

Ի՞նչպես են Նիկոսիայում անվանում Սփյուռքի նախարարին, որտե՞ղ է պահում Կիպրոսի նախագահն իր թալիսմանը, ի՞նչ է խոսել Նախագահը պատերազմի վերսկսման մասին, և որտե՞ղ ճաշեց հայաստանյան պատվիրակությունը: newmag-ը պատմում է Սերժ Սարգսյանի կիպրոսյան այցի մասին մանրամասներ, որոնք դուրս են մնացել լրատվական հոսքից:
Նախագահականում հյուրերին դիմավորում է Կիպրոսի նախագահի թալիսմանը
Փրչոտ պոչիկը շարժելով, բոլորին սիրալիր դիմավորող Լեոն Կիպրոսի աստղն է: Օսկարակիր հոլիվուդյան դերասանի հետ կապ չունի, նրան նախագահականում էլ վատ չեն կերակրում: Առանց նրա իմացության ոչ մի կենդանի շունչ տարածք չի ներթափանցի: Իրեն անդավաճան քիթ` նախագահականի ռապիսկան Լեո կասեն: Լեոն Կիպրոսի նախագահի թալիսմանն է` 3 տարի առաջ նվիրել էին նրա երկու դստրերը, երբ իրենց հայրը երկրի առաջին դեմք էր դարձել:
Սրահում, որտեղ նախագահներն էին առանձնացել, Կիպրոսի պատմությունն էր, որը նկարիչների բարձրարժեք աշխատանքներով էր ներկայացված: Մինչև առանձնազրույցը կավարտվեր, պատվիրակության անդամները զննում էին նստավայրի նախասրահի մշակութային արժեքները` գլխավոր մուտքի մոտ սերն էր իշխում` կենտրոնում ԱՖրոդիտե աստվածուհու կիսանդրին է, շուրջբոլորն էլ` արխայիկ արձանիկներ, որոնք հայտնաբերվել են կրաքարի քարանձավից:
Եթե նույնիսկ այս միջավայրը տրամադրող չլիներ, մեկ է` նախագահները քննարկումից հետո միասին էին դուրս գալու ու միմյանց անունով էին դիմելու:
-Իմ ընկերոջն եմ այստեղ ողջունում, մեր հարաբերությունները եղբայրական են, համագործակցությունը` գերազանց:- Նիկոս Անաստասիադեսի խոսքում քանի նախադասություն կար, այդքան` «ընկեր» բառը:
-Իմ ընկեր Սերժից տեղեկացա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումների մասին:
Սերժ Սարգսյանն էլ շարունակեց նույն ոճով: Ի դեպ, այդպես նաև ավելի հեշտ էր` լավ է մի քանի անգամ ասել Նիկոս, քան մեկ անգամ Անաստիասիադես: Նախագահը բացահայտեց` իրենց ընկերությունը տարիների պատմություն ունի:
-Իմ ընկեր Նիկոսի հետ իրար լավ ենք ճանաչում, գիտենք ինչ անել: Ինչ անում ենք` մեր ժողովուրդների բարեկամությունն ամրապնդելու համար ենք անում:
Հայ-կիպրոսյան եղբայրության, բարեկամության ու ընկերության թեման շարունակվեց արտգործնախարարության թանգարանում, որի կենտրոնում Ջուղայի խաչքարն է: Կիպրոսի ամենատարեց սկաուտ Անմահունին դրա շուրջ առավոտից էր պտտվում: Ձեռքին ծրար կար, վրան գրված` 5 հազար դոլար:
–Կուտակել եմ, որ մեր հերոս` զոհված զինվորների մայրերին փոխանցեմ:
-Ո՞ւմ միջոցով եք փոխանցելու:
-Հրանուշ Հակոբյանի:
Հրանուշ Հակոբյանը հանդիսավոր տեղավորվել էր Նախագահի ձախ կողմում. դիմացը հայկական համայնքի ներկայացուցիչներն էին: Հարություն Անմահունին` նույնպես: Սերժ Սարգսյանի ժամանակը սահմանափակ էր, առաջարկեց միանգամից հարց-պատասխանի անցնել:
-Խնդրեմ, ով ինչ հարց ունի,-անմիջական տոնով սկսեց Սերժ Սարգսյանը, բայց առաջին մի քանի վայրկյանին` քար լռություն:
-Հարցեր չունե՞ք, – Նախագահը զարմացավ, բայց հենց նույն պահին էլ մի տղամարդ ոտքի կանգնեց:
-Ինձ Հրանուշ Հակոբյանն է ասել, որ հարց տամ…
Դահլիճում սկսեցին քթի տակ ծիծաղել, նախարարուհին էլ ակամա ժպտաց: Միայն Սերժ Սարգսյանը, կարծես թե, չզարմացավ:
-Պարո´ն Նախագահ, այս նույն օրերին, երբ Դուք այստեղ եք, Էրդողանն է Ադրբեջանում…
Շարունակությունը ոչ այնքան հարց էր, որքան մտահոգություն` հո պատերազմ չի՞ սկսվում:
Հարցի ենթատեքստը Սերժ Սարգսյանը միանգամից կռահեց.
