Մտորումներ հայկական ֆեշնի մասին

Մտորումներ հայկական ֆեշնի մասին

Հայաստանում կա՞ նորաձևություն: Այս հարցը ինձ հաճախ են տալիս: Իմ պատասխանը մշտապես դրական է: Այն, իհարկե, այնպիսին չէ, ինչպիսին կուզեինք, բայց կա: Չէ՞ որ եթե կան հագուստ պատվիրող և այդ պատվերը կատարող, ուրեմն արդեն կա նորաձևություն:

Մեզ մոտ թե՛ պատվիրատուները, թե՛ կատարողները շատ են: Ասեմ ավելին. «նորաձևությամբ» հետաքրքրվողները նույնպես զգալի մաս են կազմում: Դա, իհարկե, այն նորաձևությունը չէ, որ Փարիզում կամ Միլանում է. այն ավելի քան երկրորդական է և միջազգային նորաձևության, արևելյան էսթետիկայի և սեփական պաթոսի մուտացիոն հավաքական է, բայց այդ նորաձևությունը կա, և այն պարբերաբար փոխվում է:

Ինչպե՞ս պետք է աշխատի նորաձևության ինդուստրիան

Նորաձևության ինդուստրիայի ավելի առողջ տարբերակը ենթադրում է հետևյալ մոդելը. դիզայներն առաջարկում է իր հավաքածուն, իսկ հաճախորդը գնում է պատրաստի հագուստը կամ պատվիրում նման մոդելներ: Իրականում հայ դիզայներների զգալի մասը այժմ այս ուղու վրա է: Նրանք պարբերաբար ստեղծում են հավաքածուներ՝ փորձելով ներկայացնել նորաձևի և գեղեցիկի իրենց պատկերացումը: Որոշ ժամանակ անց նրանք գուցե կկարողանան ամբողջովին անցնել pret a porter, այսինքն՝ պատրաստի հագուստի աշխատանքային մոդելին:

Ինչպե՞ս է աշխատում հայկական նորաձևության ինդուստրիան

Բավական պարզ: Հայ հասարակության որոշ զանգված շատ է սիրում գնալ «առիթների», որոնց համար անհրաժեշտ են «շորիկներ»: Դրանք պետք է լինեն բոլորի համար ընկալելի և պետք է ցույց տան տիրոջ հարստությունը: «Առիթների գնացողների» զգալի մասը գերադասում է պատրաստի հագուստ չգնել, այլ կարել տալ: Նրանք համոզված են, որ այդպես ավելի օրիգինալ և չկրկնվող հագուստի տեր են դառնում, չնայած այդ հագուստները հիմնականում նույն գործվածքներից են, և դիզայների կամ դերձակի մոտ են գնում նույն լուսանկարներով… Հիմնականում՝ Elie Saab-ի հավաքածուների նկարներով:

Գոյություն ունի՞ տեղական ինքնատիպ դիզայն

Անշուշտ. Երևանում աշխատում են տասնյակից ավելի կայացած և հաջողակ դիզայներներ, որոնցից մի քանիսն ունեն ընդգծված ոճ և ձեռագիր: Բայց նրանց մեծամասնությունը հիմնականում գումար է վաստակում՝ «առիթագնացների» պատվերները կատարելով: Եվ ամենևին կապ չունի՝ դիզայները գերադասում է դեկոնստրուկտիվի՞զմ, մինիմալի՞զմ թե՞ բոհո չիկ: Եթե պատվիրատուն ցանկանում է ժանեկազարդ բյուրեղապատ զգեստ (իսկ պատվիրատուն հիմնականում դա էլ ուզում է), ապա նրա նորաձևության տան վարպետներն անխոս կկատարեն պատվերը:

Ի՞նչ դեր ունեն շոու-բիզնեսի աստղերը հայկական նորաձևությունում

Անշուշտ, ունեն: Հայ դիզայներների մեծ մասն իր առաջին քայլերն արել է՝ երգիչներին և դերասաններին հագուստ տրամադրելով և այդպիսով սեփական անունը հանրությանը ճանաչելի դարձնելով: Աշխատո՞ւմ է արդյոք Հայաստանում աստղային գովազդը: Ոչ միշտ, բայց աշխատում է: Որոշ երգչուհիներ և դերասաններ իսկական trendsetter են: Նրանք (և, իհարկե, Քիմ Քարդաշյանը) իրենց փխրուն ուսերի վրա տանում են այն ծանր բեռը, թե ինչ «շորիկներ» կուզեն հագնել գլամուրային հայուհիները «առիթներին» կամ մասնագիտացված սրճարաններում «աղջիկներով» հավաքվելիս: Աստղային գործոնն ավելի հստակ և ակնհայտ դարձավ, երբ Հայաստանում տարածում գտավ «Instagram»-ը: Այն նաև նպաստեց ոչ շոուբիզնեսային աստղերի հայտնվելուն: Շոու բիզնեսի հետ կապ չունեցող շատ ու շատ աղջիկներ ձեռք բերեցին հազարավոր follower-ներ՝ սեփական հարսանեկան զգեստը կամ ամենօրյա look-ը հրապարակելով:

Ինչո՞ւ մինչև այժմ չի անցկացվում նորաձևության շաբաթ

Համակարգված և միասնական հարթակը, որտեղ հայ դիզայներները կկարողանան ներկայացնել իրենց հավաքածուները, խիստ անհրաժեշտ է ոլորտի զարգացման համար: Վերջին տարիներին այդպիսի հարթակ է «Oriflame Fashion Night»ը, որը անցկացվում է տարին մեկ անգամ, տևում է մեկ օր և մի քանի դիզայներների հնարավորություն է տալիս ցուցադրել սեփական աշխատանքը: Միջազգային փորձի համաձայն՝ այդպիսի միջոցառումները անցկացվում են տարին 2 անգամ՝ նորաձևութան սեզոնայնությանը համապատասխան (գարուն-ամառ, աշուն-ձմեռ) և ունենում են շատ ավելի մեծ ծավալ:

Ի՞նչ հեռանկար ունենք

Հարևան երկրների փորձը ցույց է տալիս այդպիսի միջոցառումների կարևորությունը ոչ միայն նորաձևության ոլորտի զարգացման, այլև երկրի իմիջի համար: Պետական աջակցությունը կարող էր օգնել ոլորտի զարգացմանը: Վերջին տարիներին մեծ ակտիվություն է նկատվում հայկական ֆեշն շուկայում: Ստեղծվում են նորանոր փոքրիկ ապրանքանիշներ և կապսուլային հավաքածուներ, որոնք առաջարկում են ոչ միայն երեկոյան զգեստներ, այլ նաև նորաձև հագուստի և աքսեսուարների մեծ բազմազանություն: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացումը նպաստում է դրանց տարածմանը, ավելի ու ավելի հայտնի դառնալուն և նորաձև երկրի քաղաքացիների ձևավորմանը:

Գրել կարծիք