Մասնագիտությունը՝ Supermodel

Մասնագիտությունը՝ Supermodel

Նրանք վաստակում են միլիոններ բարակիրան մարմնի շնորհիվ, նրանց ամեն մի քայլը կարող է արժենալ հազարավոր դոլարներ. նրանք մեր ժամանակների սուպերմոդելներն են:

90-ականների սուպերմոդելներին բոլորը գիտեին անուններով. նրանք նույնքան հայտնի, հարուստ և պահանջված էին, որքան ռոք աստղերը, հոլիվուդյան դերասանները կամ հայտնի սպորտսմենները: Նաոմի, Սինդի, Նադյա. այս անուններն այնքան հայտնի էին, որ նույնիսկ ազգանունը նշելու կարիք չկար: Այսօր, իհարկե, չկան և երևի այլևս չեն լինի այդքան շատ աստղային մոդելներ, բայց մի քանի սուպերմոդելների աստղը փայլում է առանձնահատուկ վառ: Նրանց փառքը դուրս է եկել նորաձևության բնագավառից և գեղեցկուհիներին դարձրել իսկական փոփ աստղեր: Նրանք լեգենդներ են, նրանց գեղեցկությունը՝ կապիտալ, հմայքը՝ միլիոնավոր սրտեր գերելու փորձված միջոց: Եվ այսպես, հինգ սուպերմոդել, որոնց անունները պետք է իմանալ:

Կարա Դելևին

Բրիտանիան վաղուց չէր ունեցել այսքան վառ մոդելային աստղ: Ասեմ ավելին. մոդելային աշխարհը վաղուց չէր ունեցել այսքան վառ աստղ: Կարան կարծես Թվիգիի և Կայթ Մոսսի արժանի ժառանգն է: Անմեղ և միաժամանակ չարաճճի դեմք, տարօրինակ շուրթեր, մոտիկ աչքեր և մոդելային սուպեր նիհար կառուցվածք: Երբ այս ամենին ավելացան նաև խոշորագույն ընկերությունների հետ պայմանագրերը, լավագույն ամսագրերի շապիկները և տարատեսակ սկանդալները, պարզ դարձավ, որ ծնվել է իսկապես մեծ մոդելային աստղ: Հնարավոր է՝ հենց սկանդալները նրան բերեցին իսկապես մեծ ճանաչում:

cara-delevingne-eyebrows-438927384

Բրիտանացիները սիրում են նրանց, ովքեր, օրինակ, կարող են խայտառակել Ռիտա Օրային, կամ ում պայուսակից պատահաբար ընկնում է սպիտակ փոշիով սրվակ: Դժվար է դիմադրել նաև Կարայի հումորին: Ցուցադրությունների ետնաբեմի լուսանկարներում նա դեմքի անհավանական արտահայտություններ է ընդունում: Բացի մոդելային գործունեությունից և սկանդալներից՝ նա մի քանի կասկածելի դերերով փորձեց ուժերը նաև կինոյի բնագավառում: Եվ, իհարկե, Կարան իսկական style icon է՝ իր՝ միայն բրիտանացիներին բնորոշ էլեգանտ և էքսցենտրիկ ոճով:

Լիու Ուեն

Վերջին տարիներին ի հայտ եկան միանգամից մի քանի հայտնի չինացի մոդելներ, որոնցից ամենահաջողակը գեղեցկուհի Լիու Ուենն է: Լիուն ամերիկյան և չինական «Vogue»-երի ամենասիրելի մոդելներից է, «H&M», «Calvin Klein» և «Tiffany» ապրանքանիշների դեմքը և, իհարկե, նորաձևության տարատեսակ ցուցադրություների մշտական մասնակիցը:

Ի դեպ, նա ասիական արմատներ ունեցող առաջին մոդելն է, որ մասնակցել է «Victoria’s Secret»-ի ցուցադրությանը և դարձել «Estee Lauder»-ի դեմքը: Հայտնի կոսմետիկ միջոցների գովազդում, որտեղ ներկայացված են տարբեր ռասաների մոդելներ, հենց նա է մարմնավորում ասիական գեղեցկությունը: Համաձայնենք, որ սա սոցիալական և մշակութային ձեռքբերում է:

dazed_ilu_wen

Միայն պատկերացրե՛ք՝ նա երկրագնդի բնակչության մեկ հինգերորդի գեղեցկության չափանիշն է: Ոչ պակաս պատվավոր են նրա՝ ոճի խորհրդանիշի կամ ապագայի գեղեցկության նախատիպի կոչումները, որոնցով մասնագետներն ու երկրպագուները պարգևատրում են Արևելքի գլխավոր սուպերմոդելին:



 Ադրիանա Լիմա

Ի տարբերություն Կարայի՝ Ադրիանա Լիմային դժվար է նոր մոդելային աստղ անվանել: «Victoria’s Secret»-ի ֆեշն շոուին նա առաջին անգամ մասնակցել է 14 տարի առաջ: Չնայած մոդելային բիզնեսի համար պատկառելի տարիքին (Լիման արդեն 33 տարեկան է)՝ վերջին սեզոնների ընթացքւմ նա կարծես նոր վերելք է ապրում: Բավական է հիշել օրերս հրապարակված «Balmain»-ի և «Versace»-ի գովազդերը 2015-ի գարնան համար, որտեղ փայլում է Լիման:

