Shakatak՝ բարձրակարգ երաժշտության հոմանիշ. Փափուկ ջազ, հիթային մեղեդիներ, հումոր և ազատ շփում

Shakatak՝ բարձրակարգ երաժշտության հոմանիշ. Փափուկ ջազ, հիթային մեղեդիներ, հումոր և ազատ շփում

Երաժշտությունն ու մեծ երաժիշտները, որոնցով հիացել ենք, ոգեշնչման ամենամեծ աղբյուրներն են: Վարակի պես բան է:

Shakatak-ի պատմությունը սկսվեց 1980-ին, երբ լույս տեսավ Stepping-ը՝ Լոնդոնի Record Shack երաժշտական խանութի պատվերով գրված և ձայնագրված առաջին սինգլը: Այսպես սկիզբ առավ Ռոջեր Օդելի (հարվածային գործիքներ), Բիլ Շարվփ (ստեղնաշարայիններ), Ջիլ Սոուարդի (վոկալ, պերկուսիա) և Ջորջ Անդերսոնի (բաս կիթառ) գործակցությունը:

Ես ու Բիլը մի քաղաքից էինք: Միասին ստեղծեցինք մի փոքրիկ խումբ և ջազ էինք նվագում, Հերթի Հենքոքի, Չիք Կորեայի գործերը, հիմնականում՝ ֆյուժն ջազ: Միաժամանակ ես Լոնդոնում սեյշն էի կատարում և այնտեղ համերգներից մեկում հանդիպեցի Ջիլին: Մենք միասին աշխատում էինք մի պրոդյուսերի համար, տարբեր նախագծեր անում: Օրերից մի օր մի ձայնագրության համար բարձրակարգ դաշնակահար էր պետք, և ես անմիջապես դիմեցի Բիլին, որից հետո էլ մեզ միացավ Ջորջը: Այդ ձայնագրությանը հետևեց մի այլ նախագիծ, որի համար Բիլը մի քանի կոմպոզիցիա գրեց: Դրանցից մեկն ինստրումենտալ Stepping-ն էր, որը դարձավ անդրգրաունդ հիթ: Երբ եկավ առաջին ալբոմը ձայնագրելու ժամանակը, մենք փորձեցինք ստեղծել նոր երաժշտություն՝ ինստրումենտալ գործերը համատեղելով վոկալի հետ, որն այն տարիներին նորություն էր: Դա էլ դարձավ մեր առանձնահատուկ ոճը,- պատմում է Ռոջեր Օղելը:

Stepping-ն անմիջապես հայտնվեց բրիտանական բոլոր չարթերում, և խումբը գործակցության առաջարկ ստացավ Polydor Records ընկերությունից:

Հենց այդ ժամանակ էլ առաջ եկավ անվան խնդիրը: Ընկերներով մտածում էինք, քննարկում, մտքեր փոխանակում, և հայտնվեց Record Shack-ին հարգանքի տուրք մատուցելու գաղափարը: Հետո մեկը, արդեն դժվար է հիշել ՝ ով, ասաց, որ attack բառը լավ կնայվեր: Այդպես էլ եկավ Shack Attack-ը, որից սղվեցին մի քանի տառ, և ահա, մինչև օրս էլ, մենք Shakatak-ին ենք,- հիշում է Օղելը:

Polydor Records-ի հետ ձայնագրած դեբյուտային Drivin Hard ալբոմի երգերից երկուսը (Brazilian Dawn և Livin’ In The UK) բրիտանական հիթերի լավագույն հիսունի մեջ էին: Սակայն իրական հաջողությունը եկավ Easier Said Than Done սինգլի հետ, որը Top 20-ում ամրապնդվեց 17 շաբաթով՝ գրավելով ռադիոեթերը և ավելի մեծ լսարանի ներկայացնելով Shakatak ուրույն ոճը: Պահպանելով առաջխաղացման կայուն տենդենցը՝ հաջորդ սինգլը՝ Night Birds-ը, մտավ Top 10, իսկ համանուն ալբոմը՝ խմբի առաջին Ոսկե սկավառակը, հիթշքերթների առաջին տողերում էր 6 ամիս: Այդպես Shakatak-ը ներխուժեց միջազգային երաժշտական ոլորտ՝ դառնալով №1 խումբը Ճապոնիայում և երկրպագուների մի հսկա բանակ ձեռք բերելով Եվրոպայում ու Հարավային Ամերիկայում: Խմբի հաջողության մակարդակը պատկերացնելու համար բավական է նշել, որ 1982-ին նրանք 132 համերգ են տվել Եվրոպայում ու Ճապոնիայում:

