Դերենիկ Դեմիրճյանը և իր կանայք (մաս 1)

Դերենիկ Դեմիրճյանը և իր կանայք (մաս 1)

newmag-ի ընթերցողներն առաջինը հնարավորություն ունեն ծանոթանալ Դերենիկ Դեմիրճյանի երրորդ որդու` Վիգենի մոր հիշողություններին: Գայանե Ավետիսյանը Վարպետի օրինական կինը չէր: Դերենիկ Դեմիրճյանը զերծ է եղել բոլոր կարգի թուլություններից, բացի մեկից: Կանայք էին:

Մի քանի խոսք` Մարիա Միխայլովնայի մասին

Որքա՜ն էր սիրում փոքրիկ Վիգենին, մեծին էլ ինքն է պահել և իմ մեծ տղային. ոչ մի անգամ ոչ մի առիթով չի տրտնջացել: Վիգենի հետ պարապում էր ռուսաց լեզու: Երբ մենք երեխայի հետ գնում էինք Կիսլովոդսկ, միշտ (գնալուց մի քանի օր առաջ) ասում էր. «Անպայման մածո՛ւն քամեք և վերցրե՛ք Ձեզ հետ, որպեսզի ճանապարհին Վիգենին ջուր չտաք. երեխային վնաս կտա. ջրի հետ խառնե՛ք քամած մածունը»: Նրա որդին (ոչ Դեմիրճյանից) այնքան էր կապված փոքր Վիգենի հետ, որ երբ գալիս էր Երևան, շատ անկեղծ էր դեպի նա: Նատան (Դեմիրճյանի քրոջ աղջիկը) ինձ հանդիպեց շուկայում և ասաց, որ Մարիա մորաքույրը այլևս չի խոսում, աչքերը փակ է և մահամերձ է: Ես և փոքր Վիգենն անմիջապես գնացինք (ելակ վերցրինք. մենք հաճախ էինք գնում նրան տեսակցության, նա մեծ բավականություն էր ստանում): Երբ ներս մտանք, իրոք, աչքերը փակ էին, և կարծեք հոգեվարքի մեջ էր: Երբ փոքրիկ Վիգենը կռացավ նրա դեմքին և ասաց. «Տյոտյա Մարիա», նա մի պահ բացեց աչքերը և Վիգենին դեպի իրեն քաշեց ու մի կերպ ասաց. «Վիգեն», և մի քանի վայրկյան միասին գրկված մնացին: Ես ու Նատան զարմացանք, թե ինչպես նա Վիգենին ճանաչեց և արդեն… Եթե Մարիան ուշ մահանար և մի քանի տարի էլ ապրեր, իմ Վիգենի վիճակն ավելի լավ կլիներ, նրան չէին հալածի հարազատները շահի համար (դա ունի իր հիմքերը. ինչո՞ւ հիվանդին միայն սիրել, իսկ քեռու նորմալ մյուս փոքրիկ Վիգենին միշտ պահել հոգեկան ծանր վիճակի մեջ…):

Մոխրագույն կոստյումը

Որքա՜ն բարի էր Դեմիրճյանը. նրա մոխրագույն կոստյումի մասին: Մեծ տղաս բավական երկար հասակ ուներ և հավանել էր մեկ մոխրագույն գծերով կոստյում (պոլիտեխնիկական ինստիտուտի 4-րդ կուրսում էր սովորում): Ես անմիջապես տղայիս ցանկությունը կատարեցի, կոստյումը բերեցինք, հագավ մի քանի անգամ և մի անգամ էլ ասաց, որ իրեն դուր չի գալիս, տղաներն ասել են, որ իրեն չի սազում; Այդ պահին Դեմիրճյանը ասաց. «Ռադի՛կ ջան, մի՛ հագիր, որ դուրդ չի գալիս, ապա ես փորձեմ»: Նա հագավ, և վրան շատ լավ նստեց, ու անմիջապես փաթաթել տվեց, իմացավ արժեքը: Հաջորդ օրը դրամը բերեց: Ես շատ վիրավորվեցի: Նա ասաց, որ դա իր գործն է, թող տղան իր ճաշակով ընտրի: Այդքան բարի ու ազնիվ մարդուն ինչպե՞ս կարելի է չսիրել, չհարգել, չխոնարհվել նրա ձեռնափայտի առաջ: Իմ որդուն նայում էր, ինչպես իր հարազատի, երկու Վիգեններից չէր տարբերում: Հիմա հեռուստացույցով հենց ցույց են տալիս այն կոստյումը, մեծ տղաս ասում է. «Իմ կոստյումն անմահացել է» (նա այժմ կոմունիստ է և աշխատում է շինվարչության պետ): Ահա Դեմիրճյանի մեծությունն ու ազնվությունը:

