The New Yorker. Մոռացվելու իրավունքը Եվրոպայում հաղթում է համացանցին

The New Yorker. Մոռացվելու իրավունքը Եվրոպայում հաղթում է համացանցին

Այն մասին, թե ինչու դատարանի վճռից հետո «Google»-ը տարբեր լուսանկարներ և տեղեկություններ ցանցից հեռացնելու 120 000 դիմում ստացավ:

Նիքի Կաստուրասը 2006 թ. հոկտեմբերի 31-ին իր հոր սպորտային մեքենայով վթարի էր ենթարկվել Կալիֆոռնիայի Օրանժ քանթրիում: 18-ամյա աղջիկը մահացել էր: Նահանգի ճանապարհային ոստիկանությունը լուսանկարել էր վթարի տեսարանը, կազմել ստանդարտ արձանագրություն: Տեղական դատաքննչական ծառայությունը Նիքիի ծնողներին թույլ չէր տվել «ճանաչել» աղջկա մարմինը:

Նիքիի հայրը՝ Քրիստոս Կաստուրասը, պատմում է. «Պատահարից երկու շաբաթ անց ինձ զանգահարեց իմ եղբայրը: Նա ասաց, որ վթարից հետո արված լուսանկարները հայտնվել են համացանցում: Սա ցնցումի նոր ալիք բարձրացրեց մեր ընտանիքում, և մենք դիմեցինք համապատասխան ծառայություն՝ կատարվածը պարզելու համար: Մեզ հայտնեցին, որ երկու աշխատակիցներ խոստովանել են իրենց մեղքը:

Նրանք վթարի ամենասահմռկեցուցիչ լուսանկարներն ուղարկել էին իրենց ընկերներին և ընտանքի անդամներին, որպեսզի Halloween-ի օրը, այսպես ասած, «վախեցնեին» նրանց: Ստանալով մահվան պատկերները՝ նրանց մտերիմներն էլ իրենց հերթին էին այդ լուսանկարներն ուղարկել իրենց ծանոթներին: Ֆոտոներն այդպես հայտնվել էին ինտերնետում՝ տարածվելով հազարավոր կայքերում»:
4Վախենալով, որ կրտսեր աղջիկները կարող են տեսնել իրենց ավագ քրոջ մահվան տեսարանները, հայրը նրանց արգելում է մուտք գործել համացանց: «Սարսափելին այն էր, որ մարդիկ ինձ համոզում էին, որ ես չեմ կարող դրանք ինտերնետից որևէ կերպ հեռացնել»: Այնուամենայնիվ, չհուսահատվելով Քրիստոս Կաստուրասը ձեռնամուխ է լինում լուսանկարներն ինտերնետից հեռացնելուն: Նա ապավինում է ժամանակակից իրավական որոնումային համակարգերին: Վերջին տարիներին շատերն են ջանում անել նույնը:

Օրինակ՝ կան դերասաններ, որոնք չեն ցանկանում, որ իրենց անձնական լուսանկարները շրջանառեն համացանցում: Կան նախկին դատապարտյալներ, որոնց հանցանքները և լուսանկարները մնում են համացանցում, և դա խանգարում է նրանց նոր կյանքին, աշխատանք գտնելուն: Այս բոլոր մարդիկ ցանկանում են մի բան, որը գոյություն չունի ԱՄՆ-ում՝ մոռացվելու իրավունք:

Սակայն վիճակն այլ է Եվրոպայում: Եվ դա՝ վերջերս ընդունված իրավական ակտի շնորհիվ: Իսպանական «La Vanguardia» թերթը 1998 թ. հրապարակում է երկու փոքր ծանուցումներ՝ նշելով, որ փաստաբան Mario Costeja Gonzalez-ին պատկանող գույքի մի մասը աճուրդի է հանվելու նրա պարտքերը մարելու նպատակով:

Փաստաբանը հերքում է ֆինանսական դժվարությունների մասին բոլոր լուրերը, սակայն թերթի հրապարակումները շարունակում էին պահպանվել ինտերնետում՝ հայտնվելով ամեն անգամ, երբ որևէ մեկը «Google»-ում էր նրա անունը: Մարիո Կոստեխան 2010 թ. դիմում է Իսպանիայի իշխանությանը՝ պահանջելով թերթում հրապարակված ինֆորմացիան հեռացնել «La Vanguardia»-ի կայքից և «Google»-ից: Տվյալների պահպանության գործակալությունը (SDPA) մերժում է հայցն ընդդեմ թերթի, սակայն բավարարում է «Google»-ի դեմ հայցը: Այս տարվա գարնանը Եվրոպական դատարանը հաստատում է իսպանական գործակալության որոշումները:

