Մեսրոպ Մովսեսյան. Վազգենը փակեց «Ա1»-ը, Վանոն բացեց «Ա1+»-ը

Մեսրոպ Մովսեսյան. Վազգենը փակեց «Ա1»-ը, Վանոն բացեց «Ա1+»-ը

newmag-ի խնդրանքով հայտնի լրագրող Աննա Իսրայելյանը զրուցում է մեդիադաշտի հնաբնակների հետ: Մեսրոպ Մովսիսյանն առաջինն էր, որ հեռուստառադիոպետկոմից դուրս գալու և սեփական հեռուստատեսությունը հիմնելու համարձակությունն ունեցավ ու արեց դա:

Շատերն էին իսկապես հուզվել, երբ 2002 թվականին ապրիլի 2-ի երեկոյան էկրանին բաբախող սրտի պես երևաց «Ա1+»-ը դեռ եթերում» է պատկերը, և ուղիղ կեսգիշերին այդ բաբախյունը դադարեց՝ փոխարինվելով խշշոցով: ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն այդ պատկերը նմանեցրել էր նրան, որ հարազատդ աչքիդ առաջ հեռանա ու ոչինչ չկարողանաս անել: Ինձ համար «Ա1+»-ն առավել քան հարազատ է. փակվելուց առաջ երկու տարի շարունակ վարել եմ «Ա1+մամուլ» հաղորդաշարը, ու ինքս էլ էի շատ հուզված: Սակայն 10 տարեկան որդիս ուղղակի խոշոր արցունքներով լաց էր լինում՝ այդ տեսարանին նայելիս, ու մայրս ի վերջո բղավեց, թե ախր դո՜ւ ինչու ես լալիս: «Հիմա մենք կաղքատանանք»,- պատասխանեց որդիս: Հասկանալի է, որ այլ բան նկատի ուներ, բայց իմ համոզմամբ՝ «Ա1+»-ի եթերազրկմամբ հեռուստադաշտը տևական ժամանակով իրոք աղքատացավ: Սակայն 2016 թվականի հունվարի 3-ին իր 25-ամյակը բոլորած, Հայաստանի առաջին մասնավոր ու անկախ հեռուստաընկերության՝ «Ա1+»-ի հիմնադիր ու տնօրեն Մեսրոպ Մովսեսյանի հետ զրույցը սկսեցինք ոչ այդ տխուր հիշողություններով:

nkar1 (1)

– Պատահակա՞ն է, որ համընկնում են «Ա1+»-ի ստեղծման ու Ձեր ծննդյան օրերը:

-Այո, ուղղակի զուգադիպություն է: 1990 թվականի դեկտեմբերի վերջին էինք դիմել գրանցման համար, ու գրանցեցին 1991 թվականի հունվարի 1-ի ամսաթվով:

Իսկ ստեղծման գաղափարը ծնվեց ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի` 1985-ին հայտարարած «վերակառուցման» շրջանում: Ես, Արամ Աբրահամյանը և Գարեգին Շահվերդյանը, որը մեզ հետ շատ երկար տարիներ աշխատում էր հեռուստատեսությունում, մի օր որոշեցինք, որ արդեն հոգնել ենք պետական ծառայողի աշխատանքից ու ժամանակն է, որ ծառայենք ինքներս մեզ ու մեր երկրին: Արամը երաժշտական խմբագիր էր: Ես հեռուստառեժիսոր էի՝ Կենտրոնական հեռուստատեսության խմբագրությունում:

Դժվար էր սկզբում՝ ոչ փող ունեինք, ոչ տեղ, ոչ հնարավորություններ, ոչ էլ տեխնիկա:

– Լսել եմ, որ Ձեր առաջին տեսախցիկներից մեկը եղել է A1: Հեռուստաընկերության անունն այդպե՞ս է որոշվել:

-Ոչ: Միջազգային չափանիշներով՝ A1-ը խորհրդանշում է բարձր աստիճանը, լավ որակը. Ա-ն առաջին տառն է, 1-ն` առաջին թիվը: Այդպես ծագեց անվան մտահղացումը, քանի որ առաջինն էր, և ուզում էինք, որ լավը լինի:

Մի ֆրանսիացի ընկեր ունեի, որը հեռուստատեսային օպերատոր էր և Հայաստան էր եկել 1988 թվականի Շարժման ընթացքում: Գնալուց առաջ ինձ նվիրեց այդ Canon A1 տեսախցիկը, որը և դարձավ մեր հեռուստաընկերության «հիմքը»:

