Հայաստանն ընդլայնում է ներկայությունը վիրտուալ հանրագիտարանում (տեսանյութ)

Հայաստանն ընդլայնում է ներկայությունը վիրտուալ հանրագիտարանում (տեսանյութ)

«Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության երևանյան գրասենյակի առաջին հյուրը եղել է ՀՀ Նախագահը:

12259_b

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Արշակունյաց 2 հասցեում (Մամուլի տուն) «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության գրասենյակի բացմանը:

Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել գրասենյակում, ծանոթացել «Վիքիմեդիա Հայաստան»-ի գործունեությանը և առաջիկա ծրագրերին: Նախագահին ներկայացրել են, որ որպես «Վիքիմեդիա» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ հիմնադրված «Վիքիմեդիա Հայաստան»-ի նպատակն է՝ խթանել վիքի նախագծերի տարածումը և զարգացումը Հայաստանում ու տարածաշրջանում, հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը:

Գրասենյակի կոնֆերանս-սրահում Սերժ Սարգսյանը մասնակցել է Հայաստանում վիքի նախագծերի զարգացմանը վերաբերող հարցերի քննարկմանը, որին մասնակցել են նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի տնօրեն Հակոբ Հակոբյանը, հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը, «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ նախագահ Սուսաննա Մկրտչյանը, «Վիքիմեդիա» հիմնադրամի խորհրդի նախագահ Յան Բարտ դե Վրիդը, հիմնադրամի գրանտների բաժնի և միջազգային հյուսիսային համագործակցության ղեկավար Ասաֆ Բարտովը, «Վիքիպեդիա» կրթական ծրագրի ղեկավար Աննա Կովալը, «Եվրոպեանա ԳԼԱՄ» վիքի ծրագրի համակարգող Ուիլիամ Վիատը, «Ինտելեկտուալ Վերածնունդ» հիմնադրամի տնօրեն Մարինա Սուլթանյանը և ծրագրերի համակարգող Արմեն Մարտիրոսյանը:

«Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության գրասենյակի բացման արարողության շրջանակներում մասնակիցները դիտել են նաև «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության համագործակցության արդյունքները ներկայացնող տեսանյութ:

Գրել կարծիք