Մոլեգնած փղի սպանությունը

Մոլեգնած փղի սպանությունը

Ինչո՞ւ էր Վովա փղիկը մոլեգնել: Ասում են՝ կենդանուն հերձելիս պարզվել է, որ նրա երիկամներում քարեր են եղել և հնարավոր է՝ այդ օրը դրանք շարժվել են, ու ցավը կատաղեցրել է փղին:

Երևանի քաղխորհուրդը 1934 թվականին հայտնեց մի ծրագրի մասին, որն ամենից շատ ուրախացրեց երեխաներին: Մոտ 6 տարի գաղափարն իրականություն չէր դառնում: Եվ միայն 1940-ին Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ կենդանաբանական այգի հիմնելու համար 3 հեկտար տարածք հատկացվեց: Նորաբաց այգու առաջին բնակիչները թռչուններն էին: Բայց շատ շուտով հանգամանքների բերումով նրանց ընկերակցեցին չորքոտանիները: Այդ օրերին Երևանում կենդանաբանական ցուցահանդես էր բացվել, ու մեկ էլ հայտնի դարձավ, որ պատերազմ է սկսվել: Ցուցահանդեսին ներկայացված կենդանիներին ստիպված պահեցին Երևանում: Օրվա հրամայական դարձավ կենդանիներին պահպանելը: Սկսվեց կապիտալ շինարարություն:

1940-ականներին այգին արդեն ուներ 32 տեսակի 180 բնակիչ: Բայց պակասում էր փոքրիկների սիրելին: Որոշվեց Ուկրաինայից փիղ բերել: Նրա մասին շատ արագ տվյալներ հավաքեցին: Պարզվեց՝ անունը Վովա է, 13 տարեկան է: Հնդկաստանում ծնված հսկան ռուս վարժեցնողների օգնությամբ 1 տարեկանում թողել էր հայրենիքն ու բնակություն հաստատել Խորհրդային միությունում: Նրան ճանաչում էին ամբողջ Ռուսաստանում և Ուկրաինայում: Բայց պատերազմը վտանգի տակ դրեց ուկրաինաբնակ Վովայի կյանքը նույնպես: Եվ քանի որ Երևանն արդեն կենդանիներ էր հավաքում, փիղն ու նրա ամենահավատարիմ բարեկամը՝ վարժեցնող Իվան Շչերբանը, ուղևորվեցին Հայաստան:

newmag49

Մարդու և կենդանու բարեկամության սիմվոլը դարձած զույգը դժվար ճանապարհ անցավ: Կայարանում նույնիսկ գնդակոծության տակ ընկնան: Իր հաղթանդամ մարմնով պատնեշ դառնալով՝ Վովան տիրոջը պաշտպանեց փամփուշտներից: Այդպես փղիկը 1941 թվականի աշնանը հասավ երևանյան իր նոր բնակավայր ու հաստատվեց Ճիշտ այնտեղ, որտեղ հիմա Հրանտ փղիկն է ապրում:

Վովան բանվորներին հավասար մասնակցում է իր ազատավանդակի կառուցմանը: Այն ժամանակ դժվար էր ծանր տեխնիկա հայթայթելը: Եվ փղիկը գործի է դնում իր կնճիթը՝ երկաթե ձողերն ու գերանները տեղափոխելու համար: Իհարկե, նա միայնակ չէր. Վովայի կողքին իր պահապան հրեշտակն էր՝ Իվանը: Բայց Իվանին շուտով ուղարկում են ռազմաճակատ: Առաջին գծում Իվանը հեռագիր է ստանում, թե՝ Վովան հաց չի ուտում, հասի՛ր: Թողնում է ամեն ինչ ու վերադառնում:

Վովայի համար 1953 թվականին Գերմանիայից հարսնացու են բերում՝ Տիկիին: Բայց 15 տարվա համատեղ կյանքից հետո Տիկին հիվանդանում և սատկում է: Տխրությունն անհնազանդության հետ գլուխ է բարձրացնում: Վովան մի օր նույնիսկ քանդում է վանդակի պատն ու բարձրանում մոտակա բլուրը: Վարկած կա, որ փիղը սոված էր մնում ու փորձում էր մոտակայքի խոտերով սնվել, այդ պատճառով էլ փախուստի ճանապարհներ էր փնտրում: Բայց Իվանն իր գործին նվիրված մարդ էր ու սրտացավ մասնագետ:

Ի վերջո, Վովան վերադառնում էր այգի: Այսպես՝ մինչև 1970 թվականի հունիսի 28-ը: Այդ օրն այգու աշխատակիցները գործով են ընկնում և չեն նկատում, որ Վովան իրենց տեսադաշտում չէ: Իվանը խուճապահար դուրս է գալիս փողոց, գտնում ընկերոջն ու հետ բերում: Հաջորդ առավոտյան պատմությունը կրկնվում է, բայց արդեն անվերահսկելի ընթացքով:

Վովան մոլեգնած դուրս է պրծնում ազատավանդակից: Փիղն անկառավարելի է դառնում: Այգու պատասխանատուները որքան էլ ջանում են, չեն կարողանում շղթայել կենդանուն և հետ բերել: Իվանի որդին՝ Անատոլին, շնչակտուր վազում է տուն, հիվանդ հորը հանում անկողնուց ու բերում այգի: Ջանքերն անօգուտ էին: Վովային զսպել չի հաջողվում:

Կենդանին, ի վերջո, դուրս է գալիս այգուց ու վազում Մյասնիկյան պողոտայով վար: Մարդիկ խուճապի են մատնվում: Վովայի փախուստի մասին լուրը կայծակնային արագությամբ տարածվում է ամբողջ Երևանով: Գազազած կենդանին սկսում է կնճիթով ջարդուխուրդ անել այն ամենը, ինչ հայտնվում է իր տեսադաշտում: Անգամ գլխով տրոլեյբուսին է հարվածում և կոտրում ժանիքը: Ցավից ավելի է կատաղում: Մարդկանց ահը տասնապատկվում է:

newmag49999

Կենդանաբանական այգուց փախուստի դիմած փղի մասին լուրը հասնում է Մոսկվա: Որոշվում է արտակարգ միջոցներ ձեռնարկել: Եթե հսկայի դիմացը չառնեին, նա կարող էր ճանապարհ ընկնել դեպի կենտրոն: Մինչև կժամանեին զինվորականները, քաղխորհուրդը բեռնատարներ է ուղարկում: Փակում են դեպի կենտրոն, Նոր Նորք ու Ավան տանող բոլոր ճանապարհները:

Իրավիճակը դառնում է անվերահսկելի: Փողոցում հետաքրքրասերների ամբոխ է կուտակվում: Սա իրավապահներին թույլ չի տալիս գործը գլուխ բերել: Ականատեսները պատմում են, որ փիղը մտածված գործողությունների էր դիմում. ջարդուփշուր էր անում այն մեքենաները, որոնց շարժիչն աշխատում էր, իսկ մյուսներին վնաս չէր տալիս:

Մոսկվան որոշում է ընդունում թրթուրավոր մեքենա ուղարկել դեպքի վայր: Ամենաբարի կենդանու դեմ պայքարին միանում է հզոր քարշակ-տանկը: Վովան վերջապես ենթարկվում է պարտադրված ուղղությանն ու բարձրանում դեպի կամուրջ:

Թվում էր՝ տանկի ու կենդանու մենամարտն արդեն ավարտվում է, ուր որ է Վովան կենթարկվի ուսուցչի հրամանին ու քայլերը կուղղի դեպի կենդանաբանական այգի: Բայց հսկան չի հանձնվում. քաղաքային դրաման շարունակվում է:

Պայքարը մոտ էր հանգուցալուծմանը: Բայց այն ողբերգական ավարտ էր խոստանում: Վիրավոր Վովան, ոտքերին հարվածներ ստանալով, ընկրկում է: Հաջորդում է ամենասարսափելի տեսարանը: Տանկը թրթուրների տակ է առնում կենդանուն ու բարձրանում վրան: Փիղը կնքում է մահկանացուն: Տանկը վարող գնդապետին հատուկ շնորհակալություն են հայտնում և արձակուրդ տալիս:

Վովայի մարմինն այդ նույն տանկով քարշ են տալիս մինչև այգի: Փղի հետ տապալվում է նաև Իվանը: Նա ամենասարսափելի երազում անգամ չէր կարող պատկերացնել այն, ինչ կատարվեց իր սիրելիի հետ: Ծանր ապրումների պատճառով նույնիսկ հիվանդանոց է ընկնում: Մեկ տարի անց պատմությունը կրկնվում է: Իվանը Բրեստից նոր փիղ է բերում: Եվ հենց այդ փիղն էլ իր վանդակում ցասման պահին սպանում է Իվանին:

newmag499

Ինչո՞ւ էր Վովան մոլեգնել: Ասում են՝ կենդանուն հերձելիս պարզվել է, որ նրա երիկամներում քարեր են եղել: Հնարավոր է՝ այդ օրը դրանք շարժվել են, ու ցավը կատաղեցրել է փղին: Վարկած կա նաև, որ Վովան տխուր էր առանց կողակցի. տիկին Տիկին արդեն 17 տարի իր հետ չէր: Այսպես երկար կարելի է թվել վարկածները: Բայց մի բան հաստատ է: Վայրի կենդանիների հսկիչները պարտավոր էին ունենալ քնեցնող դեղամիջոցներ: Իսկ դրանք չկային: Մինչդեռ մի ասեղը կարող էր հանդարտեցնել քաղաքը և, որ ամենակարևորն է, չսպանել կենդանուն, այն էլ դաժանագույն տարբերակով: Խորհրդային մամուլը հաջորդ օրը շատ հպանցիկ՝ երկու բառով, գրեց, որ Վովան փախել է կենդանաբանական այգուց: Եվ վերջ:

Հեղինակ` Արփի Հարությունյան

Գրել կարծիք