Մոռացվելու մխիթարանքը. Մոռացվելու իրավունքը Եվրոպայում հաղթում է համացանցին. The New Yorker

Մոռացվելու մխիթարանքը. Մոռացվելու իրավունքը Եվրոպայում հաղթում է համացանցին. The New Yorker

Մոռացվելու իրավունքի ինտելեկտուալ կնքահայրը Օքսֆորդի համալսարանի 48-ամյա պրոֆեսոր Վիկտոր Մայեր-Շյոնբերգն է: Նա մեծացել է Ավստրիայում, որտեղ հայրը մաքսային հարցերով փաստաբան էր: Վիկտորն ակտիվություն էր ցուցաբերում համակարգչային ոլորտում և արդեն 20 տարեկանում ստեղծեց և վաճառեց հակավիրուսային մի ծրագիր: «Հայրս խրախուսում էր համակարգիչների հանդեպ իմ հետաքրքրությունը, սակայն իրականում նա ցանկանում էր ինձ փոխանցել իրավաբանության ոլորտում ձեռք բերած իր գիտելիքը»: Վիկտոր Մայերն ընդունվեց Հարվարդ, որտեղ սկսեց ուսումնասիրել իրավաբանություն: Համակարգչային ծրագրերի նրա առաջին փորձը սահմանափակվում է հակավիրուսային ծրագրերի իր բիզնեսով, որն ավելի ուշ նրա մեջ հետաքրքրություն առաջացրեց տվյալների պաշտպանության իրավունքի հանդեպ:

Վիկտոր Մայեր-Շյոնբերգը պատմում է. «Եվրոպական տվյալների պաշտպանության արմատները գալիս են 19-րդ դարից: Կոմունիստները նացիստների հետ պայքար էին մղում՝ հիմնված մարդասիրության գաղափարախոսության վրա՝ հույս ունենալով արդարություն սերմանել հասարակության մեջ: Իսկ ինչի՞ է դա նմանվում: Այն վերածվում է հասարակության տոտալիտար վերահսկողության: Այսպիսով՝ մենք ունենում ենք գաղափարական խիստ տարբեր թևեր՝ կոմունիզմ և ֆաշիզմ, որոնք երկուսն էլ ավարտվում են երկրների վրա խիստ վերահսկողություն սահմանելով»:

1989 թ. կոմունիզմի տապալմամբ ժողովրդավարները վերակազմեցին իրենց օրենքները՝ նմանատիպ խախտումներից խուսափելու համար: Հետագա տարիներին ԵՄ-ն ընդունեց օրենքներ, որոնք նախատեսված էին գաղտնիության իրավունքի պաշտպանության համար: Ըստ Մայերի՝ գոյություն ուներ մի կարծրատիպ, ըստ որի՝ մարդու անհատականության պաշտպանության համար մենք չենք կարող վստահել ոչ մեկին՝ ո՛չ պետությանը, ո՛չ էլ որևէ ընկերության:

Մայեր-Շյոնբերգը 2009 թվականին հրատարակում է «Ջնջել. թվային դարաշրջանի մոռացության արժանիքը» վերնագրով մի գիրք:

1Պարոն Շյոնբերգը կարծում է, որ Եվրոպական դատարանը կատարել է առաջին ու կարևոր քայլը՝ մի փոքր բարդացնելով որոնման ընթացքում ցանկալի ինֆորմացիան գտնելը, որը խնդրի պրագմատիկ լուծում է: Եթե Գերմանիայում ինֆորմացիա փնտրես google.de կայքում, դժվար թե անմիջապես գտնես որոնածդ, սակայն եթե ծախսես հավելյալ 10 վայրկյան՝ google.com-ում փնտրելու համար, ապա անմիջապես կհայտնվեն քեզ անհրաժեշտ հղումները:

Ինչևէ, կարծես թե մոռացվելու ցանկությունն աստիճանաբար իրականանում է, համենայն դեպս, նման առաջընթաց նկատվում է Եվրոպայում:

2012 թվականին՝ Նիքի Կաստուրասի մահից 5 տարի անց, ընտանիքի ներկայացրած մեղադրանքի հայցերից հետո լուսանկարները հեռացվեցին հազարավոր կայքերից, և ընտանիքին տրվեց 2,4 միլիոն դոլար փոխհատուցում:

***

Ամերիկյան օրենքը բացառում է մոռացվելու իրավունքը, ուստի Կաստուրասի ընտանիքի ձեռնարկած բոլոր միջոցներն ապարդյուն էին աղջկա վթարի լուսանկարները «Google»-ից հեռացնելու հարցում: Ընտանիքի փաստաբանը պատմում է. «Գիտենք, որ մարդիկ «Google»-ում փնտրում էին վթարի լուսանկարները՝ որոնման հատվածում գրելով միայն աղջկա անունը, սակայն մենք անզոր էինք դրա դեմ»: Կաստուրասը որպես միջանկյալ միջոց դիմում է Միշել Ֆերթիքին՝ reputation.com կայքի հիմնադրին, որի նպատակն էր, նոր տեղեկություններ տեղադրելով, կեղծել «Google»-ի արդյունքների ալգորիթմը: «Google»-ում անցանկալի հղումների թիվը կրճատվեց: Ֆերթիքն օգնեց Կաստուրասների ընտանիքին՝ մի քանի կայքերի խնդրելով հեռացնել լուսանկարները: «Մեզ հաջողվեց մոտ 2000 կայքերից հեռացնել նկարները, սակայն դեռևս շատ հեշտ էր դրանք ինտերնետում գտնելը»:

Ֆիլադելֆիայի իրավական ծառայությունների դատավարությունների գործերով տնօրեն Շարոն Դիետրիչը պատմել է. «ԱՄՆ-ում 60- 100 միլիոն մարդ ունի իրավական խախտումների մասին գրառումներ: Քրեական անցյալ ունեցած նախկին անհատների համար կյանքը կրկնակի բարդանում է կայքերի և հատկապես «Google»-ի պատճառով»: Շարոն Դիետրիչն իր համախոհների հետ փորձում է ինտերնետից հեռացնել իրավական խախտումների ժամկետանց գրառումները. սա հաջողությամբ է պսակվել մոտ 30 նահանգներում: «Ցավալին այն է, որ «Google»-ից ոչ մի ինֆորմացիա չի անհետանում, պարզապես որոշ միջոցներ կիրառելուց հետո այն դառնում է որոնողների համար անտեսանելի: Իմ մի հաճախորդը 30 տարի առաջ դատվել էր և մի անգամ ասաց, որ այսօր աշխատանք գտնելը շատ ավելի բարդ է իր համար, քան այն ժամանակ, երբ պատիժը կրելուց հետո ազատության մեջ հայտնվեց»:

Ինտերնետում անցանկալի ուշադրություն գրավելու նպատակով մի քանի ընկերություններ և անհատներ գտել են իրենց զենքը՝ հեղինակային իրավունքի մասին օրենքը: Առանց իրավատիրոջ համաձայնության չի կարելի համացանցում տեղադրել լուսանկարներ կամ հեղինակային իրավունքով պաշտպանված որևէ ինֆորմացիա: Կաստուրասների ընտանիքի փաստաբանը պատմում է. «Հարկավոր էր ձեռք բերել Նիքիի հետ կատարված դժբախտության ժամանակ արված լուսանկարների սեփականության իրավունք, և ես ստիպված էի Կալիֆոռնիայի ճանապարհային ոստիկանության հետ երկարատև բանակցություններ վարել, սակայն իմ բոլոր ջանքերն ապարդյուն էին»:

Հեղինակ` Ջեֆրի Թուբին

Սկիզբը…

 newmag #54

Գրել կարծիք