Վարդան Դևրիկյան. Էլիտար շենքի մուտքի դուռն ավելի արժեքավոր է, քան մարդը

Վարդան Դևրիկյան. Էլիտար շենքի մուտքի դուռն ավելի արժեքավոր է, քան մարդը

Գրականագետ Վարդան Դևրիկյանի մոնոլոգը փողի ու մասնագիտության, պատերազմի փոխած գույների ու պարտականությունների մասին:

Ահազանգի տարիք

50 տարին բոլորելիս ոչ մի առանձնահատուկ զգացում չկա: Ինձ համար տարիքային շեմեր չկան, կան գիտության չափանշային նշաձողեր. որոշակի խնդիրներ եմ իմ առջև դրել, իմացական որոշակի աստիճանների եմ ձգտում հասնել: 50-ն ահազանգ է. հիշեցում է, որ կյանքն անսահման չէ: Պետք է հասցնել ամբողջացնել բոլոր գործերը:  Աշխատունակությունս չի նվազել, եռանդս չի պակասել:

Սահմանից այն կողմ անդունդ է

Մեր հասարակական-քաղաքական կյանքում, ամեն տեղ ինչ-որ սահման կա. լինի քննադատություն կամ, հակառակը, կեղծավորություն: Մարդը պետք է լինի միջակայքում՝ իմանալով, որ երկու կողմերում անդունդ է: Երկու ծայրահեղություններ են, ո՛չ պետք է իրականությունը շատ սևացնել, ո՛չ էլ, հակառակը, այնքան գունազարդել, որ դեպի կեղծավորություն տանի:

30-ամյակը` զինադադար

Ինձ համար շրջադարձային եղավ պատերազմը: Մինչև այդ այլ աշխարհայացք ունեի, այլ կերպ էի գրում, աշխարընկալումս այլ էր: Պատերազմից հետո ամեն ինչ փոխվեց: Պատերազմի ավարտը համընկավ իմ 30-ամյակի հետ, զինադադարը ռազմաճակատում յուրօրինակ ձևով նշեցինք: Մայիսի 18-ին զինադադարի հաստատումն էր ու իմ 30-ամյակը: Մարդկանց բաժանում եմ երկու խմբի. պատերազմ տեսած և չտեսած՝ անկախ նրանից՝ հարո՞ւստ են, աղքա՞տ, օլիգա՞րխ, ընտանեկան երջանկություն ունե՞ն, թե՞ չունեն:


ՄՈՆՈԼԳՆԵՐ


Լավագույնը

Ով ինչ ուզում է, թող դառնա. չկա լավ կամ վատ մասնագիտություն, կան լավ և վատ մասնագետներ: Ի՞նչ կապ ունի՝ մարդը խողովակագո՞րծ է, գիտնակա՞ն, թե՞ մշակույթի գործիչ. ամեն մեկը պետք է իր գործի մեջ վարպետ լինի: Գրականագետն անգրագետ մի բան գրեց՝սխալ կոնցեպցիա առաջ կքաշի: Ասում են՝ մոդայիկ մասնագիտություններ կան՝ հաշվապահություն, լեզուներ, իրավաբանություն, բայց դա անցողիկ է, դա էլ կանցնի, ու  կմնան չափանշային հասկացությունը, գիտելիքը և մասնագիտական փորձը՝ անկախ նրանից, թե դա որտեղ կարտահայտվի ու կդրսևորվի: Մարդ պետք է բարձրակարգ մասնագետ լինի: Հիմա պարզապես վարակի պես մի բան է տարածվել՝ «փողային» մասնագիտություններ:

Փողը` ազատ ստեղծագործելու միջոց

Կան մարդիկ, որ ապրում են փող աշխատելու համար, և կան մարդիկ, որ փողն իրենց պետք է ծրագրերը իրականացնելու և ազատ ստեղծագործելու համար: Եթե նյութական ավելի անհոգ վիճակում լինեի, ավելի շատ  բան գրած կլինեի: Ամեն մարդ կարծում է, թե դիմացինը չգիտի այն, ինչ ինքը գիտի: Ես էլ եմ այդպես մտածում: Կարծում եմ՝ միջնադարագիտության բնագավառում յուրահատուկ գիտելիքներ ունեմ, բայց սրտիս ցավ է, որ շատ ժամանակ դրան չեմ նվիրում ու դրանով չեմ զբաղվում, հարկադրաբար այլ բաներով եմ զբաղվում ընտանեկան  պարտավորություններս կատարելու համար: Կյանքը շարժվում է, ընտանիք ու պարտավորություններ ունեմ, գուցե պետք է ավելի շատ մտածել փող աշխատելու մասին: Բայց մի՞թե ստեղծագործական կողմը չի դառնում միայն էգոիզմ ու ամբիցիա, ինչքան էլ մշակույթին ու ժողովրդին պետք է ծառայի, չգիտեմ…

