Գնել Նալբանդյան. Եվ մենք դուրս եկանք ցույցի

Գնել Նալբանդյան. Եվ մենք դուրս եկանք ցույցի

newmag ամսագրի գլխավոր խմբագիրը կյանքում առաջին անգամ ցույցի դուրս գալու ու 80-ականների վերջին ուսանողական շարժման աննախադեպության մասին:

1980-ականներին, երբ ես ուսանող էի, և համալսարանն էլ Հայաստանում միակն էր ու համարվում էր առաջադեմ հայացքների տեր, ազատամիտ դասախոս-ուսանողների հավաքատեղի, մեզնից ոչ մեկի մտքով անգամ չէր անցնում, որ Սովետական միությունը վերջավոր կայսրություն է, այն էլ մոտալուտ վերջավոր: Մենք համոզված էինք, որ Սովետը, ցավոք, տևելու է առնվազն ևս 70000 տարի: Բայց մենք արևմտյան ֆիլմերում տեսել էինք, թե ինչպես են ուսանողներն այնտեղ ընդվզում, դասադուլ անում, դուրս գալիս փողոց, բախվում ոստիկանների հետ, պահանջներ դնում կառավարության առջև, ձերբակալվում… Ռոմանտիկա, որին մենք պիտի սպասեինք 70000 ուստարի:

Ահա ինչու մենք ոգևորված իրար գլխի հավաքվեցինք 1987-ի աշնանը (հոկտեմբերին կամ նոյեմբերին), երբ անհասկանալի ծագմամբ թռուցիկներ հայտնվեցին մեր լսարաններում՝ «Նաիրիտի» դեմ բողոքի կոչով: Էկոլոգիական շարժումը մեզ համար հրաշալի առիթ էր մեր հայրենասիրությունը, ըմբոստ ու ընդվզող ոգին ի ցույց դնելու համար: Եվ մենք դուրս եկանք ցույցի: Մեր կյանքում առաջին անգամ: Վերջին անգամ Հայաստանում ցույցեր եղել էին մեզնից 1 սերունդ առաջ՝ 1965-ին: Այն ժամանակ մարդիկ բղավում էին՝ հո-ղե-րը: Այս անգամ մենք մի բառով չէինք պրծնի: Որովհետև մեզ համար անընդունելի էին և՛ «Նաիրտի» թունավոր գազերի արտահոսքը, և՛ «մեծ ու փոքր» քիմիայի կործանարար ազդեցությունը, և՛ Եղվարդի ջրամբարի համար սևահողերի վերացումը, և՛ Սևանի ճահճացումը, և՛ նույնիսկ ՀԱԷԿ-ի հիպոթետիկ վտանգը:

Երբ բանասիրականի մի քանի կուրսով հավաքվեցինք համալսարանի դիմաց, մյուս ֆակուլտետների ուսանողները մեզ էին նայում հիմնականում խղճացող հայացքներով. «Ախր կբռնեն ձեզ, ախր ԿԳԲ-ն բոլորիդ կհավաքի»: Իսկ մենք ապրում էինք պոտենցիալ նահատակի ոգևոր բերկրանքը. «Թող բռնեն, ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան»: Հաճելի էր հենց թեկուզ այն միտքը, որ համալսարանի ամենասիրուն աղջիկները կսիրահարվեն քեզ՝ հանուն քո անձնազոհության:

Մենք այդ օրերին դեռ չգիտեինք, որ ընդամենը 3-4 ամիս հետո սկսվելու է Ղարաբաղյան շարժումը, և ընդամենը 3-4 տարի հետո կործանվելու է խորհրդային կայսրությունը, և մենք բոլորս կախարդական փայտիկի մի թափահարումով Սառցե դարաշրջանից գլորվելու ենք Գլոբալ տաքացման դարաշրջան:

newmag #72

Գրել կարծիք