Թութանհամոն. Փարավոնների հովտի 3000-ամյա գաղտնիքը

Թութանհամոն. Փարավոնների հովտի 3000-ամյա գաղտնիքը

Հեռուստամեկնաբան, լրագրող Արփի Հարությունյանը պոստ ֆակտում բացահայտում է Եգիպտական թագավորության 18-րդ դինաստիայի փարավոնի առեղծվածը:

Թութանհամոնի մասին միայն հայտնի էր, որ նա Եգիպտական թագավորության 18-րդ դինաստիայի փարավոնն էր: Իշխանության էր եկել այն ժամանակ, երբ երկիրը ճգնաժամի մեջ էր: Եգիպտոսի համար ծանր շրջանը սկսվեց Թութանհամոնի հոր` Ամենհոտեպ IV փարավոնի թագավորության ժամանակ, երբ հռչակվեց Ատոնի` արևի սկավառակի պաշտամունքը: Ամենհոտեպը, որի կինը մինչև օրս տղամարդկանց հմայող Նեֆերտիտին էր, փոխեց անունը և դարձավ Էխնատոն: Հետո եկավ Թութանհամոնի ժամանակը:

Քչերը գիտեն, որ մանկահասակ փարավոնը նույնպես երկու անուն է ունեցել:

Սկզբում նրան կոչել են Թութանատոն, այսինքն՝ արևի որդի, և միայն գահակալության 3-րդ տարում է նա դարձել Թութանհամոն: Իշխանության եկած 10-ամյա պատանին ժառանգեց ծանր լուծ:

Ինչպիսի՞ն կարող էր լինել 10-ամյա տղայի դերը հազարամյակների պատմություն ունեցող իշխանության կողքին: Հազիվ մեծացել էր, սկսել էր գլուխ հանել իր գործից, երբ վրա հասավ մահը: Թութանհամոնը երկիրը կառավարեց 9 տարի` Քրիստոսից առաջ 1332-1323 թվականներին: Կյանքն ընդհատվեց 19-20 տարեկանում: Երիտասարդ փարավոնի մահվան առեղծվածը մինչև օրս էլ գիտնականներին հանգիստ չի տալիս: Վարկած կա, որ նա մահացել է մալարիայից: Խոսում են նաև գանգրենայի մասին:

Որոշ գիտնականներ պնդում են, որ էպիլեպտիկ է եղել: Իսկ վերջին` բրիտանացի գիտնականների հետազոտության արդյունքում պարզվել է, որ Թութանհամոնը վթարի զոհ է գնացել:

Թե ինչ վթարի մասին է խոսքը, կարելի է ենթադրել այն ժամանակվա տրանսպորտային միջոցներից: Հին Եգիպտոսում օգտագործում էին մարտակառք: Փարավոնի 3D մումիա տարբերակով պարզվել է, որ նրա մարմնի ձախ հատվածի վրայով անցել է մարտական կառքի անիվը: Այս բոլոր վարկածները, իհարկե, ի հայտ եկան նրա մումիան գտնելուց հետո` 20-րդ դարում: Մինչև այդ պատմությունը լռում էր:

Բրիտանացի հնագետ Հովարդ Քարտերը 17 տարեկանից քրքրում էր համաշխարհային պատմությունը: Ծնվել էր 1874-ին, 1891-ին արդեն Եգիպտոսի հնագիտական պեղումների բրիտանական կազմակերպության անդամ էր: 1899-ին էլ` փառքի ճանապարհին: Հաջողության հասավ Հաթշեփսութ փարավոնուհու տաճարի պեղումներում և դարձավ եգիպտական պեղումների «հրամանատարը»: 1905-ին, սակայն, թողեց պաշտոնը եգիպտական հուշարձանների պահակների և ֆրանսիացի հարբած զբոսաշրջիկների բախման պատճառով:

18 տարի էր անցել նրա եգիպտոսյան վերջին այցելությունից: Քարտերին տանջում էին Փարավոնների հովտի գաղտնիքները:

Գիտեր, որ այնտեղ շանսն ավելի քիչ է, քան Եգիպտոսի այլ վայրում: Բայց եթե բախտը բերեր, կփառավորվեր հավիտենապես: 1909 թվականին նրան հանդիպեց միլիոնատեր լորդ Կարնարվոնը, որը արխաիկայի մեծ սիրահար էր և հնագիտական նմուշների մոլի կոլեկցիոներ: Հենց նրանից էլ Քարտերը փող ստացավ: Վաղեմի երազանքի իրականացման ճանապարհային քարտեզն ուրվագծվում էր:

Նա ստիպված եղավ տեղից շարժել տոննաներ կշռող քարեր: Դամբարանի հետքն անգամ չէր երևում: 1922 թվականի ամռանը Քարտերի հովանավորն իր մոտ կանչեց հնագետին ու հայտարարեց, որ իր համբերությունը հատել է: Հնագետը ստիպված էր խնդրել, որ մեկենասը ժամկետը երկարացնի. մնացել էր միայն մի վայր, որտեղ պեղումներ չէին արել: Կարնարվոնը համաձայնեց վճարել ևս մեկ, բայց վերջին անգամ: Երբ Քարտերը վերադարձավ Անգլիայից, չգիտեր, թե ինչ է իրեն սպասում: Նա ժամանեց հովիտ և տեսավ, որ աշխատանքը կասեցված է:

Օդում կախված էր ծանր լռությունը: Հնագետը գլխի ընկավ, որ ինչ-որ հատուկ բան է կատարվել:

Ռամզես 6-րդի դամբարանի տարածքում գտել էին քարե աստիճաններ: Քարտերը Կարնարվոնին 4-բառանոց հեռագիր է ուղարկում. «Վերջապես զարմանալի բացահայտում արեցի»: Եգիպտական անցյալի սիրահար միլիոնատերը համաձայնում է ևս մեկ անգամ ժամանել այնտեղ, որտեղ, ըստ Քարտերի, գտել էին դեպի փառք տանող աստիճանները: Նրանք միասին ճեղքում են մուտքը դեպի 3000-ամյա անհայտություն: Քարտերը նրանց տանում է փարավոն պատանու` Թութանհամոնի դամբարան: Գանձեր, խաղալիք, կահույք` ավելի քան 1000 անգին ու եզակի գտածոներ:

Ամեն ինչ փայլում էր: Գտան նաև տակնուվրա եղած մառան: Ենթադրելի էր, որ այնտեղ ոտք էին դրել ավազակները:

Զարմանահրաշ բացահայտում անելով` Քարտերը գրում է իր օրագրում. «Մի որոշ ժամանակ իմ աչքերը հարմարվել էին մթությանը: Հետո խավարի մեջ սկսեցի դետալներ որսալ: Կենդանիների պատկերներ, արձաններ, ոսկի: Այդ ամենը իսկական փայլուն ոսկուց էր»: Պատերին ամենուրեք հիերոգլիֆներ և նկարներ էին: Փարավոնի երկու փայտե ոսկեզօծ արձանները հուշում էին, որ ուր որ է կգտնվի փարավոնի` 33 դար արև չտեսած մարմինը: Եվ վերջապես գտնում են եգիպտական վաղամեռիկ արքայի՝ 5 մ երկարությամբ ու 3 մ լայնությամբ մահիճը` զարդարված վարագույրով, ոսկով, շքեղ հանդերձանքով և աստվածների սիմվոլներով: Իրար մեջ թաղված դամբանները բացելուց հետո է միայն երևում սարկոֆագը` պատված դեղին կվարցով:

Ընդամենը մի քանի շաբաթում այդ վայրը դարձավ իսկական ուխտատեղի: Ամբողջ աշխարհից գալիս էին միլիոնավոր զբոսաշրջիկներ` 3000 տարի մարդու երես չտեսած գերեզմանատունը տեսնելու: Հնագետն ու նրա հովանավորը կարծում են, որ սարկոֆագը բացելու պահը հասունացել է: Այդ ժամանակ, սակայն, Կահիրեում իշխանության են գալիս ազգայնականները: Նրանք բրիտանացիներին արգելում են շարունակել պեղումները: Հայտարարում են, որ գտնված գանձերը պատկանում են Եգիպտոսին և ոչ թե գաղութարարներին:

Քարտերն իրեն խաբված է զգում և ըմբոստանում է: Եգիպտոսի կառավարությունը նրան արգելում է մտնել երկիր:

Դամբարանը դարձյալ փակվում է: Անցնում է ավելի քան մեկ տարի, մինչև Քարտերին նորից կթողնեին մուտք գործել իր իսկ հայտնաբերած հնավայր: Նա այնքա՜ն երկար էր սպասել այն պահին, երբ կնայեր վաղամեռիկ դժբախտ փարավոնի դեմքին:

Վերջապես բացում են գաղտնիքներով դրոշմված սարկոֆագը: Միանգամից աչքի են զարնում Թութանհամոնի աչքերը` ոսկե ու խոշոր: Դեմքը ներկված էր բնական ներկերով, մարմինը` պատված ոսկու հաստ շերտով: Ձեռքերը` սանձ ու մտրակով, խաչված էին կրծքին: Ծանր ու երկար աշխատանք տարան հնագետները` մումիան 143 զարդարանքով ծանրաբեռնված հանդերձից ազատելու համար:

Բրիտանացիներն ուշադրութուն չդարձրին քարատապանի առեղծվածային անեծքին. «Մահը բաժին կհասնի նրան, ով կհամարձակվի խախտել ննջած փարավոնի անդորրը»: Գիտնականներն այն համարեցին սնահավատություն: Բայց իրադարձությունները հակառակն ապացուցեցին. որոշ ժամանակ անց թունավոր իժը ներխուժեց Քարտերի տուն և սպանեց նրա դեղձանիկին: Դամբարանի բացումից 6 շաբաթ անց լորդ Կարնարվոնը հիվանդացավ թոքերի առեղծվածային հիվանդությամբ: Եվ որևէ մեկը չկարողացավ օգնել նրան: Մարդիկ ամեն ինչ կապեցին փարավոնների անեծքի հետ: Զրույցներն ու վերլուծությունները լեգենդի էին վերածվում: Վախը պատեց երկիրը: Հետո եկավ մյուսների վախճանը: Մահացան Քարտերի երիտասարդ կոլեգաները: Ամեն մահը նման էր մի չարագույժ պատմության: Ավելի ուշ մարդիկ հասկացան, որ հնագետները, չդիմանալով գայթակղությանը, առանց պաշտպանիչ դիմակների շնչել են բորբոսնած օդը՝ իր մանրէներով, վիրուսներով, և հիվանդացել:

Եվ իրոք, սահմռկեցուցիչ պատմությունը Թութանհամոնին դարձրեց հանրահայտ: Մանկահասակ փարավոնի իշխանության տարիներին Եգիպտոսի սահմանները նույնն էին, ինչ այսօր: Իսկ դա նշանակում է, որ երկիրը նրա օրոք նեղանում էր, մինչդեռ փարավոնները հռչակավոր էին դառնում իրենց նվաճած տարածքներով: Այսպիսով, Թութանհամոնը փառք նվաճեց կյանքից հեռանալուց 30 դար հետո միայն, երբ հազարամյա լռությունը խախտեցին հնագետները:

Հեղինակ՝ Արփի Հարությունյան

Գրել կարծիք