Վերքը

Գուցե այն, ինչ ասում եմ, հնաբույր է, բայց իմ չափանշային հասկացությունը «Վերք Հայաստանի»-ն է ու Աղասին: Այն հայության վերքն է: Իզուր չէ, որ Խորենացու «Պատմությունը» «Վերքով» ավարտվեց, իսկ Աբովյանը «Ողբով» սկսեց: Եթե այն կարդացած չլինեի, գուցե կյանքս այլ կերպ ընթանար: Մենք բոլորս կյանքում իդեալներ ունենք, այս տարվա հունվարից իմ կյանքի հերոսը Արմեն Հովհաննիսյանն է՝ այն դիրքապահ զինվորը, որը կյանքի փորձության ժամին իրեն վստահված տեղը չթողեց: Ցանկացած բնագավառում պետք է կարողանաս  պահել այն դիրքը, որը քեզ վստահված է: Աբովյանն ասում էր. «Ունենք մեծ զինվորականներ, հոգևորականներ, նրանց բոլորի մասին գրում են, մտածեցի կեղծավորություն չանել ու գրել մեր մոռացված Աղասու մասին»: Ինձ Աղասու նման ցնցեց Արմեն Հովհաննիսյանը:

Միտքս թռիչքներ չի ունենում

Առաջ գիտելիքս քիչ էր, բայց երևակայությունս էր վառ, որոշակի բաներ ինտուիցիայի հիման վրա էի գրում, ներքին զգացողությամբ: Այսօր ինձ համար անընկալելի է զուտ ինտուիացիայի վրա որևէ բան գրելը: Իմ ամեն տողը հիմնված է փաստի վրա. ինձ դա մտատանջում է, մտավոր դեգրադացիայի արդյունք է, եղած փաստի հիման վրա եմ գրում, միտքս թռիչքներ չի ունենում: Տարիքի հետ փոխվել է. պատերազմը իմ ներսում որոշակի գույներ մեռցրեց:

Տեր

Աստծո հետ հոգնակիով չենք խոսում: Աստծուն դիմում ենք հորդորական հրամայականով՝ տո՜ւր, Աստվա՜ծ. պատշպանի՜ր, Տե՜ր: Չենք հրամայում, հորդորում ենք: Այդ պատճառով էլ հորդորական հրամայական: Խնդրանք է, որի բայական ձևը հրամայականն է: Մարդ Աստծուն դիմում է նեղության պահին, երբ այլ հնար ու ապավեն չունի:

DevrikyanԱստծո պատիժը

Անձնական առումով Աստծուն բան չունեմ ասելու, բայց ինձ համար մի մեծ առեղծված կա: Քրիստոնյաների տարբեր կոտորածներից հետո այս հարցն առաջացավ: Քրիստոնյաները Տիրոջը հավատում են, բայց ինչո՞ւ են անընդհատ կոտորվում, իսկ մահմեդականներն ու այլահավատները, ովքեր չեն հավատում Աստծուն, միշտ շահում են: Այս հարցադրումը լավ է արտահայտել Ներսես Շնորհալին: Եթե Աստված այդպես պատժում է մեղքերի համար, ուրեմն ո՛չ բարեգութ է, ո՛չ էլ ներող: Նա դատավոր է: Ինչի՞ց է, որ մեր ժողովուրդը ամեն ինչով ապավինել է Աստծուն, շատ եկեղեցիներ է կառուցել, ձեռագրեր գրել, բայց պատժվում է: Դա կուզեի Աստծուն հարցնել:

Սոցիալական դարվինիզմ

Կուզեի մեր կյանքում փոխել բարոյական, հոգեբանական մթնոլորտը: Մարդն արժեք չունի, էլիտար շենքի մուտքի դուռն ավելի արժեքավոր է, քան մարդը: Մեր պետության փիլիսոփայության կոնցեպցիան հիմնված է այն բանի վրա, որ մարդը մարդահաշիվ չէ: Պետության հիմքում սոցիալական դարվինիզմն է. ով թույլ է, ձմռանը թող սառի, ամռանը սովից մեռնի, թույլ անհատները դատապարված են մահվան: Պետությունը որոշակի սոցիալական երաշխիքներ չի ստեղծում: Մենք ասում ենք՝ հայերին աշխարհում չեն հարգում, բայց եթե մենք մեզ չենք հարգում, էլ ի՞նչ…

 

Գրել կարծիք