Սեռապես դաստիարակվա՞ծ, թե՞ անդաստիարակ

Գերմանիայում սեռական դաստիարակությունը սկսում են երկրորդ դասարանից:

sex

Տարիներ շարունակ սեքսի ու սեքսուալ հարաբերությունների մասին մարդիկ խոսում էին ցածրաձայն: Այդ նուրբ հարցի վերաբերյալ լռում էին ընտանիքում, դպրոցում, փորձում շրջանցել` վստահ լինելով, որ երեխան այս հարցի պատասխանը կստանա անձնական փորձի միջոցով:

Այսօր այս հարցը երեխաների և երիտասարդների համար համարվում է ամենակարևոր խնդիրներից: Մասնագետներն ահազանգում են, խոսում սեռական դաստիարակության անհրաժեշտության մասին, առաջ քաշում մի շարք մասնագիտական տեսակետներ, իսկ պահպանողական մարդիկ պնդում են, որ նման հարցերին հարկավոր չէ անդրադառնալ:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրա- կանացման կենտրոնի» հետ համատեղ «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Երևանն է խոսում» հաղորդումը բարձրաձայնել է այս թեման և փորձագետների ու մասնագետների հետ միասին քննարկել դպրոցներում դասավանդվող «Առողջ ապրելակերպ» ձեռնարկի անհրաժեշտության հարցը:

«Առողջ ապրելակերպ» դասընթացը նախատեսված է 8-11-րդ դասարանների աշակերտների համար: Դպրոցում առարկան դասավանդում են ֆիզկուլտուրայի ուսուցիչները, որոնք անցել են վերապատրաստման դասընթացներ:

Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Հայկը սեռական դաստիարակության մասին աշակերտների հետ խոսում է քայլ առ քայլ: Իր իսկ խոսքով՝ աշակերտներին մատուցում է այն, ինչ ուզում են լսել՝ խնամքով ու օրինակներով համեմված, բայց չափավոր ու շատ զգույշ:

«Ֆիզկուլտուրայի ուսուցիչները միակն են, որ անհատական կապ ունեն երեխաների հետ: Նրանք կարող են մատուցել բոլոր թեմաները, որպեսզի երեխան ընկալի այն ամենը, ինչն իրեն հետաքրքիր է և հարկավոր»,- ասում է Հայկ Ասրյանը:

Նա աշխատում է Սիսիանի շրջանի Աշոտավանի միջնակարգ դպրոցում: Սեռական դաստիարակության դասաժամին անդրադառնում է սեռական խնդիրներին, կնոջ և տղամարդու տարբերություններին ու նմանություններին, ներկայացնում սեռավարակներն ու վերարտադրողական համակարգի հիգիենան:

Սեռական կյանքի ու ֆիզկուլտուրայի միջև սարեր-ձորեր կան: Սեքսոպաթոլոգները կողմ են սեռական դաստիարակությունն ուսումնական պրոցեսում ներդնելուն, սակայն դեմ են ֆիզկուլտուրայի ուսուցիչների դասավանդելուն: Ասում են՝ մարդու անատոմիային քիչ թե շատ ծանոթ են կենսաբանության մասնագետները: Եթե ոչ հատուկ մասնագետները, գոնե սեռակրթությամբ պետք է զբաղվեն կենսաբանները:

«Եթե խոսքը առողջ ապրելակերպի մասին է, ապա այս մոտեցումը ողջունելի է: Բայց չեմ կարող ողջունել գործող սկզբունքը: Սեռական դաստիարակությունը պահանջում է հատուկ մեթոդաբանություն և պատրաստվածություն: Շատ նրբություններ կան` սկսած տերմինաբանությունից, վերջացրած մատուցման եղանակից: Թեմաների ներկայացման համար պետք է հաշվի առնել տարիքային առանձնահատկությունը և թեմայի բովանդակությունը: Միայն դրանից հետո այն մասնագետը, որն անցել է համապատասխան վերապատրաստում և ունի թեմայի մասին չափավորված խոսելու փորձ, կարող է հաստատված ծրագրով թեմա առ թեմա մանրակրկիտ ձևով ներկայացնել դրանք»- ընդգծում է սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:

Couple-Sexy-attraction

Երեխային սեռակրթելը ճիշտ է, ինչը պետք է սկսել դեռ ընտանիքից: «Ծնողները պետք է ունենան հստակ գիտելիքներ, քանի որ երեխաների հոգեսեռացման զարգացման առաձին քայլերին հենց նրանք են ականատես լինում: Սեռային ինքնագիտակցության ճիշտ ձևավորումը հետագայում նպաստում է ճիշտ կանացիության ու տղամարդկության ձևավորմանը, որը կարևոր է ընտանիք ձևավորելու համար»,- վստահեցնում է սեքսոպաթոլոգ Սևադա Հակոբյանը:

Երեխայի հոգեբանությունը նուրբ է, մոտեցումը` առավել ևս: Դաստիարակությամբ, թե առանց՝ երեխայի մոտ ծնված օրվանից ձևավորվում են հորմոններ, ու դրանք զարգանում են աճին զուգահեռ: Այս դեպքում հոգեբան Լուսինե Գավուկչյանը ճիշտ է համարում դաստիարակությունը: «Երեխայի սեռականացումը սկսվում է ծնված օրվանից: 1-7 տարեկանում սեռականացումը թաքնված ձևով է արտահայտվում: Այն հորմոնալ ձևով սկսում է արտահայտվել 13-16 տարեկան հասակում: Դասավանդենք, թե ոչ` հորմոնները գոյություն ունեն. ոչինչ անել չենք կարող: Այդ դեպքում պետք է կիրթ ձևով ներկայացնել, որպեսզի հորմոնները ճիշտ ուղղորդվեն»:

Հոգեբան Կարինե Քոչարյանն էլ համոզված է՝ ընդհանուր դաստիարակությունից սեռական դաստիարակությունը պետք չէ առանձնացնել.

«Մարդու ամենաուժեղ դաստիարակը սեփական փորձն է, որն իրենք տեսնում են ընտանիքում, դպրոցներում և առօրյա շփման ընթացքում: Չեմ կարծում, որ դաստիարակված երեխան կարող է սեռապես անդաստիարակ լինել: Եթե երեխային սովորեցնում ես հարգանք հակառակ սեռի ներկայացուցչի նկատմամբ, չեմ կարծում, որ մեծ տարիքում նա կարող է անհարգալից վերաբերմունք ցուցաբերել: Այն, որ մեր երեխաները սեռական դաստիարակության մասին խոսելու կարիք ունեն, և այն, որ մեր ընտանիքներն այս հարցում թերանում են, կարևոր հարց է: Բայց ես առարկայի դասավանդման հետ կապված մտավախություն ունեմ: Այն տարիքը, որի ընթացքում դասավանդում են այս առարկան, ինձ վախեցնում է»:

Աշխարհի զարգացած երկրներում կա սեռադաստիարակության մեծ պրակտիկա: Օրինակ` Գերմանիայում սեռական դաստիարակությունը սկսում են երկրորդ դասարանից: Սկզբում ծանոթացնում են սեռական համակարգին, օրգաններին ու կառուցվածքին, բացատրում խնամքի ու հիգիենայի մասին: Նույնիսկ երեխաներին տեսանյութով ներկայացնում են սեռական հարաբերության ընթացքն ու քննարկում կազմակերպում: ԱՄՆ-ի որոշ կրթարաններում էլ երեխային ճիշտ բացատրելու և կազմակերպելու համար օգտագործում են անիմացիաներ մուլտֆիլմերի ու նույնիսկ մրգերի միջոցով:

«Այլ երկրներում այս առարկայի դասավանդմանը մասնակցում են կենսաբաններ, հոգեբաններ, բժիշկներ: Ծնողներն էլ մինչ դասավանդումը պարտադիր ծանոթանում են գրքի բովանդակությանը: Նրանք շատ դեպքերում չունեն անհրաժեշտ գիտելիք՝ երեխաների սեռական դաստիարակությամբ զբաղվելու համար, մինչդեռ դրանով պետք է զբաղվել հենց առաջին օրվանից»,- միջազգային փորձը մատնացույց է անում մանկաբարձ-գինեկոլոգ Սուսաննա Խաչատուրյանը:

«Առողջ ապրելակերպ» ուսուցչի ձեռնարկի համահեղինակ Լուսինե Ալեքսանյանի խոսքով՝ ձեռնարկը հիմնականում ունի մեկ դաստիարակչական խնդիր` դեռահասների մոտ ձևավորել պատասխանատու վարքագիծ. «Հասունության շրջանում երեխաների մոտ առաջանում են տարբեր հարցեր, որոնց պատասխանները, եթե մենք չտանք, երեխան փնտրելու է այլ տեղերում, և չի բացառվում, որ սխալ պատասխաններ գտնի: Ձեռնարկում չկա այնպիսի ինֆորմացիա, որը կգրգռի երեխաներին»:

Ծրագիրը մշակելուց հետո ձեռնարկները համապատասխան մարմինների կողմից անցել են փորձաքըննություն: Առարկան չի գնահատվում, և դա պատահական չէ: Ուսուցիչը չի ստիպում երեխային խոսել այն մասին, ինչի մասին չի ուզում: Խոսում է այն երեխան, որը պատրաստ է դրան և ցանկանում է լսել իր հարցերի պատասխանները: Իսկ այն երեխան, որը ամաչում է, կարող է իր հարցերը թղթին գրել կամ էլ ուղղակի լսել իր ընկերների հարցերը:

Գրել կարծիք