Իսկական ցնորք էր, թայֆուն: Շատ հոգնեցուցիչ, բայց երջանիկ օրեր էին: Ես ցավում եմ միայն նրա համար, որ այդ ժամանակ ուղղակի չէինք հասցնում հասկանալ որտեղ ենք: Իսկ այսօր նախապես տեղեկանում ենք երկրի մասին, փորձում ծանոթանալ մշակույթին, ժողովրդին,- ասում է Ջիլ Սոուարդը:

տըռտը

80-ականների առաջին կեսին խումբը երկրպագուներին նվիրեց ևս երեք ալբոմ՝ Invitations (1982), Out Of This World (1983), Down On The Street (1984), անշուշտ, անդիմադրելի հիթերի ուղեկցությամբ: (Ի դեպ, lnvitations-ը հենց այն երգն էր, որի ուղեկցությամբ հայ տղաները КВН-ի մրցույթներին բարձրանում էին բեմ): Այնուհետև լույս տեսան Ճապոնիայում կենդանի համերգի ձայնագրությունը և Day By Day ալբոմը: Այս ալբոմը ցույց տվեց, որ Shakatak-ում երգեր են գրում բոլոր անդամները, ոչ միայն Բիլը և Դոշերը, որոնք առաջին ալբոմների երգերի մեծ մասի հեղինակն էին:

Մենք աշխատում ենք փոքր խմբերով: Սովորաբար ես և Բիլը գրում ենք միասին, իսկ Ջիլը՝ Ջորջի հետ: Չորս հոգով ստեղծագործելը փոքր-ինչ աղմկոտ գործ է: Իսկ երկուսով հարմար է. մեկը գրում է երաժշտությունը, մյուսը՝ խոսքերը: Եվ եթե լսեք այդ սկզբնական նյութը, դժվար գուշակեք, որ Shakatak է: Սակայն, երբ չորսով հավաքվում ենք ստուդիայում և սկսում աշխատել այդ սկզբնական նյութի հետ, այն սահուն վերածվում է Shakatak-ի: Ջորջը ստեղծում է բասային մասը, Բիլն այն համեմում է դաշնամուրի նվագակցությամբ, և մեղեդու նախնական մտահղացումը զարգացնում է, ձև է ստանում, վերափոխվում է և դառնում Shakatak, – մեկնաբանում է Դոշերը:

Day By Оау-ի հիթերից էր Սոուարդի համանուն դուետը Ալ Զերոյի հետ: Սա համագործակցության միակ փորձը չէ. Shakatak-ը երբեմն հանդես է գալիս այլ հանրահայտ երաժիշտների և խմբերի հետ (Գլորիա էստեֆան, Ջորջ Բենսոն, Duran Duran, Ս2) ու շարունակում է երազել «ամենա-ամենա» դուետի մասին.

Մեր ընդհանուր երազանքն է Սթիվի Ուանդերի հետ երգելը: Մենք բոլորս նրա մեծ երկրպագուներն ենք,- խոստովանեց Ջիլը մեր հարցազրույցի ժամանակ և նույն բառերը կրկնեց բեմից՝ Ուանդերին նվիրված Steveland երգը ներկայացնելիս:

11

Վերադառնանք 80-ականների երկրորդ կես: Այս ժամանակահատվածը խմբի կյանքում կարելի է կոչել «ճապոնական»: 86-87 թվականներին թողարկված Into The Blue, Golden Wings, Best Instrumental Album 1987, Da Makani և Niteflite ալբոմները գրված էին հատուկ ճապոնական շուկայի համար և արժանացան Ճապոնիայի երաժշտական ինդուստրիայի նշանավոր մրցանակների: 80-ականների վերջին խումբը հասցրեց նաև դիմել մնացած աշխարհին՝ ձայնագրելով Manic And Cool (1988) և Turn The Music Up (1989) սկավառակները:

90-ականների սկիզբը նշանավորված էր Ամերիկայում մեծ հաջողությամբ և ճանաչումով: Perfect Smile, Bitter Sweet և Open Your Eyes ալբոմները շատ լավ ընդունվեցին Միացյալ Նահանգներում: Միաժամանակ այդ ալբոմները ցուցադրում էին նոր հնչողություն: Shakatak-ը նոր, ժամանակակից ձև էր ընդունում՝ փորձելով չկորցնել իր ուրույն ոճը, դա այսօր էլ սկզբունքային է խմբի համար.

