Մարդիկ, որոնք չեն կարող չմագլցել. հայ ալպինիստները` աշխարհի ամենաբարձր գագաթներին

Մարդիկ, որոնք չեն կարող չմագլցել. հայ ալպինիստները` աշխարհի ամենաբարձր գագաթներին

Բարձրությունը նրանց տարերքն է, լեռները՝ նրանց կիրքը: newmag-ը զրուցել է լեռնագնացների հետ, որոնք պատմել են իրենց հաղթահարած ամենաբարձր ու ամենաբարդ գագաթների մասին:

2013 թվականից սկսած Հայաստանն էլ ունի լեռների ու լեռնագնացների օր:  Այն տոնում են հոկտեմբերի 9-ին: 1829 թվականին հենց այդ օրը Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի արշավախմբի հետ Խաչատուր Աբովյանը բարձրացավ Արարատի գագաթ: Երկու դար հետո էլ Արարատը հայ լեռնագնացների համար «must do» է: Շատերի համար այն խորհրդանշական վերելք է: Հետո գալիս են տեխնիկապես ավելի բարդ ու բարձր գագաթները: Ամեն կիլոմետրը հաղթահարելուց հետո լեռնագնացները նոր նշաձող են սահմանում: Սա յուրօրինակ հիվանդություն է, որը ձգում է:

Լեռնագնացությունը կախվածություն է, փիլիսոփայություն: Ալպինիստները մարդիկ են, որոնց համար սար բարձրանալը մասնագիտություն է, սիրած զբաղմունք, ապրելակերպ:

Ամենաբարդ գագաթը, որ հաղթահարել է, Մաթերհորնն է (4478 մ), Ալպերի ու Եվրոպայի ամենաբարձր գագաթներից մեկը: Շվեյցարիայի և Իտալիայի սահմանին է: Էքստրեմալ տուրիզմի սիրահարների և լեռնագնացների սիրած գագաթներից է: Մերկ ձեռքերով և առանց տեխնիկական հնարքների չես մագլցի: Հենց այդ բարդությունն էլ գրավեց Էդուարդին:

Լեռնագնացությամբ զբաղվում է 15 տարեկանից, ընդհանուր հաշվով՝ 5 տարի. հանած բանակային երկու տարիները: Առաջին անգամ Արայի լեռն է բարձրացել ու դրանից հետո տարվել լեռնագնացությամբ: Ասում է՝ լեռ բարձրանալիս ոչ թե բարձրանությունն ես հաղթահարում, այլ ինքդ քեզ, չափում ես ուժերդ, հասկանում հնարավորություններիդ սահմանը: Լեռները նրան ստիպեցին ավելի խորաթափանց դառնալ, ավելի լավ ճանաչել մարդկանց: Չէ՞ որ լեռներում, երբ պարանով կապված եք իրար, մեկի կյանքը կախված է մյուսից: Պետք է իմանաս՝ ում ես վստահում կյանքդ:

– Ով ինձ ճանաչում է, գիտի, որ 15 տարեկանից երազում էի բարձրանալ Մաթերհորնը: Բոլոր լեռնագնացնե՛րը գիտեն այդ գագաթի մասին: Այն ամենագեղեցիկ լեռներից մեկն է: Առաջին հայացքից թվում է, թե անհնար է բարձրանալ: Կարծես քարե սուր կույտ լինի: Հենց այդ վախն ու դժվարությունն էլ ինձ գրավում էին: Ես գնում էի երազանքիս հետևից: Ընկերներս էլ ինձ հետ եկան: Նրանցից երկուսն ավելի վաղ փորձել էին բարձրանալ, բայց եղանակը թույլ չէր տվել: 

Առաջին օրը երեկոյան վեցին հասանք Ցերմաթ քաղաք: Մեզ ասացին, որ միայն այդ գիշեր է լավ եղանակ լինելու: Լեռնագնացները դա «պատուհան» են կոչում. երբ եղանակը «պատուհան» է բացում դեպի գագաթ: 3.5-4 ժամ քայլելուց հետո ընդամենը 1-2 ժամ քնեցինք ու շարժվեցինք դեպի լեռնագագաթ: Մենք որոշել էինք ավելի բարդ ու հետաքրքիր դարձնել խնդիրը ու լեռը բարձրանալ առանց հարմարավետությունների: Օրինակ՝ 3200 մետրի վրա իջևանատուն կա, որտեղ գիշերում են լեռնագնացները, հետո շարունակում ճանապարհը: Իսկ այդտեղ հասնում են ճոպանուղով: Մենք ամենաներքևից ոտքով ճանապարհ ընկանք, գիշերն էլ վրանում անցկացրինք: 

