Անդրեյ Պյատախին. Բջջային կապի ապագան ինտերնետն է

Անդրեյ Պյատախին. Բջջային կապի ապագան ինտերնետն է

newmag-ի և «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի տնտեսական լրագրող Լիլիթ Ասլանյանի հարցերին պատասխանում է Հայաստանում «Beeline»-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

-Արդեն երկու տարի գլխավորում եք «Beeline»-ը: Հայաստան եկաք հարուստ փորձով, որը ձեռք եք բերել «Beeline»-ում` տարբեր երկրներում: Հենց սկզբից Դուք հայտարարում էիք, որ Հայաստանում ներդնելու եք ամենաակտուալ նորարարությունները: Ստացվե՞ց:

– Խոշոր փոփոխությունները ժամանակ են պահաջում: Հայաստանյան «Beeline»-ում 2000-ից ավելի մարդ է աշխատում, նրանց մի մասը 40 տարի այստեղ է: Փոփոխությունները պետք է նաև դյուրամարսելի լինեն հազարավոր հաճախորդների համար: Ահա ինչու մենք անդադար գնում ենք նորարարության ճանապարհով, բայց առանց կտրուկ քայլերի: Որդեգրել ենք նոր քաղաքականություն, որի կենտրոնում հաճախորդն է: Ես գիտակցաբար առաջ եմ տանում այն կարևոր գաղափարը, որ աշխատավարձը վճարում է ոչ թե ղեկավարը, այլ հաճախորդը: Հիշո՞ւմ եք, որ նախկինում մեր ընկերությունը զբաղեցնում էր մենաշնորհային դիրք, իսկ մենաշնորհը հաճախորդի մասին ոչ միշտ է մտածում: Այդ պատճառով փոխում ենք մոտեցում ները և արդյունքներն արդեն ակնհայտ են: Վերջին 2 տարում փոխվել է նաև մեր գովազդային դեմքը, դիզայնը: Չեմ պնդում, թե մենք ամենանորարարն ենք: Մենք պարզապես փոխվել ենք, դարձել ենք ավելի վառ, դինամիկ, ակտիվ, իրական… Այդ ամենը փոխում է մարդկանց վերաբերմունքը մեր հանդեպ, նրանք վստահում են մեզ: Ընդհանրապես վստահությունը վերականգնելն ավելի բարդ է, քան դրան արժանանալը: Մենք կարողանում ենք դա անել:

– Վերջին 10-ամյակում հեռահաղորդակցության շուկան դինամիկ զարգանում է, ծառայությունների տեսականին ավելանում է, գներն էլ նվազում են: Ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում համաշխարհային և տեղական շուկայում հիմա:

– Ամբողջ աշխարհում բջջային օպերատորների ջանքերը միտված են մեկ բանի՝ ինտերնետի հասանելիության բարձրացմանը: Մարդիկ փոխում են իրենց բջջային հեռախոսը, անցնում են սմարթֆոնի: Ինտերնետը դառնում է անհրաժեշտ ոչ միայն տանը կամ աշխատավայրում, այլ նաև փողոցում, մեքենայում: Սմարթֆոնով ծանոթանում ես նորություններին, շփվում ես սոցիալական կայքերում: Դա ամենաարդի թրենդն է: Ակնհայտ ավելանում է ինտերնետից օգտվող մարդկանց թիվը, ինտերնետի բովանդակությունը ծանրանում է: Մարդիկ ավելի շատ են HD որակով տեսահոլովակներ դիտում, մեծ չափով նկարներ են ներբեռնում սոցիալական կայքերում: Բաժանորդը դառնում է ավելի պահանջկոտ: Այդ թրենդը հասել է նաև Հայաստան: Մենք՝ որպես օպերատոր, պետք է անդադար զարգացնենք ցանցերը, ընդլայնենք մեր հնարավորությունները:

beeline-3

– Հայաստանյան օպերատորներն այդ պատճառո՞վ են անդադար նվազեցնում բջջային կապի սակագինը: Եվ ինչպե՞ս է հնարավոր այդ պայմաններում պահպանել մրցակցային դիրքն ու չզրկվել շահույթից:

– Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի շահութաբերությունն ընկնում է: Այդպես է նաև Եվրոպայում: Դա, իհարկե, խոչընդոտում է խոշոր ներդրում ներ կատարելուն: Տեսե՛ք, «Skype»-ը, «Viber»-ը, «WhatsApp»-ը մարդկանց տալիս են անվճար ու անսահմանափակ զանգերի հնարավորություն: Այնպես որ ձայնային ծառայությունների գնագոյացման հարցում բջջային օպերատորներն արդեն մրցակցում են այդ ծառայությունների հետ, որոնց անվանում ենք over the top: «Beeline»–ը, օրինակ, այդ պատճառով ցանցի ներսում անվճար և անսահմանափակ զանգերի հնարավորություն է տրամադրում բաժանորդներին ամիսն ընդամենը 990 դրամով: Բայց որպեսզի կարողանանք ապահովել անհրաժեշտ թրաֆիք շարունակաբար աճող ծանրաբեռնվածության պայմաններում, մեր տեխնիկական վիճակը պետք է միշտ լավ վիճակում պահենք: Ինտերնետն ազդում է ամբողջ տելեկոմի զարգացման վրա, և ապագայում այն ավելի է սրելու մրցակցությունը: Դրա համար պետք է դառնանք ավելի արագ, ճկուն և սովորենք քիչ ծախսել: Այդ կերպ է հնարավոր մրցել:

– Հայասատանյան ինտերնետ ծառայությունները և դրանց գները համադրելի՞ են եվրոպականին կամ ԱՊՀ-ին:

-Սմարթֆոնով սոցցանց մուտք գործողների թիվն այստեղ դեռ շատ չէ: Օրինակ՝ Իտալիայում բաժանորդների 80 տոկոսն է ինտերնետից օգտվում սմարթֆոնով, Հայաստանում, մեր գնահատմամբ, մոտ 35 տոկոսը: Դա ավելի քիչ է, քան նույնիսկ Վրաստանում ու Ռուսաստանում: Այդ է պատճառը, որ Ամանորին ընդառաջ մենք սկսել ենք նոր ակցիա՝ «Beeline-ի սմարթֆոնն Ամանորի լավագույն նվերն է» անվանումով, և նվիրում ենք 3-ամսյա անվճար ինտերնետ: Մենք ցանկանում ենք, որ ավելի շատ թվով բաժանորդներ սմարթֆոնով օգտվեն ինտերնետից: Պարադոքս է, բայց փաստ. Հայաստանն ինտերնետի օգտագործման և ներբեռնում ների ծավալով առաջատար դիրքում է «Վիմպելկոմ» խմբի մյուս երկրների, նույնիսկ Իտալիայի և Ռուսաստանի համեմատ: Մենք հետազոտում ենք բոլոր 3 օպերատորների վարքը և պարզել ենք, որ չնայած խոշոր ներդրում ներին՝ բոլոր 3-ի բաժանորդները ցանկանում են ավելին: Ձայնային ծառայություններից քիչ են գանգատվում, բայց ինտերնետից միշտ նոր սպասելիքներ ունեն: Բջջային կապի ապագան ինտերնետն է: Թեժ մրցակցությունը մեզ դարձնում է ավելի մրցունակ:

-Հայաստանյան շուկայում նոր օպերատորների կարիք կա՞, թե՞ ծառայություններ մատուցող օպերատորների շուկան հագեցած է:

– Հայաստանի նման երկրները, օրինակ՝ Խորվաթիան, Ալբանիան, անցել են այսպիսի շրջան. սկզբում շուկայում մենաշնորհ է, և այդ դիրքը զբաղեցնողը միայն ընտրում ու կուտակում է բաժանորդներ: Որոշ ժամանակ անց շուկա է մտնում երկրորդ խաղացողը, որը կարողանում է հաղթել մրցակցին ու առաջ անցնել նրանից: Երկրորդ ընկերության փայլուն արդյունքները ոգևորում են բոլորին, և թվում է, թե բարդ գործ չէ: Այդ պատճառով հայտնվում են երրորդ, չորրորդ խաղացողները: Սկսվում է նոր մրցավազք, եկամտաբերությունը նվազում է: Եվ տրամաբանական լուծումը դառնում է միավորումը: Մրցակցող ընկերությունները միաձուլվում են: Հայաստանում երեք ընկերությունը բավարար են, դրանք լիովին բավարարում են շուկայի պահանաջարկը: Ավելի շատ ընկերությունների համար շուկան պետք է ավելի շատ վճարողներ ունենա: Հիմա մրցակցությունը խելամիտ է: Բայց կար մի շրջան, երբ բոլոր 3 օպերատորները ապրում էին գնային պատերազմի շրջան, քանի որ վերջին մասնակիցը շատ ագրեսիվ մտավ շուկա, թեև այդպես էլ չկարողացավ շահույթ ապահովել: Ու վաճառվեց:

beeline-4

– Անցած տարի Հայաստանում ներդրվեց համարների տեղափոխելիության (mobile number portability) ծառայությունը: Այն պահանջվա՞ծ է:

– Այդ ծառայությունը ևս նպաստեց մրցակցության ուժեղացմանը: Թեև պահանջարկի բում չնկատվեց: Հայաստանում մարդիկ դեռևս 2-3 հեռախոս ունեն, այսինքն՝ համարների տեղափոխելիության կարիք այնքան էլ չկա:

– Ինչո՞վ է պայմանավորված պասիվությունը:

-Երբ mobile number portability-ն ներդրվեց Եվրոպայում, մարդկանց համար բջջային հեռախոսահամարը շատ կարևոր էր: Երբ նրանք տեղափոխվում էին մեկ այլ օպերատորի մոտ, ընկերները, ծանոթները նրան չէին կարողնում գտնել: Ժամանակը փոխել է ամեն ինչ: Հիմա ցանկացած մարդու հնարավոր է գտնել համացանցում:

-Այսինքն՝ mobile number portability-ն Հայաստան եկավ ուշացումով: Այսինքն՝ ժամանակավրեպ ներխուժում էր: Տնտեսության աճի դանդաղումն անդրադառնո՞ւմ է բաժանորդների վարքագծի վրա: Նրանք կրճատե՞լ են հեռահաղորդակցության ծախսերը:

– Սպառողական գներին հետևո՞ւմ եք: Օրինակ՝ կաթի, մսամթերքի գները միշտ բարձրանում են: Բջջային կապի ոլորտում հակառակն է. գներն իջնում են: Դա թրենդ է և մրցակցության արդյունք: Երկրորդ՝ բջջային կապը մտնում է, այսպես ասած, քոմոդիթի շրջան: Գիտնականները պարզել են՝ մարդիկ այլևս անհնար են համարում կյանքը առանց հեռախոսի, սարսափում են կորցնել հեռախոսում պահված նկարները, տվյալները, ինֆորմացիան: Այսօր մարդիկ ավելի հեշտ հրաժարվում են սննդից, քան մոբայլ ինտերնետից: Այսինքն՝ առանց մեզ անհնար է, մենք դառնում ենք ավելի մասսայական, և ծառայությունների արժեքը նվազում է: Իհարկե, բաժանորդները սիրում են խնայել. գինը կարևոր և զգայուն կետ է: Այդ պատճառով մենք սկսեցինք առաջարկել դեպի Ռուսաստան զանգերի նվազագույն գինը: Հասկացանք, որ դա անհրաժեշտ է: Արդյունքները երկար սպասել չտվեցին. զանգերի թիվը կտրուկ ավելացավ: Մենք ունենք նաև սակագնային խորհրդատու ծառայություն: Հաճախորդը հարցում է կատարում, և մեր ընկերության աշխատակիցը հուշում է, թե ինչ սակագնային փաթեթ է նրան անհրաժեշտ: Այս կերպ մենք պահում ենք մեր հին, հավատարիմ հաճախորդին: Յուրաքանչյուր բիզնեսում հին հաճախորդն ավելի եկամտաբեր է, քան նորը:

– Համաշխարհային փորձը վկայում է, որ հատուկ ծառայությունները բջջային օպերատորների հետ սերտ գործակցում են անվտանգության ապահովման նպատակով: «Beeline»-ն ինչ ՞ դիրքորոշում ունի այս հարցում, և ո՞ր դեպքում են թույլատրվում գաղտնալսումներն ու անձնական SMS-ի ընթերցումը:

– Ամեն տարի մենք միլիոնավոր դոլարներ ենք ուղղում ընկերության, նաև բաժանորդների անձնական տվյալների պաշտպանության ուժեղացմանը: Հաքերները օրեցօր ավելի հնարամիտ են դառնում: Գաղտնալսում ների առումով գործում է օպերատիվ որոնողական միջոցառում ների համակարգ, որը նախատեսված է բոլոր օպերատորների համար: Այն միտված է պետական անվտանգության բարձրացմանը և հանցագործության կանխարգելմանը:

beeline-2

– Ընկերությունը շատ ակտիվ է սոցիալական ծրագրերում: Դուք նաև «Facebook»-ի ակտիվ օգտատեր եք: Արդարացվա՞ծ է այս կարգի ակտիվությունը:

– «Facebook»-ը ներկա և ապագա բաժանորդների հետ կապի շատ կարևոր օղակ է: Մենք ստեղծել ենք զանգերի սպասարկման վիրտուալ ծառայություն «Facebook» սոցիալական ցանցում՝ «Beeline Armenia»-ի պաշտոնական էջում։ Հաճախորդը «Facebook»-ով կարող է ստանալ լիարժեք սպասարկում և իրեն հուզող հարցերի պատասխանը: Ծառայությունն ավելի ակտիվացնելու համար այս պահին հայտարարվել է մրցույթ. եթե մեր օնլայն մասնագետները չպատասխանեն բաժանորդի կողմից ուղարկված հաղորդագրությանը 10 րոպեում, ապա կստանան հատուկ նվեր-մրցանակ «Beeline»-ի գլխավոր տնօրենի կողմից։

