Լուսինե Հովհաննիսյան. Երևանյան ճերմակի 50 երանգները

Լուսինե Հովհաննիսյան. Երևանյան ճերմակի 50 երանգները

Ճերմակի պակասի ու ավելի, էմոցիաների ու հիշողությունների, քաղաքամայր Երևանում սպիտակաթույր գույների սակավության մասին:

Երևանում ճերմակ շենքեր չկան: Կամ քիչ են: Սպիտակը քաղաքի պակասող գույնն է: Քաղաքի գերիշխող հագուստը սևն է: Մանավանդ՝ ցուրտ ամիսներին: Ճերմակը քիչ է: Սպիտակ են հարսների շորերը Սիրահարների այգում լուսանկարվելու ժամանակ: Երբ մեքենայով անցնում ես Բաղրամյանով, ինչքան էլ կարճատես լինես, եվրոպական ոճի այգու սիզամարգի կանաչի մեջ նկատվում են հարսների ճերմակ, երկար շորերը: Մեկ էլ ճերմակ են դպրոցականների վերնաշապիկները սեպտեմբերի առաջին օրերին, երբ ոստիկանները հսկում են դպրոցների փողոցների երթևեկի անվտանգությունը: Կարծես հոկտեմբերին վտանգն անցնում է… Հոկտեմբերից դպրոցում էլ սկսում է պակասել ճերմակը:

Ճերմակը նաև բարեկեցության գույնն է. կանանց ճերմակ, պինդ օձիքները, բարձր օձիքի տակից` մետաքսե գլխաշոր՝ որպես բարեկեցության ու բարեկեցության հանդեպ անփույթ վերաբերմունքի կարևոր նշան…

Լրագրողին հարցնում եմ. «Ի՞նչ կա Երևանում ճերմակ»: Ասում է. «Մազերս սպիտակում են»: Վարդ Սիմոնյանին հարցնում եմ. «Ի՞նչ կա Երևանում ճերմակ», ասում է. «Մորս ստինքներից ճերմակ բան չեմ տեսել»: Հարցնում եմ. «Կարելի՞ է գրել»: Դե՛, Վարդուհին է, ասում է՝ կարելի է:

Ճերմակը նաև պարտության նշանն է՝ հանձնվելու: Երևանում պարտվողներ չկան: Ընդունված է հաղթող երևալ: Երևանում պարտվածներ չկան: Համընդհանուր է պարտությունը:

Ձմռանը ճերմակը նաև ձյունն է լինում: Այս տարի ձյուն չեկավ: Ձմռանը լուրերը վատն էին: Մեկը մյուսի հետևից, մեկը մյուսին հաջորդելով, հերթով, փոխարինելով ափով բերանը փակելու` մեր արդեն մշտական դարձած շարժումը, որ ահ է նշանակում: Իսկ տղամարդիկ կտրուկ հանում են ծխախոտը:

 

Ճերմակ են մեկ էլ սիգարետի կտրուկ հանված գլանակները: Մյուս գլանակներն էլ են ճերմակ, բայց դրանք չեն նկատվում: Նկատվում է միայն վատ լուրից հետո կտրուկ հանված սիգարետների ճերմակը: Ձյունը եկավ մարտի հինգին: Որ չպակասի քաղաքի սպիտակը…


 Արամ Ավետիսյան. House of Cards. փոփ մշակո՞ւյթ, թե՞ քաղաքականության հայելի

 Հրայր Թամրազյան. Տեսա՞ք ինչ եղավ


Մարտի չորսին Ալեքսանդր Թամանյանի ծննդյան օրն էր:

Քաղաքում սպիտակ շենքերը չկան: Պուշկինի փողոցում Թամանյանի նախագծած սպիտակ շենքը փակվեց «Ավելի բարեկարգ Երևան» մոմլաթե պաստառով: Երբ Երևանի որևէ շենք փաթաթվում է այս բարեհունչ վիրակապով, նշանակում է՝ այն քանդելու են, իսկ ժամանակակից լեզվով դա կոչում են «ապամոնտաժում»:

Թամանյանի ծննդյան տարեդարձը քաղաքը նշեց Պուշկինի վրա գտնվող սպիտակ շենքի ավերումով: Շենքը եռահարկ է, կախովի պատշգամբներով, սպիտակ բազրիքասյուներով: Շենքը պատմություն ունի, ինչպես բոլոր քանդվող շենքերը: Երբ «Ավելի բարեկարգ Երևան» սինթետիկ շալը փաթաթվում է մեծ կամ փոքր պատմություններ ունեցած շենքի պարանոցին, ուրեմն շենքը մահանում է:

Սերիական սպանությունները հետաքննելիս առաջին հերթին գտնում են օրինաչափությունը, որն ի հայտ է գալիս բոլոր հանցագործությունների ժամանակ: Երևանի շենքերի պարագայում այդ հատկանիշը պատմությունն է: Պատմություն ունենալը բավարար է «սպանվելու» կամ «բարեկարգվելու» համար: Պատմությունն աններելի գործոն է դարձել Երևանում: Պատմություն ունենալը նյարդայնացնող է: Հավանաբար որովհետև դա միակ բանն է, որ չես առնի փողով:

Գրել կարծիք