Ի՞նչ էին երգում մեր պապերը. 7 երգ՝ Երկրորդ աշխարհամարտի մասին

Ի՞նչ էին երգում մեր պապերը. 7 երգ՝ Երկրորդ աշխարհամարտի մասին

Բացի ցավալի վիճակագրությունից և աշխարհաքաղաքական նոր կառուցվածքից՝ պատերազմը ծնեց բազմաթիվ երգեր։ Դրանց մեծ մասը զինվորներին ոգեշնչելու մասին ու համար են։ Ժանրերը տարբեր են՝ ջազից մինչև քայլերգ։ Ահավասիկ արհավիրքը տեսած 7 ժողովուրդների ստեղծված երգերը՝ պատերազմի մասին։

60-11ԲԻՆԳ ՔՐՈՍԲԻ/ Ամերիկացիներ

Ամերիկացի երգիչ Բինգ Քրոսբին 1943 թ. ձայնագրեց «I’ll Be Home for Christmas» («Սուրբ ծնունդին ես տանը կլինեմ») երգը։ Այն գրված է զինվորի անունից, որը պատերազմի ժամանակ նամակ է գրում տուն և հայտնում, որ վերադառնալու է տոներին։ Երգը անմիջապես հայտնվեց թոփ տասնյակում և դարձավ Ամերիկայում տարածված՝ Սուրբ ծննդյան ստանդարտ կատարում։

 

 

60-12ՍՏԱՆԻՍԼԱՎ ՄԱԳԻԵՐՍԿԻ/ Լեհեր

«Dziś do ciebie przyjść nie mogę» («Այսօր ես չեմ կարող գալ քեզ մոտ») կամ ավելի հակիրճ անվանումով հայտնի «Kolysanka»-ն («Օրորոցային») նույնպես ստեղծվել է 1943-ին հականացիստական դիմադրության անդամ, դեղագործ Ստանիսլավ Մագիերսկու հեղինակությամբ։ Խոսքը պարտիզանի անունից է գրված. նա ուզում է տեսնել իր սիրելիին, սակայն չի կարող, քանի որ շատ հեռու անտառում է։

 

 

60-13ԳՐԻՇԵ ԳԼԻԿ/Հրեաներ

Լեհաստանում հրեա բանաստեղծ Գիրշ Գլիկը 1942 թ. գրեց լեգենդար դարձած «Հրեա պարտիզանների երգը», որի իրական անվանումն է «Zog nit keynmol»` «Մի´ ասա, թե սա քո վերջին ճանապարհն է»։ Մեղեդին վերցված է Պոկրաս եղբայրների երգից։ Այսօր երգի տողերը կարելի է տեսնել հրեա պարտիզաններին նվիրված հուշարձանի վրա։

 

 

60-15ԳՈՐԱՆ ԲՐԵԳՈՎԻՉ/Իտալացիներ

Իտալիան Երկրորդ համաշխարհայինի ժամանակ Գերմանիայի դաշնակիցն էր, սակայն այնտեղ ձևավորվել էր իտալական դիմադրական շարժումը, որը հենց երկրի ներսում պայքարում էր ֆաշիզմի դեմ։ Այդ շարժման անդամների շնորհիվ էլ հայտնի դարձավ «Bella Ciao» («Մնաս բարով, գեղեցկուհի») երգը, որը կատարում են նույնիսկ ժամանակակից երաժիշտները, օրինակ` Գորան Բրեգովիչը։

 

 

60-14ԱՆՆԱ ՄԱՐԼԻ/Ֆրանսիացիներ

«Պարտիզանների հիմնի» («Chant des partisans») տեքստն ի սկզբանե գրված էր ռուսերեն։ 1943-ին այն թարգմանվեց ֆրանսերեն ու այնքան սիրվեց, որ պատերազմի ավարտից հետո երգը առաջարկում էին դարձնել Ֆրանսիայի պետական օրհներգ։

 

 

 

60-16ՄԱՐԿ ԲԵՐՆԵՍ/Ռուսներ

«Երկու մարտիկ» ֆիլմը նկարահանվել է 1943 թ.` հենց պատերազմի ընթացքում։ Ֆիլմի գլխավոր դերակատարներից է Մարկ Բերնեսը, որի կատարման շնորհիվ էլ հայտնի դարձավ «Темная ночь» երգը, որը, նույնիսկ այսօր` 75 տարի անց, կարծես փոխանցում է պատերազմի մթնոլորտն ու լսողին տեղափոխում խրամատ։ Երգը յուրօրինակ շնչով կատարում է նաև Բորիս Գրեբենշչիկովը։

 

 

60-17ԳԵՂԱՄ ՍԱՐՅԱՆ/Հայեր

«Թռչեի մտքով տուն, ուր իմ մայրն է արթուն». այս տողերը, դպրոցից սկսած, գիտի գրեթե յուրաքանչյուր հայ։ Գեղամ Սարյանի` իր պարզությամբ և հուզականությամբ գերող բանաստեղծության համար կոմպոզիտոր Աշոթ Սաթյանը գրեց հրաշալի երաժշտություն։ «Մարտիկի երգը» կատարում են մինչև այսօր Հայաստանի բանակի զինվորներից մինչև էստրադային երգիչներ։

Գրել կարծիք