# 71. Արթուր Ալեքսանյան. Օլիմպոսի հունահռոմեական հայը

# 71. Արթուր Ալեքսանյան. Օլիմպոսի հունահռոմեական հայը

Օլիմպիական խաղերում ոսկի նվաճելը հավասարազոր է խաղաղ պայմաններում հերոսություն գործելուն: Օլիմպիական չեմպիոնը դարաշրջանի սիմվոլն է: Օլիմպիական նվաճումը ազգային հպարտություն է և երկրի հաղթանակ: Ինչպե՞ս և ի՞նչ գնով նվաճվեց բարզիլական ոսկին:

20. այսքան տարի սպասելուց հետո Հայաստանը դարձյալ օլիմպիական չեմպիոն ունի: 1996 թվականի Ատլանտայի օլիմպիական խաղերում ըմբիշ Արմեն Նազարյանի նվաճած օլիմպիական ոսկին այլևս միակը չէ անկախ Հայաստանի պատմության մեջ: Հայաստանի լավագույն ու ամենատիտղոսակիր մարզիկ Արթուր Ալեքսանյանը երկար դադարից հետո հայրենիք է բերում օլիմպիական ոսկին: Բայց ինչպե՞ս տրվեցին այդ մեդալները, հատկապես օլիմպիական ոսկին: Նա մինչև այժմ մարզվում է Գյումրու փլված ու փոշոտ մարզադահլիճներում, տասնամյակների հնության մարզագույքով: Գյումրեցին ամբողջացրեց իր մեդալների հավաքածուն. Եվրոպայի ու աշխարհի բազմակի չեմպիոնական տիտղոսներին գումարեց օլիմպիականը: Նա 24 տարեկան է. հնչեղ է:

alexanyanphoto1

Առաջին քայլերը, առաջին մեդալները

Արթուր Ալեքսանյանը ծնվել է Գյումրիում ճիշտ այն ժամանակ, երբ նորանկախ Հայաստանը մեկ ամսական էր: Արթուրը վեց տարեկան էր, երբ հայրը ձեռքից բռնեց ու տարավ մարզադահլիճ: Որդին չէր կարող այլ մարզաձևի կողմը նայել. հայրը Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանն է: Մարզումները սկսել է Գյումրու հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցում, որտեղ էլ մարզվում է մինչև օրս: Այժմ մարզադպրոցը կոչվում է նրա անունով: Ճիշտ է, մարզադահլիճներն ու գույքը մինչև այսօր չեն թարմացվել: Դա այլ թեմա է, բայց Արթուրն իր բոլոր հաջողությունները գրանցել է՝ հնամաշ գույքով, վատ պայմաններում մարզվելով:

«Գյումրին տեսել եմ երկրաշարժից հետո. հիմա երազում եմ տեսնել առաջվա գեղեցիկ քաղաքը»:

Ալեքսանյանն առաջին լուրջ հաջողությունը գրանցեց 2010 թվականին: Պատանիների աշխարհի առաջնության 84 կգ քաշայինների պայքարում գյումրեցին լավագույնն էր: Քայլ առաջը մեկ տարի անց էր, երբ ըմբիշը փոխեց քաշը (96 կգ) ու համալրեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը: Նրա մեկնարկային առաջնությունը Դորտմունդում կայացած Եվրոպայի առաջնությունն էր, որտեղ նա հասավ մինչև եզրափակիչ, սակայն պարտվեց բելառուս Մատվեյ Ձեյնիչենկոյին։ 2011-ից հետո Արթուրը հայրենիք է վերադառնում միայն մեդալով:

aleqsanyan-1

 

