Կենդանի դիակ, սգո սառնարան ու եվրաշիրմաքար. դիաբիզնեսի տարօրինակությունների մասին

Կենդանի դիակ, սգո սառնարան ու եվրաշիրմաքար. դիաբիզնեսի տարօրինակությունների մասին

newmag-ը գտել է Գոռ Կիրակոսյանի «Մեծ պատմություն փոքր քաղաքում» (2007) ֆիլմի պատմության ականատեսներին՝ սգո ծառայության այն աշխատակիցներին, որոնք ակամա դարձել են դառը զավեշտի մասնակից:

Գոռ Կիրակոսյանի «Մեծ պատմություն փոքր քաղաքում» (2007) ֆիլմն այն մասին է, թե հարազատները ինչպես են շփոթել երկու հանգուցյալներին և այլ հանգուցյալ են վերցրել: Այս կինոկոմեդիան հիմնված է իրական դեպքի վրա, որը տեղի է ունեցել հենց Հայաստանում: Դեպքն իրական է, պատմությունն է տարբեր: Պատմում է Արայիկ Խաչատրյանը կամ, ինչպես նրան ճանաչում են Երևանում, Երրորդմասցի Արոն (սգո ծառայության տնօրեն է 17 տարի).

«Կինոյում երկու տղամարդու պատմություն է, իրականում կանայք են եղել: Դիահերձարանի դիմաց կանգնած էի: Եկան, հարցրեցին, թե՝ Արոն դո՞ւ ես: Ասացի՝ ես եմ: Խնդրեցին մեքենան բացել: Ես էլ չեմ ճանաչում հանգուցյալին: Դրեցին մեքենան, տարան: Մեկ էլ մի քանի ժամ հետո զանգ ստացա: Տղան էր: Ասաց, թե փոխս են ընկել հանգուցյալները: Մի պահ չհավատացի, հետո հասկացա, որ լուրջ են խոսում: Էդ մարդիկ էլ էին զարմացած: Ախր առաջին հարկում էլ չեն ապրում. համարյա շենքի կեսը ոտքով բարձրացրել են՝ չեն իմացել: Հետո տանը կանանցից մեկն է լացելով ասել, թե՝ էս ո՞ւմ եք բերել: Մի խոսքով, զանգեցինք դիահերձարան: Էն մյուս տեղն իմացանք ու գնացինք: Նրանք սկի չէին էլ հասկացել, իրանց հարազատի հոգեհանգիստն էին անում: Ախր նման էլ չէին է, որ ասես՝ խառնել են: Հանգուցյալներին փոխանակեցին ու շարունակեցին իրենց սուգը:

Էդ փոխս ընկնելը մի անգամ չի, որ էղել է: Մեր մոտ՝երկու անգամ: Մի անգամ էլ երկու թաղում կար. մեկը՝ Երևանում, իմ սգո սրահը պետք է սպասարկեր, մեկն էլ՝ Քյավառում: Էս քյավառցին խմած գալիս, մտնում է դիահերձարան, ասում է՝ ո՞ր համարինն ա իմ հանգուցյալը: Երկու հանգուցյալ է լինում. մեկը՝ 68 համարի, մյուսը՝ 86: Էս մարդուն ասում են՝68-ը: Մըտնում է ներս, ասում՝ 86: Սրան էլ փակ դագաղով պետք է թաղեն: Դագաղը զմռսում են ու հայդա Քյավառ: Հաջորդ օրը իրական հարազատը գալիս, տեսնում է՝ պառկածն իր հանգուցյալը չի: Պարզում են, որ տարել են Քյավառ: Զանգում են էդ մարդուն, էս էլ թե՝ արդեն թաղել ենք, քելեխն էլ կերել ենք: Անձրևին հասնում ենք Քյավառ շտապ օգնության մեքենայով: Գիշերը մի կերպ հանում, փոխում ենք:

Մի օր ծնունդի էի: Զանգեցին, կանչեցին, թե՝արի՛, պետք է գնալ դիահերձարան: Ծնունդը կիսատ թողեցի, գնացի: Ընդհանրապես հանգուցյալին վերցնելուց առաջ միշտ ստուգում եմ, որ կապտած տեղեր չլինեն հանկարծ: Ստուգեցի, ամեն ինչ նորմալ էր: Փաթաթեցինք սավանի մեջ, դրեցինք ավտոմեքենան, ու գնացի: Շրջադարձի ժամանակ զգացի, որ կողքիս նստածը տարօրինակ ու վախեցած շարժումներ է անում, մտածեցի՝ վթարի ենք ենթարկվել: Մեկ էլ պատահաբար աչքս ընկավ հայելուն, տեսնեմ՝ հանգուցյալը նստել է ու փորձում է կապանքներից ազատվել: Մեքենան հենց փողոցի մեջտեղում կանգնեցրի ու կանգնեցի փողոցի անկյունում գտնվող ծառի տակ: Հարազատները չէին հասկանում՝ ինչ է կատարվում: Ասեցի՝ ձեր հարազատը ողջ է: Ոնց որ կինոյի ստոպ կադր լիներ. ով որտեղ կանգնած էր, մնաց տեղում մեխված: Մեջներից տարիքով մի մարդ գնաց, բացեց, տեսավ՝ էս մարդը, աչքերը բաց, իրենց է նայում: Ստիպված տարան տուն: Բայց գնալուց առաջ խնդրեցի, որ եթե հանկարծ մահանա, էլ ինձ չկանչեն: Դրանից հետո երկու անգամ շաքարս ստուգել տվեցի, բայց լավ էր. բան չէր էղել»:

Թաղման զավեշտներին հավասարվում են դառնացած հարազատների զավեշտալի պատվերները: Արայիկի մասնագիտական կյանքում այդպիսիք յոթն են եղել.

