[ Աշնանային must watch ] «Սև հայելի». բրիտանական անտիուտոպիան վերածվել է մասշտաբային էպոսի

[ Աշնանային must watch ] «Սև հայելի». բրիտանական անտիուտոպիան վերածվել է մասշտաբային էպոսի

Ավելացել են ենթաժանրերը, խտացվել են բազմազան տեսարանները. սերիալի նոր՝ երրորդ եթերաշրջանն ուրախացնում է զիլ սյուժեներով ու լարված, դրամատիկ հանգուցալուծումներով։

1. Nosedive

Ինչի՞ մասին է

Առաջին սերիան ակնհայտ սատիրայի է ենթարկում ժամանակակից սոցցանցային մոլուցքը և դրանից բխող հետևանքները։ Հասարակության մեջ տեղի ունեցող ցանկացած գործողություն գնահատվում է հինգ բալանոց համակարգով՝ լինի դա տաքսիից օգտվելը, թե վերելակում հին ծանոթին հանդիպելը։ Այն անձինք, ում ռեյթինգը բարձր է (4.5 և ավելին)՝ հարգված են, սիրված և օգտվում են շքեղ կյանքի հաճույքներից։ Մյուսները՝ փորձում են ձգտել այդ ռեյթինգին և բարձր բալակիրների շրջապատին։

Ի՞նչ ենք ստանում։

Մի տոննա սատիրիկ իրավիճակ, որտեղ կտեսնենք ծանոթ մարդկանց և կհիշենք նմանատիպ իրավիճակներ։ Նաև աշխարհի պես հնագույն հետևություն. պետք չէ նմանվել մեծամասնությանը, ձգտել թրենդերին և կուլտիվիրացված մեյնսթրիմի պրիմիտիվ մտածելակերպին։

2. Playtest

Ինչի՞ մասին է։

Երիտասարդ ամերիկացի տղամարդն ընտանեկան խնդիրների պատճառով ժամանակավոր լքում է հայրական օջախն ու տրվում է տուրիստական վայելքներին։ Հայտնվելով Մեծ Բրիտանիայում` նա բախվում է բանկային քարտի խնդիրների հետ. ֆինանսական ճեղքվածքը լցնելու համար նա համաձայնվում է մասնակցել համակարգչային խաղեր ստեղծող սուպեր-կազմակերպության նոր խաղի թեսթավորման ընթացքին։

Ի՞նչ ենք ստանում։

Հերոս, ում ֆոբիաներն ու ենթագիտակցական բարդույթները գլուխ են բարձրացնում անհոգ էսքապիզմի փուլում։ Ֆրեյդական փաթեթավորմամբ հոգեբանական «հորոր»՝ վիզուալապես Էդգար Ալան Պոյի դիզայնով։

3. Shut up and dance

Ինչի՞ մասին է։

Բարեհամբույր դեռահասին, որը մատուցող է աշխատում սրճարանում, իսկ աշխատանքի գնում հեծանիվով, տանը սպասում են հոգատար մայրն ու շատ սովորական քույրը։ Ինչպես և բոլոր դեռահասները, պատմության հերոսն ունի համակարգչի հետ առանձնանալու սովորություն՝ սեքսուալ լարվածությունն իջացնելու նպատակով։ Ինչից հետո պարզվում է, որ տղային հետևում էին անհայտ կիբերհանցագործները, որոնք ունեն շանտաժի սեփական համակարգը։

Ի՞նչ ենք ստանում։

Լարված էքշն, որի ամբողջ ընթացքում հանդիսատեսին չի լքում իսպանական ամոթի զգացումը (հոգեբանական իրավիճակ, երբ հանդիսատեսն ամաչում է ֆիլմի հերոսի փոխարեն)։ Սերիայի առաջին մասում Game of thrones-ի երկրպագուներին սպասվում է հաճելի անակնկալ՝ դերասան Ջերոմ Ֆլինի ներկայությամբ։

4. San Junipero

Ինչի՞ մասին է։

Երկու երիտասարդ աղջիկների, որոնք հանդիպում են փոքր հանգստյան քաղաքում։ Գործողությունները տեղի են ունենում 80-ականներին, սակայն առաջին իսկ րոպեներից պարզ է դառնում, որ քաղաքի այցելուներն այստեղ ժամանակավոր են, ավելի շուտ՝ լիմիտավորված։ Իրար մասին գրեթե ոչինչ չիմացող կանանց միջև ստեղծվում է քիմիա, իսկ նորաստեղծ լավ սթորին վերածվում է ժամանակի մեջ ճամփորդությունների մելոդրամատիկ արկածի։

Ի՞նչ ենք ստանում։

Պատկերացում այն մասին, թե ինչպիսին կարող է լինել մեր ապագան։ Մտորումներ և թեզիսներ հավերժ կյանքի, ամեն անհատի գիտակցության մեջ կառուցվող տիեզերքի և այդտեղ ստեղծվող սեփական դրախտի մասին։ Լեսբիական մոդելն, իհարկե, գերիշխող թեմա չէ, այն ավելի շուտ ծաղրում է և՛ միասեռականների ամուսնությունները, և էֆտանազիան, և բարոյախոսության շուրջ պատկերացումները։

5. Men against fire

Ինչի՞ մասին է։

Մարդկությունը պառակտվել է, գոյություն ունի որոշակի կաստա, որին անվանում են «խավարասերներ»։ Նրանք նման են հրեշների, և զինվորական հատուկ ջոկատները զբաղվում են վերջիններիս բնաջնջմամբ։ Սակայն հերթական մարտական գործողությունների ժամանակ նորակոչիկ Լամպասը հայնտաբերում է, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես իրենց սովորեցրել են։

Ի՞նչ ենք ստանում։

Դաժան և տեղ-տեղ հուզիչ պատում-ծաղրում մարդկային տարբերությունների միջև, որոնք որոշվում են ի ծնե. ազգություն, մաշկի գույն, արատներ։ Առաջ է բերվում նաև ընտրության հնարավորությունը. անհո՞գ ապրել՝ չիմանալով ճշմարտությունը, թե՞ տանջվել՝ հասկանալով, որ անզոր ես։ Իդեալականների և չիդեալականների տարբերությունը հիշեցնում է «Գաթակա» անտիուտոպիան, որի հետ սերիալի այս պատմությունն որոշակի զուգահեռներ, միանշանակ, ունի։

6. Hated in the nation

Ինչի՞ մասին է։

Սոցցանցերում տիրող ագրեսիայի, որտեղ համացանցում նստած օգտատերերը լցնում են ատելության լիտրերն այդ օրն իրեն որոշ կիքսեր թույլ տված անձի գլխին։ Արդյունքում, համացանցային աշխարհում ատելություն ձեռք բերած սուբյեկտը դառնում է նորագույտ տեխնոլոգիաների թիրախ և զոհ։

Ի՞նչ ենք ստանում։

Ֆուտուրիստիկ առակ, որը սովորեցնում է մտածել՝ արտահայտվելուց առաջ, և չգործել, մինչև որ չես մտածել. անգամ համացանցում։ Հատկապես համացանցում։ Իսկ ոճային առումով սա և հորոր է, և էքշն, և դրամա, և քաղաքական երգիծանք։ Հիչքոքի երկրպագուները կզգան “Birds” ֆիլմի հետ որոշ իրավիճակային նմանություններ։

Գրել կարծիք