան մարզահագուստ և մասնակցության համար, բոլոր եզրագիծը հատողները՝ մեդալներ, իսկ հաղթողները՝ դրամական պարգևներ:

Այս մրցարշավը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ՀԱՖ-ի հավատարմագրած միակ միջազգային վազքարշավն է:  Ի դեպ, «ՌԱՆԱՐՄ»-ի մարզային վազքի մրցույթները կմեկնարկեն 2016 թվականի մարտից, Երևանի միջազգային մարաթոնը կանցկացվի 2020 թվականին:

Կազմակերպական աշխատանքին աջակցում են նաև Ատլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան (IAAF) և Միջազգային մարաթոնների և վազքարշավների ասոցիացիան (AIMS): Միջոցառման կազմակերպմանն իրենց աջակցությունն են բերել չարտերային թռիչքներ իրականացնող միջազգային «ՊրոՍկայ» ընկերությունը, «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկը, «Ռենո Արմենիա» ընկերությունը, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը, «Օրանժ Արմենիան», «Ջերմուկ գրուպը» ՝ իր «Պեպսի» և «Բյուրեղ սպորտ» ապրանքանիշներով, «Սիքստ» ընկերությունը և «Գրանթ Թորնթոնը»:  Ծրագրի ինֆորմացիոն աջակիցն է newmag ամսագիրը: Պատվավոր հյուրերի, այլ մանրամասների և մասնակցության կարգի մասին կարող եք տեղեկանալ ՌԱՆԱՐՄ-ի պաշտոնական կայքէջում (www.runarm.am) և սոցիալական ցանցերում («Facebook», «Twitter»/@runarm2015):

Ի՞նչ է կիսամարաթոնը

Մարաթոնից հետո ամենատարածված վազքարշավն է, որը շատ վազորդների հնարավորություն է տվել իրենց լավագույն կողմերը դրսևորել մրցույթների ժամանակ: Այդ իսկ պատճառով կիսամարաթոնը կդառնա «Երևան ՌԱՆԱՐՄ 2015» առաջին միջոցառման հիմնական փորձությունը:

Կազմակերպիչները պատրաստել են 2 շրջանից կազմված 10 կմ վազքուղի Երևանի կենտրոնում:

Առաջին մրցույթի համար նախատեսվում է 400 վազորդի մասնակցություն:

Բոլոր նրանք, ովքեր վստահ չեն իրենց ուժերին կամ բավարար մարզված չեն 21097 մ վազելու համար, կարող են մասնակցել երկու վազորդների համար նախատեսված 10550 մ փոխանցումավազքին: Յուրաքանչյուր վազորդ կկատարի մեկ շրջան՝ դրանով իսկ վկայելով, որ վազքը նաև թիմային սպորտ է:

 

 

 

Գրել կարծիք