Խնդրել են մահացածին առաքել. «Կլինի՞ մեր հարազատին առաքեք մեզ»:

Պահանջել են, որ մեքենան լինի վերջին մոդելի. «Սև գույնի թազա կադիլակ ունե՞ք»:

Որպես հրաժեշտի երաժշտություն՝ պատվիրել են ռուսական շանսոն. «Ուզում եմ՝ բլատնոյ մուզիկա լինի»:

Հատուկ ավտոմատ սարք՝ դագաղն իջենելու համար. «Ուզում եմ՝ դագաղը լիֆտով դանդաղ իջցնենք փոսը» (այս պատվերն արդեն մեծ տարածում է ստացել):

Հոգեհացի համար սառը հյութեր և սառնարան. «Գերեզմանները սառնարա՛ն բերեք՝ հանքայինը չտաքանա»:

Թաղումների մասնագիտացած տեսանկարահանում և տեղադրում YouTube-ում. «Բոլորին հերթով նկարե՛ք, որ իմանանք՝ ո՞վ չէր լացում»:

Տարօրինակ ավանդույթներից Արայիկն առանձնացնում է հատկապես հանգուցյալի հետ թուղթ ու գիր թաղելը, որի ծանր պարտականությունը հենց վարորդին է բաժին հասնում:

«Էդ նրա համար, որ եթե ուզում ես՝ նենց թուղթ ու գիր անես, որ երբեք չկարողանան բացել, տենց մահացածի հետ թաղում են: Գալիս ասում են՝ էս կխցկես մահացածի ոտքերի տակ: Ես միշտ հրաժարվում եմ: Լինում է, որ մոմ են թափում ու բերում, որ իբր վախերը հետը տանի: Էլ չեմ ասում, թե ինչեր են թաղում հանգուցյալի հետ՝ էլ օղի, էլ ծխախոտ, էլ ակնոց, էլ նկարներ, էլ ոսկեղեն: Բայց մի դեպք եղավ, որ երբեք չեմ մոռանա: Գումարը տրամադրեցին, որ ամբողջ թաղումը կազմակերպենք, բայց առանց հարազատների: Հիմա դագաղը դրել ենք հողի թմբի վրա, մեկ էլ ոտքս սայթաքեց, ու դագաղի փոխարեն ես ընկա փոսը»:

17 տարվա մեջ Արայիկը աշխատանքի յուրահատուկ մեխանիզմ է մշակել: Հուղարկավորությունը կազմակերպելու գինը որոշում է՝ ըստ պատվիրատուի կոշիկների: Իր սկզբունքը չի մեկնաբանում. մասնագիտական գաղտնիք է:

Ավելի արտառոց են գերեզմանաքարերի պատվերները: Ահա մի քանիսը, որ պատմել են շիրմաքար պատրաստողները .

  • Երբ մի ամուսինը մահանում է, մյուսը դեռ ողջ է, քարը տեղադրելիս վրան գրում են 2-ի անունները, 2-ի ծննդյան թվերը և վրան ծեծում են 2-ի նկարն էլ, բայց մեկի քարի վրա մահվան տարեթիվը գրում են, մյուսինը՝բաց թողնում, որ հետո լրացնեն:
  • Տեղադրում են եվրապատուհաններից հավաքած շիրմառամկա, որի մեջ փակցնում են մահացածի նկարը: Մի քիչ ավելի հարուստները նույնիսկ ընտրում են փայտի գույնի եվրապատուհաններ:
  • Եղել են դեպքեր, որ ընտանեկան գերեզմանի խնամք պատվիրելիս պատվիրատուն հստակ նշել է, թե հատկապես ո՛ր շիրմաքարն է պետք խնամել (օրինակ՝ միայն իր հայրիկի մասը), չնայած նույն տեղում թաղված են մյուս հարազատներն էլ, և ծառայության գինը նույնն է:
  • Լինում են դեպքեր, որ գերեզմանաքարերին մարդկանց պատկերում են ավտոմեքենայի կամ կահույքի հետ: Սովորաբար՝ «Նիվա» կամ խորհըրդային այլ մեքենաներ, երբեմն նույնիսկ երևում են մեքենայի «գոլդ» համարները:

Այս ընթացքում Եվրոպայում …

Ռուսաստանի Նեկրոպոլ քաղաքում ամենաշատ այցելուներ հավաքողը Անդրշիրիմյան աշխարհի արվեստի թանգարանն է: Ցուցահանդեսին ներկայացված են դագաղների տեսակներ, կառքեր, տորթեր՝ դագաղի տեսքով, և ակվարիում, որտեղ հանգուցյալին կճանապարհեն կենդանի ձկների ընկերակցությամբ:

Լեհաստանում էլ «Lindner» դագաղագործական ընկերությունը 2010-ից թողարկում է էրոտիկ օրացույցներ: Մերկ կամ կիսամերկ մոդելները դիրքավորվում են հենց ընկերության արտադրած դագաղների վրա: 2016-ի օրացույցի մոդելներին լուսանկարել են վինտաժային ոճով: Ժանյակավոր հագուստներով կամ ներքնաշորերով մոդելները գովազդում են ընկերության արտադրանքը: Լեհ կաթոլիկ եկեղեցին ամեն տարի քննադատում է այս օրացույցի թողարկումը:

Գրել կարծիք