Գնել Նալբանդյան. Ամանորի, երանելի ուտելիքի ստրատեգիական պաշարի և Սովի տարվա բարդույթի մասին

Գնել Նալբանդյան. Ամանորի, երանելի ուտելիքի ստրատեգիական պաշարի և Սովի տարվա բարդույթի մասին

newmag ամսագրի գլխավոր խմբագիրը Նոր տարվա հայկական ավանդույթների, արժանապատիվ տոնի ու սովի տարվա սինդրոմի մասին:

Ի՞նչ է պետք գիտակից հայ մարդուն` Նոր տարին արժանավայել անցկացնելու համար: Թերևս նույնը, ինչ պետք էր եկել տոներին նախորդած 360 օրերին: Ոչինչ ավելին: Այսինքն, եթե մարդն ամբողջ տարին ընտանեկան երեկոն անցկացրել է համեստ սեղանի շուրջ, գուցե Ամանորին այն չդարձնի՞ ստերեոտիպների զոհասեղան:

Իսկ եթե տարին ապրել է ոչ արժանավայե՞լ: Ուրեմն գիտակից հայ չէ՞: Անգիտակից անհա՞յ է: Այդ դեպքում ի՞նչ է պետք անգիտակից անհային` Նոր տարին արժանավայել անցկացնելու համար: Թերևս սա նշանակում է մի քանի օրվա համար ունենալ ավելին, քան ունեցել ես մինչև այդ: Գուցե: Այսինքն` տարին անցկացրել ես քաղցած, բայց պատրաստվում ես տոնական օրերին խժռել մի տարվա համար նախատեսված սնունդը: Ինչո՞ւ: Որ քո մասին վատ չմտածեն մյուս անգիտակից անհայերը:

Բայց ի՞նչ է նշանակում` արժանավայել նշել տոնը: Նշանակում է չաշխատել` արժանիքներին վայել: Իսկ ի՞նչ արժանիք կարող է ունենալ անգիտակից անհայը, որը հաշվետու տարին անցկացրել է քաղցած, բայց պատրաստվում է անաշխատ օրերին բոլորին զարմացնել երանելի ուտելիքի ստրատեգիական պաշարով: Արժանիքը հետևյալն է. ես աղքատ ու քաղցած եմ, բայց մի քանի օր շարունակ ինձ կպահեմ այնպես, կարծես հարուստ եմ ու կուշտ:

Այս սինդրոմը խորհրդային ցուցադրական դարաշրջանից մնացած Սովի տարվա բարդույթ է, որը խրոնիկ քաղցած անգիտակիցների կուշտուկուռ ենթագիտակցության մեջ դիրքավորված է որպես անհաղթահարելի ավանդույթ: Եվ ի՞նչ արժի այդ ավանդույթը: Այն արժի ճիշտ այնքան, որքան անգիտակից անհայի արժանապատվության վրա նստում է խանութների լայնամասշտաբ գրոհը, վաճառասեղանների տոտալ սրբումը, պահուստային գումարների մսխումը:

Կարծես բոլորը պատրաստվում են մի նոր բլոկադայի: Կարծես բոլորը պատրաստվում են տնտեսական սանկցիաների նոր ալիքի: Կարծես բոլորը պատրաստվում են ֆինանսական նոր ճգնաժամի: Կարծես բոլորը պատրաստվում են նոր 15 թվականի: Կարծես բոլորը կրկին պատրաստվում են մի նոր տարվա: Թող որ այն լինի գիտակից հայ մարդուն արժանավայել և արժանապատիվ կյանքին վայել: Ոչինչ ավելին:

Գրել կարծիք