– Պարո՛ն Պյատախին, Ձեզ հաճախ կարելի է հանդիպել տարբեր սեմինարների: Վարպետության դասեր եք անցկացնում, որոնց ընթացքում ներկայացնում եք ժամանակակից մենեջմենթի նրբությունները: Ո՞րն է, ըստ Ձեզ, բիզնեսմենի հաջողության բանաձևը: Հաջողակ բիզնես մոդել դառնալու համար ի՞նչ գործիքներ են պետք:

– Երբ հրավիրում են դասընթաց վարելու, երբեք չեմ մերժում: Միշտ խորհուրդ եմ տալիս մի բան՝ սովորել: Միայն բուհական կրթությունը բավական չէ կիրթ ու հաջողակ դառնալու համար: Կյանքը շատ արագ է սլանում, զարգանում: Դրա համար պետք է միշտ բաց լինել, սովորել սեփական, նաև ուրիշի սխալներից: Եվ շատ կարևոր է ընդունել սեփական սխալները ու չամաչել ներողություն խնդրել: Հիմա արդեն ոչինչ հնարավոր չէ գաղտնի պահել, յուրաքանչյուր սխալ հաշված րոպեների ընթացքում կարող է հայտնի դառնալ բոլորին:

– Ձեր կարիերան ուղղակիորեն կապված է հաճախակի ճամփորդությունների հետ: Ընտանիքի անդամներն ինչպե՞ս են հանդուրժում Ձեր հաճախակի բացակայությունը: Հարմարվե՞լ են հայաստանյան կյանքին:

-Դուստրս՝ Պոլինան, 14 տարեկանից Կանադայում է, այնտեղ է սովորում: Փետրվարին կդառնա 21 տարեկան: Ստացվում է, որ 7 տարի ապրում և լավ կրթություն է ստանում Կանադայում: Դա մեծ ներդրում է ոչ միայն իր, այլ նաև իմ ապագայում: 14-ամյա որդիս և կինս հաճախ են լինում Երևանում: Նրանք արդեն վարժվել են Երևանին, իրենց լավ են այստեղ զգում նույնիսկ իմ բացակայությունների ժամանակ:

– Դուք ոչ միայն ղեկավար եք, այլ նաև ընկեր` Ձեր աշխատակիցների համար: Դա ևս բիզնես հաջողություն է: Ինչպե՞ս ստացվեց:

– Երբ տեղափոխվում ես նոր երկիր, պետք է բաց լինես: Չնայած բոլորս խորհրդային մեծ ընտանիքից ենք, սակայն մշակութային տարբերությունն ակնհայտ է: Պետք է ընդունել նորը, հետո՝ ժամանակի ընթացքում, կողմ նորոշվել, թե ինչն է քեզ համար կարևոր: Այդպես ավելի հեշտ է ապրել: Հիմա փորձում եմ հայ դառնալ, որքան հնարավոր է: Շաբաթը 2 անգամ հայերեն եմ սովորում, հրաժարվել եմ այն սննդամթերքից, որը հայերը չեն սիրում: Հետևում եմ երկրի քաղաքականությանը, ուսում նասիրում եմ մշակույթը, պատմությունը: Նկատել եմ, որ Հայաստանում օտարերկրացիներին «մեծ զեղչեր» են անում, ես էլ հաճույքով ընդունում եմ: Եղել եմ Հայաստանի բոլոր անկյուններում, որտեղ մենք ներկայացված ենք: Փորձել եմ նաև ինքս սպասարկել մեր հաճախորդներին: Ինձ համար կարևոր է զգալ, հասկանալ վիճակը տեղում: Թեև ոսկե կանոնին հետևում եմ. աշխատակիցների հետ հարաբերություններում որոշակի հեռավորություն է պետք պահպանել և այդպես է ամբողջ աշխարհում: Ամեն դեպքում փորձում եմ դառնալ յուրային:

beeline-1

– Առջևում Ամանորն է և կարծում եմ՝ կշնորհավորեք Ձեր բաժանորդներին:

-Իհարկե: Ցանկանում եմ շնորհավորել հայ ժողովրդին, մեր աշխատակիցներին, բաժանորդներին և մաղթել նորանոր նվաճում ներ՝ մեզ հետ միասին:

Գրել կարծիք