Դերենիկ Դեմիրճյանը և իր կանայք (մաս 1)

Դերենիկ Դեմիրճյանը և իր կանայք (մաս 1)

newmag-ի ընթերցողներն առաջինը հնարավորություն ունեն ծանոթանալ Դերենիկ Դեմիրճյանի երրորդ որդու` Վիգենի մոր հիշողություններին: Գայանե Ավետիսյանը Վարպետի օրինական կինը չէր: Դերենիկ Դեմիրճյանը զերծ է եղել բոլոր կարգի թուլություններից, բացի մեկից: Կանայք էին:

Ըստ Դերենիկ Դեմիրճյանի քրոջ աղջկա` Նատալյա Շիրինյանի՝ Դեմիրճյանը զերծ է եղել բոլոր կարգի թուլություններից. ո՛չ ալկոհոլ, ո՛չ ծխախոտ, սուրճն անգամ միայն կաթով էր խմում, բայց ունեցել է մեկ թուլություն` կանայք: Դեմիրճյանը երկու անգամ օրինական ամուսնություն է ունեցել. առաջին կինը Մարիամ Կանայանն էր` Դրաստամատ Կանայանի քույրը: Ունեցել են երկու որդի` Արտաշեսը, որը մահացել է 2 տարեկանում, և Վիգենը, որը ապրել է մոտ 60 տարի և ունեցել է մտավոր խնդիրներ: Մարիամի մահից մի քանի տարի անց Դեմիրճյանը հանդիպել է երկրորդ կնոջը` Մարիա Միխայլովնա Իվանովային:

***

Մինչև «Վարդանանք»-ի հրատարակվելը Վարպետն այնքան էլ ապահովված չէր: Նա չէր սիրում, որ դրամ էին վերցնում և խոստացած ժամանակին չէին տալիս. շատ ճշտապահանջ էր: Մի անգամ թատրոնից մի տղամարդ Վարպետից գումար էր խնդրել և չէր վերադարձրել: Մոսկվայում իմ միջոցով նորից խնդրեց, որ Վարպետն իրեն փող տա: Երբ ես այդ մասին հայտնեցի Դեմիրճյանին, նա ասաց.

«Նա վերցնում է անվերադարձ, բայց միշտ էլ ասում է՝ այսօր կբերեմ, վաղը կբերեմ, և չի բերում: Իրեն ասա՛, որ փող չունեմ»:

Մյուս օրը, երբ Վարպետի հետ դուրս էինք գալիս Մոսկվայի Փոքր թատրոնից 1941-ին, նա ասաց. «Գիտե՞ս, Գարո՛ւն, ես նրան փողը տվեցի. դե՛, մեղք է, ջահել տղա է»: Ես շատ ուրախացա, որ նրան օգնել է օտար տեղում՝ Մոսկվայում:

Վարպետը հաճախ գալիս էր ջութակով, հատկապես Վիգենի համար: Վիգենը երկրորդ դասարանում էր. նա նվագում էր, որից հետո Վարպետն ասաց. «Վիգենը ինձ է քաշել. լավ լսողություն ունի, պետք է տանեմ երաժշտական դպրոց»: Եվ ինքն անձամբ տարավ Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, որի դիրեկտորն էր հանգուցյալ Հայկանուշ Դանիելյանը: Դանիելյանը փորձել էր Վիգենի լսողությունը և ասել, որ բացի լսողությունից` ունի նաև ձայն, և իրոք որ նա ձայն ուներ և երգում էր իր համար: Դրանից հետո շատ սուղ պայմաններով գնեցինք դաշնամուր` «Ռոստով-Դոն», և այդ դաշնամուրը Վարպետը տարավ իրենց մոտ` Աբովյան փող. 29, որպեսզի Վիգենն ավելի կապված լիներ իրենց տան հետ: Դաշնամուրի դասատու ընկ. Թագուհի Արամյանը գնում էր Վարպետի տուն և պարապում երեխայի հետ, սակայն որոշ ժամանակ անց երեխան որոշեց չգնալ. դա ուներ իր հիմքերը (մեծ Վիգենի պատճառով), որից հետո դաշնամուրը տեղափոխեցինք ինձ մոտ, և երեխան սկսեց պարապել: Անուղղակի նայում էի, թե ինչպես է Վարպետը ուրախ աչքերով նայում Վիգենին ու նվագում. ինքը՝ ջութակ, իսկ Վիգենն էլ իր իմացած փոքրիկ էտյուդն էր նվագում: Մինչև այժմ այդ դաշնամուրը՝ որպես մասունք, պահել եմ. ես Վիգենի համար գնեցի նորը, երբ նա գնաց նոր բնակարան իր ընտանիքի հետ: Այդ դաշնամուրը պահպանվում է ինձ մոտ:

Երբ Դեմիրճյանի համար տուն-թանգարան կկազմակերպեն, ես այդ դաշնամուրը կտամ այդ թանգարանին:


Դերենիկ Դեմիրճյանը և իր կանայք (մաս 2)


Վարպետի 70-ամյակի օրը փոքրիկ Վիգենն իր մոտ էր, որտեղ ներկա էին նաև Իսահակյանի ընտանիքը, գրող Հրաչյա Հովհաննիսյանը: Երբ տիկին Սոֆիկը Վիգենին բարձրացնում և կանգնեցնում է աթոռի վրա, Դեմիրճյանն ասում է. «Տեսե՛ք, իսկական իմ պնչից թռած է»: Այդ ժամանակ տիկին Սոֆիկն ասում է. «Իսկական փոքրիկ Դերենիկն է»: Երբ արդեն ուշ է լինում, կանչում է Վիգենի դայակին և պատվիրում երեխային տուն տանել` նկատի ունենալով մեծ Վիգենին….

Դեմիրճյանը չներեց քրոջ որդու ինքնասպանությունը

Դեմիրճյանը չտեսնված հայրենասեր էր: Ամբողջ օրը մտածում էր մեր հաղթանակի մասին և համոզված ասում էր. «Մերոնք շուտով կհաղթանակեն, ու հաղթանակով կգան եղբայրդ և բոլորի եղբայրները, ամուսինները, քույրերը»:

Իր քրոջ` Սաթենիկ Դեմիրճյանի որդին 1942 թ. եկել էր մի քանի օրով արձակուրդ և իր ատրճանակով խփել էր իրեն ու տեղնուտեղը մահացել: Դեմիրճյանը տուն եկավ՝ շատ հուզված: Ես ոչ մի բան չասացի, և առհասարակ, երբ նա հուզված էր, ես պետք է շրջանցեի, իսկ հետո ինքն սկսում էր պատմել, թե ինչու է հուզված, ու ասաց. «Քրոջս տղան ինքն իրեն խփեց, իր կյանքին վերջ տվեց»: Ես ու մայրս մի պահ կորցրեցինք մեզ, բայց Վարպետը, առանց իրեն կորցնելու, ասաց, որ դրա կարիքը չկա, քանի որ նա համարվում է ազգի դավաճան, նա իր պարտքը չկատարեց, թուլամորթություն արեց. հետո ճաշեց շատ հանգիստ, բայց երբեմն դեմքի այտոսկրերը բարձրանում և իջնում էին:

Թաղման ժամանակ նա կանգնած էր հեռու և ոչ մի արցունք չթափեց: Երբ մյուս օրը մայրս ցանկացավ նորից խոր վիշտ հայտնել, նա մորս ասաց.

