Անկախության տարեկիցը. 3 միֆ Հայաստանի ամերիկյան համալսարանի մասին

Անկախության տարեկիցը. 3 միֆ Հայաստանի ամերիկյան համալսարանի մասին

«Ձգտել, ոգևորել, հասնել». սա է Ամերիկյան համալսարանի կարգախոսը: Դրանով է առաջնորդվում համալսարան ոտք դրած յուրաքանչյուր ուսանող:

ՄԻՖ 1. ՀԱՀ-Ը՝ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ, ՈՐԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ Է ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Շատերն են շփոթում և կարծում, թե ՀԱՀ-ն ամերիկյան՝ մասնավորապես Կալիֆորնիայի համալսարանի մասնաճյուղն է Հայաստանում կամ դրան ենթակա կառույց: Բայց՝ ոչ: Դա ընդամենը միֆ է: Հայաստանի ամերիկյան համալսարանը մասնավոր, անկախ ուսումնական հաստատություն է և Կալիֆորնիայի համալսարանի անմիջական համագործակիցը: Այո, Հայաստանի ամերիկյան համալսարանն ԱՄՆ հավատարմագրում ունեցող միակ բուհն է տարածաշրջանում և հետխորհրդային ամբողջ տարածքում: Քոլեջների և դպրոցների արևմտյան ասոցիացիայի հավատարմագրումն այն ստացել է 2007-ին, հետո վերահաստատել մինչև 2024 թվականը: Այդ նույն հավատարմագրումն ունեն,  օրինակ՝ Բերկլիի կամ Սթենֆորդի համալսարանները: Այո, ՀԱՀ-ն ամերիկյան կրթություն առաջարկող միակ բուհն է Հայաստանում, որտեղ ուսուցման լեզուն անգլերենն է: Այսօր համալսարանը բարձր վարկանիշ ունեցող ուսումնական կենտրոն է, համալսարան՝ ամբողջ տարածաշրջանի համար, համալսարան՝ ամբողջ հայության համար, հստակ ու ամուր կապ՝ Սփյուռքի և Հայաստանի միջև:

aua5

Սփյուռքահայ մշտական աջակիցները, բարերարներն ու ներդրողներն իրենց վրա են վերցրել ՀԱՀ-ի ուսանողների ուսման վարձի բեռը:  Հայաստանի ամերիկյան համալսարանը, ինչպես ցանկացած մասնավոր բուհ, գոյատևում է այդ գործուն աջակցության շնորհիվ: Բայց կրթավճարներից գոյացած գումարը կազմում է համալսարանի բյուջեի ընդամենը  30%-ը:  36%-ը գոյանում է անձեռնմխելի դրամաշնորհներից, անհատ բարերարների և աջակիցների նվիրատվություններից,  34%-ն էլ գալիս է  այլ աղբյուրներից՝ հետազոտական կենտրոններից, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից  և նախապատրաստական  հատուկ դասընթացներից:

1991 թվական, սեպտեմբերի 21. Հայաստանը կերտում է իր նոր՝ անկախ հանրապետության պատմությունը: Դրան զուգահեռ, Հայաստանի կրթական համակարգը համալրվում է նոր՝ ամերիկյան մոդելի հաստատությամբ:  Հենց նույն տարում Հայաստանի կրթության և գիտության նախարարության և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) համատեղ ջանքերով  ստեղծվում է տարածաշրջանի  առաջին Ամերիկյան համալսարան-հիմնադրամը:  Համալսարանը կյանքի է կոչվում Հայաստանի կառավարության անմիջական աջակցությամբ, Կալիֆորնիայի համալսարանը ՀԱՀ-ին ցուցաբերում է  ուսումնական և կազմակերպչական օժանդակություն:

ՄԻՖ 2. ՀԱՀ-ՈՒՄ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ

Շատերն են կարծում, թե միայն գումարը բավարար է ՀԱՀ-ում ուսանելու համար: Դա ընդամենը միֆ է: Ուսանողներն այստեղ են գալիս նոր մտածողության, այլընտրանքային կրթության և նոր որակի հետևից: Թյուր կարծիք կա, թե այս ամենի հետևից գալիս են միայն ֆինանսապես ապահովված, հարուստ ընտանիքների երիտասարդները: Ուսանողակենտրոն այս բուհում առաջին տեղում գիտելիքն է: Անկախ ֆինանսական կարողությունից՝ նախ պետք է ընդունվել համալսարան: Մինչև այս փուլը չհաղթահարի դիմորդը, նրա ֆինանսական դրության մասին՝ ոչ մի հարց:

Համալսարան ընդունվելու համար պետք են արտասահմանյան թեստավորման կենտրոնների ստանդարտ միջազգային քննության արդյունքներ (TOEFL, GMAT, GRE, SAT, IELTS և այլն): Այս թեստերը դիմորդը կարող է հանձնել շատ երկրներում, ՀՀ-ում գործող տարբեր թեստային կենտրոններում, Հայաստանի ամերիկյան համալսարանում: Միայն այս ամենը հաղթահարելուց հետո դիմորդը սկսում է մտածել վճարելու մասին:

aua4

Հայաստանի քաղաքացիների համար ուսման վարձն ի սկզբանե մոտ 70% սուբսիդավորված է: Ուսման իրական գինը գրեթե եռակի բարձր է, բայց այդ ծանրությունն իրենց վրա են վերցնում հիմնականում աջակից կազմակերպությունները և անհատ բարերարները Սփյուռքից և Հայաստանից:  Չկա դիմորդ, որն ընդունվի համալսարան և ուսման վարձի պատճառով չշարունակի կրթությունը: Բացի սուբսիդավորումից, Ամերիկյան համալսարանում գործում է ֆինանսական աջակցության ճկուն համակարգ (մեխանիկական սուբսիդավորում, ուսանողական փոխառություն, ուսման վարձը մաս-մաս վճարելու տարբերակ):  Բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները նաև կրթաթոշակ են ստանում: Ֆինանսական աջակցության տարբեր ծրագրերից օգտվում է ՀԱՀ ուսանողների մոտ 45 տոկոսը: ՀԱՀ-ում սովորողների 90 տոկոսը Հայաստանի քաղաքացի է, ընդ որում 20 տոկոսը՝  մարզերից:

aua1

Հայաստանի ամերիկյան համալսարանը գրավիչ է նաև արտասահմանցի ուսանողների համար: Այն իր առաջարկած կրթական ծրագրերով չի զիջում ամերիկյան  բարձրագույն ուսումնական հաստատություններին: Ավելին` արտասահմանցի ուսանողների համար վարձը շատ ավելի ճկուն է, քան նույն որակավորումն ունեցող արևմտյան բուհերում:

Բուհն առաջարկում է

·         Բակալավրական 3 ծրագիր՝ գործարար կառավարում, համակարգչի և տեղեկույթի գիտություն, անգլերեն և հաղորդակցություն:

·         Մագիստրոսական  8 ծրագիր՝  գործարար կառավարում, տնտեսագիտություն, արդյունաբերական ճարտարագիտություն և համակարգերի կառավարում, համակարգչի և տեղեկույթի գիտություն, քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ, անգլերեն՝ որպես օտար լեզվի դասավանդում, իրավագիտություն, հանրային առողջապահություն:

ՄԻՖ 3. ՀԱՀ-Ը ՆՊԱՍՏՈՒՄ Է ԱՐՏԱԳԱՂԹԻՆ

Սկզբում միայն մագիստրոսական ծրագրերով, հիմա նաև բակալավրի ծրագրերի միջոցով Ամերիկյան համալսարանն առաջարկել և առաջարկում է այլընտրանքային կրթություն՝ արևմտյան ստանդարտներով: Մի մտայնություն կա, իբր սա նպաստում է արտագաղթին՝ հեշտացնելով շրջանավարտների մուտքն արևմտյան կրթական հաստատություններ և աշխատաշուկա: Սա ևս միֆ է, որը հերքում է վիճակագրությունը:

aua2

Հայաստանի ամերիկյան համալսարանն իր պատմության 25 տարիների ընթացքում մագիստրոսի կոչում է շնորհել մոտ 3000 շրջանավարտների, և եթե շարունակենք այս տրամաբանությամբ, կպարզվի, որ Համալսարանը հարյուրավոր միլիոն դոլարների ներդրում է կատարել Հայաստանում, որպեսզի այդ շրջանավարտները նման բարձրորակ կրթության համար ստիպված չլինեին գնալ միջազգային մեծ համբավ վայելող համալսարաններ: Ամերիկյան համալսարանի հիմնադրմամբ արևմտյան որակի կրթությունը իրականություն դարձավ նաև Հայաստանում: Որակյալ կրթություն, ապա՝ լավ աշխատանք. Ամերիկյան համալսարանը հայաստանյան շուկայում վերամիավորում է այս երկուսը և դարձնում հնարավոր:

Հավատարիմ մնալով  Համալսարանի հիմնադիրների և բարերարների որդեգրած քաղաքականությանը՝ Համալսարանն իր ստեղծման օրից  ծառայում է հայ երիտասարդների ներուժը երկրում կենտրոնացնելու և երկրին ծառայեցնելու գաղափարին: Ցանկացած ներդրում կամ նվիրատվություն ուղղվում է ապագա երիտասարդ ու տաղանդավոր սերնդի  կրթությանը:

aua3

Եվ վերջապես, բուհի շրջանավարտների 73.1 տոկոսն ապրում և աշխատում է Հայաստանում: Ընդհանրապես, աշխատանքի հարցը հիմնականում լուծվում է ուսումնառության ընթացքում: Ուսանողների 75%-ն աշխատանքի է տեղավորվում կամ դեռ բուհը չավարտած, կամ ավարտելուց հետո՝ 3 ամսվա ընթացքում:

Շրջանավարտների համար ստեղծված են Հայաստանում մնալու և աշխատելու լավ հնարավորություններ:  Իր հետազոտական կենտրոնների շնորհիվ էլ ՀԱՀ-ը խթանում է արտասահմանում ապրող և բարձր որակավորում ունեցող հայ գիտնականների վերադարձը հայրենիք՝ գիտական ներուժը կենտրոնացնելով Հայաստանում: Այս մասին ևս փաստում է վիճակագրությունը: ՀԱՀ պրոֆեսորադասախոսական կազմի 43.5%-ը Միացյալ Նահանգներից է, ընդ որում մեծ մասը հայկական ծագում ունի։

aua6

«Ձգտել, ոգևորել, հասնել». սա է Ամերիկյան համալսարանի կարգախոսը: Դրանով է առաջնորդվում  համալսարան ոտք դրած յուրաքանչյուր ուսանող:  Այս բուհում ուղեցույց են գիտելիքն ու որակը: Ընդունվելը գործի միայն սկիզբն է: Համալսարանն ավարտելու համար պետք է շատ աշխատել:

Գրել կարծիք