[ Արդեն դիտել ենք ] «Գնացքի աղջիկը». կանացի դետեկտիվ Էմիլի Բլանթի կատարմամբ

[ Արդեն դիտել ենք ] «Գնացքի աղջիկը». կանացի դետեկտիվ Էմիլի Բլանթի կատարմամբ

Փոլա Հոքինսի համանուն գիրքը 2015-ի բեսթսելլերներից էր: «Գնացքի աղջկա» էկրանավորման հեղինակը Թեյթ Թեյլորն է: newmag-ի համար ֆիլմի ռեվյուն գրել է կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը:

Ռեյչելը (Էմիլի Բլանթ) երիտասարդ, ամուսնալուծված և հարբեցող կին է, որն ամեն օր Նյու Յորք է հասնում գնացքով, իսկ գնացքում ջրի բաժակից խմում է օղի և զմայլվում պատուհանից երևացող շքեղ տներով, ավելի հստակ` այդ տների բնակիչներով։ Ողբերգությունը նրանում է, որ գնացքն ամեն օր անցնում է Ռեյչելի նախկին ամուսնու նոր ընտանիքի տան կողքով, որի հարևանությամբ ապրում է շիկահեր, բարեկազմ և նեղաչք Մեգանը (Հեյլի Բենեթ): Վերջինիս կյանքը դեպրեսիվ, լքված ու գործազուրկ Ռեյչելին թվում է հեքիաթային։

01

Նա ամեն օր հիանում է Մեգանի իդեալական թվացող ամուսնությամբ, պատկերացնում է անծանոթների անձնական և գործնական առօրյան։ Այդ պատճառով, երբ մի օր Մեգանն իր պատշգամբում գրկախառնվում է ոչ թե սեփական ամուսնու, այլ ուրիշ տղամարդու հետ, Ռեյչելը, կարծես, ինքն է ստանում դավաճանության հարվածը։ Ալկոհոլի և անցյալում կատարված անձնական խնդիրների ազդեցության տակ Ռեյչելը որոշում է իջնել գնացքից, իսկ ինչ է տեղի ունենում հետո՝ պարզ չէ, քանի որ Ռեյչելը ոգելիցի ազդեցության պատճառով մոռանում է կատարվածը: Հաջորդ օրը հայտնի է դառնում, որ Մեգանն անհետացել է։

Կապտուկների, հիշողության կորստի, արյան, օղու, երեխաներ ունենալ երազող երիտասարդների և դավաճանության մասին մելոդրամատիկ թրիլլերն ուղղակի ստիպում է հիշել ֆինչերական «Անհետացածը»։ Դետեկտիվի կառուցվածքը, ինչպես հում մուսը շամփուրի վրա, նստում է լեյտմոտիվի մեջ և ձուլվում է սյուժետային ֆլեշբեքերի հետ միայն գլխավոր հերոսուհու ալկոհոլային դժբախտ անցյալի և անհասկանալի ներկայի շնորհիվ։

Ֆիլմի առաջին մասում հանդիսատեսը փորձում է հասկանալ, թե ով ում բարեկամն է, ինչու են սեքսուալ և ապահոված մարդիկ այսքան դժբախտ և դժգոհ: Ֆրուստրատիվ պարզաբանումներից հետո պարզ է դառնում, որ «մարդասպանը սպասավորապետը չէ», ինչպես սովորաբար լինում է դասական դետեկտիվներում։ Այսինքն` նա, ում վրա են ուղղված բոլոր սլաքները, անմեղ է։ Ֆիլմի մելոդրամատիկ տրամադրությունն ու հավերժ ադուլտյերի ինտոնացիաները հիշեցնում են կանացի գրականության վառ օրինակները, սակայն «Գնացքի աղջիկը» նկարված է հյութեղ և ոճային։

Էմիլի Բլանթն առաջին անգամ ցուցադրում է հանգած կնոջ դրաման, ինչն, իհարկե, ներկայացնում է դերասանուհուն անհամեմատ շահեկան լույսով և ընդգծում մյուս դերասանական կազմի ֆոնին։ Վիզուալ և էներգետիկ առումով Հեյլի Բենեթը նոր Ջենիֆեր Լոուրենս է, Ջասթին Թերուն էլ «Մալհոլանդ դրայվից» այս կողմ վաղուց չէր ներկայացել պատշաճ դերով։

07

Ֆիլմը ոչ սասփենսային է, ոչ էլ նուարային, և, իհարկե, ուժեղ դետեկտիվ այն չես անվանի, սակայն դիտել միանշանակ արժե. էսթետիկ մերկ տեսարանները, ամուսնական կյանքի հոգեբանական ճնշումներն ու հուսալքված Բլանթի ընկերակցությունն ունի յուրահատուկ սադիստական հմայք։

 

Ֆիլմը կարող եք դիտել ԿինոՊարկում

Գրել կարծիք