Ոչ թե ավտոերթ, այլ քայլերթ` Բաղրամյան պողոտայից մինչև ԵՊՀ

Ոչ թե ավտոերթ, այլ քայլերթ` Բաղրամյան պողոտայից մինչև ԵՊՀ

Սկսեցի ատել ոստիկաններին էլ, ԵՊՀ-ն էլ, Ալեք Մանուկյան փողոցն էլ, Երևանի փոքր կենտրոնն էլ, անգամ դիպլոմս մոտս լիներ, կպատռեի…

Ստվերիդ չես հաղթի, քանի դեռ կեսօր չէ,
Պոչդ չես բռնի, քանի չես հասունացել այնքան, որ հասկանաս` այն քոնն է:

Փետրվարի սկզբին գարնանային արև էր: Այն կեսօրներից էր, երբ ինչ-որ տեղ ոտքով գնալու պատճառ ես փնտրում: Բաղրամյան պողոտայի վերևում խցանումներ էին` ինչպես միշտ, Ամերիկյան համալսարանի խաչմերուկին զեփյուռը խորովածի բույր էր բերում Պռոշյանից ու ուղղում նախագահականի դիմացի հացադուլավորների ուղղությամբ: Աժ-ի դիմաց մարդիկ էին հավաքված, արդեն մի տեսակ ամոթ է հարցնել` ինչի՞ համար. մեր երկրում միշտ առիթ եղել է, կա ու կլինի, քաղաքացիներն էլ, որքան էլ անհավատները հակառակը պնդեն, պատվախնդիր են… Կասկադից մինչև Երիտասարդական` կիսարթուն տաքսիստներն էին, Աբովյան փողոցից ԵՊՀ հատուկենտ «լիկվիդացու» ուսանողներ էին երևում:

Չնայած պատշաճ տեսքիս՝ ԵՊՀ-ի ոստիկանները, որոնք, ի դեպ, մահակներ չունեին ու ոչ դիմակով էին, ոչ էլ թևկապով, ներս չթողեցին: Ուսանողական չունեի, ոչ էլ դասախոս էի, ոչ էլ ըստ իրենց` հարմար մարդ, որ կարող է նման օր մտնել համալսարան: Ասացի, որ ԵՊՀ-ի շրջանավարտ եմ, սիրով հավատացին, բայց դա բավարար չէր ներս թողնելու համար: Զարմանալի է, միշտ մտել եմ և ոչ մեկ չի խանգարել, իսկ հիմա, փաստորեն, դասապրոցեսին կարող եմ խանգարել, հետո ինչ, որ դեռ դասերը չեն սկսվել:

Բայց, ախր, սա իմ համալսարանն է, այստեղ սովորել եմ, ի դեպ, առանց ծանոթի և անվճար, հպարտացել եմ, դիպլոմ ունեմ, հիմա ուզում եմ ներս մտնել ու պատրաստ եմ ասել` ինչու, բայց ինչ ներս չեն թողնում: Ուղղակի:

Իհարկե, ես երբեք չեմ կարծել, որ ԵՊՀ-ն լավագույնն է, բայց մի տեսակ միշտ պատկառանք եմ ունեցել, ամեն դեպքում, իմն էր, բայց որ ինձ չեն թողնի… ու եթե շարունակեի, գուցե կոպտեին, հրեին, էլ չասեմ՝ ավելին անեին…

Հիասթափված էի, տխուր… Ամբողջ ուժով ուզում էի, որ էդպես չլիներ, մի տեսակ վայրենի կատաղություն կար և վիրավորանք…

Երբ քոնն է, ավելի ծանր ես տանում, հատկապես, երբ հավատում ես, որ դու ճիշտ ես, առավել ևս` վստահ ես, որ դիմացինդ սխալ է: Մեջս էլի կուտակված զայրույթ կար, դա էլ գումարվեց… Սկսեցի ատել ոստիկաններին էլ, ԵՊՀ-ն էլ, Ալեք Մանուկյան փողոցն էլ, Երևանի փոքր կենտրոնն էլ, անգամ դիպլոմս մոտս լիներ, կպատռեի ու իրենց երեսին կշպրտեի…

Այդպես ես իմ մաշկի վրա զգացի «Հարյուրամյակը առանց ռեժիմի» ժողովրդի ողբերգությունը: Ավելին` հասկացա, որ, ցավոք, Սեֆիլյանենց ասած Ռեժիմին մինչև Հարյուրամյակը չենք հաղթահարի:

Ուղղակի, երբ ես ուսանող էի, մեր պետականությունը դեռ երիտասարդ էր, համալսարանը դեռ Համալսարան չէր, դասախոսներն էլ Դասախոս չէին, ես էլ Ուսանող չէի, ու էդպես էլ չսովորեցի լսել դիմացինիս, փորձել հասկանալ նրա ասածը, չհաղթահարեցի գավառական բարդույթս` եթե ես ինչ-որ բան մտածում եմ, դա բացարձակ ճշմարտություն է, իսկ եթե մեկ ուրիշը այլ բան է ասում, նվազագույնը` դավաճանություն է… Երևի ինձ ներս չթողած ոստիկաններն էլ ինչ-որ պատճառ ունեին ինձ նման լինելու:

Գրել կարծիք