Տարվա 10 ամենասպասվող ֆիլմեր. SUPERMOVIE

Կոմպրոմիսային 10 ֆիլմեր՝ տարբեր ժանրերի, որոնց սպասել են անհամբեր:

Macbeth

Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա

Մակբեթ խաղում է Մայքլ Ֆասբենդերը, լեդի Մակբեթ՝ Մարիյոն Կոտիյարը: Նկարահանումները կատարվել են Անգլիայում, Շոտլանդիայում և Ֆրանսիայում, վաղուց ավարտվել են, ու ժապավենը հետարտադրական փուլում է:

Mad Max: Fury Road

Ավստրալիա

Նոր «Խելագար Մաքսը» խոստանում է հետապոկալիպտիկ անտիուտոպիայի լավագույն կինոնմուշ դառնալ: Դիտեք թրեյլերը՝ կհամոզվեք: Դասական սյուժեի ավարտից՝ կնոջ ու երեխայի մահվան համար վրեժ լուծելուց հետո Մաքսը մեկուսանում է մինչև այն պահը, երբ աշխարհը սկսում է քայքայվել նավթային ճգնաժամի ու գլոբալ պատերազմների հետևանքով: Գալիս է մի պահ, որ ուղղակի հնարավոր չէ ապրել: Կա՛մ դու, կա՛մ քեզ:

Inside Out

ԱՄՆ

Ռեժիսոր Փիթ Դոքթերը դեռ հեռավոր 2013- ին նկարագրել էր «Գլուխկոտրուկը»՝ անվանելով այն «ամենաբարդ պատմությունը, որի վրա երբևէ աշխատել է»: Բանն այն է, որ այս անիմացիոն ֆիլմում միաժամանակ ցուցադրվելու է այն, ինչ անում է փոքրիկ հերոսուհին, և այն, ինչ կատարվում է նրա գլխում: Իսկ դեռահաս աղջկա գլխում գլխավոր հերոսները զգացմունքներն են՝ Զայրույթը, Ուրախությունը, Զզվանքը, Վախն ու Տըխրությունը, որոնք փորձում են Ռայլիին օգնել հաղթահարել կյանքի դժվարությունները:

The Martian

ԱՄՆ

Ռիդլի Սքոթի ավանդական դարձող տապալումների ֆոնին մի քիչ ռիսկային է խորհուրդ տալ դիտել այս ֆիլմը, բայց եկեք խոստովանենք, որ ծերուկ Ռիդլին ամեն դեպքում կուլտային ռեժիսոր է, ու նրա ֆիլմերը միշտ էլ լավ են դիտվում: Ֆիլմը գրքի էկրանավորում է. տիեզերագնացի մասին է, որը հանգամանքների բերումով հայտնվում է Մարսի վրա: Նրա առջև խնդիր է դրված ողջ մնալ, մինչև կկարողանա վերադառնալ Երկիր մոլորակ: Ու այդ տիեզերագնացն էլ Մեթ Դեյմոնն է լինելու:

Absolutely Anything

Մեծ Բրիտանիա

Ֆիլմը պատմում է այլմոլորակայինների միջամտությամբ սուպերհնարավորություններով օժտված մի ուսուցչի մասին: Շատերին ոգևորել էր այն, որ այստեղ ներգրավվել էր նաև «Մոնթի Փայթոնի» մեկ այլ նախկին անդամ` Թերի Գիլիամը, բայց դերասանի կարգավիճակով: Ի դեպ, նաև Ռոբին Ուիլյամսի մասնակցությամբ վերջին ֆիլմերից մեկն է, բայց կլսենք միայն նրա ձայնը, որով կխոսի Դենիս անունով շունը:

Chappie

Մեքսիկա, ԱՄՆ

Ասում են՝ մարդկանց ամենից շատ վախեցնում է այն, ինչն անհասկանալի է: Չապին էլ մի այդպիսի անհասկանալի արարած է. սիրել գիտի, մտածել գիտի, զգում է գեղեցիկը, բայց ռոբոտ է: Առաջին այդպիսի ռոբոտն է՝ դրանից բխող հետևանքներով: Ֆիլմի ռեժիսորն անտիուտոպիստական հայտնի «9-րդ թաղամասի» հեղինակն է՝ Նիլ Բլոմկամպը: Նրան դերասանական կազմում օգնել են սայ-ֆայ ժանրում իրենց լեգենդար դերերով հայտնի Հյու Ջեքմենն ու Սիգուրնի Ուիվերը:

Crimson Peak

ԱՄՆ

Գիլիերմո դել Տորոյի այս ֆիլմի սյուժեից հայտնի են մի քանի կցկտուր փաստեր: Մեկ, որ իրադարձությունները տեղի են ունենում 19-րդ դարում, մեկ էլ, որ երիտասարդ արձակագրուհին հանկարծ հայտնաբերում է, որ իր ամուսինն ամենևին այն մարդը չէ, ինչ ներկայանում է: Ֆիլմի սցենարը Դել Տորոն գրել է 2006- ին՝ իր աղմկահարույց «Պանի լաբիրինթոսի» թողարկումից հետո: Հետո աշխատանքները հետաձգվեցին այլ նախագծերի պատճառով:

Mortdecai

ԱՄՆ

Ռեժիսոր Դևիդ Կեպն իր կարիերայի ընթացքում երկու անգամ առաջադրվել է «Ոսկե ազնվամորու» և խոստանում է 2015-ին ռեաբիլիտացվել: Նրա «Մորդեքայ» ֆիլմի թրեյլերը հույս է ներշնչում, որ դա հնարավոր է: Կատակերգությանը մասնակցում են Ջոնի Դեփը, Յոեն Մաքգրեգորը, Գվինեթ Փելթրոուն: Ափսոս, որ Դեփը լրիվ ուրիշ հանդերձանքով նորից Ջեք Ճնճղուկ է հիշեցնում, բայց այլ կերպ մարմնավորել հնարավոր չէր լինի ցինիկ ու էքսցենտրիկ Մորդեքային:

Jupiter Ascending

ԱՄՆ

Վաչովսկիների նոր բլոկբաստերին ստիպված եղանք կես տարի ավելի սպասել: Ֆիլմը թողարկող «Warner Bros.» կինոստուդիան ամառային պրեմիերայից մեկուկես ամիս առաջ հայտարարեց, որ թողարկումը հետաձգվում է: Ֆիլմի գլխավոր դերերումեն Միլա Կունիսը, Չենինգ Թեթումը և Շոն Բինը: Ֆանտաստիկ մարտաֆիլմը պատմում է Յուպիտեր անունով աղջկա մասին, որի գենետիկ կոդը գրեթե իդեալական է, ինչը վտանգում է Տիեզերքի թագուհու իշխանությունը:

The Interview

ԱՄՆ

Դերասաններ Ջեյմս Ֆրանկոյին ու Սեթ Ռոգենին, որոնք իրական կյանքում մտերիմ ընկերներ են, այս անգամ կտեսնենք «Հարցազրույց» ֆիլմում, որում հեգնանքի չափաբաժինը գուցե նույնիսկ չափից ավելի է: Այս կինոնախագիծը վերջին շրջանում ամենաաղմկահարույցներից է, քանի որ պատճառ դարձավ, որ հյուսիսկորեական հաքերները կոտրեն «Սոնի փիքչերսի» տվյալների բազան ու ահռելի վնաս հասցնեն ընկերությանը: Երգիծական կատակերգության հերոսները որոշում են Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինից հարցազրույց վերցնել, բայց այստեղ միջամտում է ԿՀՎ-ն:

newmag#56

Գրել կարծիք