Էլ Կլասիկոն կպայթեցնի ուիքենդը. սուպերդիմակայության գլխավոր ինտրիգները

Էլ Կլասիկոն կպայթեցնի ուիքենդը. սուպերդիմակայության գլխավոր ինտրիգները

Էլ Կլասիկո. տարեվերջի գլխավոր ֆուտբոլային հանդիպումը: Դիմակայություն` երկու մարզիչների ու ֆուտբոլիստների աստղաբույլերի միջեւ: newmag-ը պատմում է խաղի մանրամասները, անցյալն ու սպասելիքները:

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունում այսօր կկայանա տարվա գլխավոր իրադարձություններից մեկը: Բարսելոնան և Մադրիդի Ռեալը Պրիմերայում Կամպ Նոու ստադիոնում կանցկացնեն 87-րդ Սուպերկլասիկոն: Մրցաշարային աղյուսակում թիմերին բաժանում է 6 միավոր և չեմպիոնական ինտրիգը վերականգնելու համար կատալոնացիները անպայման պետք է հաղթեն: Հաղթանակի դեպքում Ռեալը մեծ քայլ կկատարի դեպի չեմպիոնություն:

Իսպանական գրանդների սուպերդիմակայության նախախաղային ինտրիգները

Վերջին անգամ այս թիմերը հանդիպել են այս ապրիլին: Կամպ Նոու ստադիոնում Ռեալը հաղթեց 2-1 հաշվով: Մրցաշրջան 2016/17-ի առաջին Էլ Կլասիկոն եւս Բարսելոնայում է:

Մադրիդի Ռեալը խաղին մոտենում է շլացնող վիճակագրությամբ. Զինեդին Զիդանի գլխավորած թիմը վերջին 32 խաղերում չի պարտվել: Սերուցքայինների լավագույն անպարտելի շարքը ներառում է 34 խաղ: Բարսելոնայի հետ խաղին վնասվածքների պատճառով չեն մասնակցի Բեյլը, Կրոսը, Վարանը եւ Մորատան: Իսպանական մամուլի կարծիքով` Զիդանը մեկնարկային կազմում տեղ կվստահի է Վասկեսին եւ Իսկոյին:

Զինեդին Զիդան (Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ)

«Չեմ կարծում, որ այս խաղում մենք ֆավորիտ ենք: Հնաավորությունները հավասար են: Չեմ մտածում արդյունքի մասին. իմ թիմի հիմնական նպատակը լավ խաղ ցուցադրելն է»:

Բարսելոնայում տնային խաղից առաջ լարված իրավիճակ է: Այն պայմանավորված է եւ՚ վնասվածքներով, եւ’ վերջին խաղերում գրանցած ոչ-ոքիներիով: Լուիս Էներիկեի գլխավորած թիմը վերջին 5 խաղերից երեքն ավարտել է ոչ-ոքի: Ընդ որում` երկուսը Լա լիգայում, ինչն էլ կատալոնական ակումբին ավելի հետ թողեց առաջատար Ռեալից: Հարցականի տակ է պաշտպան Ժորդի Ալբայի մասնակցությունը խաղին: Փոքրիկ վնասվածք ունի նաեւ Պիկեն, բայց մամուլի տեղեկություններն այս առումով լավատեսական են Բարսայի երկրպագուների համար: Վնասվածքից ապաքինվել ու խաղին պատրաստ է Կլասիկոյի թալիսմաններից մեկը` կատալոնացիների ավագ Անդրես Ինիեստան:

Լուիս Էնրիկե («Բարսելոնայի» գլխավոր մարզիչ)

«Սա իմ առաջին կլասիկոն չէ եւ գիտեմ, թե ինչ է հարկավոր ցանկալի արդյունքի համար: Իմ ֆուտբոլիստները պետք է վերահսկեն իրենց էմոցիաները: Հաղթելու դեպքում կմոտենանք Ռեալին եւ ցանկանում են թիմին ու երկրպագուներին երջանիկ տեսնել»:

Սեղանին դրված չէ զուտ 3 միավոր, չնայած այդ միավորները հետագայում կարող են ճակատագրական լինել Լա լիգայի չեմպիոնական մրցավազքում: Պայքարը սկզբունքային է և վաղուց դուրս է ֆուտբոլային հարթակից: Մադրիդի և Կատալոնիայի գլխավոր թիմերը հերթական անգամ կներկայացնեն իրենց տարածաշրջանները: Իսկ այդ պայքարում մրցաշարային աղյուսակի դիրքը մղվում է 2-րդ պլան:

Գրել կարծիք