Մարինե Պետրոսյան. Փորձության ժամ

Մարինե Պետրոսյան. Փորձության ժամ

Գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը ՊՊԾ գնդի գրավման ու Հայաստանի ապագայի մասին:

Հայաստանում արտակարգ իրավիճակ ա։ Առաջին օր, երկրորդ օր, երրորդ օր, չորրորդ օր, հինգերորդ օր։ Նախագահականից ձայն չկա, կառավարականից ձայն չկա, Ազգային ժողովի նախագահը չի խոսում։ Հասկանալի ա ինչու չեն խոսում, եթե խոսեն՝ ավելի են շիկացնելու մթնոլորտը։ Սուտ ասեն՝ չեն հավատալու, ճիշտն ասեն՝ էլի չեն հավատալու։ Էն որ ասում էին՝ ոչ լեգիտիմ, ոչ օրինակարգ, սրան էին ասում։ Ոչ օրինակարգ նախագահը եթե խոսի օրենքի եւ կարգի պաշտպանության դիրքերից, կստացվի աբսուրդ, դրա համար էլ չի խոսում։ Ամեն կեղծված ընտրությունից հետո երբ խոսք էր գնում լեգիտիմության պակասից, հանրապետականները երեւի մտքներում անկեղծ խնդում էին՝ տո ինչ լեգիտիմություն, ինչ ֆլան ֆստան, ինչի եք բարդացնում, ում զոռն ավելի շատ ա, նա էլ հաղթում ա, վերջ։ Հիմա տեսաք որ ամեն ինչ ձեր պատկերացրածի պես չի եւ զոռը գլխավոր սկզբունք դարձնելու դեպքում՝ զոռ բանեցնողի վրա զոռ բանեցնող կգա, երկիրն էլ կկանգնի ճգնաժամի  առաջ։

Հիմա, երբ գրում եմ էս տողերը, «Սասնա ծռեր» խմբի անդամները շարունակում են գրաված պահել պարեկապահակային ծառայության գնդի տարածքը՝ ոստիկաններով հանդերձ։ Արդեն կա մեկ զոհ եւ առնվազն մեկ ծանր վիրավոր՝ ոստիկաններից։ Բանակցությունները շարունակվում են։ Երանի դրանք արդյունք տան եւ նոր զոհեր չլինեն։ Բայց անգամ էդ դեպքում, հարց ա առաջանում, թե ինչ ա լինելու հետո։

Ապրիլյան պատերազմն ընդամենը երեք ամիս առաջ էր։ Թե մի քանի օր, վտանգին դեմ հանդիման,  ազգային համախմբման ինչ մթնոլորտ էր տիրում Հայաստանում, վստահ եմ հիշում եք։ Հիշում եք նաեւ, թե ինչ եղավ հետո, թե մթնոլորտը ոնց կամաց կամաց փոխվեց ու գլխի վրա շուռ եկավ, տարածվեց էն կարծիքը, թե ապրիլյան պատերազմում մենք պարտվել ենք, թե զոհերը իզուր էին, ավելին, ոմանք սկսեցին պնդել, թե շատ զոհերը հատուկ կազմակերպված էին՝ Ղարաբաղի հարցում զիջումներ անելու նպատակով։

Իսկ հիմա՝ էս դեպքը, երբ որ կռված տղաները  պատանդ են վերցնում Հայաստանի ոստիկաններին։ Եվ  Հայաստանի  բնակչության մի մեծ մասը համակրում ա պատանդ վերցնողներին։ Որովհետեւ հայտնի, կռված տղերք են, որովհետեւ ժողովրդի ցավից են խոսում, որովհետեւ համբերության բաժակը լցվելու արդյունք ա իրանց արածը։

Մեր օրերի  ֆիդայիներն են։ Ֆիդայական շարժում։ Զավթիչների դեմ։ Ազգային ազատագրական։ Գիտեմ որ շատերին ոգեւորում ա սա։ Հուզիչ ա։ Բայց վտանգավոր ա նաեւ։ Որովհետեւ վերադարձնում ա նախապետական ժամանակներին՝ էն ժամանակներին, երբ Հայաստանը պետություն չէր, երբ պետությունը մերը չէր։

