«Արարատ 73»-ի պղնձե միֆը. հաղթանակածների կերպարները կերտելով` նոր կուռքե՞ր ենք ստեղծում

«Արարատ 73»-ի պղնձե միֆը. հաղթանակածների կերպարները կերտելով` նոր կուռքե՞ր ենք ստեղծում

ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր «Արարատ 73» ֆուտբոլային թիմի արձանախմբի բացումից հետո սոցցանցերում իրարանցում սկսվեց: Օգտատերերը, որոնց մեջ՝ նաև քանդական գործիչներ, նկարիչներ, մշակութաբաններ, գրեցին, որ արձանախումբը վատն է: Ոմանք այն դասեցին մայրաքաղաքի ամենաանհաջող քանդակների շարքին:

Արձանախմբում պատկերված են «Արարատ 73»-ի 15 ֆուտբոլիստներ, մարզչական շտաբի 3 աշխատակիցները և թիմի պետը: Նրանց դիմաց` գավաթը: Ֆուտբոլիստներն իրենց հիմնական հասակից մի փոքր բարձր են: Պղնձե արձանախմբի ընդհանուր քաշը մոտ 1.5 տոննա է. միջին հաշվով` արձանախմբի յուրանքաչյուր ֆուտբոլիստ 70-80 կգ է: Քանդակների հիմնակմախքում երկաթե կարկաս է: Հեղինակը Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն է, քանդակագործների խմբի ղեկավարը՝ Արմեն Սամվելյանը:

Արմեն Սամվելյանը քանդակում է 5 տարեկանից, այժմ 48 է: Նրա քանդակները 5 երկրում ներկայացվել են ցուցահանդեսների: Հինգ հոգանոց խումբն այս արձանների վրա աշխատել է մեկ տարուց ավելի: Նա վստահ է, որ իրենց աշխատանքը երբևէ կգնահատվի ըստ արժանվույն:

«Երբ իմացանք, որ մեզ վստահվել է պատրաստել «Արարատ 73»-ի արձանախումբը, մեծ պատասխանատվություն զգացինք: Մեզնից մեծ աշխատանք պահանջվեց: Բնականաբար դժվար էր: Սա ժանրային քանդակ է: Շատերն ասում են, թե ֆուտբոլիստները նման չեն պատկերված, սակայն ես համաձայն չեմ: Գիտե՞ք, վատ քանդակներ չկան. կա վատ դիտող: Այսօր քննադատում են քաղաքի բոլոր արձանները, սակայն ես ուշադրություն չեմ դարձնում այդ քննադատություններին: Չես կարող այնպես քանդակել, որ ամեն ինչ 100 տոկոս նման լինի:  Բայց կարծում եմ` դրա ժամանակն էլ կգա: Իմ համաքաղացիներին խորհուրդ եմ տալիս փնովելու փոխարեն մաքուր պահել արձանախումբը և դրա հարակից տարածքը»:

Հայկական խոհանոցի մաեստրոն արդեն 45 տարի «Արարատի» երկրպագու է: Սեդրակ Մամուլյանը սիրելի ֆուտբոլային թիմի հանդիպումները դիտում է 1971 թվականից, 1975-ից ուներ «Արարատի» բոլոր հանդիպումներին ստադիոնում հետևելու բաժանորդագրություն: Արձանները տեսնելու գնացինք միասին. Առաջին անգամ էր տեսնում:

«Արձանն ինձ դուր եկավ: Մի քանի ֆուտբոլիստ շատ նման էին ստացվել, օրինակ` Արկադի Անդրեասյանն ու Արմեն Սարգսյանը: Կենտրոնում պետք է լիներ Հովհաննես Զանազանյանը. թիմային նկարներում որպես ավագ միշտ կենտրոնում էր կանգնում: Շատ կարևոր գործ է արված, այս թիմն ավելիին է արժանի: Երբեք պատասխանատվություն չեմ վերցնում որևէ արվեստի գործ քննադատելու: Արվեստագետն այդպես է տեսել յուրանքանչյուր անհատի ու այդպես պատկերել: «Արարատ 73»-ի արձանախումբն ազգային մշակույթը շոյող արժեք է: Սա մեր սպորտի լավագույն սիմվոլներից է, եթե ոչ՝ լավագույնը: Այն կարծիքին եմ, որ այս հուշահամալիրը կարող է զբոսաշրջության համար հետաքրքիր միջավայր դառնալ: Որպես այս թիմի երդվյալ երկրպագու` պատրաստ եմ երկրպագուների հետ շաբաթօրյակներ կազմակերպել՝ արձանը մաքուր պահելու համար»:

Շատ քննարկվեց, թե ի՞նչ են արտահայտում ֆուտբոլիստների դիմագծերը: Դրանցում չկան հաղթական էմոցիաներ: Արձանախմբի ճարտարապետ, Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը newmag-ին տված հարցազրույցում նշեց, որ կոմպոզիցիան իրեն բավարարում է:

«Հաղթական էմոցիաներն արտահայտելը դժվար էր, բայց կարծում եմ` մարդիկ պետք է ուշադրության դարձնեն ոչ թե դրան, այլ ընդհանուր երևույթին, որը շատ ոգևորիչ է: Արձանախումբն ամֆիթատրոնային լուծում ունի. այն տեղադրված է երեք իրար հաջորդող հարթակների վրա: Իհարկե, ֆոնային խնդիրը լուծված չէ: Ցանկանում եմ պատասխանել այն մարդկանց, որոնք ասում են, թե արձանախումբը վատն է. պետք չէ յուրաքանչյուր գործից շեդևր սպասել, քանի որ կատարելությունը սահման չունի: Սա քանդակային հորինվածք է, և պետք չէր սպասել առավելագույն չափով նման արձան: Օրինակ` Քոչարի «Սասունցի Դավիթ» արձանի պես: Պուրակային ճարտարապետության մեջ այս արձանը ժանրային իմաստով հիանալի է ստացվել: Բնականաբար, կարող էր ավելի լավը ստացվել: Տեղը ճիշտ է ընտրված («Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ,- խմբ.), սակայն, ճիշտ եք նկարտել` լանդշաֆտային առումով շտկումներ պետք է արվեն: Բացակայում է կանաչը, որը խոհրդանշում է ֆուտբոլի դաշտը: Ես արձանախմբի ճարտապետն եմ ու մտադիր եմ հետագայում ծառների միջոցով լրացնել այդ բացը: Արձանախմբի շրջակայքում կա ավտոակայանատեղի, այլ օբյեկնտեր, որոնց հսկիչներն ուշադիր են արձանախմբի հանդեպ, թույլ չեն տա վնասել»:

«Արարատ 73»-ի ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի վետերանների միության նախագահ Սերգեյ Պողոսյանը նույնպես պաշտպանում է քանդակագործների ստեղծագործական ազատության իրավունքը:

«Գիտե՞ք, սա լուսանկար չէ, որ 100 տոկոս նման լինենք: Մեր ջահել ժամանակվա դեմքերն են, հիմա փոխվել ենք, ծերացել ենք: Երիտասարդ ֆուտբոլիստների համար սա շատ լավ օրինակ է: Սկսնակները կարող են գալ, տեսնել արձանը, մտածել ֆուտբոլի մասին: Ոմանք ասում են, թե արձանախումբը համապատասխան չէ. ոտքերն են մեծ, մարզահագուստները վատ են ստացվել: Որքան մարդ` այդքան կարծիք: Ես կարևորում եմ գաղափարը, քանի որ սա սիմվոլիկ ու մնայուն արժեք է»:

Թատերագետ Կորյուն Սումբուլյանի խոսքով, արձանախմբի միակ դրական կողմն այն է, որ աղբավայր հիշեցնող այդ տարածքն արդեն մաքուր է։

«Ինձ դուր չեկավ այն, որ ֆուտբոլիստները գրեթե իրենց հասակին են։ Իրականում պետք է ավելի բարձրահասակ և ահեղ լիներ այս արձանախումբը։ Կամ գուցե ավելի բարձր հարթակի վրա դրված։ Դրական կողմն այն է, որ մի պոտենցիալ աղբավայր արդեն չկա»։

ՏՏ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը համարում է, որ «Արարատ-73»-ի արձանախումբը մայրաքաղաքում վերջին տարիներին տեղադրված արձանների պես է։ Որակական առումով, ըստ նրա, շատ վատն է։
«Գեղարվեստական տեսանկյունից արձանախումբը շատ վատն է։ Բացատրեմ, թե ինչու։ Ինձ դուր չի գալիս հատկապես այն, որ մի վայրում չափից շատ մարդ կա, ընդ որում՝ բառացիորեն կլոնավորած։ Հեղինակներն անգամ խաղաշապիկներն ու շորտերն են կլոնավորել։ Էսթետիկայի տեսանկյունից, իսկապես արձանը վատն է։ Ինձ համար սա տնավարի արված գործ է, իսկ արձանը պետք է արվեստի գործ լինի։ Կարծում եմ՝ «Արարատ-73»-ի արձան չպետք է լիներ։ Ընդհանրապես, արձանը մի քանի իմաստ պետք է ունենա։ Դա կարող է լինել պարզապես արվեստի գործ ու ոչինչ չընշանակի։ Իհարկե, «Արարատ-73»-ը կարևոր ու ոգեշնչող երևույթ էր մեզ համար, բայց եթե այդ նույն թիմի շնորհիվ մեր հայկական ֆուտբոլը զարգացում ապրեր ու լիներ բարձր մակարդակի վրա, արձանախմբի տեղադրումը արդարացված կլիներ։ Օրինակ՝ շախմատի տան դիմաց կա Տիգրան Պետրոսյանի արձանը։ Այդ դեպքում հասկանալի է. նա դրեց հայկական շախմատի սկիզբը, ու այսօր Հայաստանը շախմատային գերտերություն է։ Ընդ որում. շախմատում մեր հաջողությունները շարունակվում են, ինչը չես ասի ֆուտբոլի մասին։ «Արարատ-73»-ի արձանախումբն ինձ հիշեցնում է սովետի ժամանակվա շեփորով պիոներներին։ Այսինքն՝ շատ ստանդարտացված կերպարներ են՝ մեկը մյուսից չտարբերվող»։

Գրել կարծիք