Ախտորոշում ըստ դեմքի. ինչ հիվանդության մասին է հուշում ձեր արտաքինը

Ախտորոշում ըստ դեմքի. ինչ հիվանդության մասին է հուշում ձեր արտաքինը

Մարդու դեմքը նրա առողջության հայելին է: Ըստ չինական բժշկության՝ դեմքի 7 հատվածների վիճակը գնահատելով՝ հնարավոր է մոտավորապես ախտորոշել մարդու ունեցած հիվանդությունները:

⊕ Ճակատ

Առաջին հերթին փնտրեք գույնի ցանկացած փոփոխություն: Եթե այն կարմրավուն է և հագեցած մանր մազանոթներով, հնարավոր է, դուք սրտի խնդիր ունեք: Դրա մասին կարող է հուշել նաև ճակատի մաշկի կապտականաչավուն երանգը: Եթե գույնի փոփոխությունն ուղեկցվում է նաև այլ ախտանշաններով` ցավ և ճնշում կրծքավանդակի շրջանում, ծակոցներ, անպայման, շտապօգնություն կանչեք: Եթե ճակատն ավելի մուգ է, քան դեմքի մյուս հատվածները, ուշադրություն դարձրեք մարսողական համակարգին: Ճակատին շատ կնճիռներ և ունքերի միջև երևացող ակոս են ունենում զգացմունքային մարդիկ, ովքեր հակված են սթրեսի:

⊕ Քիթ

Անսպասելի բշտիկ է հայտնվել քթի ծայրին կամ կողապատերից մեկի՞ն, ամենևին էլ մանրուք չէ: Այն խոսում է մարսողական համակարգի և նյութափոխանակության խնդիրների մասին: Հիշեք, թե ինչ սննդամթերք եք չարաշահել նախորդ օրը` կծու, թթու, յուղոտ, կամ քաղցր: Սահմանափակեք տվյալ մթերքի օգտագործումը: Այդ փոքրիկ նշանը կարող է նաև փորլուծության կամ փորկապության հետևանք լինել: Իսկ կարմիր քիթը, հայտնի է, հիմնականում ալկոհոլի չարաշահման հետևանք է լինում: Քթի կապտակարմրավուն երանգը զարկերակային ցածր ճնշման մասին է խոսում, իսկ եթե քթի խեցիներն արտաքինից գունատ են կամ պատված սպիտակ կետիկներով, ուրեմն` դուք թոքերի խնդիր ունեք:

⊕ Կզակ

Կզակի և շրթունքերը շրջապատող հատվածներում մաշկի գույնի փոփոխությունը` կարմրություն, գունատություն կամ կապտավուն երանգ, հուշում է երիկամների, միզապարկի և սրտի խնդիրների մասին: Կզակի վրա սև կետերի պարբերաբար հայտնվելը խոսում է հորմոնալ խախտումների մասին: Խնդիրն առավել հաճախ ի հայտ է գալիս տեստոստերոնի և էստրոգենի ավելցուկային արտադրությամբ և կարող է ուղեկցվել տղամարդկանց մոտ՝ պրոստատիտներով, կանանց մոտ` մենստրուացիոն ցիկլի խախտումներով: Ըստ չինական բժշկության՝ կզակի վրա հորիզոնական գծերը, մաշկի թեփոտումն ու գույնի փոփոխությունը կարող են նաև վերարտադրողական առողջության խնդիրների նշան լինել, օրինակ՝ էնդիոմետրոզի, արգանդի միոմայի և նույնիսկ` անպտղության:

⊕ Այտեր

Այտերի անառողջ կարմրությունը ասթմայի, բրոնխիտի և օրգանիզմում «C» վիտամինի պակասի նշան է: Քթի հարևանությամբ այտերի սիմետրիկ գունատությունը երկաթի պակասի և անեմիայի նշան է: Դե իսկ կապտակարմրավուն երանգը, ինչպես նախորդ դեպքերում, հուշում է սրտանոթային խնդիրների մասին:

⊕ Շրթունքներ 

Եթե ձեր շրթունքները մուգ կապտավուն են, ուրեմն` արյան մեջ թթվածնի պակաս կա, ինչը հաճախ բերում է սրտային անբավարարության: Վառ կարմիր շուրթերը բնորոշ են շնչառական հիվանդություններ ունեցողներին: Իսկ մուգ յասամանի գույնի շրթունքները խոլեստերինի բարձր մակարդակի մասին են խոսում:

⊕ Աչքեր

Աչքերի շուրջ մուգ օղակները նյարդային խանգարումների նշան են, իսկ եթե դրանք կապտավուն երանգ ունեն, ուրեմն խնդիրներ կան սրտանոթային, ինչպես նաև սեռական օրգան-համակարգերում:

⊕ Լեզու

Գունատ լեզուն արյան մեջ երկաթի սակավության` անեմիայի նշան է: Դեղին լեզուն էլ հուշում է լյարդի ֆունկցիաների խանգարման մասին:

Գրել կարծիք