«Սասնա ծռերի» զինված ակցիան Հիմնադիր խորհրդարանի խոստացած զինված ապստամբության մի մասն ա։ Պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը էդ ակցիան իրագործողներից ա, Հիմնադիր խորհրդարանի փոխնախագահը։ Ահա թե ինչ ա ասում «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում՝

«Ցավալի իրականությունն այն է, որ բոլոր քաղաքական ուժերը (չնչին բացառություններով), եւ իրենց ղեկավարները այս հակահայ եւ հակամարդ համակարգի կերտողներն են հանցագործ իշխանությունների հետ միասին: Պակաս մեղավոր չեն նրանք եւ թող դերասանություն չանեն: Մենք զինված ապստամբություն ենք նախաձեռնել երկիրը այս կեղտից մաքրելու համար, երկիրը ազատագրելու համար: Թող լոլոներ չկարդան մեր գլխին, թե քաղաքական, չգիտեմ ինչ, չգիտեմ ինչ: Այս բոլոր 25 տարիների ընթացքում այդ կեղծ ընդդիմությունն է լեգիտիմացրել հանցավոր ռեժիմներին»:

Հասկացա՞ք։ Անցած 25 տարիներին, այսինքն Հայաստանի Հանրապետության հիմնադրումից ի վեր, եղել են միայն «հանցավոր ռեժիմներ» ու «կեղծ ընդդիմություններ», եւ մեր բոլոր քաղաքական գործիչները, միահամուռ սատանայական ջանքով, ստեղծել են էս «հակահայ եւ հակամարդ համակարգը»։ Բայց եթե Հայաստանի Հանրապետությունը գոյության ամբողջ ընթացքում՝ հիմնադրումից ի վեր, հենց սկզբից, եղել ա հանցավոր ռեժիմների «հակահայ եւ հակամարդ համակարգ», ուրեմն ի՞նչ ա պետք անել դրան վերջ դնելու համար։ Եթե ասվածի տրամաբանությունը մինչեւ վերջ հասցնենք՝ պետք ա վերացնել ներկա հանրապետությունը եւ սկսել զրոյից։

Նորանկախ Հայաստանի Հանրապետությունում անցած 25 տարիները դժվար էին լինելու, եթե անգամ քաղաքական սխալներ չգործվեին։ Բայց սխալներ, իհարկե, գործվել են։ Էդ թվում՝ շատ մեծ սխալներ։ Եվ մարդկանց մեջ կուտակվել ա հսկայական դժգոհություն։ Էդ դժգոհության մեջ հզոր էներգիա կա, որով կարելի ա վերափոխել Հայաստանը, բայց նաեւ պայթուցիկ կա, որով հնարավոր ա պայթացնել Հայաստան պետությունը, որ ավերակների վրա, զրոյից, նորը սարքես։   Ես չեմ ուզում՝ իրագործվի երկրորդ տարբերակը, ես չեմ ուզում մեր 25 տարիների պետականությունից հետո նորից զրո կետին վերադառնանք, նորից ֆիդայական շարժում սկսենք, քաղաքացիական պատերազմի մեջ խրվենք։

Ես միշտ կարեցածիս չափով պաշտպանել եմ ընդդիմության պայքարը, երբ դրա մեջ տեսել եմ դեպի առաջ շարժվելու հնարավորություն։ Խոստացվող զինված ապստամբության եւ քաղաքացիական պատերազմի մեջ ես չեմ տեսնում էդ հնարավորությունը, հակառակը՝ տեսնում եմ դեպի ետ գնալու, Հայաստանի Հանրապետության հիմքը դրած 88-ի շարժման քաղաքական ձեռքբերումները ջուրը լցնելու, նորից անպետություն ազգի մտածողությանը վերադառնալու վտանգ։

Ու քանի որ, վստահ եմ, մենակ ես չէ, որ էս վտանգը զգում եմ, ես հավատում եմ, մենք բոլորով ճանապարհ կգտնենք՝ էս փորձությունից դուրս գալու համար։ Նոր ճանապարհ։

21 Հուլիսի, 2016

Նյութը` Մարինե Պետրոսյանի կայքից

Գրել կարծիք