Մոդելային ակտիվությունը Լիմայի պարագայում նշանակում է նաև բարձր եկամուտ: «Forbes» ամսագրի 2-րդ հորիզոնականում է՝ զիջելով Ժիզել Բյունդխենին: Այս տարի Լիման նաև KIA-ի պաշտոնական դեսպանն էր ֆուտբոլի առաջնության ժամանակ: Նրա մասնակցությամբ երեք հոլովակները կորեական ավտոմեքենաների վաճառքը բարձրացրեցին 32 տոկոս:

Լիման սպորտի իսկական ֆանատ է, և դա նույնպես նպաստում է նրա բարձր վարկանիշին: Որպես իսկական բրազիլուհի՝ ամենից շատ սիրում է ֆուտբոլ, պաշտոնապես Միլանի «Inter»-ի երկրպագուն է, հայրենի Սալվադոր քաղաքի «Vitoria» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է:

adriana-lima-wallpaper

Սերը սպորտի հանդեպ անդրադարձել է նաև գեղեցկուհու անձնական կյանքի վրա: Տարբեր ժամանակ հանդիպելով Լենի Կրավիցի և Լիխտենշտեյնի արքայազն Վենցեսլավի հետ՝ նա ի վերջո իր ձեռքն ու սիրտը վստահեց սերբ բասկետբոլիստ Մարկո Յարիչին:

Միրանդա Քերր

Միրանդան աճեց պարզապես հաջողակ մոդելից և առաջին մեծության փոփ աստղ դարձավ, երբ 2010 թվականին ամուսնացավ բոլոր աղջիկների երազանքների ասպետի, ավելի ճիշտ՝ ծովահենի՝ Օրլանդո Բլումի հետ: Եվ չնայած նրանց ընտանիքում այժմ տիրող վիճակն այնքան էլ պարզ և հուսադրող չէ, Միրանդայի վարկանիշը աննախադեպ բարձր է: Բավական է ասել, որ նա սոցիալական ցանցերում ունի 15 միլիոնից ավելի հետևողներ:

Ավստրալուհի սուպերմոդելը իսկապես շատ հայտնի և պահանջված է. նա լուսանկարվում է աշխարհի լավագույն ամսագրերի համար, «Swarovski» ապրանքանիշի և «Escada» օծանելիքի դեմքն է, ամեն օր զարմացնում է բոլորիս՝ հայտնի շամպունի հեռուստագովազդում ցուցադրելով շքեղ մազերը:

miranda

Միրանդան հիմնել է նաև սեփական օրգանական կոսմետիկ միջոցներ արտադրող «Kora Organics» ընկերությունը: Այսպիսի ակտիվ գործունեության շնորհիվ Միրանդան վերջին տարիներին մշտապես հայտնվում է ամենաբարձր վարձատրվող մոդելների ցուցակում: Օրինակ՝ այս տարի նա վաստակել է 7 մլն դոլար:

Նատալյա Վոդյանովա

Վոդյանովային չսիրելը համարյա անհնար է: Անհնար է չտարրալուծվել նրա անծայրածիր աչքերում և չսիրահարվել նրա ֆիրմային «Եղնիկ» դեմքի արտահայտությանը:

30-ամյա սուպերմոդելը 4 երեխաների մայր է, անսահման գեղեցիկ և բարի էակ, նրբության և կանացիության խորհրդանիշ: 21-րդ դարի «Մոխրոտիկի» պատմությունը գիտեն նույնիսկ նրանք, ովքեր հեռու են նորաձևության աշխարհից: Միրգ վաճառող աղջիկը դառնում է սուպերմոդել, հետո ամուսնանում է բրիտանացի արիստոկրատի հետ:

Հեքիաթն ավարտվեց, Նատալյան բաժանվեց պեր Յաստին Թրևոր Բերքլի Փորթմանից և ամուսնացավ Անտուան Առնոյի հետ: Առնո ազգանունը ոչինչ չի՞ ասում: Չի կարող պատահել: Անտուանի հայրը՝ Բեռնար Առնոն, գլխավորում է LVMH ֆեշն կոնցեռնը և ունի տպավորիչ կարողություն (15 միլիարդ դոլար): Նատալյան հայտնի է իր բարեգործական գործունեությամբ. նրա հիմնադրամը գումար է հավաքում կարիքավոր երեխաներին օգնելու համար:

vodyanova

Բարեգործական երեկոներ են կազմակերպում և գումարներ են նվիրաբերում շատերը, բայց Նատալյան դա անում է ծայրահեղ անկեղծ: Անձամբ ինձ ցնցել էին կադրերը, որոնցում նա աղետի գոտու տուժածների համար շիլա էր պատրաստում:

Գրել կարծիք