Ժամանակակից ժողովրդավարության մասին

Ժամանակակից ժողովրդավարության մասին

Ժողովրդավարությունը 21-րդ դարում դառնում է քաղաքական շանտաժի, ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտության, փարիսեցիական շահարկումների առարկա:

Դեռ երբեք աշխարհում այսքան շատ չեն խոսել ժողովրդավարության մասին, հավատարմության երդում չեն տվել նրան: Երդվում են Աստվածաշնչով և նույնիսկ Աստվածաշնչի վրա՝ չնկատելով մովսեսյան-քրիստոնեական արժեքների համակարգի հիերարխիականության և «հավասարության տենչով սնուցվող մշակույթի » ակնհայտ հակասությունները:

Հենց այսպես է բնորոշել Ֆրանսուա Ֆուրեն մեր «Դարաշրջանը», որում հասարակական անհավասարության արատները բուժելու ի սկզբանե վեհ ցանկությունն այլասերվում է ամեն ինչ համահարթեցնելու ամենակուլ տենչի աստիճան: Մեղքն ու առաքինությունը, գեղեցկությունն ու այլանդակությունը, ճշմարտությունն ու սուտը, քաղկոռեկտ դարձնելով միայն արժեքային ռելյատիվիզմը և նույնիսկ նիհիլիզմը:

Դեռ համեմատաբար վերջերս հասարակության և պետության ժողովրդավարականության գլխավոր նշանները երկրի ներսում օրենքով երաշխավորված անձի իրավունքներն էին, իշխանության փոխանցման Սահմանադրությամբ ու օրենքներով նախորոշված ժողովրդական միջոցները և, վերջապես, միջազգային ասպարեզում պետությունների ժողովրդավարական պահվածքի միջազգային իրավունքով երաշխավորված սկզբունքները: Այսինքն՝ հարգանքը այլ պետությունների ինքնիշխանության նկատմամբ և ներքին գործերին չմիջամտելը:

Սակայն վերջին քառորդ դարի ընթացքում բոլոր այդ ասպարեզներում տեղի ունեցան խոր փոփոխություններ: Ժողովրդավարության ինքնահռչակ ուսուցիչների կողմից մի ամբողջ շարք գունավոր հեղափոխությունների խրախուսում, որոնք ամբողջ աշխարհում դեռևս անցած դարեվերջին կանվանեին պետական հեղաշրջումներ, օտարերկրյա մասնակիցների միջամտում երկրի ներսում տեղի ունեցող սահմանադրական գործընթացներին. այս ամենը վկայում է ժողովրդավարության բուն հայեցակարգի խոր ճգնաժամի, դրա դասական մեկնաբանությունների ակնհայտ փլուզման մասին:

Եթե ժողովրդավարական գաղափարի վերելքի և ծաղկման դարաշրջանում դրա տակ հասկանում էին ժողովրդի կամքի արտահայտության մարմնավորումն իրավունքի և օրենքի մեջ, ապա ժողովրդավարության ներկայիս ուսուցիչները հանգել են ճիշտ հակառակին: Ժողովրդավարության դրոշի ներքո իշխանափոխության արտաիրավական և հակասահմանադրական մեխանիզմների լեգիտիմացմանը: Մի՞թե սա իրավական պետության հասկացությունների ճգնաժամ չէ:

Ժողովրդավարությունը 21-րդ դարում դառնում է քաղաքական շանտաժի, ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտության, փարիսեցիական շահարկումների առարկա: Գնալով ավելի հաճախ դա ուղեկցվում է դեմագոգիայի այնպիսի մարգարիտներով, որոնց կողքին խամրում են խորհրդային ժամանակների ամենավհատեցնող նմուշները: Գնալով ավելի հաճախ ապագա ժողովրդավարության անունից հիմնավորվում է իրավունքի և օրենքի կոպիտ ոտնահարումը ինչպես սեփական երկրների ներսում, այնպես էլ այլ պետությունների նկատմամբ:

Իսկ միտումներն ավելի շատ վկայում են ոչ թե ժողովրդավարության, այլ «գլոբալ կառավարմամբ» նրա փոխարինման մասին՝ մի խումբ երկրներիև վերազգային ինչ-որ ինտելեկտուալ կոհորտայի կողմից: Վերջինս համառորեն հաստատում է սեփական բարոյական կրատիան՝ դեմոսի հանդեպ բացահայտ ռոբեսպիերական վերաբերմունքով. «Եթե ժողովուրդը չի աջակցում մեր գաղափարներին, փոխել ժողովրդին»:

Իրականում արևմտյան օրինակելի ժողովրդավարությունների ներկայիս դեմքերն ու շարժուձևը, վարքուբարքն ու պահվածքը, ընդհանուր կուլտուրան և ինտելեկտուալ մակարդակը առիթ են տալիս կասկածի տակ առնել մարդկության առաջընթացը և հիշել Թալեյրանի խոսքերը. «Ամբողջ ժողովուրդներ կսարսափեին, եթե իմանային, թե ինչ չնչին մարդիկ են իրենց իշխում»:

 

Նյութը` «Հայոց Աշխարհ» օրաթերթից
Հեղինակ` Գագիկ Մկրտչյան

Գրել կարծիք