Մի երկու տարի շարունակ նկարում էինք ամեն ինչ, բայց չգիտեինք՝ ինչ անել, որտեղ ցուցադրել (Ավելի ուշ՝ 1993-ին համաձայնագիր ստորագրեցինք պետական հեռուստատեսության հետ, ու հեռարձակման ժամեր վերցրինք: Օրը 4 ժամ սեփական արտադրանք էինք տալիս): Հեղափոխություն եղավ՝ տապալվեց Խորհրդային միությունը: Ու «Ա1» հեռուստաընկերությունը գրանցելուց հետո՝ 1991-ի հունվարի 10-ին մեր առաջին տեսանյութում մարդկանց հարցնում էինք` ուզո՞ւմ են անկախություն, ու ինչպես են այն պատկերացնում: Բոլորն էլ ուզում էին, բայց ոչ մեկը չէր պատկերացնում, թե ինչ են անելու…

Որոշեցինք տուն վարձել, որը կծառայի որպես գրասենյակ: Առաջին գրասենյակը Սարյան փողոցի վրա էր, կողքի շենքում այս սրճարանի, որտեղ այժմ զրուցում ենք: Մնում էր մի քիչ գումար գտնել: Մանկության լավ ընկեր ունեի, որը շատ աշխույժ բիզնեսով էր զբաղված՝ խանութ ուներ, փոքր արտադրություն: Իրեն դիմեցի, թե կուզե՞ս միանանք, ու մեծ սիրով համաձայնեց:

nkar3 (1)

– Դա Ձեր հենց այն գործընկե՞րն էր, որի հետ տարաձայնությունների պատճառով և հետո փակվեց «Ա1»-ը:

– Այո: Բայց նրա հետ տարաձայնությունները….

– …Պետական միջամտության հետևանք էին:

-Այո:

– Այն ժամանակ մասնագիտական շրջանակներում տարածված կարծիք էր, թե Վազգեն Սարգսյանը փակեց «Ա1»-ը, իսկ Վանո Սիրադեղյանը հետո բացեց «Ա1+»-ը: Նրանց դերակատարությունն իրականում որքա՞ն է եղել:

– Վազգենն ուզում էր իրեն ենթարկեցնել հեռուստաընկերությունը: Տարաձայնությունները սկսվեցին այն ժամանակ, երբ այդ ընկերը՝ «Սիգլ» կոնցեռնի նախագահ Լևոն Գևորգյանը, սկսեց աշխատել Վազգեն Սարգսյանի հետ: Իսկ «Ա1»-ը մերժել էր Վազգեն Սարգսյանի՝ համատեղ աշխատելու առաջարկը՝ 1995 թվականի ընտրությունների կապակցությամբ: Ես ասել էի, թե ինչ ուզում են՝ անեն, չեմ խառնվելու՝ ես միայն լուսաբանող եմ: Պատասխանս չընդունվեց, թշնամական վերաբերմունք ձևավորվեց «Ա1»-ի հանդեպ, ինչն արտահայտվեց իմ նախկին ընկերոջ նկատմամբ: Նրան ճնշելով՝ ներսից պայթեցրին «Ա1»-ը:

Առաջին անգամ փակվեցինք 1995-ի հուլիսին: Հեռուստաընկերությունը վերաբացվեց 1996 թվականի հունվարից՝ որպես «Ա1+»: Վանո Սիրադեղյանի դերակատարությունը մեծ էր այն առումով, որ ինձ ձերբակալելուց հետո ինձ ազատ արձակեցին նրա միջամտությամբ: «Ա1»-ում դատախազությունը ստուգումներ էր անցկացնում՝ ոչինչ չգտան: Նաև խուզարկություն եղավ՝ զենք էին փնտրում: Հետո ինձ տարան` պահանջելով, որ կնիքը հանձնեմ (շտապում էին, որ հեռուստաընկերությունը շարունակի աշխատել արդեն որպես իշխանամետ), ես էլ հրաժարվեցի: Այդտեղ ի հայտ եկավ Վանոն: Արամն այդ ժամանակ նաև Վանո Սիրադեղյանի նախաձեռնությամբ ստեղծված «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիրն էր: Արամին ասացի, թե Վանոյին տեղյակ պահիր, որ ինձ ձերբակալել են: Վանոն միանգամից արձագանքեց. զանգահարեց, ու բաց թողեցին ինձ: Ինձնից նույնիսկ ներողություն խնդրեցին: Թեև ինձ մինչև այդ արդեն արյունլվիկ էին արել՝ ճակատս «բացել» էին: Այդքանով սահմանափակվել է Վանո Սիրադեղյանի դերակատարությունը:

-Այնուամենայնիվ՝ այն ժամանակ իշխանությունը բազմաբևեռ էր: Ու մի բևեռի արածի հետևանքները մյուսը կարողանում էր հակակշռել, շտկել: 2002 թվականին, երբ եթերազրկվեց «Ա1+»-ը՝ իշխանությունն արդեն իսկ շատ միաձույլ, միաբևեռ էր: 25-ամյա «Ա1+»-ը թեև առաջին մասնավոր հեռուստաընկերությունն է, շատերի համար՝ միակ անկախը, այնուամենայնիվ՝ դարձավ մի հեռուստաընկերություն, որի պատճառով Հայաստանը միջազգային կազմակերպությունները սկսեցին գնահատել սկզբում րպես «ոչ ազատ մամուլ» ունեցող երկիր, հետո արդեն՝ «մասնակի ազատ»: Այդ արդյունքը Ձեզ գոհացնո՞ւմ է:

– Ես արդեն որևէ ուշադրություն չեմ դարձնում այդ որակումներին՝ ազատ է, անկախ է, ենթակա է, ում է պատկանում…. Ամիսը մեկ նման պիտակներ էին կպցնում: 1994-95-ին, չգիտես ինչու, որոշվեց, թե մենք էլ ենք դաշնակցական, քանի որ համարում էի, որ չի կարելի խմբագրություններ քանդել՝ քաղաքական դրդապատճառներով, կուսակցական խաղերի պատճառով մարդկանց զրկել աշխատանքից ու ազատ խոսքի իրավունքից… Ավելի ուշ մեզ համարում էին ՀՀՇ-ական:

nkar4– Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի այն անդամները, որոնք 2002-ին ցածր գնահատականներ տվեցին «Ա1+»-ին, տարբեր պատճառաբանություններ էին ներկայացնում հրապարակավ ու մասնավոր զրույցներում: Մեկը պատճառաբանում էր, թե «աղանդավորների ալիք» է: Մյուսը ասում էր, թե ծրագիրն էր «թույլիկ»: Երրորդն ասում էր, թե իրականում «Ա1+»-ն ավելին էր, քան ներկայացավ իր հայտով: Որևէ մեկի հետ հետո առիթ եղա՞վ զրուցելու:

-Որևէ մեկի հետ հետո երբեք չեմ խոսել այդ մասին, չնայած ոմանց հետ ընկերություն եմ անում: Ես նրանցից ոչ մեկին չեմ մեղադրում. միակ պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է: Նա ասել էր՝ այդպես պետք է լինի, ու վերջ: Ի՞նչ պետք է անեին: Ես նույնիսկ գիտեմ, որ Սերժ Սարգսյանն ասել էր՝ նման բան չանեք, աղմո՞ւկ եք ուզում: Բայց արեցին, քանի որ Ռոբերտ Քոչարյանն այդպես էր ուզում: Իսկ ՀՌԱՀ-ն այդ ցանկությունն իրականացնելու գործիքն էր:

– Անկախ այդ ցանկությունից՝ գուցե վստա՞հ էիք, որ «Ա1+»-ի շուրջօրյա եթերն, աշխատանքն այնքան բոլորի աչքի առջև էր, որ թղթեր լրացնելն այդքան չէիք կարևորել, ու որպես հայտ՝ իրոք այդքան աշխատված չէ՞ր:

– Հայտը ներկայացվել էր սեղմ վիճակում: Կար նկարագրություն, թե ինչով ենք զբաղված ու ինչն ենք ուզում զարգացնել: Համարում էինք, որ մեզ արդեն ճանաչում են, արդեն 11 տարի եթերում էինք, ու բոլորը գիտեին, թե ինչ ենք անում: Իսկ իրենք դրա «պոչից բռնեցին», թե 4 էջի վրա հայտ եք ներկայացրել: Բայց չեմ կարծում, թե պետք էր մի գիրք գրել: Առաջին էջում ներկայացրել էինք, թե ինչն ենք զարգացնելու, գրել էինք, որ կես ժամը մեկ թարմ լրատվություն ենք հաղորդելու:

– Պնդում եք, որ Ռոբերտ Քոչարյանն էր ուզում փակել հեռուստաընկերությունը, բայց հրապարակավ նա նույնիսկ հայտարարել է, թե սիրում է «Ա1+»-ը: Ոչ հրապարակավ, որքան ինձ հայտնի է՝ Ձեզ քննադատել է, թե վատ մենեջեր եք, նաև դժգոհել է, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ուղիղ եթեր տվեցիք ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանին: Այդ քննադատության մեջ Ձեզ համար ռացիոնալ հատիկ կա՞: Ասենք, ահաբեկիչներին խոսափող չտրամադրելու պահանջը ներկայացվում է շատ երկրներում: Եվ հնարավո՞ր է, որ Ձեզ առավել հոգեհարազատ է ստեղծագործական, ոչ թե կազմակերպական աշխատանքը:

– Այդ տարօրինակ «սիրո» դրսևորումներն, իհարկե, ոչ միայն մենք տեսանք ու զգացինք, այլև ամողջ աշխարհը: Բայց ինձ իրոք առավել հոգեհարազատ էր ստեղծագործական աշխատանքը, քան կազմակերպչի. հիմա երևի մի քիչ հավասարվել է վերաբերմունքս: Եվ ես էլի չեմ համարում, թե հանցագործություն է ահաբեկչին խոսափող տրամադրելը: Մենք պահել ենք այդ ձայնագրությունը: Հարցերը, «մարտավարությունը» նախապես մշակել էինք Վիկտորյա Աբրահամյանի հետ: Ցանկանում էինք նախ ժամանակ ձգել՝ մինչև մեր համապատասխան ուժերը կկողմնորոշվեն, թե ինչ են անում: Եվ երկրորդը՝ այդ մարդուն զերծ պահել նոր սպանություններից, ԱԺ նիստերի դահլիճում կրակոցներից:


[ Սեփական դաշտում ]


-Այդ պահին դեռ ոչ ոք չգիտեր՝ ԱԺ նիստերի դահլիճում գտնվող ահաբեկիչների այդ խումբը դրսում ունի՞ աջակիցներ: Եվ հնարավոր չէ բացառել, որ նրանց ուղիղ եթեր տալը նաև տեսական հնարավորություն էր ինչ որ ուղերձ փոխանցել այդ աջակիցներին:

– Մենք պատրաստ էինք այդ դեպքում նույն վայրկյանին անջատել եթերը՝ եթե հանկարծ նման բան լիներ: Մանավանդ որ նրան հարցազրույցից առաջ զգուշացրել էինք, որ որևէ կոչ չանի:

– Բայց արեց: Կոչ արեց գալ խորհրդարանի մոտ:

– Դրա համար էլ կիսատ մնաց այդ հարցազրույցը: Եվ Նաիրի Հունանյանին ասացինք, որ իրեն սխալ պահեց՝ մենք պայմանավորվել էինք, որ որևէ նման բան չպիտի լինի: Խնդիրն այլ էր. ես համարում էի, որ նրանք ինչ որ սահմանագիծ անցել են, և իրենց համար արդեն մեկ է՝ ո՞ւթ հոգի կզոհվեն, թե՞ 20 ու ավելի: Կարևորն այն էր, որ «գոլորշին» մի քիչ միջից դուրս գար, նրան մի քիչ չեզոքացնեինք, և իրավապահ մարմինները կարողանային գործողություններ ծավալել:

nkar6-Մինչև «Ա1+»-ին հեռարձակման արտոնագրից զրկելը նրան ֆինանսական հոսքերից զրկելու մարտավարություն էր վարվում: Սա կարող եմ ինքս էլ վկայել որպես այդ ժամանակ հեռուստաընկերության մի հաղորդաշար վարող. գովազդ տեղադրելու առաջարկներին գործարարներն անգամ այսպես էին արձագանքում, թե` կլինի՞ փողը տանք, բայց մեր անունը չերևա:

– Այո, իսկապես այդպես էր: 2000 թվականին գործարարների հետ հանդիպման ընթացքում Ռոբերտ Քոչարյանը հարցրել էր՝ դուք ի՞նչ է, այդ հակապետական գաղափարախոսությո՞ւնն եք ֆինանսավորում: Եվ նրանք բոլորը հասկացել էին, որ «Ա1+»-ի հետ այլևս չպետք է գործ ունենան: Իսկ այն ժամանակ «Ա1+»-ը բավական լուրջ լսարան ուներ, ու գովազդատուները հաճույքով էին աշխատում մեր հեռուստաընկերության հետ: Մեր լրատվական թողարկումներն էլ էին նայում, վավերագրական կինոնկարներն էլ, սերիալներն էլ… Մենք ընտրում էինք, ձեռք բերում ցուցադրման արտոնագրերը, մեծ գումարներ էինք դրա համար վճարում: Իսկ այսօր ես տեսնում եմ, որ երևի սխալ եմ ապրել:

– Այնուամենայնիվ՝ իշխանությունը փոխվեց, ու թվում է՝ փոխվեց նաև հեռուստաընկերության հանդեպ վերաբերմունքը: Սակայն «Ա1+»-ը դարձյալ չհաղթեց մրցույթում: Այս անգամ պատճառաբանությունն այն էր, թե մրցութային առաջարկում «կեղծ փաստաթղթեր» կային: Բազմաթիվ մարդիկ, որոնք մինչև այդ «Ա1+»-ի կողքին էին եղել և ուրախացել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում տարած հաղթանակով, մեղմ ասած, տարակուսած էին, թե ախր ինչպե՞ս կարելի էր նման հաղթաթուղթ տալ ՀՌԱՀ-ին:

– Որևէ կեղծ փաստաթուղթ չի եղել: Եղել է տեխնիկական թերություն, որը հետո պարզվեց: Արտասահմանից Սանկտ Պետերբուրգ էր զանգել տվյալ ֆիրմայի սեփականատերը ու քարտուղարուհուն ասել, թե ձևաթղթի վրա մի այսպիսի տեքստ ես գրում և ուղարկում; Նա համակարգչով կազմել էր այդ ձևաթուղթը՝ մի տառասխալով: Ընդամենը դա է: Իսկ թե ռուսական այդ ընկերությունը օֆշորային գոտում էր գրանցված աշխատում կամ որտեղ՝ ոչ Գրիգոր Ամալյանի[1] գործն է, ոչ էլ իմ: Անգամ Հայաստանում շատերն են գրանցված օֆշորում:

Մեկ այլ փաստաթղթում էլ մի ստորագրություն էր բացակայում, քանի որ հավաքած էր ձևաթղթի վրա, ու համացանցով էին ուղարկել: Մարդը չէր ստորագրել, բայց հետո նամակով հաստատեց՝ ուղարկեց իր ստորագրությունը: Բայց իհարկե՝ ՀՌԱՀ-ը պատրվակ էր ման գալիս ու գտավ: Այո, իմ մեղքն էլ կա, որ մի քիչ փնթի էի արել այդ ամենը: Ավելի լուրջ կարելի էր պատրաստվել: Բայց ասեմ փնթիության պատճառն էլ. ես գիտեի, որ մեկ է՝ չեն տալու հեռարձակման արտոնագիր:

– Եվ եթե ամփոփենք այդ շրջանը՝ ի՞նչն այնպես չէիք անի, ինչպես արել եք:

– Սկսենք նրանից, որ ընդհանրապես չէի մասնակցի մրցույթի, և կմնայի միայն որպես արտադրող՝ ոչ թե հեռարձակող: Ով ուզում էր՝ թող հեռարձակեր: Այսօրվա հեռարձակողներին տեսնելով, այն համոզմունքին եմ, որ ի վերջո գալու են արտադրողների մոտ:

– Այսօր «Ա1+»-ը փաստորեն գործում է հենց որպես հեռուստարտադրանք տվող ընկերություն՝ «Արմնյուզին» տրամադրելով «Այբ Ֆե+» լրատվական թողարկումը:

– Սա մեր ներուժի, հնարավորությունների շատ փոքր մասն է: Բայց դա հաճույքով ենք անում, քանի որ մեր մասնագիտական աշխատանքն է, ու սիրում ենք աշխատել: Չեմ ասի, թե երջանիկ ենք, որ ունենք այդ փոքր մասը: Համարում եմ, որ շատ քիչ է, բայց այնուամենայնիվ՝ սա մեր մասնագիտական աշխատանք է: Եվ այն մեզ բավարարում է:

– Իսկ համարո՞ւմ եք արդյոք, որ այս պայմաններում, երբ համացանցը Հայաստանում արդեն բավական զարգացել է՝ բազմաթիվ են կայքերը, սոցիալական ցանցերը, «Ա1+»-ի նախկին նշանակությունը՝ որպես ազատ հարթակի, արդեն վերափոխվել է, նվազել:

– Ի՞նչն ենք համարում ազատություն: Դա հայհոյանքը չի: Իսկ հիմա ստացվել է այնպես, թե ով ավելի շատ է հայհոյում՝ նա համարվում է ավելի ազատ: Ինքս այդպես չեմ համարում՝ չեմ ընդունում հայհոյանքը ոչ եթերում, ոչ թերթում:Ես համարում եմ, որ «Ա1+»-ն ինչպես աշխատել է, այնպես էլ աշխատում է, ոչինչ չի փոխվել նրա մեխանիզմում:

Փոխվել է այլ բան՝ շատացել են «իմիտատորները», որոնք ցույց են տալիս, թե իրենք «անկախ ու ազատ» մամուլ են: Եվ այդ ֆոնին գուցե «Ա1+»-ը մի քիչ զիջել է դիրքը: Բայց իմիտացիան ժամանակավոր երևույթ է. այն տևում է ընտրությունից ընտրություն, որից հետո ամեն ինչ բացահայտվում է: Երևի նկատել եք, որ ամեն ընտրությունից հետո ասում են, թե «Ա1+»-ը լավ աշխատեց: Բայց մենք մինչև ընտրությունն էլ էինք աշխատում:

Եվ շատ կարևոր է՝ «Ա1+»-ը երբեք չի ցանկացել լինել առաջինն ու միակը: Մենք կողմ ենք մրցակցությանը, բայց իրականին՝ ոչ թե գումարով աճեցրած վարկանիշներին:

Անգամ 100 հոգին ինձ համար էլի վկայում է պահանջարկի մասին: Չեմ համարում, թե մեզ անպայման պետք է դիտի 1,5 մլն հոգի: 1 միլիոն մարդիկ երևի սերիալներ են դիտում: Թող նայեն: Բայց ի վերջո՝ էլի տեղեկություն են փնտրելու: Եվ գտնելու են «Ա1+»-ը: Ես դրան սպասում եմ, ու չեմ շտապում:

nkar2 (1)– Սակայն այս պահին լրատվությունը վարկանիշի, դիտելիության առումով ակնհայտորեն զիջում է ժամանցային բնույթի հաղորդումներին:

Դե, ո՞ւմ այսքան հոգնեցնեին քաղաքականությամբ, որ պահանջարկը մնար նույն մակարդակին: Մարդիկ հոգնեցին նույնը լսելուց, նույն խաբեությունը տեսնելուց: Հիմա նրանց առավել դուրեկան են սերիալները, որոնցով բավարարում են «բանալու անցքից նայելու» իրենց ներքին հակումը:

– Ասացիք, որ թերևս պետք չէր մասնակցել հեռարձակման արտոնագրի մրցույթներին: Շուտով էլի մրցույթներ են լինելու: Չե՞ք մասնակցի:

– Բայց մենք հետդարձի ճանապարհ չունենք: Այսքան տարի՝ սկսած 2002 թվականից, այսքան կռիվ, դատ ու դատաստան… այս ամենը մեզ արդեն պարտադրում է նորից մասնակցել: Չնայած ներքուստ մեծ հաճույքով կմնայի արտադրող, եթե լիներ ոչ թե իմիտացիոն միջավայր, այլ իրոք մրցակցային, և հեռուստաընկերությունները մրցակցության մեջ ավելի հաճախ դիմեին արտադրողներին:

– Սակայն 2002-ից հետո պայմանները շատ են փոխվել. այժմ եթեր ապահովելու համար լուրջ ֆինանսական միջոցներ են պետք: «Ա1+»-ն իր այս երկարատև պայքարից հետո՝ բոլոր իմաստներով արդեն հյուծված, կկարողանա՞ արժանիորեն ներկայանալ այդ մրցությանը:

– Ես համարում եմ, որ կկարողանանք: Այս տարիների ընթացքում մենք նաև ձեռք բերեցինք շատ լավ բարեկամներ ու ընկերներ, որոնք պատրաստ են մեզ աջակցել ոտքի կանգնելու համար:

– Որքան գիտեմ՝ Ձեզ նման առաջարկներ նախկինում էլ են արվել, բայց մերժել եք:

– Բայց ումի՞ց: Ես քաղաքական դեմքերի առաջարկները չեմ ընդունել: Եվ հիմա էլ չեմ ընդունի:

– Կարծում եք, որ Հայաստանն արդեն այն վիճակում է, որ հեռուստատեսային շուկայում կարելի է հանդես գալ առանց քաղաքական ու իշխանական աջակցությա՞ն:

– Ի վերջո դա լինելու է:

Լուսանկարները` Վահե Մինասյանի

newmag #67 հունվար/փետրվար

_____
[1] Գրիգոր Ամալյան – 2001-2013թթ. եղել է ՀՌԱՀ նախագահ

Գրել կարծիք