Մեդալները սկսեցին գալ 2012 թվականին: Այդ տարի Եվրոպայի առաջնությունում նա նվաճեց ոսկե մեդալ: Չեմպիոնական ճանապարհին նա հաղթեց 5 գոտեմարտում՝ մրցակիցներին տալով ընդամենը մեկ միավոր։ Եվրոպայի առաջնությունում չեմպիոն դառնալուց հետո Ալեքսանյանը մասնակցեց Լոնդոնի օլիմպիական խաղերին: Նրա առաջին օլիմպիականն էր, որտեղից ըմբիշը հայրենիք վերադարձավ բրոնզով: 2013-ը Արթուր Ալեքսանյանի մարզական օրագրում նշանավորվեց աշխարհի առաջնությունում նվաճած արծաթե ու Եվրոպայի առաջնությունում նվաճած ոսկե մեդալներով: Այդ ժամանակ ըմբիշի գլխավոր նպատակը աշխարհի չեմպիոն դառնալն էր: Նա շարժվում էր քայլ առ քայլ: 2014-ին «Սպիտակ արջը» ոչ միայն պահեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը, այլև դրան գումարեց աշխարհի առաջնության ոսկե մեդալը: Այդ տարվանից Գյումրիում շրջանառեց «ալամ աշխարհի չեմպիոն» բառակապակցությունը: Այն արդիական է մինչև այսօր: 2014-ին նա առաջին անգամ ճանաչվեց Հայաստանի տարվա լավագույն մարզիկ:

«Ունեմ երեք երազանք՝ դառնալ Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական չեմպիոն»:

aleqsanyan-2

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնական մեդալներն արդեն կային: Դրանց համար Արթուրը մաքառեց 3 տարի: Քառամյակի գլխավոր մարզական ստուգատեսն արդեն մոտ էր, և 2015-ը Ալեքսանյանի համար ոչ միայն չեմպիոնական տիտղոսները պահելու, այլև մարզավիճակի գագաթնակետին հասնելու ու Ռիո-
2016-ին պատրաստվելու տարի էր: 2015-ին Լաս Վեգասում նա դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն, հրաժարվեց մյուս մրցաշարերից ու կենտրոնացավ օլիմպիական խաղերի վրա: Երեք երազանքներից երկուսն արդեն իրականացրած մարզիկը մտածում էր միայն օլիմպիական ոսկու մասին:

«Չեմպիոն դառնալը դժվար է, բայց ավելի դժվար է տիտղոսը պահելը: Բոլոր ըմբիշները տրամադրվում են քո դեմ»:

alexanyanphoto2

Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային օլիմպիական խաղերին Արթուր Ալեքսանյանը Հայաստանի օլիմպիական հավաքականի ամենատիտղոսակիր մարզիկն է: Հայ ըմբիշը ոսկե մեդալի ճանապարհից հեռացրեց չորս մարզիկի: Ամենատպավորիչը Արթուրի հաղթանակն էր թուրք ըմբիշի նկատմամբ՝ 9:0:

1/8 եզրափակիչ vs Դայգորո Տոմոնչինի (Իտալիա)
Հաշիվը՝ 5:2
1/4 եզրափակիչ vs Ալին Ցիուրարու (Ռումինա)
Հաշիվը՝ 8:0
1/2 եզրափակիչ vs Չենկ Իլդեմ (Թուրքիա)
Հաշիվը՝ 9:0
Եզրափակիչ vs Դանիել Յ. Կաբրերա (Կուբա)
Հաշիվը՝ 3:0

Մենամարտից հետո Արթուր Ալեքսանյանը պարգևատրության արարողությանը մասնակցեց Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված և հետմահու Արցախի հերոսի կոչում ստացած կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանի նկարով մարզաշապիկով: Համացանցում և սոցիալական կայքերում նկարը վերնագրում են այսպես. «Երկու հերոս՝ մեկ տեղում»:

alexanyanphoto3

«Սպիտակ արջի» հաղթանակով ավարտվեց Ռիո-2016-ի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարը: Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը մեկ ոսկե ու մեկ արծաթե մեդալով թիմային հաշվարկում գրավեց երրորդ տեղը՝ զիջելով Կուբային ու Ռուսաստանին: Արթուր Ալեքսանյանը Հայաստանի պատմության 14-րդ օլիմպիական չեմպիոնն է:

newmag #71

Գրել կարծիք