Որքան դաժան պետք է լինի մարզիչը. Դաժանության հայկական մեթոդիկան

Որքան դաժան պետք է լինի մարզիչը. Դաժանության հայկական մեթոդիկան

newmag-ը զրուցել է հայ մարզիչների հետ ու պարզել, թե մարզիչ-մարզիկ հարաբերություններում ինչպե՞ս տարբերել դաժանությունն ու խստապահանջությունը:

Երբ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ալեքս Ֆերգյուսնը խաղակոշիկով հարվածեց Դևիդ Բեքհեի երեսին` 2003-ի փետրվարին, մեգաաստղը նրան դատի չտվեց: Իր վատ խաղի պատճառով էր «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել «Արսենալին»: Նա դա հասկանում էր: Ու հասկանում էր մարզչի զայրույթը: Ուստի թիմից հեռացավ նույն տարում. ցավով և ունքի մեծ սպիով:

marzich-1Ա ր ա յ ի կ  Ա վ ե տ ի ս յ ա ն

Հայաստանի Դուքենդո կարատեի ֆեդերացիայի փոխնախագահ, Արագածոտնի մասնաճյուղի նախագահ, սև գոտի, 4-րդ դան

7 տարեկանում գնում էի կարատեի, մարզվում` շաբաթը 4-5 օր: Տուն էի գալիս ուժասպառ, կապտուկներով, տանջված, սնվելու ցանկությունը կորցրած: Մարզիչս կյանքս ուտում էր: Ամեն երեկո ինքս ինձ ասում էի. «Վերջ, սա վերջին օրն է. այլևս չեմ գնալու կարատեի»: Բայց հաջորդ օրը` կրկին ձգումներ, որոնց կարծես վերջ չկար: Հենց թուլացնում էի տեմպը` ցուցափայտով հարված հետույքիս: Բակի ընկերներով անվերջ մրցակցության մեջ էինք. ո՞վ կարող է անթերի շպագատ իջնել: Մարզիչս ինձ նստեցնում էր հատակին, բռնում երկու ձեռքիցս, ու ոտքերով սեղմում ոտքերս` դարձնելով հորիզոնական գիծ: Ամենադաժան ցավն էր, որը երբևէ զգացել եմ մարզումների ժամանակ: Տասը տարի անց հանդիպեցի իմ վարպետի հետ, ու զրուցեցինք անկեղծ:

mrzich-ill

Ինձ համար ամենակարևորն այն է, որ մարզիկը կատարի մարզչի հանձնարարությունը: Շատ դեպքերում ես ավելի մտահոգ եմ, քան նա: Երբ տեսնում եմ, որ ինձ ուղղակի չի լսում, առանց մտածելու հեռացնում եմ մարզումներից: Կա ավելի ցավոտ դեպք. երբ մարզիկը մի քանի անգամ հաղթում է, չեմպիոն է դառնում, սկսում է գերագնահատել իրեն ու թերագնահատել մրցակցին: Այդպիսի մարզիկներին ես տանել չեմ կարողանում: Վերջերս նման դեպք եղավ. մեկը կար` քիթը ցից դուրս եկավ մենամարտի, նոկաուտով պառկեց հատակին: Հետո հենց ուշքի եկավ, ասեց, որ հասկացել է սխալները… բայց հեռացավ սպորտից: Ես չփորձեցի նրան ետ պահել որոշումից, ինձ պետք էլ չէր: Հիմա չգիտեմ ինչով է զբաղվում:

Մարզիկի հաջողության համար շատ կարևոր է նաև ծնողի գործոնը: Օրինակ` մարզիկը ֆուտբոլի գնդակ է: Պետք է մարզիչն ու ծնողները խաղան փոխանցումներով: Մարզիչը փոխանցում ստանա ծնողից, մշակի գնդակը, մի քիչ առաջ շարժվի դաշտով, փոխանցի ծնողին ու այդպես շարունակ` մինչև գնդակը հայտնվի դարպասում:

Ընդհանրապես, իմ աշակերտների հանդեպ խիստ եմ: Եթե որևէ մեկը ծուլանա, նրան առավելագույն պատիժը մեկ ոտքով նույն դիրքով ժամերով կանգնելն է: Չեմ հարվածի, արձանի պես կանգնելը նրա համար ավելի ցավոտ է, քան իմ հարվածը: Մարզիկիս հաղթանակի համար անում եմ ամեն ինչ: Կարևոր մենամարտ էր մարզիկիս ու նաև ինձ համար. սկզբունքային` ամեն առումով: Մենամարտից առաջ ասել էի, որ եթե զգում ես, որ պարտվում ես` սաղավարտդ կամ ձեռնոցդ արձակիր ու թայմ-աութ վերցրու: Երբ տեսա, որ զիջում է, անընդհատ հարվածներ է ստանում գլխին, միանգամից տվեցի անունը: Միտումնավոր արձակեց ձեռնոցը, եկավ, ցուցումներ ստացավ, ու շարունակեց: Սկզբում ետ բերեց կորցրած միավորները, հետո առաջ անցավ ու հաղթեց:

Քանի որ հիմնականում մարզումներն անցկացնում եմ խմբերի հետ, ընտրել եմ մարզիկներին պատժելու շատ դաժան մեթոդ: Եթե մարզիկը չի կատարում հրահանգս, պատժում եմ բոլորին: 500 ձգում, տասը րոպե քարացած դիրք` ոտքը վերևում: Ծույլ մարզիկները պետք չեն: Կարծում եմ` պետք է կոպիտ լինել, պատժել հնարավոր բոլոր ձևերով, բայց չհարվածել, որովհետև աշակերտը մարզումների է գալիս, որպեսզի սովորի ճիշտ հարվածել, այլ ոչ` հարվածներ ընդունել:

marich-4Հ ա յ կ  Ղ ու կ ա ս յ ա ն

Հայաստանի ընդհանուր մենամարտերի «ArmFC» ֆեդերացիայի նախագահ, գլխավոր մարզիչ

Հաղթանակի հասնելու համար մարդկայինն հարաբերություններն ամենակարևորն են: Ես գիտեմ իմ մարզիկների բոլոր թերությունները, գիտեմ` ինչ են անում մարզումներից հետո, ինչ կյանքով են ապրում, սոցիալական ինչ խնդիրներ ունեն: Իմ պրակտիկայում արտառոց դեպքերը շատ են եղել: Տխուր մի դեպք. մարզիկս պատրաստվում էր շատ լուրջ մենամարտի, ու մենամարտից քսան րոպե առաջ ինձ զանգում են ու ասում, որ նրա մայրը մահացել է: Բնականաբար, չասեցի:

Կարևոր մենամարտ էր, արտասահմանում միջազգային մրցաշարի էինք մասնակցում: Մնացել էր մեկ ժամ, հանդերձարանում մարզիկիս հետ զրուցում էի: Ասեցի, որ լավ պատրաստված չես, ծեծ ես ուտելու ռինգում ու ամոթով ես վերադառնալու Հայաստան: Մի պահ դուրս եկա հանդերձարանից, վերադարձա, տեսնեմ` փորձում էր սավանով կախվել առաստաղից. ամոթից, որ հանկարծ խայտառակ չլինի: Մարզիկներիցս մեկը պարտվելուց հետո գլխով ջարդել էր հանդերձարանի բոլոր դռները, ձեռքերով կոտրել լվացարանները: Մեկ ուրիշը ինքնասպանության փորձ արեց պարտվելուց հետո:

marzich-ill-2

Տարօրինակ է, բայց մի անգամ մարզիկիս դրդեցի պարտվել: Սխալ ցուցում էի տվել: Ասել էի, որ մրցակցին պետք է անպայման նոկաուտով հաղթի: Մուռ ունեի նրանց մարզչի վրա: Մարզիկս վճռական քայլեր արեց, փորձեց խեղդել, ասեցի` մի խեղդիր, նոկաուտ արա… Լսեց ինձ, միավորներով պարտվեց: Մեկ այլ անգամ էլ մարզիկս ռինգ մտավ ձախ ոտքի վնասվածքով: Կազմակերպիչներից բինտ ուզեցի, կապեցի աջ ոտքին: Ասում էր` բայց իմ ձախ ոտքն է ցավում: Հետո երբ մրցակիցը սկսեց բոլոր հարվածները հասցնել աջ ոտքին,  ձախը մնաց հանգիստ: Սա խորամանկություն էր, որն արել եմ մարզիկիս համար: Մարզիկը պետք է չվախենա ինձնից, նրան կբացատրեմ հազար անգամ, միլիոն անգամ, բայց եթե այդքանից հետո չհասկանա, ուրեմն ինձ պետք չէ: Շատ մարզիկները մրցումների ժամանակ անջատվում են, չեն լսում մարզչի խորհուրդները: Չլսեց` կհեռացնեմ թիմից:

Ոսկե կանոն ունեմ. եթե մարզիկին «խեղդում է» հաջողությունը, և նա կերպարանափոխվում է, մոռանում` ով է եղել, ինչպես է հասել բարձունքի, ահա այդ ժամանակ ուղղակի մոռանում եմ նրան, չեմ ճանաչում, համարում եմ, որ նա գոյություն չունի:

marzich-5Ա բ ր ա հ ա մ  Խ ա շ մ ա ն յ ա ն

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ

Յուրաքանչյուր հաջողություն գալիս է ազնվությունից ու վստահությունից: Ընդհանրապես, մարզիչ տերմինն ինձ համար սուրբ բառ է: Բուդդիզմում խոնարհվում էին ուսուցիչների առաջ. ինձ համար մարզիչը հենց ուսուցիչն է: Մի քիչ ճիշտ վարվեք այդ բառի հետ, քանի որ այսօր շատերն են «մարզիչ» համարվում, բայց այդպես չէ:

Մի փոքր հեշտ է ապակոմնորոշել մեր ֆուտբոլի ղեկավարներին. ամենևին պարտադիր չէ, որ մարզիչը լինի խիստ: Մարզիչը պետք է լինի պահանջկոտ իր և իր ֆուտբոլիստի հանդեպ: Այսօր մարզիկներիս հետ աշխատում եմ ավելի ավտորիտար մեթոդով: Պետք չէ մարզումների գալ «բեյսբոլի մականը» ձեռքին: Մարզիչը պետք է մեծ նպատակ ունենա: Փորձ ունեցող ֆուտբոլիստները կարծում են, թե իրենք միշտ պետք է խաղան, լինեն մեկնարկային կազմում, սակայն իմ պարագայում այդպես չէ: Նա կնստի պահեստային նստարանին ու տեղը կզիջի ավելի լավ մարզավիճակով ֆուտբոլիստին:

Նախկինում լավ են պատրաստ եղել, թե վատ` խաղացել են. իմ թիմերում ես դա չեմ թույլատրել: Եթե ֆուտբոլիստին մեկ անգամ բացատրում ես, երկրորդ անգամ բացատրում ես, և նա չի ընկալում, ուրեմն նա քեզ խանգարում է: Մոտ 50 ֆուտբոլիստի եմ հանել իմ թիմերից: Մարզական տվյալները չեն համապատասախանել` ասել եմ` հաջողություն: Բայց խաղադաշտից դուրս նրանց հետ կապը միշտ պահում եմ: Նաև ֆինանսական տույժեր են կրել ֆուտբոլիստները, բայց ամենամեծ պատիժը, որը կիրառել եմ` թիմից ազատելն է: Եվ հիմա էլ, եթե նկատեմ, որ ինձ որևէ ֆուտբոլիստ խանգարում է, առանց մտածելու կազատեմ թիմից` առանց նրա կարգավիճակին ուշադրություն դարձնելու: Մեր մտածելակերպը ստիպում է, որ ես խստապահանջ լինեմ:

 newmag #68 մարտ / ապրիլ

Գրել կարծիք