ԱՐԻԶՈՆԱ. Երկիր, որը Տերը հարստացնում է (Մաս 2)

ԱՐԻԶՈՆԱ. Երկիր, որը Տերը հարստացնում է (Մաս 2)

Արմեն Սարգսյանը հաջողացրել է որոշ ժամանակ ապրել արիզոնահայության շրջանում ու նրանց կյանքով: Եվ newmag-ի խնդրանքով պարզել է, թե ինչն է նրանց դարձնում հաջողակ հայ և արտասովոր ամերիկացի:

«Բարև՛, Արմե՛ն: Ես Մերի Մորիսոնն եմ: Ես ցանկանում եմ քեզ տանել Արիզոնայի հայ համայնքի ընթրիքին: Երեկոյան ժամը 6-ին կլինեմ Կենտրոնական փողոցի վրա իմ մեծ, սև մեքենայով»: Այս հաղորդագրությունը ստացա Մերի Մորիսոնից: Նա զտարյուն հայ է: Մորիսոնները Արիզոնայում  հաստատված առաջին հայ ընտանիքներից են: Ուոլթեր Քրոնքայթի անվան լրագրության ֆակուլտետը Կենտրոնական փողոցում է:


ԱՐԻԶՈՆԱ. Երկիր, որը Տերը հարստացնում է (Մաս 1)


Երբ, սովորականի նման ուշացած, իջա, տեսա տիկին Մերիի մեծ, սև մեքենան, որը փակել էր Ֆինիքսի՝ փողոցի ավտոբուսների համար նախատեսված շարքը: Հետևում կանգնած էին 10-րդ երթուղու ավտոբուսը, երկու առաքիչ պիկապ, 10-րդ երթուղու երկրորդ ավտոբուսը և թարթիչները միացրած 6-7 այլ մեքենաներ: Մեղավորի արագ քայլերով ինձ գցեցի մեքենայի մեջ: Մերի Մորիսոնը նախ հարկ համարեց ճշտել՝ հաց կերե՞լ եմ, թե՞ ոչ: Հետո պատմեց, որ թոռնիկներն իրեն հյուր են եկել: Լուսանկարեց ինձ, և երբ մեզ սպասող մեքենաների շչակների ոռնոցը դարձավ մի հարաճուն աղմուկ, պոկվեցինք տեղից…

«Սան Կառլոսի» եռագույնը և լուսնի արտացոլանքը Լուսանկարը՝ Արմեն Սարգսյանի
«Սան Կառլոսի» եռագույնը և լուսնի արտացոլանքը
Լուսանկարը՝ Արմեն Սարգսյանի

Գնում ենք Արևելյան Չոլա փողոց: Կենտրոնականի և Մոնրոյի խաչմերուկում անցնում ենք Հայաստանի Հանրապետության դրոշի տակով: Մեր դրոշը կախված է (կգրեի՝ փողփողում է, բայց քամիներն այստեղ հազվադեպ են) Սան Կառլոս հյուրանոցի ճակատին:

Սուրբ, որը սովից փրկեց Միլանը և տեսքի բերեց Ֆինիքսը

arizona2
Ֆինիքսի Կենտրոնական փողոցը Լուսանկարը՝ Արմեն Սարգսյանի

Սան Կառլոսը Միլանի արքեպիսկոպոսն էր 16-րդ դարի կեսին, ռեֆորմատոր և սուրբ: Ասում են` օրը 70000 մարդ էր կերակրում իր ձեռքով: «Սան Կառլոս» հյուրանոցը պատմական նշանակություն ունեցող շենք է Ամերիկայում: 1928 թվականին Արիզոնայի անապատներում Վերածննդի ոճով կառուցված «Սան Կառլոսն» իսկական վերածնունդ էր միօրինակ ու տափակ համայնապատկերով քաղաքի համար:

3
Ճանապարհը դեպի Սքոթսդեյլ Լուսանկարը՝ Արմեն Սարգսյանի

Շինարարության վրա ծախսվել էր 850000 դոլար: Այդ տարիներին նորագույն «Ֆորդն» արժեր 800 դոլար: Հենց բացման տարում նահանգապետ Ռոուզ Մոֆորդը ապրիլի 25-ը հայտարարեց «Սան Կառլոս» հյուրանոցի օր:

Տեղական սենատի պատգամավորները իրենց դատարկ օրն անցկացնում էին փոքր Կապիտոլիումի շենքում, բայց կարևոր հարցերի քննարկման համար ժամը 6-ին պայմանավորվում էին «Սան Կառլոսի» ծխասրահում: Այստեղ սկսեցին սենյակներ պատվիրել Հոլիվուդի գեղեցկուհիներ Մերիլին Մոնրոն և Քերոլ Լոմբարդը, կյանքում ընդամենը 6 անգամ պարտված բռնցքամարտիկ Ջեք Դեմփսին, ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն  Քենեդին, սրտակեր երաժիշտ Ջինի Օթրին: Այլ բան, որ «Սան Կառլոսի»  հյուրերը լիուլի վայելում էին ցերեկները, իսկ գիշերները չէին քնում մղձավանջներից: Կեսգիշերից հետո միջանցքներում վազվզում ու գոռգոռում էին անտեսանելի չարաճճիներ, անջատում լույսերը, շրխկացնում դռները և նույնիսկ ուտում հյուրերի համար պատրաստված ֆրանսիական սոխապուրը:

«Սան Կառլոսը» կառուցվել էր հնդկացիական դպրոցի տեղում, որտեղ մի խորը ջրհոր կար: Մի օր երեք հնդկացի երեխաներ խաղի ժամանակ գնդակը գցում են ջրհորը: Հեքիաթի դասական կանոնների համաձայն՝ նրանցից մեկը մտնում է ջրհոր` գնդակը հանելու և… կորչում: Մյուս երկուսը փորձում են գտնել ընկերոջը և գլխիվայր ընկնում են ջրհորը:

Ես տեսա այդ ջրհորը «Սան Կառլոսի» նկուղում: Ինձ պատմեցին, որ հնդկացի երեխաների ուրվականներն ուրեմն գիշերները դուրս էին գալիս ջրհորից և դիվադադար անում պատվական հյուրերին: «Սան Կառլոսի» համբավը սկսում է տարածվել, բայց ի վնաս հյուրանոցի բյուջեի: Մարդիկ չեն ցանկանում ապրել այնտեղ, որտեղ ուրվականներ են վխտում:

Լեոնի Ջենսենի մահվան վկայականի պատճենը, 1928 թ. Մեկնաբանությունները՝ Արմեն Սարգսյանի
Լեոնի Ջենսենի մահվան վկայականի պատճենը, 1928 թ.
Մեկնաբանությունները՝ Արմեն Սարգսյանի

Դա դեռ քիչ է, մեկն էլ անընդհատ հառաչում է, լաց լինում և երգում «Տե՜ր, թող քեզ միշտ մոտ լինեմ» (Nearer my God to Thee): Դա էլ մի դժբախտ աղջիկ է` Լեոնի Ջենսենը՝ հյուրանոցի երբեմնի սպասուհին: Անպատասխան սիրուց իրեն կորցրած Լեոնին մի նամակ է գրում ընկերուհիներին, այն հանձնում հյուրանոցի հերթապահին և բարձրանում ամենավերին՝ 7-րդ հարկը… «Շատ ծանր է իմ բեռը: Ես ուզում եմ տուն գնալ իմ նախընտրած ճանապարհով: Այս երկար տարիների տառապանքը շատ է ինձ համար…»,- գրել է 22 տարեկան այս աղջիկն ու 720-րդ սենյակից ցած նետվել: Ասում են՝ նա էլ է թափառում «Սան Կառլոսի» միջանցքներում:

 Ինձ մի քիչ շատ թվաց ուրվականների այս «առատությունը»: Սկսեցի ապացույցներ փնտրել և նահանգային արխիվում գտա Լեոնի Ջենսենի մահվան վկայականը: Մայիսին՝ մի հարմար օր, որպես անմեղ հյուր, վկայականի պատճենը գրպանս դրած, բարձրացա «Սան Կառլոսի» 7-րդ հարկ: Փաստաթուղթը պահեցի գլխիս վերևում այն հաշվով, որ այս խեղճ աղջիկը կարդա ու համոզվի, որ ինքն արդեն մահացել է: Մի խոսքով, ուժերիս ներածին չափով օգնեցի հյուրանոցի ղեկավարությանը` Մելիքյաններին:

Հյուրանոց, որի ներսում ուրվականներ են, դրսում՝ եռագույնը

6
«Սան Կառլոս» հյուրանոցը

45 տարի առաջ, երբ «Սան Կառլոսի» ապագան վտանգված էր, կենվորները պակասել էին, և սեփականատերն էլ արդեն մտադիր էր այն քանդել, Գրեգորի (Գրիգոր) Մելիքյանը գնեց այն և փրկեց Ֆինիքսի ճարտարապետական դեմքը: Մելիքյանը, խախտելով շուկայավարության այն ժամանակվա կանոնները, սկսեց օգուտներ ստանալ մի հանգամանքից, որը նախկինում միայն վնասում էր: Նա ուրվականներին դարձրեց հյուրանոցի ապրանքանիշը, շրջագայություններ կազմակերպեց սնահավատների համար, կարգի բերեց խորհրդավոր նկուղը, կառուցեց «Ուրվականների սրահը»: Շուտով «Սան Կառլոսը» դարձավ Ֆինիքսի «Հայաթ Ռեգենս», «Ռից Քարլտոն», «Հիլթոն» հինգաստղանի հյուրանոցների մրցակիցը: Հետո «Սան Կառլոսի» ծառայությունները «համտեսեցին» և գոհացան մեծ թվով մարդիկ, ուրվականների բազմաթիվ որսորդներ ձեռնունայն վերադարձան հյուրանոցի միջանցքներից, մարդիկ անհաղթահարելի ցանկություն ունեցան քնելու Մերիլին Մոնրոյի և /կամ Ջոն Քենեդիի/ սենյակում:

5
Բոլոր ժամանակների բոլոր դռների բանալիները «Սան Կառլոսում» Լուսանկարը՝ Արմեն Սարգսյանի

Խելացի մարքեթինգը հաղթեց սնահավատությանը: Ենթադրում եմ նաև, որ երեք հնդկացի երեխաներն էլ արդեն ութսունն անց էին և իրենց հարիր չէին համարում միջանցքներում թրև գալը, իսկ Լեոնի Ջենսենն էլ բալզակյան տարիքին վաղուց հրաժեշտ տված մի կին էր դարձել և ամեն մի ինքնասիրահարված պզուկոտ ջահելի համար ողբ ու կական չէր դնելու:

Ինչևէ, Գրեգորի Մելիքյանին պատկանող այս հյուրանոցի վրա՝ Ֆինիքսի Գլխավոր փողոցում, միշտ հայոց եռագույնն է: Հենց դրա կողքով էլ ես ու Մերի Մորիսոնը թեքվում ենք դեպի Սքոթսդեյլ քաղաք՝ Արևելյան Չոլա փողոց, որտեղ հայկական եկեղեցին է:

 

