Գնել Նալբանդյան. Կեսգիշերային ելույթներ. Կալինինից մինչև մեր օրերը

Գնել Նալբանդյան. Կեսգիշերային ելույթներ. Կալինինից մինչև մեր օրերը

newmag-ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը ԽՍՀՄ նախագահների Ամանորի ծամծված ուղերձների, եթերում երգիծաբան Միխայիլ Զադորնորվի հայտնվելու հետևանքի և նախագահի վերջին նախադասությանը հաջորդող երջանկության մասին:

Նոր Տարվա կեսգիշերից րոպեներ առաջ որոշ երկրների գլխավոր հեռուստաալիքները հեռարձակում են երկրի ղեկավարի տոնական ուղերձը: Այն սովորաբար լինում է անցնող տարվա ձեռքբերումների հանրագումարը և ավարտվում է ծամծմված բարեմաղթանքներով: Բայց այս ավանդույթն ընդամենը մի քանի տասնամյակի պատմություն ունի: ԽՍՀՄ-ում առաջին տոնական, գոտեպնդող ռադիոուղերձն ընթերցել է Կենտգործկոմի նախագահ Կալինինը` 1941-ի դեկտեմբերի 31-ին:

Ամանորի ռադիոուղերձը կրկնվեց նաև 1944-ին` ԽՍՀՄ հիմնի հավելումով: 1953-ի Նոր Տարուն սովետական ժողովրդին դիմեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Վորոշիլովը: Մեզ համար սովորական դարձած հեռուստաուղերձն առաջին անգամ հղեց Բրեժնևը` 1971-ի տարեմուտին: Բայց հետագա տարիներին նրա առողջական վիճակը վատացավ, ու տոնական ուղերձը երկար տարիներ (նաև Անդրոպովի ու Չերնենկոյի օրոք) ընթերցում էր Կենտրոնական հեռուստատեսության հաղորդավար Կիրիլովը: ԽՄԿԿ Կենտկոմի Գլխավոր քարտուղար Գորբաչովը 1985-ին շարունակեց ավանդույթն, ու 1986, 87 և 88 թվականներին միմյանց ժողովուրդներին ուղղված շնորհավորական ուղերձներ փոխանակեցին ԽՍՀՄ և ԱՄՆ լիդերները` Գորբաչովն ու Ռեյգանը: Տարօրինակ էր, որ 1991-ի դեկտեմբերի 31-ին երկրի ղեկավարի փոխարեն էկրաններին հայտնվեց երգիծաբան Միխայիլ Զադորնովը: Հաջորդ երկու տարիներին ՌԴ ղեկավարների հեռուստաուղերձներ չեղան. Ծանր շրջան էր:


Գնել Նալբանդյան. Մեր մտքի գինը մեր ազատությունն է


Բայց ամեն ինչ տեղն ընկավ, երբ 94-ին НТВ ալիքով պաշտոնական ուղերձ հղեց МММ-ի նախագահ Սերգեյ Մավրոդին, հաջորդ տարին էլ` նույն ալիքով` Ալլա Պուգաչովան: 1997-ի վերջին կեսգիշերի պաշտոնական ուղերձի տեսագրության ժամանակ Ելցինն իր ընտանիքով էր: 1999-ին Պուտինը խոսեց Կրեմլի իր կաբինետից, հետագա 7 տարիներին` Կրեմլի Իվանովյան հրապարակից: Մեդվեդևի ուղերձները տեսագրվում էին Պատրիարքական կամրջի վրա` Կրեմլի ֆոնին:

ՀՀ նախագահները պահպանեցին այս ավանդույթը: Նրանց միացավ նաև Ամենայն Հայոց կաթողիկոսը, թեև տրամբանական կլիներ, որ վեհափառ հայրապետը տոնական խոսք ասեր ոչ թե դեկտեմբերի 31-ին, այլ Սուրբ Ծննդյան նախօրեին` հունվարի 5-ի ճրագալույցին: Ամեն դեպքում, կաթողիկոսի ուղերձի ընթացքում հայաստանցիները հավաքվում են առատ սեղանների մոտ, նախագահի խոսքի ժամանակ սկսում են անհամբեր ու դանդաղ բացել գինու, օղու և կոնյակի շշերը, և նախագահի վերջին նախադասության հետ շամպայնի խցանները թնդյունով կրակվում են սենյակով մեկ:


Գնել Նալբանդյան. Մերօրյա ընթերցողը` «գեյմ զոն»-ի խաղերի պես

Գնել Նալբանդյան. Թո՛ղ որ տարին անցկացնենք սթափ


Երկրի ղեկավարի ուղերձից հետո` ճիշտ կեսգիշերին, բոլոր ալիքներով հեռարձակվում են Հանրապետության հրապարակի ռատուշայի` գլխավոր ժամացույցի կոչնակները: 12-րդ ղողանջին հետևում է պետական հիմնը: Եվ բոլորը երջանիկ են:

Ամեն դեպքում` այսպես էր մինչև 2016 թվականը:

Գրել կարծիք