Զգո՛ւյշ, խաբեբաներն են

Զգո՛ւյշ, խաբեբաներն են

newmag-ը ներկայացնում է Սերգեյ Գալոյանի քրեական պատմությունը, այն մասին, թե ինչպես է Դևիդ Հեմփթոնը ներկայացել որպես սևամորթ ռեժիսոր և ի՞նչ է շահել խաբեբաության արդյունքում:

Խաբեբայությունը ուրիշի ունեցվածքը թալանելն է կամ ուրիշի ունեցվածքի վրա խաբեության և վստահության չարաշահման օգնությամբ իրավունք ստանալը:

Արկածային գրքերում կամ կինոյում խաբեբաների մասին բազմաթիվ սյուժեներ են հյուսվում: Ամենաաղմկահարույց գործարքներն ի վերջո բացահայտվում են, բայց վստահաբար չի կարելի ասել, որ խոշոր խաբեբաների մեթոդները չեն օգտագործվում նաև այսօր: Ճիշտ է, հանրահայտ խաբեբաները միշտ չեն ապրել շքեղության մեջ, սակայն նրանց հիշում են մեր ժամանակների խաբեբաները, որոնք իրենց կուռքերի մտքի փայլը չունեն:

Հիտլերի որդու` Յուրոյի մասին լսե՞լ եք: Չէ՞: Այնքան էլ կարևոր անձ չէ: Սովորական մի խաբեբա է, որովհետև ո՛չ կրթություն է ստացել, ո՛չ դաստիարակություն: Սիրոյին գիտե՞ք: Ո՞չ: Նրան իմանալու կարիք էլ չկա, որովհետև գողացված հողերի կեղծ փաստաթղթեր է սարքում և պստիկ մի գումար դնում գրպանը: Սերժ Ջիլավյանին ճանաչում եք, իհարկե, որովհետև Հայաստանի Հանրապետության նախագահ էր ուզում դառնալ, իր դեմ մահափորձ էր բեմադրում, թեև սովորական էքսկուրսավար էր Ստեփանավանում…

Դևիդ Հեմփթոնը (1964-2003) ներկայացել է որպես սևամորթ ռեժիսոր և արտիստ Սիդնի Պուատիեի որդի: 1981 թվականին 17 տարեկանում ապագա խաբեբան ժամանում է Նյու Յորք: Նորահայտ Դևիդ Պուատիեի առաջին քայլն այն է լինում, որ մասնակցում է ռեստորաններում տրվող անվճար ճաշկերույթներին: Ապա խաբեբան գիտակցեց, որ իր կերպարը շատ համոզիչ է, և կարող է բարեգործությունների անվան տակ փողեր պոկել հանրահայտ մարդկանցից: Նրա խաբեբայությունների ցուցակում հայտնվեցին թատրոնի և կինոյի աստղեր Քելվին Քլեյնն ու Մելանի Գրիֆիթը: Կարճ ժամանակում Հեմփթոնն ընդլայնում է իր գործունեության շրջանակը: Որոշ մարդկանց սևամորթ խաբեբան հավատացնում էր, թե նրանց երեխաների բարեկամն է, ուրիշներին պատմում էր իրեն թալանելու մասին սրտակեղեք մի պատմություն: Նրա զինանոցում ևս մի փչոց կար օդանավի թռիչքից ուշանալու և թանկ ուղեբեռը կորցնելու մասին: Վերջիվերջո, 2003 թվականին, Հեմփթոնին մեղադրելով խաբեբայությունների մեջ, դատարանը վճռեց, որ նա տուժողներին պետք է վճարի 5 հազար դոլար: Հրաժարվելով գումարը վճարելուց՝ Դևիդին 5 տարվա բանտային կալանքի ենթարկեցին: Խաբեբան անօթևանների խնամքի տանը մահացավ ՁԻԱՀ-ից՝ չլրացնելով անգամ 40 տարին: Դեռևս նրա կենդանության ժամանակ՝ 1990 թվականին, նրա մասին նկարահանվել է «Օտարման վեց աստիճանները» ֆիլմը: Կինեմատոգրաֆիական նախագծի հաջողությունից հետո խաբեբան փորձեց ահաբեկել ֆիլմարտադրողներին՝ պահանջելով նախագծի եկամտի իր մասը: Դևիդը դատի տվեց ֆիլմի հեղինակներին` պահանջելով 100 միլիոն դոլար: Բայց դատարանը մերժեց պահանջը:

***

«Milli Vanilli» երկյակը հայտնի է իր հիթերով, այլ ոչ թե նրանով, որ նրանք երգելու շնորհ բնավ չեն ունեցել:

Գերմանական այս հանրահայտ երաժշտախմբի սկանդալը թափ առավ 1990-ական թվականներին, երբ պարզվեց, որ ստուդիական ձայնագրություններում նրանց ձայնի փոխարեն օգտագործվում են ուրիշ մարդկանց երգեցողություններ: Իսկ 1990 թվականին Ռոբ Պիլատուսն ու Ֆաբրիք Մորվանը նույնիսկ «Գրեմի» մրցանակի էին արժանացել կատարողական բարձր արվեստի համար: Երկյակը ստեղծվել էր 80-ականներին և կարճ ժամանակում լայն ճանաչման արժանացել: Իր գործունեության ընթացքում խումբը հասցրել է վաճառել 8 միլիոն սինգլ և 14 միլիոն ձայնասկավառակ: Խաբեբայությունը բացահայտվեց հետևյալ կերպ. 1990 թվականին Քոնեքթիքութում համերգի ժամանակ «կենդանի կատարում» էր: Սակայն «Աղջի՛կ, դու գիտես, որ դա ճիշտ է» երգի կատարման ժամանակ ձայնասկավառակը սկսեց պտույտ տալ` կրկնելով նույն ֆրազը: Խաբեբայության ամբողջ մեղքն ընկնում է խմբի պրոդյուսերի` Ֆրենք Ֆարիանի վրա: Նա հորինել էր աննախադեպ մի ծրագիր, ըստ որի՝ հմայիչ, բայց երգել չիմացող տղաները միայն պարում էին, իսկ նրանց փոխարեն երգում էին ուրիշները: Նրանք պետք է միայն, ըստ երգի բառերի, համաչափ բացեին ու փակեին բերանները: Այս համերգի եկամուտը բռնագրավվեց, խմբի և ձայնագրման ստուդիայի դեմ դատական 26 հայց ներկայացվեց: Որպեսզի ինչ-որ կերպ ուշքի գա սկանդալից հետո, Ֆարիանը 1997 թվականին համաձայնում է կրկին աշխատել որպես խմբի պրոդյուսեր: Խումբն սկսեց երգել «իր ձայնով»: Սակայն նույն ժամանակ Ռոբ Պիլատուսը շատ խիստ հրապուրվեց թմրանյութերով և ալկոհոլով, ու նոր ալբոմի ներկայացման օրը նրան մեռած գտան հյուրանոցում: Մահը վրա էր հասել թմրանյութերի և ալկոհոլի չափազանց մեծ խմբաքանակի պատճառով: Մորվանը փորձեց շարունակել երաժշտական իր կարիերան, աշխատանքի վարձվեց ուրիշների մոտ, դարձավ համերգավար` դիջեյ: Սակայն նա այդպես

էլ չկարողացավ հասնել նախկին բարձունքներին, թեև 2003 թվականին թողարկեց անհատական նոր ալբոմ՝ «Սիրո հեղափոխություն» անվանումով: «Milli Vanilli» խմբի պատմությունը հետաքրքրեց կինոարտադրողներին: «Universal Pictures» ստուդիան պատրաստակամություն հայտնեց ֆիլմ նկարահանել այդ թեմայով:

***

Ճանաչված խաբեբա դառնալու համար շատ ու շատ ունակություններ պետք է ունենալ, առաջին հերթին` վառ երևակայություն: Եթե այս վերջին բաղադրիչը զարգացած չէ, ապա ոչ միայն շուտ ես բացահայտվում, այլև անհետաքրքիր ես դառնում: Այսպես եղավ Մերի Բեյքերի պարագայում (1791-1865): Նա ներկայանում էր որպես Կարաբու կղզու արքայադուստր: Այս կարգավիճակով նա առաջին անգամ հայտնվեց 1817 թվականին անգլիական Գլոսթերշիր քաղաքում: Գլխին մեծ փաթթոց կրող, անչափ տարօրինակ զգեստավորմամբ այս կնոջ խոսքը ոչ ոք չէր հասկանում: Նա նախ բնակություն հաստատեց հաշտարար դատավոր Ուորալի տանը, ապա՝ հոսպիտալում, որտեղ հրաժարվում էր սնունդ ընդունել և լոկ ծլվլում էր բոլորի համար անթարգմանելի բառերով: Իսկ երբ երկարատև նավարկությունների մի ծովային «հաստատեց», որ տարօրինակ գեղեցկուհին իսկապես խոսում է կարաբուերեն, Մերին իր պատմությունը պատմեց ծովայինին, որն այն վերաշարադրեց անգլերեն:

Ըստ այդ պատմության՝ ծովահենները «արքայադստերն» առևանգել էին Հնդկական օվկիանոսում գտնվող Կարաբու կղզում և փախցրել: Սակայն ծովահենների նավը խորտակվել էր, իսկ ինքը, միայն ինքը` փրկվել: «Արքայադուստրը» երկու ամիս շարունակ բոլորի ուշադրության կենտրոնում էր, քանի որ ոչ միայն տարօրինակ զգեստներ էր կրում, այլև ծառեր էր մագլցում, խորհրդավոր երգեր էր երգում, նույնիսկ մերկ լողում էր շատերի աչքի առաջ: Բայց այս երկու ամսից հետո, երբ նրա լուսանկարը արդեն տպագրվել էր տեղական թերթում, ոմն տիկին Նիլ ճանաչեց կոշկակարի դստերը՝ Մերիին, որը ծառայել էր իր տանը և երեխաներին զվարճացրել՝ չեղած-չլսված լեզվով պատմություններ պատմելով: Մերին դժգոհությամբ, բայց ի վերջո խոստովանեց իր խաբեբայությունը: Որպես պատիժ՝ նա արտաքսվեց Միացյալ Նահանգներ՝ Ֆիլադելֆիա: Այստեղ ևս նա փորձեց մարդկանց հիմարացնել Կարաբուի «արքայադստեր» հնարքով, բայց Ֆիլադելֆիայում նրան չհավատացին: Երբ 1821 թվականին Մերին ստիպված եղավ վերադառնալ Անգլիա, նրա լեգենդին այլևս ոչ ոք չէր հավատում, թեև համառորեն նա միայն իր այս կարգավիճակով էր փորձում ներկայանալ: Կյանքի մնացած մասը նա անցկացրեց անգլիական հիվանդանոցներից մեկում, որտեղ վիրակապեր և սրվակներ էր վաճառում: Առավել հետաքրքիր է նրա մասին պատմող «Կարաբուի արքայադուստրը» ֆիլմը, որն էկրան բարձրացավ 1994 թվականին:

***

Առավել հանդուգն էր գերմանացի կոշկակար Վիլհելմ Ֆոյգտը (1849-1922): Նա ճանաչում ձեռք բերեց որպես Կյոպենիկի կապիտան: Այս խաբեբան ծնվել է Տիլզե քաղաքում և 14 տարեկանում երկու շաբաթով բանտ ընկել գողության համար: Նրան հեռացրին դպրոցից, և նա ստիպված կոշկակարություն էր սովորում հոր մոտ: 1891 թվականին, երբ լրացավ Ֆոյգտի 42 տարին, պարզվեց, որ նա վանդակաճաղերի ետևում արդեն 25 տարի էր անցկացրել արժեթղթերի կեղծումների և գողությունների պատճառով: Հերթական անգամ բանտից դուրս գալուց հետո նա բնակություն հաստատեց Բեռլինում, որտեղից 1906 թվականին նրան պատրաստվում էին վտարել անբարեհույս անցյալի ու վարքի պատճառով: Բայց հոկտեմբերի 16-ին նա Բեռլինին մերձակա Կյոպենիկում պրուսական բանակի կապիտանի մի մաշված համազգեստ է գնում և կազմակերպում տեղական ռատուշայի (քաղաքապետարանի) զավթումը: Զինվորական համազգեստով ներկայանում է տեղի զորակայան, չորս զինվորի և մի սերժանտի հրամայում է հետևել իրեն: Զինվորները, անշուշտ, ենթարկվում են «սպայի» հրամանին: Ֆոյգտի հրամանով զինվորները ձերբակալում են քաղաքապետին և քաղաքապետարանի գանձապահին: Իսկ ինքը վերցնում է գանձանակի ամբողջ գումարը: Խաբեբան հայտարարում է, որ փողերը բռնագրավվում են որպես իրեղեն ապացույց, իսկ պաշտոնյաները ձերբակալվում են պետական միջոցները մսխելու մեղադրանքով: Զինվորներին հրամայելով հսկել ձերբակալվածներին` նա մեկնում է կայարան, զգեստափոխվում և փողերի հետ անհետանում: Սակայն 10 օր անց խաբեբան ձերբակալվում է և դատապարտվում 4 տարվա բանտային կալանքի:

Այս անհետաքրքիր պատմությունը մի փոքր զվարճանալի է դառնում դատավարությունից հետո, երբ Գերմանիայում հասարակ ու անփող մարդիկ նրան սկսում են հերոսացնել:

1908 թվականին այս պատմությունը հասնում է կայզեր Վիլհելմ Երկրորդի ականջին, բավական զվարճացնում նրան: Հենց կայզերի հրամանով նա ազատ է արձակվում, արժանանում բարձրաստիճան ընդունելությունների, ինքնագրեր բաժանում կապիտան Կյոպենիկի անունից:

Հաջորդ տարի` 1909-ին, նա գիրք է տպագրում այս հիշարժան անցքի մասին, 1910-ին էլ մեկնում է Կանադա` գրքի շնորհանդեսին մասնակցելու համար:

Ֆոյգտը թոշակի է անցնում որպես հարուստ մարդ, բնակություն հաստատում Լյուքսեմբուրգում: Սա հիմք է ծառայում մի քանի ֆիլմերի և բազմաթիվ պիեսների համար: Իսկ Կյոպենիկի քաղաքապետարանի դիմաց մինչև օրս կանգուն է լեգենդար կապիտանի բրոնզե արձանը:

***

Ջոզեֆ Ուեյլը (1875-1976 թթ.) 20-րդ դարի հայտնի խաբեբա է, նույնիսկ կրել է «Խաբեբաների արքա» մականունը: Պատանի էր, երբ միամիտ ֆերմերներին «ոսկեզօծ» շրջանակներով ակնոցներ էր վաճառում ընդամենը 3-4 դոլարով. հողագործ ու անասնապահ այս մարդիկ շատ ուրախ էին թանկ ակնոցները համարյա ձրի գնելու համար, թեև իրականում նրանց գինը… ընդամենը 15 սենթ էր:

Ջոզեֆ Ուեյլը հմտանալով որոշեց մի խոշոր «գործողություն» իրականացնել: Նրա ականջին հասավ, որ Մունսի Ազգային առևտրային բանկը տեղափոխվում է ուրիշ վայր: Ազատված տունը նա վարձակալեց և այնտեղ անիրական բանկ ստեղծեց, որպեսզի միայն մեկ գործարք իրականացնի: Ուեյլը վարձեց մանր խաբեբաների, որոնք ներկայանում էին բանկի աշխատակիցներ և հաճախորդներ: Դրամարկղերի առջև հերթեր էին, «օպերատորներն» աշխատում էին փողերի հետ, այստեղ-այնտեղ էին վազում «բանկի ծառայողները», դռների մոտ խիստ պահպանություն էր կարգված: Ուեյլի օգնականը «մշակում էր» տեղացի միլիոնատիրոջը` հայտնելով, որ բանկիրը հողատարածքներ է վաճառում դրանց իրական գնի քառորդ չափով: Բայց քանի որ այդ գործարքը խիստ գաղտնի պետք է իրականացվի, ապա ամեն ինչ արվելու է կանխիկ գումարով: Հավատալով լեգենդին՝ միլիոնատերը 500 հազար դոլար ճամպրուկով ուղևորվեց բանկ: Կայարանից նրան բանկ հասցրեց շքեղ մի ավտոմեքենա: Բանկում աշխույժ եռուզեռ էր: Բանկի տերը ներկայացավ միայն մեկ ժամ անց: Այդ ժամանակ միլիոնատիրոջ աչքի առջև վազվզում էին ծառայողները, ինչ-որ տեղ էին զանգահարում և պահպանության օժանդակ ուժեր խնդրում, որովհետև բանկում «հսկայական գումարներ էին հավաքվել, և պահեստարանում այլևս տեղ չկար»: Հոգնած ու թուլացած բանկիրը ի վերջո ընդունեց նոր հաճախորդին` ցույց տալով, որ մտադիր չէ գործարքն իրականացնել: Բայց շուտով թույլ տվեց իրեն համոզել և 400 հազար դոլարի գործարք կնքեց: Երջանիկ գնորդը շատ ուրախ էր, որ

100 հազար տնտեսեց…

Ուեյլի հայտնի զոհն է եղել ինքը` Բենիտո Մուսոլինին, որին Ջոզեֆը ներկայացավ որպես հանքափոր ինժեներ և Կոլորադայում գտնվող հանքավայրի շահագործման հավաստագիր վաճառեց: Երբ հատուկ ծառայությունները հայտնաբերեցին խաբեբայությունը, Ուեյլը հասցրեց ծլկել` վերցնելով երկու միլիոն դոլար: Խաբեբայի մոտ, սակայն, փողերն արագ հալվում էին, որովհետև նա սիրում էր կանանց և շռայլ ապրելակերպը: Միևնույն ժամանակ բանտ ընկնելուց առաջ խաբեբան հասցնում էր իր ամբողջ կարողությունը փոխանցել եղբորը` դատական ոստիկանին: Ջոզեֆ Ուեյլի ամբողջ կյանքը (իսկ նա մահացավ 101 տարեկան հասակում) լի էր արկածներով:

Հեղինակ՝ Սերգեյ Գալոյան

Գրել կարծիք