Սուրբ Աբգար, որը հավատաց Քրիստոսին և միավորեց արիզոնահայերին

Մարտի 21-ին և 22-ին Արիզոնայի պետական համալսարանի իրավունքի ֆակուլտետի ուսանողներ Զարի Փանոսյանն ու Ջենիֆեր Համերշմիդտը կազմակերպել էին ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով: Ինձ՝ որպես բանախոսի, հրավիրեցին Արիզոնայի հայ համայնքի և Հայ առաքելական եկեղեցու կազմակերպած ընթրիքին: Իջանք անապատի կարմիր արևի, կակտուսների և արմավենիների շարքի մոտ, և ես լսեցի հայկական հոգևոր մի երգ, որը տարածվում էր Սուրբ Աբգար եկեղեցուց:

Զաքարիա քահանա Սարիբեկյանը Ոտնլվայի արարողություն է կատարում Լուսանկարը՝ Սուրբ Աբգար եկեղեցու պաշտոնական էջից
Զաքարիա քահանա Սարիբեկյանը Ոտնլվայի արարողություն է կատարում
Լուսանկարը՝ Սուրբ Աբգար եկեղեցու պաշտոնական էջից

Սուրբ Աբգարը Արիզոնայի միակ եկեղեցին է, կառուցվել է 2009 թվականին: Հարևան Կալիֆոռնիայում, օրինակ, ավելի քան 50 հայկական եկեղեցի կա: Մինչև Սուրբ Աբգարը հայ համայնքին միավորում էին մի քանի կազմակերպություններ՝ Հայոց տիկնանց միությունը, «Hye-way» (այսինքն՝ հայավարի) խումբը, կիրակնօրյա դպրոցը, մշակութային միությունը, Մելիքյան դահլիճը:

Մշակութային կենտրոնի և եկեղեցու համար հայ բարերարները հող և փող ապահովեցին: 850000 դոլարով կառուցվեց մշակույթի կենտրոնը, մեկուկես միլիոնով՝ Սուրբ Աբգարը, 350000 էլ նվիրեցին Ալեքս և Մարի Մանուկյանները՝ վերջնական հիփոթեքը փակելու համար: Մի խոսքով, Արիզոնայի 2000 հայ ընտանիքների համար Սքոթսդեյլում հիմա կա հոգևոր միասնության խորհրդանիշ եկեղեցի, մշակութային օջախ, «նաև հացիվ կեցցելու» համար նախատեսված մի ընդարձակ ճաշարան ու դահլիճ:

Արիզոնայի Սուրբ Աբգար եկեղեցին Լուսանկարը՝ Սուրբ Աբգար եկեղեցու պաշտոնական էջից
Արիզոնայի Սուրբ Աբգար եկեղեցին
Լուսանկարը՝ Սուրբ Աբգար եկեղեցու
պաշտոնական էջից

Հրեա վարսավիր Էդիկն ինձ պատմում էր, որ Արիզոնայում որպես ազգ աչքի ընկնելը, այն էլ «լավ իմաստով», այնքան էլ հեշտ չէ. այստեղ մի այնպիսի  բազմազգ ժողովրդագրություն կա, որ ազգությանը նշանակություն են տալիս վերջում:

«Բայց քանի որ դուք աշխարհի սկզբում եք եղել, այսինքն հին եք մեզ նման, ձեր հանդեպ ուրիշ են»,- ասում էր Էդիկը:

Արիզոնան ԱՄՆ այն նահանգներից է, որոնք ընդունել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ երկու ավանդական կուսակցությունների ներկայացուցիչները, նահանգապետի գրասենյակը միանում են տոների և հիշատակի օրերի միջոցառումներին: Սենատոր, նախագահի երբեմնի թեկնածու Մաքքեյնը անձնական կապեր ունի արիզոնաբնակ շատ հայերի հետ: Տեմպի քաղաքի բալետի պետական դպրոցում ստեղծագործում է արվեստագետներ Իրինա Աբրամյանի և Հակոբ Խառատյանի ընտանիքը: Բեմ է բարձրացել Չայկովսկու «Մարդուկ-ջարդուկը», որը գլուխ բերելու գործում մեծ ներդրում ունեն Իրինան ու Հակոբը:

Արիզոնահայերի երթը ԱՄՆ, Հայաստանի, Արիզոնայի և ԼՂՀ դրոշներով Լուսանկարը՝ Սուրբ Աբգար եկեղեցու պաշտոնական էջից
Արիզոնահայերի երթը ԱՄՆ, Հայաստանի,
Արիզոնայի և ԼՂՀ դրոշներով
Լուսանկարը՝ Սուրբ Աբգար եկեղեցու
պաշտոնական էջից

Արիզոնայի պետական համալսարանը երկրի նորարարական 28 ուսումնական հաստատությունների վարկանիշային ցուցակում առաջինն է: Իր եվրասիական համագործակցությունն իրականացնում է Մելիքյան  կենտրոնի միջոցով: Գրեգորի Մելիքյանի ջանքերով ստեղծված այս կենտրոնն իրականացնում է ցեղասպանության ուսումնասիրություններ, կազմակերպում  հայերենի դասընթացներ, համագործակցում Երևանի պետական համալսարանի հետ: Մելիքյան ընտանիքի՝ մեկ միլիոն դոլար դրամագլխով հիմնադրամը օժանդակում է հայկական թեմայով ուսումնասիրություններին: Մելիքյան կենտրոնում հնդեվրոպական լեզուների և մշակույթների բաժիններ են գործում, այստեղ այցելում են գիտնականներ ամբողջ աշխարհից: Հայ համայնքի ընթրիքին ես պատիվ ունեցա ծանոթանալ Գրեգորի Մելիքյանի և նրա ընտանիքի հետ ու սեղմել այն ձեռքը, որը բառիս բուն իմաստով ազդարարել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը:

Մարդը, որի ձեռքով ավարտվեց համաշխարհայինը

90-ամյա Գրեգորի Մելիքյանը կանգնած էր՝ շրջապատված Հայ առաքելական, ասորի, հույն, ղպտի, հրեա եկեղեցիների հոգևորականներով, գիտնականներով ու քաղաքական գործիչներով: Ես սեղմեցի նրա ձեռքը, որը վերջակետ էր դրել ֆաշիզմի դեմ պատերազմին…

Գրեգորի Մելիքյանը ցուցադրում է իր երբեմնի զինվորական համազգեստը Լուսանկարը՝ Տրիստան Հայնդերլայթերի
Գրեգորի Մելիքյանը ցուցադրում է իր երբեմնի զինվորական համազգեստը
Լուսանկարը՝ Տրիստան Հայնդերլայթերի

1945 թվականի մայիսի 7-ն էր: Ֆրանսիայում` Ռեյմսի մոտ, սերժանտ Մելիքյանը հերթապահում էր մի կիսաքանդ դպրոցում: 20-ամյա Գրիգորը պատերազմ էր զորակոչվել Նյու Յորքից և հիմա երկու ընկերների հետ տեղադրել էր ռադիոսարքը ու սպասում էր հրամանների:

4 մետր լայնությամբ և 8 մետր երկարությամբ սենյակը դաշնակից ուժերի ընդհանուր հրամանատար գեներալ Դուայտ Էյզենհաուերի շտաբն էր: «Էյզենհաուերն իր «Կադիլակով» անընդհատ դիրքերն էր գնում: Նրա հրամանները տեղ հասցնել կարող էինք մենք կամ էլ փոստատար աղավնիները: Դե՛, մենք մի քիչ ավելի արագ ու արդյունավետ էինք անում, քան աղավնիները կանեին»,- հիշում է Մելիքյանը:

Հիտլերի բանակի գեներալներն արդեն մտմտում էին անվերապահ կապիտուլյացիայի մասին: Գիշերը՝ ժամը 3.30-ին, դռան ճեղքից մի ձեռք երեք ընկերներին մեկնեց ձեռագիր թուղթը, և հնչեց հրամանը. «Սա ուղարկե՛ք, շտա՛պ»: «Մենք երեքով էինք,- պատմում է Մելիքյանը:- Տարիքով փոքրը ես էի, և ինձ ասացին՝ Գրե՛գ, դո՛ւ ուղարկիր»: Ռադիստ Մելիքյանը նստեց հեռագրի սարքի դիմաց և վարժ մատնախաղով ուղարկեց Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին ակորդը` հաղթանակն ազդարարող հեռագիրը:

Գրեգորի Մելիքյան՝ պաշտոնաթող և պատվավոր հրամանատարը Լուսանկարը՝ Դարլին Սելթմանի
Գրեգորի Մելիքյան՝ պաշտոնաթող և պատվավոր հրամանատարը
Լուսանկարը՝ Դարլին Սելթմանի

Ասպետ, որը չի պատրաստվում աթոռին ճոճվել

70 տարի անց՝ 2012 թվականի մայիսի 7-ին, Գրեգորի Մելիքյանը պարգևատրվեց Ֆրանսիայի Պատվո լեգեոնի ասպետի շքանշանով՝ «որպես մարդ, որը կանգնեցրեց պատերազմը»: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հենց այդպես էլ դիմեց Մելիքյանին՝ շնորհակալություն հայտնելով երբեմնի սերժանտ, հետագայում ԱՄՆ օդուժի 56-րդ հարվածային թևի պաշտոնաթող և պատվավոր հրամանատար Մելիքյանին:

Գրիգոր Մելիքյանը ցեղասպանությունը վերապրած ընտանիքի ժառանգ է: 2013-ին նա ստացավ ԱՄՆ հեղինակավոր «Էլիս կղզու»  մրցանակը, որին արժանացել են ԱՄՆ 6 նախագահներ, նոբելյան մրցանակակիրներ, հասարակական գործիչներ: «Այս մրցանակը հատուկ հիշատակի տուրք է իմ ծնողներին, որոնք Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ջարդերից մի կերպ փրկվեցին և ափ իջան հենց Էլիս կղզում, որ սկսեն իրենց նոր կյանքը»,- շնորհանդեսի ժամանակ հայտարարեց Մելիքյանը:

Գրիգոր և Էմմա Մելիքյաններն արդեն 60 տարի միասին են: Նրանք աջակցում, օժանդակում ու ներդրումներ են կատարում գիտական, հասարակական, կրթական նշանակության նախաձեռնություններում՝ օպերայից մինչև զինված ուժեր, մարդու իրավունքներից մինչև նորարարական բիզնես ծրագրեր:

4Նրանց շարունակում են հանձնել մեդալներ ու տիտղոսներ, ընտրում են որպես հոգաբարձու, հրավիրում են պետական ու հասարակական հանդիսությունների: «Ամեն ինչ առջևում է: Նույնիսկ այս տարիքում ես չեմ պատրաստվում բազկաթոռի վրա ճոճվել»,- իր տարիքի մասին ակնարկներին պատասխանում է Մելիքյանը: Նա մինչև երեկոյի պաշտոնական մեկնարկը ոտքի վրա էր, իսկ տիկին էմման սուրում էր խմբից խումբ:

Ընթրիքի ավարտին Մերի Մորիսոնը, անհարմար զգալով, ինձ հայտնեց իր երթուղու փոփոխության մասին. քրոջ տուն է գնալու, որը հակառակի պես Արևմտյան Ֆինիքսում է (իսկ ես ապրում էի Կենտրոնականում): Մեր զրույցին «արյունակցի իրավունքով» խառնված արիզոնահայերը միանգամից հանգուցալուծեցին այս դելիկատ պահը: Բոլորը գիտեն, որ առանց մեքենայի մարդն Արիզոնայում թույլ, անպաշտպան ու անօգնական է: «Հարկավ, պիտի տանենք. կտանենք, չտանե՞լն ինչ է»:

Գրել կարծիք