Երազանքից՝ իրականություն. Սինոփսիսի բանաձևը

Երազանքից՝ իրականություն. Սինոփսիսի բանաձևը

Սինոփսիսի հաջողված օրինակը Հայաստանի խոշորագույն ձեռքբերումներից է այս ոլորտում: newmag-ն այն լուսաբանում է որպես լավագույն և կրկնօրինակմանն արժանի փորձ:

Այսօր, որպես Սինոփսիս Արմենիայի առաջատար ճարտարագետ, Վաչե Գալստյանը մասնակցում է այնպիսի ինտեգրալ սխեմաների նախագծմանը, որոնց օգնությամբ համաշխարհային խոշոր ընկերություններն էլեկտրոնային սարքերի համար միկրոսխեմաներ են արտադրում:

Մասնագիտական և գիտահետազոտական իր հաջողությունների ճանապարհը Վաչեն սկսել է 2007-ին՝ ՀՊՃՀ Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետ ընդունվելով: Առաջին երկու տարիների հիմնային կրթությունը ստանալուց հետո՝ 2009-ին, Վաչեն Սինոփսիսի կրթական ծրագրում ընդգրկված հաջողակներից մեկն է եղել: Ընդամենը մեկ տարի հետո՝ ձեռք բերած գիտելիքների ու հմտությունների շնորհիվ երրորդ կուրսի ուսանող Վաչեն աշխատանքի առաջարկ ստացավ Սինոփսիս Արմենիայից:

«Սինոփսիսի ուսումնական դեպարտամենտում սովորելու ընթացքում աշխատում էի այնպիսի նախագծերի վրա, որոնք 2-3 տարի հետո դառնում էին պատրաստի արտադրանք: Ինձ համար ուսումնական գործընթացի ամենաոգևորիչ մասը իրական արդյունք ստանալն էր, երբ տեսնում ես՝ ինչպես է քո նախագծած ծրագիրը շունչ ստանում՝ իր նորարարական առավելությունների շնորհիվ հեշտացնելով մարդկանց կյանքը»,- իր ուսումնական փորձառության մասին պատմում է Վաչեն:

DSC_0373-(2)

Վաչե Գալստյանը Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի շուրջ 700 շրջանավարտներից մեկն է, որոնց ավելի քան 70 %-ը աշխատում է Սինոփսիս Արմենիայում, մյուսները՝ տեղական և տարածաշրջանային այլ խոշոր ՏՏ ընկերություններում: Արդեն 11 տարի է, ինչ ընկերությունը հաջողությամբ իրականացնում է «Բուհ – արդյունաբերություն» համագործակցության կրթական մոդելը` բացառիկ հնարավորություն ընձեռելով հայ ուսանողներին, մնալով Հայաստանում, ստանալու միջազգային  չափանիշներին համապատասխանող բարձրորակ կրթություն ու դառնալու արտադրությանը պատրաստ մասնագետներ:

«Աշխատելով Սինոփսիսում՝ մշտապես տեղեկացված ենք ոլորտի նորարարություններին, մասնակցում ենք վերապատրաստումների, բազմաթիվ հնարավորություններ ունենք աճելու ոչ միայն որպես մասնագետ, այլ նաև որպես հետազոտող: Աշխատանքի բերումով համաշխարհային առաջատար գիտական ամսագրերում հոդվածներ տպագրելու, գիտաժողովների մասնակցելու առաջարկություններ եմ ստանում. հետազոտական աշխատանքով զբաղվելու բոլոր պայմանները Սինոփսիսում կան»,- նշում է Վաչեն, ով այսօր աշխատում է իր թեկնածուական ատենախոսության վրա:

Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտը ստեղծվել է 2004-ին՝ Սինոփսիսի գիտաարտադրական միջավայրում տեղակայված ՀՊՃՀ «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» միջֆակուլտետային ամբիոնի հիման վրա: Ստեղծման պահից ամբիոնն ու ուսումնական դեպարտամենտը ղեկավարում է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Վազգեն Մելիքյանը, ում նվիրումն ու գիտակրթական ոլորտում մեծ փորձը որոշիչ նշանակություն են ունեցել դեպարտամենտի կայացման և Հայաստանում տեխնոլոգիական կրթության զարգացման գործում:

Հիմնադրման օրվանից ի վեր ծրագիրն աճել է թե՛ որակապես և թե՛ իր ծավալներով՝ ներառելով կրթական համագործակցություն Երևանի պետական համալսարանի, Ռուս-հայկական (սլավոնական)  համալսարանի և Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի, ինչպես նաև Ռուսաստանի, Հորդանանի, Չինաստանի, Հնդկաստանի, Սաուդյան Արաբիայի մի շարք առաջատար համալսարանների հետ:

_ZYX26074

«Բուհ – արդյունաբերություն մոդելի հաջողության գրավականը ուսումնական գործընթացի բոլոր անհրաժեշտ բաղադրիչների ապահովումն է՝ մրցունակ ուսումնական ծրագրեր, որոնք անընդհատ թարմացվում են և համապատասխանեցվում արդի պահանջներին, էլեկտրոնային նախագծման ավտոմատացման Սինոփսիսի գերժամանակակից արտոնագրված ծրագրային գործիքներ և ուսումնական նախագծման փաթեթներ, միաժամանակ բարձր որակավորում և ճարտարագիտական փորձ ունեցող պրոֆեսորադասախոսական կազմ, ինչպես նաև ժամանակակից տեխնիկական ենթակառուցվածք և նորարարական միջավայր»,- նշում է պրոֆեսոր Մելիքյանը և շարունակում. «Մենք կարողացել ենք լուծել նաև մասնագետների սերնդափոխության հարցը: Մեր դասախոսների մեծ մասը Սինոփսիս Արմենիայի նախկին ուսանողներն են ու ընկերության աշխատակիցները: Մեզ մոտ ուսանողները օգտվում են նույն ծրագրերից, ինչ ընկերության աշխատողները, դասավանդմանը մասնակցում են առաջատար ճարտարագետներ»:

«Սինոփսիսի հաջողված օրինակը Հայաստանի խոշորագույն ձեռքբերումներից է այս ոլորտում. պետք է այն լուսաբանել որպես լավագույն փորձ և կրկնօրինակման կոչ անել»,- շեշտում է պրոֆեսոր Վազգեն Մելիքյանը:

Ընկերությունը շարունակում է նորարարական ծրագրերի մշակումն ու դրանց կյանքի կոչումը ՏՀՏ կրթության ոլորտում:

Սինոփսիս Արմենիան գալիք ուսումնական տարում նոր ծրագիր կսկսի ավագ դպրոցներում: «Վիվասելի», «Յունիքոմփի» և կրթության նախարարության հետ ֆիզիկամաթեմատիկական ուղղվածությամբ 5 դպրոցներում կմեկնարկի միկրոէլեկտրոնիկայի և ՏՀՏ տեխնոլոգիաների դասավանդման փորձնական ծրագիրը:

«Հայաստանում ավագ դպրոցը կայացման սկզբական փուլում է: Մտահոգիչ է, որ ֆիզիկամաթեմատիկական լավագույն տվյալներով աշակերտները, որոնք տարբեր օլիմպիադաներում մեդալներ են ստանում, ցանկանում են դառնալ տնտեսագետ կամ բժիշկ: Խնդիրն այն է, որ այդ երեխաների մեծ մասը նույնիսկ չգիտի՝ ինչ է նշանակում տեղեկատվական տեխնոլոգիա: Պետք է օգնել նրանց , որ մասնագիտորեն ճիշտ կողմնորոշվեն: Մեր մշակած ծրագրով ինֆորմատիկայի փոխարեն նրանք կարող են ընտրել միկրոէլեկտրոնիկա, ՏՀՏ առարկան: Առարկան կծանոթացնի միկրոէլեկտրոնիկային, ծրագրավորմանը, ցանցային անվտանգությանը, հեռահաղորդակցությանը»,- նշում է Սինոփոիս Արմենիայի գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

_VIK15744

Նման ծրագրի շնորիվ դպրոցը կավարտեն մասնագիտորեն կողմնորոշված ուսանողներ, Սինոփսիսի ուսումնական ծրագրում էլ կներգրավվեն ավելի հասուն և գրագետ ուսանողներ: Համալսարաններից՝ ավագ դպրոց. Սինոփսիս Արմենիան գծում է նոր ճանապարհ, որը պետք է անցնել հիմնարար կրթական համակարգ ստեղծելու համար:

Գրել կարծիք