Երբ բարձրանում էինք` մութ էր: Հիմնականում վերելքները գիշերըկամ վաղ առավոտյան են սկսում: Մինչև կեսօր եղանակն ավելի կայուն է, իսկ ցերեկը դառնում է անկանխատեսելի: Բացի այդ, մեծանում է քարաթափության, ձնահոսքի վտանգը: Մի խոսքով, ավելի լավ է սկսել բարձրանալ, երբ մութ է, իսկ լույսով` իջնել: Լապտերներով էինք լուսավորում: Հասանք 4 հազար մետր բարձրության, քնեցինք, մնացած 400-500 մետրն էլ առավոտյան հաղթահարցեինք:

Վերելքն ու վայրէջքն ընդհանուր 3.5 օր տևեց, գագաթ հասանք օգոստոսի 29-ին:  Մի քանի րոպե մնացինք ու իջանք: Եղանակը շատ վատը չէր, բայց այդքան լավն էլ չէր, որ ավելի երկար կանգնեինք: Մաթերհորնի գագաթը շատ նեղ է, մեկ մետր այս կողմ, մեկ մետր այն կողմ` անդունդ է: Եթե քամին մի քիչ երկար փչի, կյանքդ վտանգված է: Այնպես որ, նայում ես, վայելում ու իջնում:

Չեմ հիշում՝ ներքևում ինչ էր կատարվում, երբ վերևից էինք նայում. շատ հոգնած էինք: Հիմա, որ աչքերս փակում եմ, ոչինչ չեմ հիշում, միայն վերջին պահը, երբ գագաթին 50 մետր էր մնացել: Ընդամենը մեկ ոտքի տեղ էր, երկու կողմում անդունդ էր: Ոտքերը փոխելով զգուշությամբ շարժվում էինք ձյան միջով՝ պարանով կապված: Այդ պահն եմ հիշում, կյանքի ու մահվան հարց էր: Դիմացդ կյանքն է, աջ ու ձախ՝ մահը: Այդ պահի դա չէինք գիտակցում: Հետո, երբ նայում էինք վիդեոները, զարմանում էինք, թե ինչպես էինք այդ հատվածն անցել առանց վախենալու: Այդ պահին ես չէի վախենում: Երազանքին հասնելու մետրերն էին դրանք: Ամեն մետրի հետ այն ավելի էր մոտենում: Երևի դրա համար էլ վախը երկրորղ պլան էր գնացել: Վախը հետ նայելիս է գալիս: Միայն մի անգամ եմ վախեցել՝ ընկերոջս համար: Էլբրուսի գագաթին էինք, սայթաքեց: Այ, դա իսկական վախ էր:

Ուրախ եմ, որ երազանքս իրագործել եմ: Եթե չլիներ նոր երազանք, դատարկություն կզգայի: Նոր երազանքիս անունը Էյգեր է: Մաթերհորնից ցածր է, բայց նույնքան բարդ լեռ է, նույնպես Ալպերում է:


Ամենաբարձր կետը, որ հաղթահարել է, 6148 մետրն է՝ Լենինի գագաթ չհասած: Լեռնագնացությամբ զբաղվում է 2004 թվականից: Առաջինը Արագածի հարավային գագաթն էր, դրանից հետո տարվեց այս մարզաձևով: Հետո այն դարձավ կենսակերպ: Հիմա շաբաթը գոնե մեկ անգամ պետք է սար բարձրանա, եթե, իհարկե, եղանակը բարեհաճ է: Ասում է՝ սարերը սովորեցնում են համբերել, ավելի լավ հասկանալ բնության լեզուն, նրա հետ ներդաշնակ լինել: Եթե այն թույլ չի տալիս վերև գնալ, պետք է նահանջել՝ սպասելով հարմար պահի:

Նարինեն լեռներ է գնում, որովհետև սիրում է հենց լեռների բնությունը, սիրում է սարերի հանգստությունը: Դեպի վեր քայլելիս կարող ես «անջատվել» և չմտածել ոչնչի մասին կամ ճիշտ հակառակը՝ կենտրոնանալ որևէ հարցի վրա: Նա երկուսն էլ կարողանում է անել:

Ոմանք ընտրում են վազքն ու անընդհատ ավելացնում կիլոմետրերը: Նարինե Ճաղարյանն ընտրել է լեռներն ու անընդհատ բարձրությունն է ավելացնում: Այս ամառ ընկերուհու հետ որոշել էին հաղթահարել 7 հազար մետրը: Երազանքի կետից նրանց ընդամենը 1000 մետր էր բաժանում:

– Այդ միտքը վաղուց մեզ հանգիստ չէր տալիս: Ուզում էինք 7 հազար մետր բարձրանալ: Հայաստանին ամենամոտը Լենինի գագաթն է:

Մինչև այդ 5 600 մետր բարձրություն արդեն հաղթահարել էի, պատկերացնում էի, թե ֆիզիկական ինչ բարդություններ կլինեն: Բայց իրականությունը գերազանցեց երևակայությունս: Երբ գիշերեցինք 5800 մետրի վրա, թթվածնի պակասն իր սև գործն արեց: Շարժումներս այնքա՜ն էին դանդաղել… Լուսնի վրա իջած մարդու էի նման: Այդպիսի գլխացավ երբեք չէի ունեցել: Շատ դժվար էր:

Երբ ընտրեցինք Լենինը, թվում էր, թե հեշտ լեռ էինք ընտրել: Այո, տեխնիկապես հեշտ էր, բայց ոչ ֆիզիկական տեսանկյունից: Գագաթին հասնելու համար երկար ես քայլում: Կարող է 500 մետր ծովի մակարդակից բարձրանալու համար 3 ժամ քայլես, իսկ Լենինի դեպքում 6-7 ժամ էր պետք այդ կես կիլոմետրը հաղթահարելու համար: Մեր վերելքը 16 օր տևեց: Բանն այն է, որ միայն չես բարձրանում ու վերջ: Կա կլիմայավարժում, երբ օրգանիզմդ վարժեցնում ես բարձրությանը: Որոշակի բարձրություն հաղթահարում ես, հետո իջնում, գիշերակաց, ապա՝ ավելի շատ ես բարձրանում, հետո նորից իջնում ու այդպես շարունակ…

Իհարկե, օգոստոս-սեպտեմբեր ամիսներն այդքան էլ լավ ժամանակահատված չեն 7 հազար մետր բարձրանալու  համար: Մասնագետներն ասում են, որ դա 7000մ լեռան համար իսկական ձմեռ է: Ավելին, ձյունն այդ ժամանակ փխրուն է ու քայլելու համար ավելի վտանգավոր: Երբ այնտեղ էինք, 4 օր առատ ձյուն տեղաց: Ջերմաստիճանն իջել էր, ցրտահարվելու վտանգ կար, քայլելը դժվարացել էր: Ձնահոսքի վտանգ կար: Խմբի ղեկավարը որոշեց, որ պետք է իջնենք: Որքան էլ ներքուստ ըմբոստանայի ու դժգոհեի, խմբի ղեկավարին չէի կարող հակաճառել: Մենք խմբով էինք: Այլ հարց է, որ մի քանի հոգով լինեինք:  

Երբ իջանք, շատ ափսոսեցի: Գնացել էի գագաթ հասնելու, ու չստացվեց: Այդքան ժամանակ էի ներդրել: Փաստորեն, ժամանակը նպատակին չծառայեց: Այնպիսի զգացում ունեի, որ պետք է վերադառնամ, գործս կիսատ էր մնացել:

Ընդհանրապես, զգացումները ոչ թե գագաթին են լինում, այլ երբ արդեն ներքևում եմ: Միակ բացառությունն Արարատ լեռն էր: Այն հոգևոր վերելք էր ինձ համար, ու դա հենց գագաթին էի զգում: Մնացած դեպքերում, ապրումնները սկսվում էին, երբ ամեն ինչ ավարտված էր, երբ ներքևում էի՝ մեքենայի մեջ ու նայում էի լեռանը: Այդ ժամանակ եմ մտածում, որ ստացվել է: Այդ ժամանակ եմ ուրախություն և հպարտություն զգում: 


Ամենաբարձր կետը, որ հաղթահարել է, Լենինի գագաթն է (7134 մ), նախկի ԽՍՀՄ ամենաբարձր հինգ գագաթներից մեկն է, Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին: Պամիր լեռնաշթղայի մաս է կազմում: Գագաթի հաղթահարման միջին հավանականությունը 25% է, այսինքն՝ 4-ից մեկն է կարողանում այն բարձրանալ:

Տեխնիկական տեսնանկյունից համարվում է հեշտ գագաթ, սակայն ֆիզիկական ծանրաբեռնվածության տեսանկյունից դժվար է: Բարդությունն այստեղ օրգանիզմի վրա ծանրաբեռնվածությունն է, երկար քայլքը բարձրության վրա, թթվածնի պակասը: Վերևում այն նորմայից գրեթե 3 անգամ պակաս է:

2 տարի առաջ բարձրացավ Արարատն ու այդ օրից լեռնային կախվածություն ունի: Հայաստանի գրեթե բոլոր բարձր կետերում եղել է, 4 անգամ Էլբրուսն է բարձրացել, մի քանի անգամ եղել է Կազբեկի վրա: Կարծում է՝ բարձրանալիս պետք է կարողանալ նաև նահանջել: Շատերն այլևս չկան, որովհետև չեն նահանջել: Մեկ անգամ է նահանջել Էլբրուսում. ոտքերը ցրտահարվել էին, 5100մ-ից  հետ դարձավ: Եթե ճիշտ պահին չհրաժարվես, կարող ես մեկընդմիշտ հրաժեշտ տալ սիրածդ զբաղմունքին:

Լեռնագնացությունը յուրօրինակ ճամփորդություն է, մարտահրավեր` ինքդ քեզ: Ամեն անգամ խնդիրն ավելի ես բարդացնում: Երբ գագաթին ես, հասկանում ես, թե որքան ուժեղ ես: Լենինի գագաթն Արտաշես Մկրտչյանի հաղթահարած առայժմ ամենաբարձր կետն է: Բոլորին չէ, որ բախտ է վիճակվում հասնել այնտեղ: Բացի ֆիզիկապես պատրաստ լինելուց, Արտաշեսն իրեն նաև հաջողակ է համարում: Եթե բնությունը թույլ չտար, նա չէր կանգնի Լենինի գագաթին: Սա նրա վերջնակետը չէ, հաջորդ գագաթն ավելի բարձր է լինելու:

–  Այս տարի օգոստոսի 16-ին հասա Լենինի գագաթ: 16 օր բարձրացել եմ, որից 6 օր քնել եմ 6 հազար մետրից բարձր գտնվող վրաններում:  Ձյուն, սառույց, քամի ու միայն ես… ինչպես կինոյում: Մոտավորապես 1 կմ բարձրությամբ և 8 կմ շառավղով ընդհանրապես ոչ ոք չկար:

Սկզբում խմբով էինք, հետո առանձնացա ու մենակ շարունակեցի ճանապարհը: Ալպինիզմում ևս դա սոլո է կոչվում: Իհարկե, խմբի հետ ավելի անվտանգ է: Եթե ինչ-որ բան պատահեց, օգնության հնարավորություն կա: Իսկ եթե կողքիդ այլ ալպինիստներ չկան, ռիսկը կտրուկ մեծանում է: Օգնություն չկա, չկա նաև փրկություն:

Այդ օրը միայն ես եմ գագաթ բարձրացել: Ցուրտ էր, ես էլ անտանելի հոգնած էի: Երևի 10 րոպե եմ կանգնել, մի քանի վիդեո եմ արել, լուսանկարներ, Արցախի և Հայաստանի դրոշներն եմ բարձրացրել: Գագաթին Լենինի փոքրիկ կիսանդրին է, ԼՂՀ դրոշը դրել էի նրա առաջ, որպեսզի ցույց տամ, որ անկախ Արցախն արդեն դրոշ ունի:

Պատկերացրեք՝ 7 կմ բարձրությունից նայում ես աշխարհին. Շատ սիրուն է: Մոտավորապես օդանավի թռիչքի բարձրությունից: Բարձրանալիս չես էլ մտածում դժվարության մասին: Ուղղակի պետք է բարձրանաս: Իսկ գագաթը շատ կարճ ես վայելում: Պետք է շուտ իջնես՝ մինչև մութն ընկնելը: Իմ վերելքի ժամանակ անհնար էր երկար մնալ, անվտանգ չէր: Այդ պահին -20, -30 աստիճան կլիներ, քամու արագությունն էլ՝ 20-25 կմ/ժ: Մռայլ էր, երկինքը փակ, մառախուղ:

Մենակ բարձրանալն, ընդհանրապես, ճիշտ չէ: Երբ հետհայացք ես գցում, հասկանում ես, որ կարող էր մի բան այնպես չգնալ. 7 հազար մետրի վրա ես, շնչառությունը լավ չէ, ցուրտ է, քամի, օրն ավարտվում է: Հազար ու մի բան կարող է պատահել: Ես մենակ գնացի, որովհետև ուրիշ եկող չկար: Այդպես ստացվեց: Որոշեցի շարունակել ճանապարհը, որովհետև գագաթի համար էի գնացել: 13 ժամ տևեց գագաթի հաղթահարումն ու հետդարձը: Ճանապարհը ոլոր-մոլոր է, ստիպված ես երկար քայլել: Երբեք ինձ հարց չեմ տալիս՝ արժե՞ր, թե՞ ոչ: Օլիմպիական խաղերի նման է: Օրինակ՝ Հուսեյն Բոլթը 100 մետրը 10 վայրկյանում վազելու համար 4 տարի պարապեց: Երբ տարվում ես, այլևս չես մտածում: Հոբբին վերածվում է ապրելակերպի: Ես սիրում եմ բարձրություն ու միշտ ձգտում եմ ավելի բարձրին:

Գրել կարծիք