«La Vanguardia»-ն իր կայքում պահպանեց փաստաբանին վերաբերող տեղեկությունները, իսկ «Google»-ը ստիպված էր հեռացնել Մարիո Կոստեխայի անվանն առնչվող բոլոր հղումները: Եվրոպական դատարանն ընդունեց մի շրջաբերական, ըստ որի՝ ԵՄ բոլոր երկրների քաղաքացիները իրենց երկրների իրավասության շրջանակում իրավունք ունեն «Google»-ին արգելել հրապարակել տեղեկություն, որն «անհամապատասխան է կամ այլևս համապատասխան չէ, տեղին չէ, ավելորդ է արդեն իսկ տեղի ունեցած դեպքերից հետո»: Այլ կերպ ասած` Եվրոպական դատարանի որոշմամբ «Google»-ը պարտավորվում է հեռացնել այն հղումները, որոնք խախտում են գաղտնիությունը:

Դատարանի վճռից հետո «Google»-ը տարբեր լուսանկարներ և տեղեկություններ ցանցից հեռացնելու 120000 դիմում ստացավ և բավարարեց հարցումների մոտ կեսը: Եվրոպայում մեկ այլ որոնողական աղբյուր՝ «Microsoft’s Bing» ընկերությունը, ստեղծեց նմանատիպ համակարգ: Եվրադատարանի որոշման վերաբերյալ հանրային արձագանքն ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում խիստ քննադատական էր: «The New York Times»-ի խմբագրակազմը հայտարարեց. «Այս օրինագիծը խաթարում է մամուլի և խոսքի ազատությունը»: Լորդերի պալատի հանձնաժողովի վերջին զեկույցում Եվրադատարանի այս որոշման վերաբերյալ գրված է. «Սա սկզբունքորեն սխալ որոշում է, գործնականում անպիտան»:

Jules Polonetsky-ն՝ «Future of Privacy Forum»-ի գործադիր տնօրենը և Վաշինգտոնի ամենահայտնի վերլուծաբաններից մեկը, հայտարարեց. «Այս որոշումը պատմության մեջ կհիշատակվի որպես Եվրոպական դատարանի ամենաանհեթեթ որոշում: Այն նվազեցնում է ազատ արտահայտվելու հնարավորությունը: Պետք է կանխել կայքերի անօրինականությունները, և «Google»-ը չպետք է հղում տա դրանց: «Google»-ի մասով Եվրադատարանի հատուկ որոշումն անթույլատրելի եմ համարում»:

Դատարանի ընդունած վճիռը ոչ միայն սուր քննադատության արժանացավ, այլև անհանգստություն առաջացրեց Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում: Եվրոպայում գաղտնիության իրավունքը հաղթեց խոսքի ազատությանը, մինչդեռ ԱՄՆ-ում ճիշտ հակառակ պատկերն է: Ինտերնետի և հասարակության քաղաքացիական ազատությունների սթենֆորդյան կենտրոնի տնօրեն Ջենիֆեր Գրանիքը վերջերս տված հարցազրույցում նշել է. «Եվրոպացիները գաղտնիության իրավունքն ընկալում են որպես մարդու հիմնարար իրավունքներից մեկը: Իսկ տեղեկության որոշակի կատեգորիաների պաշտպանության հարցում ԱՄՆ մոտեցումը շատ ավելի զգայուն է, երբ խոսքը վերաբերում է գաղտնիությանը»:

Խոսքի ազատության հարցում ամերիկյան դիրքորոշումն ամրագրված է Հռչակագրի առաջին փոփոխության մեջ (First Amendment): Եթե Կոստեխայի դեպքը կատարվեր ԱՄՆ-ում, ամերիկյան օրենսդրությանը չէր հաղթի: Գրանիքը համոզված է, որ Կոստեխայի հայցը բավարարող վճիռը խիստ անհամատեղելի է ԱՄՆ օրենսդրության հետ: Ուստի հարց է ծագում՝ իրո՞ք սա Եվրոպայի լավ քաղաքականության մասին է խոսում:

Գրել կարծիք