Կարելի է այն ամենը, ինչն օրենքով արգելված չէ. The Wolf of Wall Street

Կարելի է այն ամենը, ինչն օրենքով արգելված չէ. The Wolf of Wall Street

Միևնույնն է, թե ինչ բովանդակությամբ ֆիլմ է, եթե ռեժիսորը Մարտին Սկորսեզեն է, ուրեմն պետք է նայել:

1

«Ուոլ սթրիթի գայլը». «The Wolf of Wall Street»

Ռեժիսոր` Մարտին Սկորսեզե

Գլխավոր դերերում՝ Լեոնարդո դի Կապրիո, Ջոնա Հիլ, Մարգո Ռոբի

Ժանր՝ կատակերգություն, դրամա, կենսագրություն

Չլիներ Լեոնարդո դի Կապրիոն՝ դժվար այս ֆիլմը լիներ այն, ինչ է: Մարտին Սկորսեզեի կինոգործը հենց Լեոյի դերասանական հանճարեղ խաղի շնորհիվ է հաջողված: Հակառակ դեպքում, ինքնե՛րդ դատեք, 3 ժամ շարունակ դժվար է անշարժ մնալ ու գամվել էկրանին:

«Ես չեմ պատրաստվում ձեզ պատմել, թե ինչպես է պետք նայել այս ֆիլմը: Ինձ համար, օրինակ, միևնույնն է, թե ինչ բովանդակությամբ ֆիլմ կնայեմ: Եթե ռեժիսորը Մարտին Սկորսեզեն է, ուրեմն պետք է նայեմ: Եթե դատում եք նույն իմ տրամաբանությամբ, ուրեմն դիտե՛ք սա». Լեոնարդո դի Կապրիոյի խոստովանությունն է ֆիլմի ամերիկյան պրեմիերայից առաջ:

Մարտին Սկորսեզեն կարողանում է ամենաբացասական կերպարները ներկայացնել ամենադրական լույսով. սա տարօրինակ, զարմանալի, նախանձելի ունակություն է: Չէ՛, դուք միայն մտածե՛ք՝ այս ֆիլմը դիտելուց հետո չկա որևէ կինոդիտող, որը կարող է ասել, ասենք՝ Լեոյի հերոսին սպանելը քիչ է: Ամենևին: Սա նույնիսկ հասցրել է գրավել թինեյջերների մի մեծ բանակ: Ֆիլմը 18 տարեկանից բարձր լսարանի համար է, բայց 18 տարեկանից ցածր տարիքի պատանիների (ի դեպ, ամենաեկամտաբեր լսարանը) սոցցանցային հանրագրերում են հայտնվում ֆիլմի տպավորիչ ֆրազները: «Ուոլ սթրիթի գայլը» դիտելուց հետո նրանք զանգվածաբար որոշում են զբաղվել արժեթղթերի վաճառքով կամ փորձում են բրոքերական ընկերություն բացել: Այս ֆիլմը երազանքն ամեն գնով իրականություն դարձնելու մասին է: Եթե դեռ չեք դիտել, դիտե՛ք: Ու եթե դեռ չեք գնահատում Դի Կապրիոյին, ֆիլմից հետո կդառնաք նրա երկրպագուն:

Հեղինակ՝ Լուսին Մկրտչյան

newmag #49

 

Գրել կարծիք