Դուդուկահար Թաթուլ Համբարձումյան (7տ). Մոնոլոգ` մանկան շուրթերով

Դուդուկահար Թաթուլ Համբարձումյան (7տ). Մոնոլոգ` մանկան շուրթերով

7-ամյա փոքրիկ դուդակահարը, ով ապրիլի 24-ին զարմացրեց բազմաթիվ նախագահների, կիսվում է իր մանկության հուշերի, սիրելի գործիքի, երազանքների ու հաջողությունների մասին:

իմ ընկերը

6 հատիկ դասարանցի ընկեր ունեմ: Մենք կա՛մ շփվում ենք միասին, կա՛մ էլ խաղում: Ֆուտբոլ ենք խաղում, խաղեր ենք խաղում, շախմատ, գնդակ, բակում վազում ենք: Համ էլ ավագ ընկեր ունեմ` Մուրադիկը: Ինքը 19 տարեկան է, երաժիշտ է: Մենք միջազգային փառատոնին ենք մասնակցել. ես դուդուկ էի նվագում, ինքը` պկու:

իմ խանութը

Երկրորդ դասարան եմ ու շատ սիրում եմ մաթեմատիկա: Ես պիտի մաթեմ իմանամ, պետք է լավ հաշվեմ, որ խանութ բացեմ: Ես առաջ էլ մթերային խանութ ունեի, բայց փակեցի, որովհետև առևտուր չկար: Հենց մեծանամ, էլի բացելու եմ: Դրա համար էլ մաթեմատիկան լավ եմ սովորում: Մայրենին էլ եմ սիրում. գիտեմ, որ պիտի լավ սովորեմ ու տառերն իմանամ:

իմ դուդուկը

Դուդուկը պատրաստում են վայրի ծիրանից. կոչվում է ծիրանափող: Զուտ հայկական մաքուր գործիք է: 10 հատիկ անցք ունի` 2 հատիկը հետևի կողմից է, 8 հատիկը` վրայից, որ մատիկները դնենք: Բութ մատը չենք կարող դնել վերևից, պիտի տակը լինի. սի նոտան է: Իմ գործիքը ինձ առել է, չէ՛, ավելի ճիշտ` պապիկս փող է տվել դասատուին, ինքն էլ առել է:

իմ պապիկը

Իմ պապիկն ինձ շատ առաջ տարավ, ես մոլորակի չափ սիրում եմ իրեն. մոլորակը շատ մեծ է: Ինքը ինձ տարել է երաժշտական` դուդուկի բաժին: Պապիկս էլ, հայրիկս էլ տունն են պարապում հետս, ու ես առաջ եմ գնում: Պապիկիս հետ շատ ենք կռվում: Հենց դուրս եմ գալիս, վազում եմ, ջղայնանում է, որ` մի՛ վազիր, կմրսես: Ես ու պապիկս Թաթուլ ենք: Ես ուրախանում եմ, որ հայր ու տղա նույն անունն ունեն:

իմ այգին

Լիքը ծառեր ունենք, խաղող, ծաղիկներ. շատ մեծ այգի ունենք: Պապիկս ու տատիկս են մշակում: Ծիրանի ծառերի տակ էլ 2 հատ ճոճանակ է պապին սարքել. ես պառկում եմ, ճոճվում եմ, խաղում եմ, համ էլ ձող կա. ձգվում եմ: Ես ծիրան շատ եմ սիրում: Պապիից թաքուն 4 հատ ցոգոլ էի կերել, պապին իմացավ, ջղայնացավ:


ՄՈՆՈԼԳՆԵՐ


իմ երազանքը

Ուզում եմ դառնալ լավ դուդուկահար: Լևոն Մադո-յանի, Գևորգ Դաբաղյանի, Ջիվան Գասպարյանի, Վաչե Հովսեփյանի, Վահան Հարությունյանի նման: Ես մենակ Գևորգ Դաբաղյանին, Կամո Սեյրանյանին, Վահան Հարությունյանին, Գագիկ Մալխասյանին եմ հանդիպել: Իրենք ինձ ասել են, որ ճիշտ շունչ քաշեմ, դուդուկն ուղիղ բռնեմ ու ղամիշն էլ ճիշտ դնեմ: Մեկ էլ ասել են` ապրես, լավ ես նվագում:

mono_02իմ մրցանակը

5 տարեկանում ոսկե մեդալ եմ ստացել: Գյումրիում էր` «Վերածնունդ» միջազգային փառատոնում: Հետո էլ մասնակցեցի նավասարդյան խաղերին ու էլի հաղթեցի: Մի հատիկ էլ առաջին դիպլոմ ունեմ. զուռնա էի նվագում: Իսկ հիմա՝ այս տարիքում՝ տասն օր առաջ, էլի հաղթեցի. ոսկե մեդալ ստացա:

իմ հաջողությունը

Երկու տարի առաջ, որ Բյուրականում ակադեմիա բացվեց, պարոն նախագահը ինձ տեսավ: Հետո զանգեցին ընկեր Հարությունյանին` իմ դասատուին, ու ասացին, որ պարոն նախագահը ցանկանում է, որ ապրիլի 24-ին ես «Դլե յաման» նվագեմ: Մենք էլ լիքը պարապում էինք. գիշեր-ցերեկ գնում էի ընկեր Հարությունյանենց տուն ու սովորում էի: Հինգ օրում սովորեցի: Ես Ծիծեռնակաբերդում նոտաներս չխառնեցի իրար. չեմ վախեցել, մենակ շատ ուրախացել էի, որ բոլոր նախագահները ծափ էին տալիս ու կանգնել էին ոտքի:

իմ ուսուցիչը

Ընկեր Հարությունյանի հետ ծանոթացա, երբ գնացել էի դպրոց: Ինքը ինձ շատ բան սովորեցրեց: Բայց երբ սխալ եմ նվագում, գրիչով խփում է մատներիս կամ էլ սխալ նոտայի վրա դրած մատս կծում է, որ չմոռանամ մյուս անգամ:

Գրել կարծիք