[ Exclusive ] Թե ինչպես Այվազովսկին «փոթորկեց» Տրետյակովյան պատկերասրահը

[ Exclusive ] Թե ինչպես Այվազովսկին «փոթորկեց» Տրետյակովյան պատկերասրահը

Տրետյակովյան պատկերասրահի ցուցասրահներում, որոնք Կրիմսկի Վալում են, Այվազովսկին իր ամբողջ շքեղությամբ ու փիլիսոփայությամբ արվեստասերին ներկայանում է լեգենդար հայկական կոնյակով. «ARARAT»-ը ցուցահանդեսի բացման արարողության պաշտոնական գործընկերն էր:

Այվազովսկու ծովային անծայրածիր ազատությունը Տրետյակովյանում սկսվում է նախամուտքից: Մեծադիր ցուցանակներն ու լուսաձայնային էֆեկտները հրավիրում են ճանապարհորդության դեպի 19-րդ դարի ջրերը: «Նրա արվեստը մարդու և մարդկայնության հաղթանակն է,- ասում էր Մարտիրոս Սարյանը,– ու նաև ազատության փառաբանում»: Տրետյակովյան պատկերասրահը ծովանկարչի 200-ամյակը սկսել է տոնել մեկ տարի շուտ: Էքսպոզիցիոն ծրագիրն աննախադեպ մասշտաբային է: 200 էքսպոնատ է Մոսկվա բերվել 17 թանգարաններից (նաև Հայաստանի ազգային պատկերասրահից) ու 6 մասնավոր հավաքածուներից:

Սրահը կիսամութ է: Առաջին հայացքից ամեն ինչ մռայլ է թվում: Բայց այդ տպավորությունը մի քանի վայրկյան է տևում: Հանկարծ նկատում ես, որ չորս կողմից ջրերի մեղմ շրշյուն է լսվում, մոսկովյան հեղձուկ օդը փոխարինվում է ծովային բույրերով: Հաջորդ րոպեին տեսնում ես, թե ինչպես է, հազիվ մի ալիքը դեռ հետ չքաշված, վրա հասնում մյուսը, ծածկում սպիտակաթույր փրփուրով ու միանգամից հալվում տխուր շաչյունով, որը կարծես հիշեցնում է՝ այս կյանքում ամեն ինչ վաղանցիկ է, ինչպես ծովի փրփուրը: Այվազովսկու ծովը փոխվում է յուրաքանչյուր քայլափոխի: Այն մեկ անսահման մեղմ է, մեկ՝ փրփրած, անհանգիստ, տեղ-տեղ՝ բարկացած ու սահմռկեցուցիչ:

ayvaz-2

Ծովի տրամադրությունն ու գունային գամման մաքսիմալ ռեալիստորեն փոխանցելը գեղարվեստում մեծ վարպետություն է պահանջում: Ահա թե ինչու ծովանկարչությանն առանձին ժանր է հատկացված: Առաջինը ծովը վրձնով «գրավելու» փորձն արել են ֆլամանդացի նկարիչները (Պիտեր Բրեյգել Ավագ), իսկ մարինիզմի՝ որպես առանձին ժանրի ձևավորման համար աշխարհը պարտական է հոլանդացի վարպետներին: Բայց նրանք էլ սկզբում պատկերում էին միայն «հանգիստ ծովի դիմանկար»: Իսկական ծովանկարչությունն ի հայտ եկավ 19-րդ դարում, երբ հասունացավ գիտակցումը, որ ծովի շարժումը կտավին փոխացնել հնարավոր է առանց կրկնօրինակելու, երևակայության շնորհիվ: Այդպիսի երևակայական ու միևնույն ժամանակ իրական ծով նկարել գիտեր միայն ու միայն Այվազովսկին:

Թեոդոսիայում երկու դար անց էլ պատմում են լեգենդը փոքրիկ տղայի մասին, որը ածխով մրոտում էր քաղաքի սպիտակ տների պատերը: Նրա վրա բղավում էին ու վռնդում բակերից: Բայց նա վերադառնում էր: Չէ՞ որ տեսնում էր՝ ինչպես է դանդաղորեն ափին մոտենում հսկա նավը, և ինչպես է արևը, կախված օրվա ժամանակից, «ներկում» սպիտակ առագաստի գույները: Ու տղայի ներսում անբացատրելի սուր ցանկություն էր առաջանում նկարել:

Տրետյակովյանի սրահներում քայլում ես, ու աչքիդ առաջ փուլ առ փուլ անցնում է գրեթե մեկ դար (1817-1900) ապրած նկարչի ուղին: Ցուցադրության կենսագրական բաժնում այցելուները մի պահ տարակուսած կանգ են առնում: Այստեղ՝ երկրորդ հարկում, չկան կապույտ ջրեր, խորտակվող կամ նազանքով երերացող նավեր, փրփրած կործանարար ալիքներ: Սրահի մուտքից դիմավորում է իմաստուն հայացքով տղամարդու և խորաթափանց ու հեզ կնոջ դիմանկարների դուետը: Գևորգ և Հռիփսիմե Գայվազյաններն են: Նրանք ունեցել են հինգ երեխա՝ 3 աղջիկ, 2 տղա: Վերջին երկուսը պետք է մեծարեին ոչ միայն իրենց տոհմը, այլ նաև մի ամբողջ ժողովուրդ ու ժամանակաշրջան:

ayvaz-4

Ծնողների դիմանկարներից քիչ հեռու պատկառելի հոգևորական է սևեռուն նայում կլոր շրջանակով ակնոցի տակից: Գաբրիելն է: Այվազովսկին եղբորը նկարել էր 1841-ին, երբ ուսանում էր Իտալիայում: Հայացքդ թեքում ես՝ Սուրբ Ղազարի մայրամուտն է. հոգևոր հայրերը ափի մոտ վայելում են երկնքից վենետիկյան ջրերի վրա իջած կարմրադեղնավուն արևի ջերմությունը: Սա վերջին նկարներից է, որի տակ Հովհաննեսը ստորագրում է որպես Գայվազյան: Եվրոպական բարձրաշխարհիկ սրահներում արդեն անուն ունեցող Հովհաննեսը Գաբրիելի խորհրդով ազգանունն ավելի հեշտ արտաբերելի է դարձնում՝ Այվազովսկի:

Գաբրիելի դիմանկարի կողքին Այվազովսկու կյանքի երկրորդ կարևոր մարդու դեմքն է: Աննային նա նկարել է թափանցիկ մետաքսե շղարշով, դեմքը կիսափակ: Երևում են կնոջ ընդգծված մեծ հայկական աչքերը, ուրվագծվում են նուրբ քիթն ու շուրթերը: Աննան լուռ է ու խոսուն հայացքով: Հավանաբար հենց այդ իմաստուն լռությունն էր կյանքի մայրամուտին գտնվող, ամբողջ Եվրոպայում ու Ռուսաստանում հայտնի և մեծարված նկարչին գրավել Թեոդոսիայում ապրող այդ սովորական այրու մեջ: Բայց մինչև Աննան Այվազովսկու կյանքը երկու կանայք են փոթորկել:

ayvaz-9

Նրա առաջին սերը Մարիա Տալոնին էր: Իտալացի բալերինան երիտասարդ Այվազովսկուց մեծ էր 13 տարով, ամուսնալուծված էր, ուներ աղջիկ, որը ամուսնացած էր ռուս կալվածատիրոջ հետ: Այվազովսկին Տալոնիի վերջին սերն էր, որին նա թույլ տվեց իր կողքին լինել միայն որպես մտերիմ բարեկամ: Երբ նկարիչը առաջարկություն արեց բալետի պրիմադոննային, կտրուկ մերժում ստացավ: Դրա համար Մարիան ափսոսեց ամբողջ կյանքում: 1900-ին, երբ Թեոդոսիայի փողոցով անցնում էր նկարչի մահվան թափորը, մի այգեպան դագաղի կողքով քայլելիս Այվազովսկու համար շշնջում էր, թե ով էր երկար ու ձիգ տարիներ հոգ տանում, որ ամեն տարի Ծաղկազարդի կիրակին նկարչի արվեստանոցում լինեն թարմ հովտաշուշաններ: Մարիա Տալոնին պատգամել էր Այվազովսկուն ծաղիկներ ուղարկել, ու եթե նկարիչը հարցնի՝ ումից, պատասխանի՝ կնոջից, որը տարիներ առաջ այդ օրը մերժեց իրեն: Այվազովսկին այդպես էլ երբեք չհետաքրքրվեց՝ ով է իրեն ծաղիկներ ուղարկում:

ayvaz-5Յուլյա Գրևսին հանդիպեց 1847-ին: Անգլուհին Այվազովսկու ծանոթի երեխաների դայակն էր: Նրանց ամուսնությունը Պետերբուրգի և Մոսկվայի բարձրաշխարհիկ աշխարհը չընդունեց: Շատերն անգամ երես թեքեցին նկարչից: Չէ՞ որ նա կարող էր ազնվականական տոհմից սերող աղջկա ընտրել և ազատվել գավառական առևտրականի սերունդ լինելու պիտակից: Այվազովսկին էլ հեռացավ մեծահամբավ ու շքեղ պալատներից: Հայրենի Թեոդոսիայում կառուցեց տուն ու այնտեղ ապրեց մինչև կյանքի վերջը: Յուլյան նրան չորս դուստր պարգևեց, բայց չտվեց կարևորը՝ հոգևոր ջերմությունը: Աղջիկը, որ հազիվ էր դուրս պրծել կյանքի ետնախորշից ու ամուսնացել էր հռչակավոր նկարչի հետ, որի ընկերների մեջ էր անգամ կայսրը, չհամակերպվեց Թեոդոսիայում ապրելու՝ Այվազովսկու ցանկության հետ: Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի թույլտվությամբ նրանք պաշտոնապես բաժանվեցին 1877-ին, թեպետ վաղուց միասին չէին ապրում:

Այվազովսկին երիտասարդ այրի Աննա Բուրնազյանի հետ ամուսնացավ 1882-ին: Աննան կարողանում էր լսել նրա լռությունն ու սիրել «աղմկոտ փոթորիկները»: Աննան հարազատ էր արյունով ու հոգով: Նկարչի մահից հետո որպես սգո նշան Աննա Բուրնազյան-Այվազովսկին տնից դուրս չեկավ 25 տարի՝ ինքնամեկուսացման ընթացքում վերապրելով Առաջին համաշխարհայինը, հեղափոխությունն ու քաղաքացիական պատերազմը: Այվազովսկու վեջին սերը մահացավ 1944-ին. նա թաղված է ամուսնու կողքին:

Այվազովսկու հայկական աշխարհը Տրետյակովյանում ավելի էր ընդգծվում «ARARAT»-ի ներկայությամբ: Երևանի կոնյակի գործարանի լեգենդար կոնյակն ըմպելով են հյուրերը զրուցում Այվազովսկու մետաֆիզիկ փիլիսոփայության մասին: Կոկտեյլներն անգամ Տրետյակովյանում ծովային են ու հայկական: «ARARAT»-ի 6-ամյա հնեցման «Անի»-ով պատրաստված կոկտեյլներն էլ նույն փոթորկոտ տարերքն ունեն, ինչ Այվազովսկու կտավները: «ARARAT»-յան հյուրասիրությունը Այվազովսկու ոգով է կազմակերպած:

ayvazovski-1

Մի անգամ Պետերբուգում, երբ նկարիչը անվանական ընթրիք էր մատուցում, հանկարծ խնդրում է հյուրերի ուշադրությունը և հայտարարում, որ խոհարարը մոռացել է աղանդեր պատրաստել, այդ պատճառով ինքն է հյուրասիրում իր պեյզաժներով: Այդ պահին ներս են մտնում մատուցողները՝ սկուտեղներով, որոնց վրա Այվազովսկու փոքրածավալ պեյզաժներն են:

Ի տարեբրություն այն ընդունելության՝ Տրետյակովյանում տեսարանները մեծամասշտաբ են: Փոթորիկն ուսումնասիորղ մարդիկ սպասում են «9-րդ ալիքին»: Աշխարհի լավագույն տասը ծովանըկարներից մեկը համարվող կտավի դիմաց հերթեր են գոյանում: Այստեղ մարդն է՝ ճակատագրին դեմ հանդիման, մերկ ձեռքերով մարտի բռնված: Նավաստիներն ասում են, որ ծովի յուրաքանչյուր իններորդ ալիքն ավելի ուժգին ու կործանարար է լինում, քան նախորդը: Ուր որ է այն կպայթի կոտրված կայմին ապավինած ու վերջին հույսով մաքառող նավաբեկյալների գլխին: Այս կտավի առջև միախառնվում են անզորությունը, սարսափը, վախը… Բայց, ո՛չ, անսահման բարությամբ օժտված նկարիչն այդքան դաժան չէր կարող լինել: «9-րդ ալիքն» ամենևին մռայլ ու մահագույժ կտավ չէ: Այվազովսկին թողնում է հույսի շողը. այն երևում է մեծադիր կտավի գրեթե կենտրոնում՝ հեռու հորիզոնում: Այն պարզապես շատերը չեն նկատում, ինչպես կյանքում…

ayvaz-3

Հետո դիմացդ հայտնվում է «Սև ծովը»՝ իր ամբողջ վեհությամբ ու խորությամբ, ապա երևում է «Ծիածանը», ու հաջորդ պահին վրա է հասնում «Ալիքը»՝ մինիմալ գամմայով, բայց և վառ ազդեցությամբ: Հենց այս կտավն էր Այվազովսկու ամենասիրելի «փոթորիկը»: Իսկ ընդհանրապես մարինիստն իր լավագույն գործը համարում էր այն մեկը, որը դեռ մոլբերտի վրա է, որը դեռ չի ավարտել: Այդ նկարը «Նավի պայթյունն» է: Այն միակն է վարպետի 6000-ից ավելի կտավներից, որ կիսատ է մնացել: Այվազովսկին «Նավի պայթյունը» սկսեց նկարել 1900-ի մայիսի 2-ին, երեկոյան ննջեց և այլևս չարթնացավ:

Գրել կարծիք