Մենք, անշուշտ, նոր տարրեր ենք ներմուծում, նոր հնչողություն փորձարկում, բայց ինչ երաժշտական փորձ էլ դնենք, հիմքն ու արդյունքը Shakatak է: Մեր երաժշտական ոճը մեզ համար բացառիկ է, ինչ էլ անենք՝ ռոքննոլ, թե փոփ, Shakatak է լինելու: Մենք պահպանում ենք մեր անհատականությունը, մեր դեմքը: Երգերը փոխվում են, բայց խմբի հիմնական անդամները նույնն են, և հիմնական հնչողությունը մնում է անփոփոխ,- ակնհայտ հպարտությամբ ասում է Բիլ Շարփը, իսկ Ջիլ Սոուարդն ավելացնում է, – Մենք պահպանում ենք մեր հիմնական ստեղծագործական ուղղությունը, բայց այսօրվա տեխնոլոգիաները թույլ են տալիս տեղում չդոփել, ձայնագրություններին ու կենդանի ելույթներին արդիական ու թարմ հնչողություն հաղորդել առանց բնական ոճին դավաճանելու:

Untitled

90-ականներին խումբը ձայնագրությունները (Street Level, 1993) համատեղում Էր հյուրախաղերի հետ Աֆրիկայում, Գերմանիայում, Լեհաստանում և Անգլիայում: Նույն 1993-ին լույս տեսան Under The Տսո-ը և The Christmas Album-ը, որը ներկայացնում էր Սուրբ Ծննդին նվիրված հայտնի երգերը ջազ-ֆանկ ոճով: 1995-ին խումբը երկրպագուներին ուրախացրեց յուրահատուկ ալբոմով. Full Circle-ը ժամանակակից ջազ էր՝ 90-ականներին բնորոշ ռիթմերով և միաժամանակ Shakatak ֆիրմային մելոդիկ հնչողությամբ: Սակայն հաջորդ տարի, ի զարմանս երաժշտասերների, խումբն ալբոմ չթողարկեց: Կարող է թվալ, թե խումբն արձակուրդ էր վերցրել, սակայն իրականում նրանք պատրաստվում էին ասիական երկարատև տուրերին:
Հանգիստ, ազատ ժամանակ… այս բառերը չկան Shakatak-բառարանում, և այդ երևույթը մի պարզ բացատրություն ունի.

Մենք, կարելի է ասել, բարեհաջող դրության մեջ ենք: Հիմնականում զբաղված ենք խմբի գործունեությամբ, զուգահեռ տարբեր նախագծեր ենք իրականացնում: Ռոջերն, օրինակ, իմպրեսարիո է տարբեր ջազ երաժիշտների համար: Ամեն դեպքում, Shakatak-ը միշտ առաջնայինն է մեզ համար: Դա հիանալի է: Այսօր խմբում ավելի քան 30 տարի աշխատելուց հետո, մենք ավելի մեծ հաճույք ենք ստանում մեր աշխատանքից, քան երբևէ: Ձայնագրությունները, ստեղծագործելը, հյուրախաղերը մեզ աննկարագրելի բավականություն են պատճառում: Դե պատկերացրեք, մենք եկել ենք Հայաստան՝ մի երկիր, որտեղ երբեք չենք եղել: 

Հրավերը ստացանք և սկսեցինք ինտերնետում կարդալ Երևանի մասին, հայոց պատմության մասին, նկարներ դիտել: Հյուրախաղերի ժամանակ մենք միշտ աշխատում ենք շրջել քաղաքով, հնարավորին չափ շատ բան տեսնել: Նոր երկրներ բացահայտելը, նոր մարդկանց հանդիպելն իսկական հրաշք է:Մենք իսկապես շատ հաջողակ մարդիկ ենք: Վաստակում ենք մեր սիրելի գործով, շրջագայում ենք, նոր տպավորություններ ստանում: Հոյակապ ապրելաոճ է,- բացատրում է Բիլ Շարփը:

Ասիայից վերադառնալով՝ խումբը կենտրոնացավ Let The Piano Play նոր ալբոմի ձայնագրության վրա: Ընդմիջումն օգտակար էր. 1997-ին լույս տեսած ալբոմն ավանդական մելոդիկ ջազ-ֆանկը համատեղում էր հնչուն գրուվի հետ: 90-ականների վերջին խումբը տուրերով շրջում էր աշխարհով լեփ-֊լեցուն դահլիճներ հավաքելով Ռուսաստանում, էստոնիայում, Եվրոպայում, Ճապոնիայում: Երաժշտական կարիերայի 20-ամյակը և նոր հազարամյակը խումբը նշեց հատուկ Jazz In The Night հավաքածուով:

21-րդ դարում էլ խումբը չդավաճանեց իր սկզբունքներին՝ ոճ, որակ և ար-դյունավետ աշխատանք: Shakatak-ի ֆենոմենն այն է, որ տարին մեկ ալբոմ թողարկելով՝ նրանք պահպանում են որակը և երբեք չեն կրկնվում.

Գուցե սա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ խմբի բոլոր անդամներն ստեղծագործում են: Այնպես որ մենք միշտ նոր երգերի, նոր ալբոմի նյութ ունենք: Դա ինչ-որ չափով պայմանավորված է նաև պահանջարկով,- այսպես է Ջորջ Անդերսոնը հիմնավորում խմբի աննախադեպ արդյունավետությունը: Անսպառ ոգեշնչումն էլ իր տեղն ունի.

Երաժշտությունը ոգեշնչման ամենամեծ աղբյուրն է, նաև նոր երաժիշտները կամ մեծ երաժիշտները, որոնցով միշտ հիացել ենք, օրինակ` Սթիվի Ուանդերը: Վարակի պես բան է:

Ժամանակակից երաժշտական ոլորտի բազմադիմության և բազմազանության մեջ Shakatak-ը զբաղեցնում է իր ուրույն տեղը և ոչ միայն չի կորցնում իր հին ունկնդիրներին, այլև ձեռք է բերում նորերը: Այդ են վկայում 2001-2007թթ. թողարկված սկավառակների (Under Your Spell, Dinner Jazz, Blue Savannah, Easier Said Than Done (live), Beautiful Day, Emotionally Blue) բարձր վաճառքները: Խմբի անդամները հաշվի են նստում ոլորտի նոր պայմանների հետ.

Այսօր երաժշտական բիզնեսը հիմնավորապես փոխվել է, առաջին հերթին՝ ինտերնետի ազդեցությամբ: 80-ականներին, երբ մենք սկսեցինք մեր կարիերան, նույնիսկ լազերային սկավառակներ չկային, կասետներ էին ու վինիլային դիսկեր: Ձայնագրությունների վաճառքը մեծ եկամուտ էր բերում: Այսօր ինտերնետն այդ առումով սպանել է երաժշտական բիզնեսը: Երաժիշտները հիմնականում եկամուտ են ստանում կենդանի ելույթներից: Եթե դուք Beatles-ը չեք, Փոլ Մաքարթնին չեք, Ս2-ն չեք, ձեր ձայնագրությունների վաճառքը գրեթե զրոյական է: Բայց մյուս կողմից նույն ինտերնետն իր լավ գործն էլ է անում: Այն նոր երաժշտություն հայտնաբերելու, օնլայն ունկնդրելու, համագործակցելու հեշտ միջոց է,- խորհրդածում է Ռոջեր Օդելը:

New Picture (2)

Shakatak-ը բարձրակարգ երաժշտության հոմանիշ է: Խմբի համերգը Երևանում դրա հերթական վառ ապացույցն էր: Փափուկ ջազ, հիթային մեղեդիներ, հումոր և ազատ շփում լսարանի հետ, իսկական պրոֆեսիոնալիզմ, մի խոսքով՝ իսկական բրիտանական որակ: Եվ, ամենակարևորը, ակնհայտ է, որ երաժիշտները բեմում ապրում են երջանկության անկեղծ պահեր, հաճույք են ստանում իրենց աշխատանքից՝ դրական էներգիան փոխանցելով դահլիճին:

Աշխատել՝ գերագույն հաճույք ստանալով և դրա համար վարձատրվելով: Շրջագայել, հանդիպել հետաքրքիր մարդկանց… Մինչև օրս հավատս չի գալիս, որ կյանքը կարող է այսքան լավը լինել,- ժպտում է Ջիլ Սոուարդը: Եվ անհնար է նրան չհավատալ:

Հեղինակ՝ Զառա Բուդաղյան
newmag #14

Գրել կարծիք