Մուհամեդ Ալի. Թիթեռի պես ճախրելով

Մուհամեդ Ալի. Թիթեռի պես ճախրելով

Նա սեւերի պաշտպանն էր ու սպիտակամորթների թշնամին, որի հետ հայ բռնցքամարտիկին մարտի բռնվել չթույլատրեց Խորհրդային ղեկավարությունը: Մուհամեդ Ալին newmag-ի Պոստ Ֆակտումում:

Հեծանիվը Կասիուս Կլեյի ամենաթանկ իրն էր եւ ամեն ինչ սկսվեց հենց հեծանիվից: Երբ այն գողացան, նա անմիջապես վազեց ոստիկանություն, որտեղ հանդիպեց ոստիկան Ջո Մարտինին: Նա ասաց, որ եթե բռնի գողին, կսպանի: Մարտինին հարցրեց.-  «Իսկ դու գոնե կռվել գիտե՞ս: Կլեյը պատասխանեց. «Ոչ, բայց կջարդեմ դրան հենց բռնեմ: «Այդ դեպքում վատ չէր լինի, եթե սկսեիր բռնցքամարտով զբաղվել»: Հաջորդ օրը Կասիուսը սկսեց մարզվել: Պարապում էր օրն ամենաքիչը 5-6 ժամ:

12 տարեկան Ալին պարապում էր ոստիկան-մարզչի մոտ եւ փոքր եղբորը ստիպում իր վրա քարեր նետել: Կասիուս Կլեյը հանուն բռնցքամարտի անուշադրության էր մատնում նույնիսկ բժիշկների զգուշացումները: 17 տարեկան էր, երբ արյան ճնշումը սկսեց բարձրանալ, բայց նա  անուշադրության մատնեց ցավն ու շարունակեց պարապմունքները:

Նա հստակ ընտրել էր իր ուղին ու գիտեր իր ճանապարհը`  բռնցքամարտիկ էր:

Կասիուս Կլեյի առաջին խոշոր մրցությունը 1960-ին էր: Նա ոսկե մեդալ նվաճեց Հռոմի օլիմպիական խաղերի ժամանակ, որը չէր նշանակում, թե սևամորթը հավասար է սպիտակամորթին: Ռասսայական խտրականությունը այդ ժամանակ ամենուր էր: Կենտուկկիում Կասիուսին չթողեցին ներս մտնել միայն սպիտակների համար նախատեսված ռեստորան: Դա իսկապես ծանր հարված էր նրա համար ու Կասիուսը հունից դուրս եկավ: Հենց նոր նվաճած օլիմպիական մեդալը Օգայո գետը նետեց: Այդ քայլը ավելի ճանաչելի ու հայտնի դարձրեց նրան ու բոլորը սկսեցին խոսել նորահայտ աստղի մասին:

Կլեյի խոսքերն ու բռունցքները իրար չէին հակասում: Նրան պաշտում էին սեւամորթները եւ չէին սիրում սպիտակամորթները: Աշխարհի չեմպիոնության համար նրա առաջին մենամարտի ժամանակ դահլիճը կանգնած էր հակառակորդի` Սոնի Լիսթոնի կողքին, բայց դա ոչինչ չփոխեց` Կասիուս Կլեյը անպարտելի էր:

 «Ճախրել թիթեռի պես, խայթել մեղվի պես». սա Մուհամեդ Ալիի ամենահայտնի արտահայտությունն ու նշանաբանն էր, որն առանց բացառության միայն հաղթանակներ էր բերում նրան:

Եվ սա միայն նշանաբան չէր, սա Կլեյի ոճն էր: Նա տարբերվում էր բոլորից: Կասիուսը մենամարտում էր գրեթե պարելով եւ սպասում հարմար պահի` հարվածի համար: Հարվածները որքան անսպասելի, նույնքան վտանգավոր էին մրցակցի համար, որոնց մինչեւ 12-րդ ռաունդը դիմանալը պարզապես հերոսություն էր:

Կասիուս Կլեյի ամենամեծ առանձնահատկությունն այն էր, որ չնայած ծանր քաշային էր, բայց կարողանում էր արագ ու ճշգրիտ հարվածներ հասցնել: Այդպես չեն լինում ծանր քաշայիները, իսկ նա հենց այդպիսին էր:

Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում ծնված Մուհամեդ Ալին միակ բռնցքամարտիկն է, որն այս ծանր ու դաժան սպորտաձեւ ներմուծեց շոուի էլեմենտներ:

Այլ Կերպ ասած Մուհամեդ Ալիի ոճը բերեց նրան, որ բռնցքամարտը սկսեց դիտվել, ոչ միայն որպես սպորտային մարզաձեւ, այլև որպես նոր ժամանակների յուրօրինակ շոու: Հենց նրա շնորհիվ աշխարհում պոպուլյար ու նորաձեւ դարձավ բռնցքամարտը եւ այս սպորտաձեւի մարզիկները սկսեցին ավելի բարձր վարձատրվել: Բայց նրանցից առաջ ու առաջինը հենց Ալին էր, որի հոնորարները յոթանիշ թվերով էին:  

Եվ շոուն շարունակվում էր ոչ միայն մրցամարտից առաջ, այլև  հենց մրցամարտի ընթացքում ու դրանից էլ հետո, գուցե մինչեւ օրս: Ալին հատուկ քաղաքականություն էր որդեգրել, որը բռնցքամարտիկների համար անընդունելի էր: Նա ոչ միայն բռուցքներով, այլեւ խոսքով ու հայտարարություններով էր ոչնչացնում իր թշնամիներին:

4-րդ ռաունդում Կլեյը մոտեցավ հակառակորդին ու ականջին ու ասաց. «Ես մեծագույնն եմ»: 6-րդ ռաունդը ուժասպառ արեց Լիսթոնին, և նա հանձնվեց: Աշխարհի նոր չեմպիոնը ոչ մի վայրկյան չէր կասկածում իր ուժերին ու  իր հաղթանակին:

Ավելի բարձր կարող էր միայն Ալլահը լինել:

Հաջորդ օրը Կլեյը հայտարարեց, որ միանում է կանադա-ամերիկյան սահմանին գտնվող Դետրոյթ քաղաքում ստեղծված «Իսլամի ազգություն» կրոնական շարժմանը: Մի քանի տարի անց` 1975-ին նա դարձավ սունի մահմեդական:

Գրել կարծիք