Mea Culpa. Սկսնակ լրագրողի ինքնախոստովանությունը

Mea Culpa. Սկսնակ լրագրողի ինքնախոստովանությունը

newmag-ի հեղինակ և լուսանկարիչ Աղվան Ասոյանը այն մասին, թե ինչպիսին էր 2016-ը սկսնակ լրագրողի համար, ում երազանքը պատերազմ լուսաբանելն էր, և ով համարձակորեն ու անկեղծ պատմում է մասնագիտական ձախողումների մասին:

Ամեն անգամ, երբ փորձում եմ սյունակ գրել, բլոգ է ստացվում: Միգուցե պրոֆեսիոնալիզմի պակասից է, չգիտեմ, բայց կգրեմ այնքան, մինչև մի բան ստացվի: 2016-ը սովորական տարի չէր նույնիսկ բազմափորձ ու պրոֆեսիոնալ լրագրողների համար, ուր մնաց թե  մեկուկես տարվա փորձ ունեցող սկսնակի համար, որի օրը սկսվում էր ու չէր ավարտվում:

Ինչ խոսք, տարին լավ սկսեցի: Ներակայանալի ու աչք ծակող երկու բան կար` նախ, հոդվածս մեծ բում առաջացրեց: Փախած հարսնացուի պատմությունը շատ քննարկվեց. խոսում էին, թե լրագրողները, թե ընթերցողները: Առաջին անգամ ինձ սպառնացին դատարանով: Ասեմ, որ տեղին: Մի քիչ շատ էի քիթս մտցրել ուրիշի անձնական տարածք: Հետո ՊՆ գերատեսչական մեդալն էր` Գարեգին Նժդեհ, որը, անկեղծ ասած, ոչինչ չփոխեց իմ կյանքում: Հասկանում էի` մեդալն ուղղակի սիմվոլիկ է կամ ցուցակում հայտնվել էր նոր անուն, ում մամուլի ծառայությունում սիրում էին, ամեն դեպքում, հենց այդպես մեկնաբանեցին: Ու դա եղավ այս, գրողի տարած տարվա վերջին լավ բանը:

Սկսվեց ստաբիլ ու հաստատուն դեգրադացիա: Հասկանալի պատճառներով ամեն օր զգում էի` ինչպես եմ դառնում ավելի ու ավելի «քառակուսի»: Մասնագիտական որակներս նույնիսկ մամուլի ծառայությունում պրես ռելիզ գրող գործակատարին չէին համապատասխանում: Հետո հասկացա` ոնց որ, լավ էլ հարմարվել եմ: Պատասխանատվությունս քիչ, գործս էլ` թեթև: Սկսել էի ավելի ու ավելի խորանալ լուսանկարչության մեջ:

Լրագրող էի, բայց կարծիքներ սպասում էի արածս լուսանկարերի համար: Սկսեցի մտածել, որ կիսատ լրագրող եմ, ու ավելի կիսատ լուսանկարիչ: Սկսել էի ավելի քիչ կարդալ, մեծամտացել էի:  Մինչև մտքերս փորձում էի դասավորել ու հասկանալ` վերջապես ինչ եմ ուզում, սկսվեց ապրիլյան քառօրյան: Գուցե տարօրինակ է հնչում, բայց ինձ թվաց,  ուր որ է երազանքս կատարվելու է. վերջապես կլուսանկարեմ ու կլուսաբանեմ պատերազմ: Բայց, խմաբգիրենրը թույլ չտվեցին: Խնդրում էի ամեն օր, մի քանի անգամ: Երևի ճիշտ էր, երևի` չէ: Չգիտեմ, բայց դե ես էլ երազանքիս հետևից գնալու համարձակություն չունեցա:

Հետո եկավ ՊՊԾ գնդի գրավումը:  Մինչև այդ, օր օրի խմբագրությունում կորցնում էի խմբագիրներիս վստահությունը` որպես լրագրող: Խորենացու այդ 15 օրերի ընթացքում ոչինչ չէի զգում:Ոչ հոգեպես, ոչ էլ ֆիզիկապես, բայց դա, մինչև այն պահը, երբ ողնաշարիս ու երիկամներիս տեղն իմացա բժշկական ճշգրտությամբ: Մոտ մեկ շաբաթ ամաչում էի դուրս գալ տնից: Նկարս հայտնվել էր բոլոր հնարավոր տեղերում` «Ծեծել են «Ժամը» լրատվականի լրագրող Աղվան Ասոյանին»: Ոմանք դա ծառայեցրին իրենց PR-ի համար: Ծեծ ուտելն այնքան էլ պատվաբեր  չէ, բայց զանգում էին անընդհատ` հարցազրույց էին ուզում ծեծվելուս մասին:

Ու  ստաբիլ շարունակվում էր իմ դեգրադացիան: Շարունակում էի ավելի ու ավելի շատ նաև լուսանկարել: Չունեի ոչ տեխնիկա, ոչ պրոֆեսիոնալիզմ, ոչ էլ` փորձ, բայց ինձ լուսանկարիչ էի համարում: Ես ինձ զգում էի լուսանկարիչ, բայց բոլորը ճանաչում էին, որպես լրագրող, ով մեկ-մեկ նաև լուսանկարում է: Ես չէի համակերպվում այդ պարզ մտքի հետ: Դա տևեց այնքան, մինչև ամենամտերիմ ընկերս դեմքիս ասաց այն,  ինչ մտածում էր մասնագիտական որակներիս ու մեծամտությանս մասին: Մի բան է աշխատավայրում լսել այդ ամենը, բայց հատկապես ծանր է, երբ դա ասում է  մի մարդ, որը գրեթե միշտ համաձայնել է նույնիսկ ամենաապուշ մտքերիդ ու կարծիքներիդ հետ: Հետո մի քանի հոդված էլ կարդացի, երբ բազմափորձ լուսանկարիչները խորհուրդներ  էին տալիս: Բոլորն էլ նույնն էին կրկնում` լուսանկարեք, եթե սիրում եք: Լուսանկարչությունը ֆինանասական աղբյուր կամ մասնագիտություն չէ, կենսակերպ է:

Հիմա որոշել եմ` ես էլի կլուսանկարեմ, պարզապես, կլուսանկարեմ, կստացվի, լավ, չի ստացվի`  էլի կլուսանկարեմ: Բայց մասնագիտությունս չեմ փոխի: Ես լրագրող եմ ու վերջ:

Հուսամ, 2017-ին պատերազմ նկարելու երազանքս չի իրականանա, գոնե իմ երկրում: Եկող տարի պետք է նաև փոխահտուցեմ Գնել Նալբանդյանի նյարդային համարկարգին հասցրածս անդառնալի վնասները, գոնե այնքանով, որ էլ առիթ չեմ տա:

Գրել կարծիք