Ֆուտբոլային ուիքենդի 4 պայթուցիկները. ի՞նչ խաղ դիտել հանգստյան օրերին

Ֆուտբոլային ուիքենդի 4 պայթուցիկները. ի՞նչ խաղ դիտել հանգստյան օրերին

Ֆուտբոլի եվրոպական ազգային առաջնություներում կկայանան սուպերդիմակայություններ: newmag-ը ներկայացնում է հանգստյան օրերին սպասվող ֆուտբոլային հանդիպումները, որոնք պետք չէ բաց թողնել:

Անգլիայում շաբաթվա ամենասպասված հանդիպումը Մանչեսթեր Յունայթեդի եւ Արսենալի միջեւ է: Այն կայանալու է Օլդ Թրաֆորդ ստադիոնում: Խաղին Հենրիխ Մխիթարյանի մասնակցության շանսերն ավելի բարձր են գնահատվում, քանի որ Ռունին, Բային, Սմոլինգը, Շոուն, Վալենսիան ու Ֆելայինին վնասվածք ունեն, իսկ Իբրահիմովիչը հանդիպումը բաց կթողնի որակազրկման պատճառով: Արսենալի կազմում չեն խաղա Կասորլան, Ուելբեքը եւ Պերեսը: Այս խաղի ինտրիգն ապահովում են նաեւ երկու թիմերի գլխավոր մարզիչները:

Ժոզե Մոուրինյուի եւ Արսեն Վենգերի հավանական ձեռքսեղմումը հետաքրքրում է շատերին:

Շաբաթ օրը կկայանա մրցաշրջանի առաջին մադրիդյան դերբին: Իսպանիայի մայրաքաղաքն այդ օրերին կիսվում է երկու մասի. Աթլետիկոն Վիսենտե Կալդերոն ստադիոնում կընդունի առաջատար, մրցաշրջանում դեռեւս անպարտելի Ռեալին: Արքայական ակումբի կազմում դերբիին չեն մասնակցի Ռամոսը, Պեպեն, Կրոսը, Կարվախալը եւ Կազեմիրոն: Զիդանի համար խնդրահարույց է նաեւ կենտրոնական հարձակվողի հարցը: Մորատան շարքից դուրս է մնացել մեկ ամսով, իսկ Բենզեման չնայած մարզվում է, բայց 100 տոկոսով պատրաստ չէ խաղալ: Դիեգո Սիմեոնեն մտածելու քիչ բան ունի. Աթլետիկոն պատրաստ է ամբողջ կազմով:

Վերջին տարիներին իտալական ֆուտբոլի անկումն անհետաքրքիր է դարձրել նաեւ միլանյան դերբին: Ինտերի եւ Միլանի միջեւ հանդիպումներն այդքան մեծ իրարանցում չէին առաջացնում, սակայն այս մեկն առանձնացնում է հետաքրքիր փաստով: Երկու ակումբների բաժնետոմսերը գնել են մեծահարուստներ Չինաստանից ու կատարել են ահռելի ներդրումներ: Թիմերը ռեստարտ են եղել եւ կիրակի սպասվող հանդիպումը դարձյալ մեծ ուշադրություն կպահանջի:

Գերմանիայում եւս ֆուտբոլային շոուն ապահովված է: Դորտմունդի Բորուսիան Սիգնալ Իդունա Պարկում ընդունելու է գերմանական ֆուտբոլի բացահայտ առաջատար Բավարիային: Թիմերի միջեւ միավորների տարբերությունը 6 է: 4 երկիր, 4 սուպերխաղ, սեղանին` 3 միավոր. սակայն այս թիմերի դիմակայություններում 3 միավոր վաստակելուց բացի կան շատ այլ սկզբունքներ:

Գրել կարծիք