-Իմ այցը Հունաստան, Կիպրոս ոչ մի կապ չունի Ադրբեջանի հետ: Պարզապես համընկել է: Կան գործոններ, որոնք պատերազմ վերսկսելուն չեն նպաստում: Առաջինը` հայկական բանակն է.
Մեր ԶՈՒ-ն ամբողջ կարողությամբ կչեզոքացնի ցանկացած վտանգ:
Երկրորդ` միջազգային իրավիճակն էլ չի նպաստում ռազմական գործուղություններ սկսելուն: Ռուսաստանն էլ շահագրգռված չէ, որ կոնֆլիկտի մեկ օջախ էլ լինի: Մինսկի խումբը միայն խաղաղ կարգավորման մասին է խոսում: Երրորդն էլ Ադրբեջանի տնտեսական վիճակն է, նավթի գինը: Պատերազմ սկսվում է, երբ պատրաստ են, երբ ունեն ռեսուրսներ, հնարավորություններ: Մյուս կողմից դա էլ կարող է օգտագործվել որպես միջոց` Ադրբեջանի ներսում, որպեսզի իրենց հասարակության ուշադրությունը շեղեն հիմնական խնդիրներից: Բայց ես չեմ տեսնում ռազմական գործուղության վերսկսման հնարավորություն, գոնե տեսանելի ապագայում:
ԷՊԻԶՈԴ 1. Հունական ՎԱՅ-fi-ը բարձր մակարդակի բանակցությունների ֆոնին
Դահլիճում մտահոգությունը փարատվեց, ու հենց այստեղ էր, որ ոտքի կանգնեց Անմահունին, սկսեց հեռվից` Սփյուռքի նախարարի բնութագրից
-Մեր նախարարը` երկաթե շերեփ տիկին Հրանուշը…
Տեսնելով, որ օրիգինալ բնորոշումը ծիծաղ առաջացրեց, սկաուտը շտապեց ուղղել ինքն իրեն.
-Մեր տիկինը փափկասուն Հայաստան-Սփյուռքի…
Ծիծաղը դադարեց միայն այն ժամանակ, երբ Անմահունին հանեց ծրարը ու ասաց, որ հենց Փափկասուն տիկնոջն էլ հանձնում է այն, որ փոխանցի զոհված զինվորների հարազատներին:
Փոխանցումն ուղեկցվեց երկա˜ր գրկախառնությամբ:
Այս ամենից հետո սփյուռքահայերից մնեկն էլ Կրթության նոր նախարարի մասին խոսեց, Նախագահը` Արի տուն կարգախոսի ոգով էլ պատասխանեց.
-Պարոն Մկրտչյանը տուն վերադարձավ:
Այս տրամադրությամբ էլ` ուղիղ Վարդգես Մահդեսյանի առանձնատուն: Ներկայացուցիչների պալատում միայն նա է ներկայացնում հայկական համայնքի շահերը: Այս ամբողջ ընթացքում էլ Հայաստանի Նախագահին էր ուղեկցում:
Հայ պատգամավորի առանձնատանը զգացվում էր` ճաշին հատուկ են պատրաստվել: Հատուկ ընտրված երաժշտություն, այս ու այն կողմ վազող սպասավորներ, առաջին, երկրորդ, երրորդ` բնական ծաղիկներով զարդարված, վարդի պաղպաղակ… Նախագահը, նախարարներն ու Մահդեսյանը նախընտրեցին ճաշել մաքուր օդում` առանձնատան ընդարձակ բակում: Հասմիկ Պողոսյանը հասցրեց աչքի պոչով զննել բարերար պատգամավորի տան մշակութային արժեքները: Հետո հիացմունքով նկարագրում էր գորգի փոքրիկ կտորը, որը տանտերերին հայ նախնիներն են ժառանգել, և որպեսզի այն չվնասվի, պահպանվի, պատին նկարի պես էին փակցրել` ապակու տակ: