Հրաժշետ ռոմանտիկ Ալյոնուշկայի կերպարին. ինչպե՞ս ազատվել պեպեններից

Հրաժշետ ռոմանտիկ Ալյոնուշկայի կերպարին. ինչպե՞ս ազատվել պեպեններից

Պեպեններ, բաց և մուգ, դեղին, ոչ մեծ պիգմենտային հետքեր են մաշկի վրա։ Ի տարբերություն խալերի չեն պարունակում մեծ քանակությամբ մելանին արտադրող բջիջներ՝ մելանոցիտներ։

Ոմանց համար պեպենները հրաշալի լրացում են ռոմանտիկ Ալյոնուշկայի կերպարին: Մինչդեռ պեպեններ ունեցողներից շատերն, այնուամենայնիվ, աշխատում են ազատվել արևի հետքերից` մոռանալով, որ եթե բնությունն իրենց սպիտակ մաշկ, կարմրավուն մազեր ու պեպեններ է տվել, դա օրինաչափություն է, որին պետք չէ հակառակվել: Պեպենները մաշկի յուրահատուկ պատասխանն են ուլտրամանուշակագույն ճառագայթներին: Սովորաբար դրանք առաջանում են մարմնի բաց մակերեսներին` դեմքին, պարանոց-ուսային հատվածին ու թևերին:

stock-photo-117484465

Մաշկի մասին հոգ տանել պետք է սկսել մարտից` օգտագործելով արևապաշտպան քսուքներ արևային եղանակի ժամանակ: Ընդ որում, եթե դուք հանգստանալու եք գնալու հարավային երկրներ, չմոռանաք պաշտպանության լրացուցիչ միջոցների մասին` արևանոցներ, լայնեզր գլխարկներ և, իհարկե, արևային որակյալ ակնոց: Բայց եթե արևն, այնուամենայնիվ, հասցրել է ձեզ նվիրել ոսկեգույն կետիկներ, որոնք ձեր սրտով չեն, օգտագործեք սպիտակեցնող քսուքներ:

Կոսմետիկայի խանութներում նման քսուքների մեծ տեսականի կա: Բայց և քիչ չեն ժողովրդական միջոցները: Դրանցից ամենահայտնին, թերևս, մաղադանոսի թուրմն է, որով պետք է լվացվել առավոտյան և երեկոյան: Արդյունավետ է նաև մաղադանոսի հյութի և թթվասերի խառնուրդով դիմակը, որը պետք է դեմքին պահել 15 րոպե և լվանալ գոլ ջրով: Ընդհանրապես, մաղադանոս պարունակող բոլոր դիմակները սպիտակեցնող հատկություն ունեն: Կարելի է օգտագործել մաղադանոսի և մոխրի խառնուրդը:

Սպիտակեցնող հատկություն ունի նաև կիտրոնի հյութը: Բայց եթե ցիտրուսներից ակտիվանում է ձեր ալերգիան, կիտրոնի հյութից հրաժարվեք նախապես: Փոխարենն օգտագործեք հատապտղային դիմակներ, հատկապես` սև հաղարջի: Հիշեք, որ այն մրգերն ու բանջարեղենը, որոնք C վիտամին են պարունակում, սպիտակեցնում են մաշկը: Վաղուց հայտնի սպիտակեցնող միջոց են նաև խատուտիկի արմատները: Շատ տարածված վարունգի դիմակը թեթևակի սպիտակեցնող հատկություն ունի:

cintia

Նշենք, որ սպիտակեցնող ցանկացած միջոց պետք է օգտագործել երեկոյան ժամերին: Չի կարելի դրանք քսել դեմքին և անմիջապես դուրս գալ արևի տակ: Հիշեք նաև, որ արդյունքն անմիջապես տեսանելի չէ, ամենաքիչը 3-4 շաբաթ է պետք` ցանկալի արդյունքի հասնելու համար: Եվ վերջապես, մտածեք, գուցե պետք չէ հրաժարվել ձեր պեպեններից, դրանք ձեր առանձնահատուկ գեղեցկությունն են` արևից ստացած հետաքրքիր նվերը:

Գրել կարծիք