«Նա պետք է ընկներ իր հայրենիքի համար` որպես ազնիվ զավակ»:

Դրանից հետո ոչ մի խոսք չասաց: Երբ քրոջ տղայի 7-րդ օրն էր, ես ասացի, որ պետք է գնալ գերեզման: Նա հուզված ասաց, որ այդպիսիներին չեն ափսոսում, նա թուլամորթություն է ցուցաբերել. չպետք է գնալ: Նա այս ահեղ օրերին իր ժողովրդի ազատության համար պետք է կռվում ընկներ: Եվ մենք չգնացինք յոթին:

Երբ նա ինձ էր նվիրում իր «Վարդանանք» վեպը, ասաց.

«Լավ կպահես, Վիգենը մեծանա և հասկանա, որ այս պատմավեպը` «Վարդանանքը», որ գրել եմ Հայրենական մեծ պատերազմի օրերին, գրել եմ, որպեսզի մեր երիտասարդները լցվեն հայրենասիրական մեծ գաղափարով: Մի խոսքով, ուզում եմ բարձր տրամադրություն ստեղծել ռազմի դաշտում մեր հայրենիքը պաշտպանող մարտիկների մեջ»:

«Վարպետը մահից շատ էր վախենում»

Վարպետը շատ էր վախենում մահից, և միշտ Իսահակյանի հետ կատակելով ասում էին, թե իրենցից ով է շուտ մահանալու: Այն ժամանակ Ավ. Իսահակյանը ապրում էր Գնունի փողոցում՝ խանութի վերևի հարկում, իսկ մենք՝ նրա կողքին՝ Գնունի 4-ում՝ դեղատնային վարչության մոտ, և հաճախ էինք այցելում մեկս մյուսին և իրար շատ էինք սիրում:

Դեմիրճյանը շատ ազնիվ էր իր զգացմունքների մեջ և միշտ ասում էր, որ մարդն իր իրավունքների մեջ պետք է լինի ազատ, ոչ մեկին չի թույլատրվում՝ մարդու կյանքի վրա բռնանա, մարդուն տրվում է կյանքը մեկ անգամ, և ինչո՞ւ նա իր իրավունքներում ազատ չլինի:

Այն ժամանակ, ըստ իմ դատողության, կարծում էի, որ դա միայն ու միայն գրողներին է հատուկ՝ որպես ստեղծագործողների. իրենց զգացմունքների նկատմամբ պետք է որ ազատ լինեն բոլոր հարցերում:

Վարպետը մի անգամ եկավ ու ինձ ասաց. «Գարո՛ւն, ես գնալու եմ Լեռնային Ղարաբաղ. ճիշտ է, առողջական վիճակս էլ մի բան չի, բայց պետք է գնամ. որոշ բաներ կան, պետք է ուսումնասիրեմ իմ ստեղծագործությունների համար»: Ես հարցրեցի. «Երկա՞ր ժամանակով»: Նա ասաց, որ չգիտի. «Բայց իմացի՛ր՝ մինչև իմ վերադարձը գուցե որոշ խոսակցություններ գան-հասնեն քեզ. դրանք դատարկ բան են, դու գիտես, որ ես քեզ անկեղծ եմ սիրում, նախ՝ որպես իմ որդու մոր, հետո՝ շատ ազնիվ ես իմ նկատմամբ, բոլոր հարցերում՝ անշահախնդիր»:

«Ես նրա ձեռնափայտն եմ սիրել»

Ես նրա ձեռնափայտն եմ սիրել. այդպես էլ ասում էին շատ տեղերում որպես անեկդոտ:

Մի անգամ՝ ներկայացումը վերջանալուց հետո, Վարպետը շուտ էր գնացել տուն: Մեծ մասամբ, եթե մնում էր մինչև ներկայացման վերջը, մանավանդ իր պիեսների, անպայման ինքն էր ինձ տուն ուղեկցում: Այս անգամ Լևոն Մսրլյանը եկավ ներկայացումը վերջանալուց հետո և հայտնեց, որ Դերենիկը շուտ գնաց տուն և խնդրեց, որ ինքը ինձ տուն հասցնի (Լևոն Մսրլյանն էլ ուներ 2-րդ կինը, բայց ոչ պաշտոնականացված, և նրանից` մեկ տղա): Ես ասացի. «Ո՛չ, ինքս կգնամ, միշտ էլ մենակ եմ գնում»: Նա ինձ կատակով ասաց. «Դե՛, լավ, մեկ անգամ էլ ես փոխարինեմ Դերենիկին»: Ես պատասխանեցի. «Ոչ մի դեպքում: Ես Դեմիրճյանի նույնիսկ ձեռնափայտն եմ սիրում»: Եվ այս խոսքն էլ հասել էր Վարպետին, և նա կատակով ասել էր. «Լևո՛ն, տեսա՞ր….»: Մի խոսքով, գիտեր շատ համով ու հոտով կատակներ անել: Երբ գալիս էր մեզ մոտ, ես նստում էի իր կողքին՝ բազմոցի վրա, և ամենայն անկեղծությամբ ինձ հետ այնպիսի զրույցներ էր անում, որ ես ուղղակի հիանում էի, թե որքան հոգեբան էր, և այնպիսի թեմաների շուրջ էր զրուցում, որ ես աշխարհից վերանում էի և երբեք նրա տարիքը չէի տեսնում: Եվ առհասարակ չեմ տեսել նրա լավ ու կուլտուրական վերաբերմունքի շնորհիվ. նրա մեջ միշտ արվեստն էր խոսում, և հաճախ ասում էր. «Կարծես թե մենք որոշ հարցերում իրար լավ ենք հասկանում, ես էլ իմ փոքր հասակում (8-10 տարեկան) մեկ-մեկ նեղ շրջանակներում դերասանություն եմ արել, սիրել եմ երաժշտությունը, իսկ 14 տարեկանում կարդացել եմ բոլոր հեղինակներին»:

Նա մեծ բավականություն էր ստանում, երբ ես իր հետ նստում էի բազմոցին, և մի որոշ ժամանակ առանց խոսելու նայում էինք իրար, միայն ինձ ասում էր. «Դու շատ բարի սիրտ ունես և երբեք ինձ որևէ հարց չես տալիս»: Ես, ճիշտն ասած, անհարմար էի զգում որևէ հարցի մասին խոսել, բայց նա կարծեք թե հարց ու պատասխանի միջոցով ինձ ավելի էր ճանաչում:

Երբ վերադարձավ Լեռնային Ղարաբաղից, երկրորդ օրը եկավ մեր տուն, ըստ իր սովորության` հարցրեց տղայիս` Ռադիկի (մեծ տղաս) գործերի և ուսման մասին, իսկ Վիգենի մասին ասաց, որ նրա մասին չի ուզում խոսել, քանի որ նա լավ խավիծ ուտող է և միշտ էլ առողջ: Երբ ճաշեցինք, երեխաները գնացին, իսկ ես ու ինքը միասին էինք, նա, ձեռքը դնելով գլխիս, ասաց. «Գարո՛ւն, ես բավական լավ զգացի Լեռնային Ղարաբաղում. այնտեղ երիտասարդ աղջիկներ կային, և իմ տրամադրությունը բավական բարձրացրին իմ ստեղծագործական աշխատանքներում»: Ես շատ ուրախացա և ասացի. «Այո՛, Դուք ասում եք, որ մարդն իր իրավունքների մեջ պետք է ազատ լինի…»: Նա ոչինչ չասաց, երևի կռահեց ու ասաց. «Մեծ հոգու տեր կին ես, դու իմ Վիգենին աշխատի՛ր լավ նայել և իմ մահից հետո լա՛վ եղիր Մարիա Միխայլովնայի հետ. նա կլինի քո լավ բարեկամը»: Եվ իրոք, Մարիա Միխայլովնան իր լավ բնավորությամբ ու գիտակցությամբ եզակի էր, և այդպիսի անձնավորություն չկա և չի կարող լինել:

Գրել կարծիք