Մի անգամ եկավ մեզ մոտ և ծիծաղելով ասաց ինձ. «Ավետիքը հարցրեց` Դերենի՛կ, այդ ինչպե՞ս է, որ Մարիան ու Գայանեն (Գարունը) այդքան լավ են իրար հետ: Ես ասացի, որ երկուսդ էլ անշահախնդիր մարդիկ եք»: Քանի՜ անգամ Մարիան ինձ ասել է, թե ինչու ես փող չեմ վերցնում Դեմիրճյանից, երբ նա տալիս է: Ես ասացի, որ աշխատում եմ, այդ պատճառով: Այդ կարող եք հաստատել նրա գրած նամակով ինձ (երբ տանը չեմ եղել), որը գտնվում է գրականության թանգարանում:

Առհասարակ ես միայն տեսել եմ մարդուն, գրողին, մեծ փիլիսոփային, տեսել եմ նրա ազնիվ ու անշահախնդիր, կիրթ և ուշադիր վերաբերմունքը իմ նկատմամբ: Մանավանդ Մոսկվայում (1941 թ.՝ առաջին դեկադայի ժամանակ) որքա՜ն ուշադիր էր իմ նկատմամբ: Նա ինձ տանում էր բոլոր թանգարանները, տեսարժան վայրերը, բացատրում էր, ինչպես երեխայի: Ես առաջին անգամ էի լինում Մոսկվայում, և նրա մեղմ ու կիրթ մոտեցումն ինձ կախարդել էր: Լիֆտով բարձրանալիս ես վախեցա. առաջին անգամ էր: Նա այնպե՜ս հուզվեց և ինձ ասաց, որ իրեն գրկեմ ու աչքերս փակեմ:

1956-ին Գայանե Ավետիսյանին ձերբակալում են

Ցավոք սրտի, ինձ հետ դժբախտություն պատահեց…. (Խանութում աշխատելու ընթացքում՝ 1956- ին, Գայանե Ավետիսյանին ձերբակալում են գումարային ինչ-որ պատմության պատճառով: Մանրամասները հայտնի չեն – Լ. Ա.): Երբ Վարպետի մոտ էին գնացել և պատմել իմ մասին, միայն ասել էր. «Շուտով ամեն ինչ կանեմ, որ Վիգենս որբ չմնա», և այնպես հուզված էր ասել, որ նրա աչքերից արցունքներ էին հոսել: Երբ ես նրա մահվան լուրը լսեցի, գտնվում էի հիվանդանոցում (բանտի), որից հետո այլևս չեմ զգացել` ինչ է կատարվել ինձ հետ: Այդտեղից ինձ 1957 թ. տեղափոխեցին քաղաքի հիվանդանոց միայն ու միայն մեծ Վարպետի խնդրանքով` Ավ. Իսահակյանի, տիկին Սոֆիկի (Իսահակյանի կինը – Լ. Ա.) ու Բելլայի, որը գրել էր. «Մեծարգո՛ Շմավոն ջան, աշխատե՛ք Դեմիրճյանի տղայի մորը շուտ ազատել այդ հիվանդանոցից, Դերենիկը չկա, երեխան մեղք է»:

Մեծ հոգու տեր կին էր տիկին Սոֆիկը, որքա՜ն է հետաքրքրվել իմ գործով, նրա հետ՝ և հարսը՝ Բելլան (Բելլայի հետ թատրոնում միասին էինք աշխատում, որքա՜ն նամակներ եմ գրել Բելլային. այդ բոլոր իմ գրած նամակները գտնվում են Ավ. Իսահակյանի թանգարանում): Բելլայի նման կին, այդպիսի մարդ… Երևի մեծ Վարպետի դաստիարակությունն է եղել, քանի՜-քանի՜ անգամ եկել է ինձ տեսակցության: Այդ իմ ծանր ճակատագիրը պակաս ազդեցություն չունեցավ իմ փոքրիկ Վիգենի վրա: 14 տարեկան էր, չկար հայրը, մայրը… Եվ այդ երեխան երբեք չփչացավ, վատ շրջապատ չընկավ մինչև իմ ազատվելը: Ես անմեղ էի և խանութից գլուխ չհանելու պատճառով ընկա այդ արհավիրքի մեջ: Այդ խանութում ընդամենն աշխատել էի 6 ամիս և հազիվ 10 անգամ խանութում եղած լինեի: Այժմ ես հաճախ եմ գնում և ծաղիկներ դնում Վարպետի` Իսահակյանի, և կնոջ գերեզմանի շիրմաքարի վրա (Կոմիտասի այգում), որ նրանք ինչքա՜ն օգնություն ցույց տվեցին իմ երեխային ու ինձ: Շատ կարելի է գրել, բայց դառը հուշերը ինձ թույլ չեն տալիս գրել, և ես հիվանդանում եմ հոգեպես: Եվ այն լավ հուշերը, որոնք կապված են Դեմիրճյանի հետ (Մոսկվա, թատրոն, Կիսլովոդսկ), որոնցով ես հիմա ապրում եմ, ու երբեք ոչ մի տղամարդ, լինի գրող, լինի ամենագետ, երբեք ու երբեք իմ կյանքում ԴԵՄԻՐՃՅԱՆ լինել չի կարող:

«Տիխը, մադամ սպիտ»

Երբ ես սկսեցի վերհիշել իմ հուշերը` կապված Դեմիրճյանի հետ, հոգեկան ծանր վիճակի մեջ ընկա և որոշ ժամանակ հիվանդացա: Հիմա արդեն լավ եմ զգում. ախր դժվար է այդպիսի մոտիկ հարազատի, անշահախնդիր, ոչ հետին մտքերի տեր տղամարդուն մոռանալ: Կանայք առհասարակ չեն մոռանում թե՛ վատը, թե՛ լավը:

Երբեմն, երբ իմ աշխատանքում որոշ մարդիկ (դիրեկտորը և այլն) դիտողություններ էին անում ոչ արդարացի (երևի նրանք էլ իրենց միտումներն ունեին. ես դեռ երիտասարդ էի), ես մի պահ մտքումս ասում էի. «Ախր դուք շատ մանր եք, և մի ՞թե կարելի է ձեզ համեմատել Դեմիրճյանի ձեռնափայտի հետ»:

Երբ մենք Մոսկվայում էինք, գտնվում էինք տարբեր հյուրանոցներում: Վարպետը և անվանի դերասանները «Մոսկվա» հյուրանոցում էին տեղավորված: Բայց փորձերից կամ ներկայացումից հետո (հաճախ ցերեկները), երբ ես դուրս էի գալիս, Վարպետն ասում էր. «Գնանք ինձ մոտ` հյուրանոց, այնտեղ միասին կճաշենք: Ոչ թե ռեստորանում, այլ հենց համարում»: Ես մի անգամ (իր կարգադրությամբ) պառկեցի հանգստանալու, դեռ չէի քնել, երբ մատուցողը թակեց դուռն ու ներս մտավ: Այդ վայրկյանին Վարպետն ասաց. «Տիխը, մադամ սպիտ»: Երբեք ու երբեք չեմ մոռանա: Հետո, երբ ամեն ինչ պատրաստ էր, զգույշ մոտեցավ, ես անմիջապես վեր կացա, ինձ կարգի բերեցի, լվացվեցի, և մենք միասին ճաշեցինք: Որքա՜ն երջանիկ էի զգում ինձ:

Մի անգամ, երբ միասին նախաճաշում էինք, զանգ եղավ: Նաիրի Զարյանի կինն էր` Սիրանը, որը ցանկացավ գալ Վարպետի մոտ` հյուրանոց: Վարպետն ինձ ասաց. «Գարո՛ւն ջան, ինձ ների՛ր, հիմա դու գնա՛, որ նա չգա, այստեղ մեզ միասին տեսնի, հետո մենք կշարունակենք մեր նախաճաշը»: Մինչև այժմ էլ չեմ հասկանում, թե ինչու նա այդ ասաց: Տիկին Սիրանը միշտ բարևում էր ինձ և իմ նկատմամբ վատ չէր: Ես գնացի մեր հյուրանոց: Կես ժամ չանցած`Վարպետը եկավ իմ հետևից, և մենք միասին նորից գնացինք: Ահա թե որքան ուշադիր էր իմ նկատմամբ:

Մայրս մահացավ 1950 թվականին. Վարպետն արդեն գիտեր, որ կարճ օրեր են մնացել, միշտ ինձ հուսադրում էր և ասում. «Երբ մայրիկիդ մի բան պատահի, անմիջապես զանգի՛ր»: Իսկ մինչև այդ մայրս ու նա մի քանի օր առաջ զրուցել էին, և մայրս ինձ ասաց. «Եթե բոլոր գրողներն այսպիսի խելքի տեր լինեն, աշխարհի գործերը լավ կգնան: Իմ մահից հետո դու հույսդ դի՛ր միայն Դերենիկի և Մարիա Միխայլովնայի վրա»:

Առավոտյան մայրս մահացավ: Ես ավելի ուշ զանգեցի Դեմիրճյանին, և չանցած երկու ժամ` Մարիա Միխայլովնան եկավ և շոշափելի գումար բերեց ինձ ու մխիթարեց: Ես գումարը չէի վերցնում և շատ խիստ վիրավորվեցի. ինձ համար լավ կլիներ, որ ինքը գար: Իսկ ես ունեմ եղբայրներ և աշխատում եմ, դրա կարիքը չունեմ: Նա ասաց. «Դուք գիտեք, որ նա այդպիսի տեղեր չի գնում, նա կգա թաղումից հետո՝ մյուս օրը»: Իսկ չէ՞ որ Վիգենի (փոքր) տատիկն է մահացել, որի ամբողջ խնամքը նա էր տանում:

Հեղինակ՝ Լիլիթ Ավագյան

 

Գրել կարծիք