Վերադարձ թունելից. կլինիկական մահ ապրած մարդկանց  անդրաշխարհային զրույցներ

Վերադարձ թունելից. կլինիկական մահ ապրած մարդկանց անդրաշխարհային զրույցներ

newmag-ը զրուցել է մարդկանց հետ, ովքեր ապրել են կլինիկական մահ: Ի՞նչ են հասցրել նրանք տեսնել: Մահ իմացյա՞լ:

Օ, ես մահացել եմ… Ի՜նչ հրաշալի է:
Ռ. Մուդի «Կյանք` կյանքից հետո»

Ամերիկացի փիլիսոփա և հոգեբույժ Ռայմոնդ Մուդիի «Կյանք կյանքից հետո» գիրքը լույս տեսավ 1975-ին: Սա նրա երեք գրքերից ամենավաճառվածն էր: Դեռ ոչ ոք այդքան չէր մոտեցել սահմանին ու նկարագրել, թե ինչ կա կյանքի սահմանից անդին:

13833294_1111391958898921_2082630915_o

Հոգեբույժը զրուցել էր 150 հիվանդների հետ, ովքեր կլինիկական մահ էին ապրել: Մուդին ի մի էր բերելբոլոր պատմություններն ու 9 պատկեր առանձնացրել, որոնք ամենաշատն էին հիշատակել հարցվածները:

  1. Խաղաղության զգացում, ցավի ի սպառ բացակայություն
  2. Թեթևություն, ձերբազատում մարմնի ծանրությունից
  3. Ճամփորդություն խավարի միջով, ոմանք այն որպես թունել են նկարագրում
  4. Լույսը բացահայտելու և լույսի հետ շփվելու զգացում
  5. Անցյալի պատկերների դիտում
  6. Ձայներ, որոնք նման են շչակի հնչյունների
  7. Հոգևոր կամ լուսարձակող էակների հետ հանդիպում,
  8. Հանդիպում այլ մարդկանց հետ, հիմանականում մահացած հարազատների
  9. Վերադառանալու ցանկության բացակայություն

Մեր հերոսները նույնպես զգացել, տեսել ու ապրել են այս ամենը: Ռայմոնդ Մուդիի գրքին ավելի ուշ են ծանոթացել, կլինիկական մահն ապրելուց հետո: Նրանք մարդիկ են, որոնք հաղթահարել են մահն ու վերադարձել լիովին փոխված:

13835593_1111391945565589_728109226_o

28 տարեկան էի: Վիրահատության ժամանակ էր: Շատ աննորմալ օրգանիզմ ունեմ, երբեք չես իմանա, թե որ նյութին ինչպես կարձագանքի: Անզգայացումն ազդել էր վրաս, անշարժացել էի, բայց ուղեղս չէր անջատվել: Ամբողջությամբ զգում էի ցավն ու բնազդաբար դիմեցի Աստծուն:

Մինչև այդ բացարձակ աթեիստ եմ եղել: Նույնիսկ կան դրվագներ, որոնց համար ամաչում եմ: Ծաղրում էի հավատքը, եկեղեցին, մարդկանց, որոնք հավատում էին Աստծուն: Երբեք չէի մտածել, որ կյանքս այսպես փոխվելու է:

Փորձում եմ անջատվել ու հանկարծ տղամարդու շատ գեղեցիկ ձայն եմ լսում. «Դու կվերապրես այդ ցավը ու կվերադառնաս: Ցավը նրա համար է, որ հասկանաս, թե որքան ուժեղ եմ քեզ ստեղծել»:

Թունելը, որ նկարագրում են, չեմ տեսել: Զգում էի, թե ինչպես եմ իջնում՝ իմ պատկերացմամբ բացարձակ մութ միջավայր: Եվ հանկարծ` խավարի փոխարեն լույս է: Այնպիսի երջանկություն եմ զգում, որ առաջ չէի զգացել: Ես այդ լուսե օվկիանի մասն եմ: Ինչ-որ ուժ ինձ կանգնեցնում է. պետք է վերադառնամ:  Բայց վերադառնալու ցանկություն չկա:  Ես ուզում էի սիրով պատասխանել այդ էակին ու չէի հասկանում՝ ինչպես: Ձայնն ինձ հանգստացրեց՝ ասելով. «Ես տեսնում եմ, որ սիրում ես: Կարո՞ղ ես խղճի ձայնի հետ ներդաշնակ ապրել, ուրեմն՝ կապացուցես, որ սիրում ես: Դրանից ավելին ինձ ոչինչ պետք չէ»: Ու ես վերադարձա:

Կյանքս ամբողջությամբ փոխվեց, աշխարհայացքս, արժեհամակարգս: Հենց այդ ժամանակ սկսեցի էկոլոգիայով զբաղվել:

13840559_1111391942232256_1528745028_o

1978 թվականն էր, 28 տարեկան էի: Հանրապետական հիվանդանոցի («Արմենիա» բժշկական կենտրոն) վերակենդանացման բաժանմունքում էի աշխատում: Հերթապահության էի, կույր աղիքս բորբոքվել էր, վիրահատեցին: Բարդություններ եղան: 5 օրում 3 վիրահատություն տարա: Վիճակս մնում էր ծանր: Հավանական է, որ ճնշման անկում է եղել, սիրտ-անոթային անբավարարություն, և վիրահատությունից մեկ օր հետո առաջացել է կլինիկական մահ: 2-2.5 րոպե է տևել:

Գիտակցությունս վերականգնվում է, և ես խորը թունելի մեջ եմ: Տհաճ, ճնշող միջավայր է: Ինձնից անկախ՝ կտրվում եմ գետնից ու թունելով մեծ արագությամբ վերև շարժվում: Վերջում փորքիկ, լուսավոր կետ է: Որքան մոտենում եմ` ճնշվածությունն անցնում է:

Թունելից դուրս եմ գալիս ու մխրճվում լույսի մեջ: Ճնշվածությունը վերանում է, թեթևության ու անվտանգության զգացում եմ ապրում: Մինչև ուզում եմ հասկանալ՝ ինչ է կատարվում, անցած կյանքի պատկերներն են հայտնվում: Զգում եմ, որ ինձ հետ դրանք դիտում է նաև լուսավոր էակը, որին չեմ տեսնում, բայց զգում եմ: Հիշողությունները հասնում են մինչև 1-2 տարեկան, ու թելը կտրվում է:

Հետո հատնվում եմ կիսամութ վայրում, գորշ շրջապատում, որտեղ կան այլ մարդիկ՝ հավանաբար մահացած: Բարձրից շող է երևում ու հորաքրոջս մահացած ամուսինը՝ Սերյոժան, որին շատ էի սիրում: Ժամանակ չունեմ զարմանալու: Սերյոժան բռնում է բազկիցս, բարձրացնում վեր: Որքան բարձրանում էինք, լույսը պայծառանում էր: Երբ գլուխս բարձրացրի, ցնցվեցի: Իմ պատկերացմամբ՝ Քրիստոսի դեմքն էր: Սերյոժան խնդրեց ինձ վերադարձնել: Այդ պահին նրա հայացքն անդրադարձավ ինձ: Լույսը ներթափանցեց իմ մեջ ու էներգիայով լցրեց: Էներգիայի հոսքին չդիմացա, շոկից անջատվեցի: Երբ գիտակցության եկա, ուրիշ տեղ էի, ոչ Սերյոժան կար, ոչ լույսը, ոչ Քրիստոս: Կոսմիկական տարածքում էի, մարմինս փայլատակում էր: Այնտեղից իջնում եմ մի դաշտավայր: Անապատ էր, միայն գորշ ավազ: Ցանկապատից այն կողմ հրաշալի տեսարան էր՝  կյանքով լի: Ցանկապատի մոտ դռնակ կար, մոտը՝ մի մարդ: Հասկացա, որ եթե հատեմ սահմանը` էլ վերադարձ չկա: Վերադարձա կոսմիկական տարածություն ու հայտնվեցի հիվանդանոցում, որտեղ մարմինս էր:

13843469_1111391935565590_1675033234_o

13-14 տարեկան էի: Ավտոտնակում գործ էի անում` մեքենայի շարժիչը միացրած:  Վատ զգացի ու ուշագնաց եղա: Այդպես սկսվեց ամեն ինչ: Թունել չեմ տեսել, տեսել եմ միայն ինձ՝ կողքից, թե ինչպես են բժշկական օգնություն ցույց տալիս, հիվանդանոց տեղափոխում, վերակենդանացնում: Ամեն ինչ վիրահատարանում էր տեղի ունենում, որովհետև այդ պահին միայն այնտե՛ղ թթվածին կար: Այն պահին, որ պետք է ուշքի գայի, ուժեղ լույս զգացի, աչքերս բացեցի ու նույն լույսը տեսա վիրահատարանում. մեծ լամպերից մեկն էր, որը միացնում են վիրահատության ժամանակ: Արթնանալուց հետո բոլորին պատմեցի, թե ինչ էին անում ինձ հետ: Նույնիսկ սկզբում, երբ ուզում էին առաջին օգնություն ցույց տալ, ջուր էին լցնում վրաս, ուզում էի ասել, որ այդպես չանեն. ցուրտ է, ու դա չի օգնի, բայց չէի կարողանում խոսել:

Շատերը չեն հավատում, այդ պատճառով էլ խուսափում եմ այս մասին խոսել:

newmag #68 մարտ/ապրիլ

Գրել կարծիք