Ազատ անկում. Նրանք ընկել են բարձրությունից ու ողջ մնացել

Ազատ անկում. Նրանք ընկել են բարձրությունից ու ողջ մնացել

newmag-ը զրուցել է բարձրությունից «ազատ անկում» կատարած ու ողջ մնացած մարդկանց հետ՝ պարզելու, թե ինչ էին մտածում նրանք ընկնելու ժամանակ, փորձո՞ւմ էին արդյոք փրկվել, ինչպե՞ս փրկվեցին և ի՞նչ դաս քաղեցին:

Երբեմն մարդն ընկնում է տանիքից, պատուհանից, պատշգամբից կամ կամրջից: Դա լինում է ինքնասպանության փորձ կամ էլ դժբախտ պատահար: Փրկվում են քչերը: Ոմանք կռիվ են տալիս կյանքի ու մահվան շեմին, ոմանք էլ նույնիսկ քերծվածք չեն ստանում: Նրանց սովորաբար չեն հավատում հարազատներն ու ընկերները, բժիշկներն ու իրավապահները: Եվ դա դառնում է մի նոր ծանր հարված:


Արման Նիազյան.  42 տարեկան:  3 տարի առաջ ընկել է իրենց շենքի 7-րդ հարկից:

Արմանն ապրում է կնոջ ու երկու դուստրերի հետ: Երկար տարիներ աշխատել է փրկարար, հիմա էլ ալպինիստ է աշխատում հեռահաղորդակցության ընկերությունում: Ընտանիքի անդամները 2013 թվականի սեպտեմբերի 15-ը հիշում են այսօրվա պես: Արմանի ծանոթի բնակարանի դուռը ներսից փակվել էր, ինքն էլ մնացել էր դրսում: Օգնության համար դիմել էր Արմանին: Բայց ճոպանը սխալ հաշվարկի պատճառով բացվել էր, ու Արմանը շենքի 7-րդ հարկից` մոտ 28 մետր բարձրությունից, ընկել էր բակում կայանած մեքենայի դիմապակու վրա:

ankum-Ծանոթս ապրում էր 9-հարկանի շենքի 5-րդ հարկում: Որոշեցի 7-րդ հարկի պատշգամբից իջնել իրենց պատշգմաբ ու դուռը բացել ներսից: Ցերեկվա ժամը 2-ն էր: Հիշում եմ` արևոտ եղանակ էր: Իջնելու ընթացքում ճոպանը բացվեց, ու հայտնվեցի օդում: Ընկնելու ընթացքում մտածում էի միայն մեկ բան` ինչպես օդում այնպիսի դիրք ընդունեմ, որ վայրէջք կատարեմ ոտքերիս վրա: Ոչինչ չէր ստացվում, քանի որ հենման կետ չկար, որ օգներ` պտտվեի: Հույսս չէի կորցրել ու անընդհատ փորձում էի, բայց չէր ստացվում, ու այդպես էլ չստացվեց: Մեջքիս վրա ընկա բակում կանգնած մեքենայի դիմապակու վրա: Ընկնելս վայրկյաններ է տևել, բայց ինձ թվում էր` 10 րոպե օդում եմ: Ուշագնաց չեմ եղել: Ամեն ինչ գիտակցել եմ:

Ընկնելուց անմիջապես հետո ցավեր չեմ զգացել: Մեքենայից գլորվեցի ու ընկա  գետնին, փորձեցի վեր կենալ, հենվեցի աջ թևիս վրա ու զգացի, որ այն չի աշխատում: Հասկացա, որ կոտրվել է: Հենվեցի ձախ թևիս վրա ու ողնաշարի սուր ծակոց զգացի: Հասկացա, որ շարժվելն անիմաստ է: Այդպես էլ պառկած մնացի: Րոպեների ընթացքում շուրջս հավաքվեց մարդկանց բազմություն: Մեկն ասում էր «էս ոնց ընկավ», մյուսը` «շտապօգնություն կանչեք»: Ինձ տարան հիվանդանոց, վիրահատվեցի: Ջարդվել էր աջ թիակս ու ողնաշարիս ողը: Վիրահատությունը հաջող անցավ: Հաջորդ օրը բժիշկն ասաց, որ կարող եմ քայլելու փորձ անել:

Երկու ամսում ամբողջությամբ ապաքինվեցի  ու շարունակեցի զբաղվել նույն գործով, չնայած հարազատներս համոզում էին, որ աշխատանքս փոխեմ: Սկզբում փոքր բարձրության վրա էի աշխատում, մեկ տարի անց աշխատում էի նախկինի պես: Սթրես չեմ ապրել ու չեմ վախեցել: Բարձրությունները, տանիքներն ու պատուհանները ինձ համար սովորական բան են: Դպրոցն ավարտելուց հետո ալպինիզմ սովորել եմ փրկարարական ջոկատում: Պարապմունքների ժամանակ շատ եմ ընկել, բայց փոքր բարձրությունից:

Երբեմն երազում տեսնում էի հիվանդանոցում պառկած անշարժ վիճակս ու նեղվում էի: Երբեք չեմ փոշմանել, որ ցանկացել եմ օգնել ծանոթիս. լինելու բանը պետք է լիներ: Երբ հեռուստացույցով լսում եմ այդպիսի դեպքերի մասին, հետաքրքրում է, թե ինչու և ինչպես են ընկել: Դեպքի մանրամասները միայն հարազատներիս եմ պատմել: Շատերն են հարցնում, թե ինչպես ստացվեց, որ ընկա: Պատմելիս չեմ հուզվում, ուղղակի հոգնել եմ արդեն: Ժամանակի ընթացքում կարող է դետալներ պակասացնեմ, բայց հաստատ չեմ ավելացնում: Չէի ցանկանա, որ պատմությունս շատերը իմանային: Երբեմն լինում է, որ ընկերներս, ինձ ծանոթացնելուց, ներկայացնում եմ, որ ես այն մարդն եմ, որն ընկել է այդքան բարձրությունից ու ողջ է մնացել: Աշխատում եմ` ինչքան հնարավոր է քիչ ասեն: Սովորական եմ վերաբերում դրան, բայց հոգնում եմ:

Չեմ հավատում ու համաձայն չեմ այն մտքի հետ, որ ասում են` ինչ-որ մեկը աչքով տվեց, ես էլ ընկա: Սին բան է: Բայց մատաղ արել եմ, քանի որ ինձ հավատացյալ մարդ եմ համարում: Այն կարծիքին եմ, որ Աստված ինձ փրկեց, երկրորդ կյանք տվեց: Կյանքի մասին պատկերացումներս փոխվել են: Երբեմն մտածում եմ` եթե չփրկվեի…  Բախտս բերել է, որ մեքենայի վրա եմ ընկել, հակառակ դեպքում դժվար թե փրկվեի: Կյանքն այժմ ավելի եմ գնահատում: Արդեն ավելի զգույշ եմ գործս անում: Նախկինում առանց պարանների ամրությունը ստուգելու անցնում էի գործի: Հիմա նախապես մի քանի անգամ ստուգում եմ:

Լուսինե Քեոսեյան. 24 տարեկան: Ընկել է Գառնու տաճարի ձորը՝ մոտ 20 մետր:

Լուսինեն ապրում է Ռուսաստանում, Մեծ Նովգորոդում: Ունի մեկ երեխա: Մանկաբարձ է, սակայն այժմ ամուսնու հետ աշխատում է թղթի արտադրամասում: 2003 թվականի օգոստոսի 22-ը Լուսինեն երբեք չի մոռանա: Գյուղի պայմաններին անսովոր 12-13 տարեկան աղջնակը գլորվել, ընկել էր ձորը: Բայց դա Լուսինեի միակ ազատ անկումը չէր: Մոտ մեկուկես տարեկան էր, երբ 2-րդ հարկից ընկավ ներքև:

69-for-print-60

-Մենք Գառնիում ամառանոց ունենք և գրեթե ամեն ամառ ընտանիքով գնում էինք հանգստանալու: 2003-ի ամառն ընկերուհուս հետ գնում էինք խանութ՝ օճառ գնելու: Մոտակա խանութում չկար, և ընկերուհուս առաջարկով գնացինք ձորի մյուս կողմում գտնվող խանութ: Ստիպված էինք ձորով գնալ, քանի որ խանութ տանող մյուս ճանապարհները շատ երկար էին: Ընկերուհիս գյուղի աղջիկ էր և հեշտությամբ էր անցնում ճանապարհը, ես՝ ոչ: Երբ մի քանի մետր իջել էինք, բարձրությունից և արևի ճառագայթներից գլուխս պտտվեց, հավասարակշռությունս կորցրի ու թեք լանջին մոտ 10 մետր գլորվեցի ներքև, ոտքերով հարվածեցի մեծ քարի ու դեմ առա դրան: Երբ բարձրացա, կարծես երկնքում ճախրեի: Ու մեջքով կրկին ընկա ներքև, բայց այս անգամ արդեն քարի պես ընկնում էի անդունդը` մոտ 20-25 մետր բարձրությունից: Ընկնելու ժամանակ ուզում էի ինչ-որ բանից բռնվել, բայց չստացվեց: Կոտրվածքներից և գլխուղեղի ցնցումից կորցրի գիտակցությունս:

Երբ ուշքի եկա, առաջինը տեսա մոտ 22 տարեկան մի տղայի, որը դեմքիս ջուր էր լցնում: Տեսնելով, որ արնաշաղախ եմ, և կողքս մարդկանց բազմություն է, շատ անհանգստացա, մտածում էի՝ գոնե մայրիկիս տեսնեմ, նոր մահանամ: Բոլորն ասում էին, որ չշարժվեմ, քանի որ ոտքիս կոտրվածքը բաց էր: Շտապօգնություն չի եկել, ինձ մեքենայով ամառանոց հասցրին, այնուհետև ծնողներս ինձ տարան Գառնիի հիվանդանոց: Այնտեղ ասացին, որ բազմաթիվ կոտրվածքներ եմ ստացել, ցավազրկող նշանակեցին ու տեղափոխեցին Երևան: Սկզբում ցավեր չունեի, հետո սկսվեցին: Երբ ոտքիս ծանրոց էին կախում, ցավից գոռում էի:

Ծնողներս մինչև այսօր իրենց մեղավոր են զգում, քանի որ դեպքի օրը գործի բերումով մի քանի ժամով գնացել էին Երևան: Ես էլ էի ուզում նրանց հետ գնալ, բայց ինձ չտարան: Միշտ ասում էին` եթե քեզ էլ տանեինք, այդպիսի բան չէր պատահի: Ոտքի, դիմածնոտային, 2 կողոսկրերի կոտրվածքներ ունեի, աջ թևի և ուսի ճաք, գլխուղեղի ցնցում: Այն ամենը՝ ինչ ասացին ինձ Երևանի բժիշկները: Բոլոր հարազատներս կողքիս էին և հուսադրում էին ինձ, որ ամեն ինչ լավ կլինի: Գիտակցությունս գնում-գալիս էր: Ինձ տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք: Շատ վատ էի զգում:

5 օր անց մի առեղծվածային դեպք եղավ վերականդանացման բաժանմունքում: Հիշում եմ՝ պառկած էի, ջուր էի ուզում, ու այդ ժամանակ ներս մտավ զինվորական համազգեստով մի տղա, մոտեցավ ինձ ու հարցրեց, թե շա՞տ եմ վախեցել, ես էլ ասացի՝ այո: Նա էլ թե՝ «Մի´ վախեցիր, ես քո ցավը տանում եմ»: Այնուհետև ձեռքիս մեջ խաչ դրեց ու դուրս եկավ սենյակից: Վերջում ասաց, որ իր անունը Եկվար է: Այդ օրվանից սկսեցի արագ ապաքինվել ու 2 օր անց տեղափոխվեցի պալատ: Առեղծվածային դեպքի մասին պատմեցի բոլոր հարազատներիս ու բժիշկներին, բայց նրանք չհավատացին ինձ: Ես վստահ եմ, որ դա իրոք եղել է, բայց բժիշկները պնդում էին, որ ինձ մոտ այդ օրերին մարդ չի մտել:

Ամբողջությամբ ապաքինվեցի 8 ամսում ու սկսեցի փնտրել անծանոթին, բայց չէի գտնում: Վախեցել էի: Շատ մեծ սթրես էի ապրել:  5 տարի անց գլխացավեր ունեի: Դիմեցի նյարդաբանին, նրա խորհրդով էլ՝ հոգեբանին, որն էլ ինձ մոտ հետդեպրեսիա չնկատեց: Հոգեբանին պատմեցի առեղծվածային դեպքի մասին: Նա ասաց՝ գուցե երազ ես տեսել: Խորհուրդ տվեց՝ մոռանալ: Գլխացավս անցավ մայրության բերկրանքն ապրելուց հետո:

Իմ դեպքից 12-13 տարի է անցել: Մի քանի անգամ երազ եմ տեսել, որ ընկնում եմ նույն վայրից, բայց սավառնում եմ դեպի վեր: Վախի զգացում էի ապրում: Կյանքում շատ փորձություններ եմ հաղթահարել ու միշտ մտածել եմ, որ լինելու բան էր՝ պետք է լիներ: Աստված այդպես կամեցավ. դա նշանակում է, որ ես ուժեղ մարդ եմ: Դեպքի մանրամասները պատմել եմ միայն հարազատներիս: 3 անգամ էլ՝ անծանոթ մարդկանց: Դուք 4-րդն եք: Պատմելիս չեմ նյարդայնանում, բայց դրվագներ կան, որոնք ցավ են պատճառում ինձ: Ժամանակի ընթացքում սթրեսն ու ցավը անցնում էին:

Կյանքի մասին պատկերացումներս փոխվել են: Կյանքն ավելի եմ գնահատում: Հոգեպես շատ եմ ուժեղացել, ավելի զգոն եմ դարձել: Իմ դեպքից հետո խուսափում եմ այն վայրից, որտեղից ընկել եմ: Ապաքինվելուց հետո 2 անգամ եմ գնացել Գառնի, վերջին անգամ` 2007 թվականին: Իրականում ցանկանում եմ, որ պատմությունս շատերը իմանան՝ թոռներս, ծոռներս: Գիտե՞ք, ամենացավոտը այն էր, որ հետո դպրոցում բոլորը հարցնում էին, թե իմ ոտքը պրոթե՞զ է, թե՞ ոչ: Իհարկե պրոթեզ չէ: Առողջանալուց հետո մատաղ արեցինք: Աստծուն շնորհակալություն հայտնեցինք ու մատաղը բաժանեցինք մարդկանց: Շատ մեծ հավատ ունեմ, մկրտված քրիստոնյա եմ: Աստված 3-րդ կյանքը տվեց ինձ: 1 տարեկան 7 ամսական էի, երբ 2-րդ հարկից ընկա ներքև: Աստված այդ ժամանակ նույնպես փրկեց ինձ: Ես իմ միսիան այս կյանքում չեմ ավարտել: Մեծ երազանք ունեմ՝ գոնե մեկ անգամ գնալ Երուսաղեմ: Ուզում եմ իմ մասնագիտությամբ աշխատել, արժանի զավակ մեծացնել, բնակարան գնել և առողջ ծերանալ:

Հրաչիկ Գևորգյան. 23 տարեկան: Ընկել է կիսակառույցի 3-րդ հարկից:

Ֆիզկուլտինստիտուտի 4-րդ կուրսի ուսանող է, փոքր ժամանակ եղել է չարաճճի, շարժուն երեխա: 1999 թվականի փետրվարին ընկերներով բռնոցի խաղալիս են եղել, երբ 6-ամյա տղան ընկել է 3-րդ հարկից` մոտ 15 մետրից: Հիմա Երևանի մի էլիտար շենքում անվտանգության աշխատակից է:

69-for-print-62– Գրեթե ամեն օր բռնոցի էինք խաղում բակում: Այդ օրը բարձրացա մեր բակից մոտ 100 մետր հեռավորության վրա գտնվող գործարանի կիսաքանդ շենքի 3-րդ հարկ, որ ընկերս ինձ դժվարությամբ բռներ: Շենքի 3-րդ հարկում երկաթե ճաղեր կային, ես էլ դրանցից բռնվել ու թաքնվել էի, որպեսզի ընկերս ինձ չնկատեր, բայց նա նկատեց ու քար շպրտեց իմ ուղղությամբ: Քարը կպավ ձեռքիս, ես էլ բնազդաբար բաց թողեցի ձեռքերս ու մեջքի վրա ընկա: Ընկնելու պահը շատ է տպավորվել մեջս: Պետք է խոստովանեմ, որ մի պահ հաճելի էր օդում: Երևի չէի գիտակցում, որ կարող էր լուրջ բան պատահել կամ էլ ողջ չմնայի: Մոտ 15 մետրը ես անցա 3 վայրկյանում: Փաստորեն դեպի ներքև էի սլանում 5 մետր/վայրկյան արագությամբ: Պարզ հիշում եմ` ցերեկ էր, ժամը 2-ը: Ճիշտ է` փետրվար ամիսն էր, բայց եղանակը տաք էր, ձյուն առանձնապես չկար: Ես հագել էի հաստ վերարկու, որն էլ ինձ օգնեց, որպեսզի փափուկ վայրեջք կատարեմ հողին: Գիտակցությունս չէի կորցրել: Ընկել էի մեջքիս վրա, բայց վնասվել էր ոտքս: Բարձրացա, որ քայլեմ, բայց ուժեղ ցավից հասկացա, որ ոտքս ջարդվել է:

Շատ վախեցա: Ավելի շատ վախեցա նրանից, որ ծնողներս ինձ վրա կբարկանային: Եվ այդպես էլ եղավ: Երբ նրանք իմացան դեպքի մանրամասները, շատ բարկացան վրաս, որ բակից այդքան հեռացել էի: Ընկերս էլ էր շատ վախեցել: Նույն օրը հարազատներս փորձում էին ժողովրդական մեթոդներով մեղմել ոտքիս ցավը: Հաջորդ օրը հասկացան, որ չի օգնում ու տարան բժշկի: Պարզ հիշում եմ այն պահը, որ բժիշկը ոտքիս ռենտգենը ցույց էր տալիս ծնողներիս ու ինձ: Այդ օրերին ընկերներս հաճախ էին գալիս ինձ տեսակցության: Հարազատներս շատ էին բարկացել վրաս: «Մարդ կա՝ 2 մետրից է ընկնում ու լուրջ վնասվածք է ստանում, իսկ դու՝ 10-20 մետրից: Գոնե պատկերացնո՞ւմ ես, տղա´ ջան», ասում էին ծնողներս: Մտքովս միշտ անցնում էր այն, որ ավելի լավ կլիներ այդ օրը բակ չիջնեի, կամ ցուրտ լիներ, ու ես տանը մուլտֆիլմ նայեի: 

Մեկուկես ամսում ամբողջությամբ ապաքինվեցի: Ինձ այնքան էին հարցրել իմ դեպքի մասին, որ արդեն հոգնել էի: Բայց դեպքից հետո ավելի անվախ դարձա: Բարձրությունից չէի վախում այլևս, բայց զգուշանում էի: Երբ տեսնում էի ուրիշներին` բարձրության վրա, միանգամից հիշում էի իմ դեպքը:

Իրականում կուզեմ, որ պատմությունս շատերը իմանան` երեխաներս, թոռներս, ծոռներս, որպեսզի իրենք էլ զգույշ լինեն: Հիմա ընկերներով հաճախ ենք հավաքվում նույն շենքի բակում ու զրուցում: Երբ հայացք եմ գցում արդեն կառուցված ու նորոգված նախկին կիսակառույցի 3-րդ հարկին, միանգամից հիշում եմ այդ օրը: Աստված փրկեց, մի քիչ էր բախտս բերեց: Իմ դեպքից հետո մատաղ չենք արել, չգիտեմ՝ ինչու:

Սերգեյ Այվազյան. 38 տարեկան: Ինքնասպանության փորձ է արել` նետվելով Կիևեյան կամրջից: Մեր հանդիպումից հետո մեկնել է Մոսկվա:

Սերգեյը (կամ ինչպես ընկերներն են ասում`Սերյոժը) ունի 4 երեխա` 2 աղջիկ, 2 տղա: Ծանր մարմնական վնասվածք հասցնելու հոդվածով ազատազրկվել է 3 տարի: Պատիժը կրելուց հետո դուրս է եկել բանտից ու 5 օր անց`2011 թվականի փետրվարի 15-ին` կեսօրից հետո, ինքնասպանություն կատարելու նպատակով իրեն գցել է Կիևյան կամրջից, որի բարձրությունը 60,5 մետր է (Սերգեյը կարծում է, որ ընկել է 80 մետրից): Օդերևութաբանական կենտրոնի արխիվում գրանցված տեղեկության համաձայն, այդ օրը ցերեկը եղել է +4 աստիճան ու առանց տեղումների եղանակ:

69-for-print-63Խոստովանում եմ` փորձել եմ ինքնասպան լինել, բայց ինքնասպանության փորձ կատարելու պատճառի մասին չեմ ուզում խոսել: Միայն մեկ բան կասեմ` աղանդավոր չեմ: Ընկնելու ընթացքում ուղեղս անջատել էի ու ոչինչ չէի մտածում: Չէի էլ փորձում իմ ուզած դիրքն ընդունել ու փրկվել, որովհետև օդում դա հնարավոր չէր: Ես էլ առանձնապես չէի ցանկանում: Ամբողջությամբ հանձնվել էի քամուն ու բարձրությանը: Լինում են դեպքեր, որ ընկնելու ընթացքում մարդիկ սրտի կաթված են ստանում. ես չստացա: Միայն հիշում եմ, որ մի պահ աչքերիս դիմաց սկսեց մթնել, մտածեցի, որ արդեն վերջ, բայց գիտակցությունս էի կորցրել: Մոտ 80 մետր սլացել եմ ներքև: Ընկել եմ ծառի ճյուղերին: Չեմ հիշում, թե մարմնիս որ մասի վրա եմ ընկել, որովհետև ոչ մի վնասվածք չէի ստացել: Հաստ վերարկու էի հագել, երևի դա էլ օգնել է, որ փափուկ վայրէջք կատարեմ:

Ինձ առաջինը հայտնաբերել են պարեկային ծառայության տղաները: Ուշքի եմ եկել հիվանդանոցում: Մերկ էի, պարզվեց, որ հագուստս տարել էին փորձաքննության: Առաջինը տեսել եմ վերականդանացման բաժնի բուժքրոջը: Նա կողքիս պառկած մեկ այլ վիրավորի էր զննում: Այդտեղ մթնոլորտը անտանելի էր, չհասկացա, թե ինչպես սավանը գցեցի մարմնիս, գաղտնի դուրս եկա հիվանդանոցից, կանգնեցրի առաջին պատահած տաքսին ու խնդրեցի քշել դեպի մեր առանձնատուն: Տաքսու վարորդը վախեցավ, երբ տեսավ ինձ այդ վիճակում, բայց արեց այն, ինչ խնդրել էի: Երբ տեղ հասանք, զանգեցի հարազատներիս, որ հագուստ բերեն:

Ոստիկանները հետևել էին ինձ և հենց մեր առանձնատանը բռնեցին ինձ: Մի շաբաթ քաշքշուքի մեջ ընկա` այստեղ-այնտեղ բացատրություններ տալով: Մի խոսքով որոշ ժամանակ անց այդ գլխացավանքից ազատվեցի: Այդ ժամանակ գլխումս ամեն ինչ խառն էր, ու շատ բան չէի գիտակցում: Չեմ ուզում այդ մասին երկար խոսել:

Հարազատներս զարմացած էին, որ ես ցանկացել եմ կյանքիս վերջ տալ, իսկ բժիշկներն ու իրավապահները զարմացած էին, որ ողջ եմ մնացել: Այդ դեպքից անցել է 5 տարի: Հարազատներս ու ընկերներս ինձ այսքան ժամանակ չեն հարցրել ինքնասպանության փորձի պատճառի մասին, միայն ասում էին, որ հիմարություն եմ արել: Հիշում եմ, որ իմ դեպքից 2 օր անց մի աղջիկ իրեն գցել էր Դավթաշենի կամրջից ու մահացել էր: Ճիշտն ասած, այդ լուրը լսելիս որևէ զգացողություն չեմ ունեցել: 2007 թվականին ընկերս իմ աչքի առաջ 7-րդ հարկից ընկել ու ձեռքերիս մեջ մահացել է: Այդ դեպքից հետո ինձ համար ամեն սարսափելի իրավիճակ սովորական երևույթ է:

Իմ դեպքից հետո ավելի սառնասիրտ եմ դարձել: Մարդ կա` արյուն է տեսնում` ոտքերը թուլանում են: Ես այդպիսին չեմ: Իմ դեպքից հետո բազմիցս անցել եմ Կիևյան կամրջով: Ինձ երբեմն խնդրում են պատմել, թե ինչպես էր օդում, ինչ էի մտածում: Երբեմն այդ ամենը ինձ նյարդայնացնում է: Շատ է լինում, որ ընկերներս ինձ ծանոթացնելիս ներկայացնում են, որ ես այն տղան եմ, որն ընկել է Կիևյանից ու փրկվել: Սկզբից չեն հավատում: Իրականում չէի ցանկանա, որ իմ պատմության մասին շատերը իմանային, բայց հասկանում եմ, որ դա այնպիսի բան է, որ թոռներս էլ, ծոռներս էլ մի օր կիմանան, որ իրենց պապը այդպիսի հիմարություն է արել: Հիմա գիտակցում եմ, որ այդպիսի բան այլևս չպետք է անեմ: Նպատակս մեկն է՝ պայքարել ու հասնել հաջողությունների: Մատաղ չեմ արել` ժամանակ չի եղել, տրամադրություն էլ չի եղել: Աստված է ինձ փրկել ու այսուհետև կապրեմ ճիշտ:

Գրել կարծիք