Գյումրիի մարզադպրոցի խայտառակ վիճակն ու փայլուն արդյունքները

Գյումրիի մարզադպրոցի խայտառակ վիճակն ու փայլուն արդյունքները

Ռիոյի օլիմպիական խաղերում Արթուր Ալեքսանյանի հաղթանակից հետո մամուլը գրեց նրա մարզադպրոցի սարսափելի վիճակի մասին: newmag-ն այցելել է սպորտդպրոց ու լուսանկարել խայտառակ պայմանները:

Оլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մինչև այսօր մարզվում է Գյումրու հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցում, որի մարզագույքը չի փոխվել տասնամյակներ շարունակ: Վերջին 4 տարում Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի, աշխարհի առաջնություններում և Օլիմպիական խաղերում նվաճել է բոլոր գույնի մեդալները: Մարզադպրոցի ըմբիշներին, մարզիչներին, տնօրինությանն ամեն տարի խոստանում են, որ մարզադպրոցը նորոգվելու է, սակայն նույնիսկ 2012-ից հետո սայլը տեղից չի շարժվել:

73-for-print-71

Գյումրու հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցը (2015-ին կոչվել է Արթուր Ալեքսանյանի անունով) գործում է 1994 թվականից: Տնօրենն Արթուրի հայրն է`Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանը: Մարզադպրոցն ունի 6-ից 26 տարեկան 200 մարզիկ: Արթուրն այս մարզադպրոց սկսել է հաճախել 6 տարեկանից և արդեն 18 տարի մարզվում է նույն պայմաններում: Մարզագույքը նույնն է, մեդալները` բազմաթիվ ու հեղինակավոր մրցաշարերից բերված:

grig-6

Ինչպե՞ս է հնարավոր մարզվել 22 տարվա հնության մարզագույքով, խոնավ, փոշոտ, մութ պայմաններում: Չկա հանդերձարան, ջեռուցում: Ըմբիշները մարզումից հետո ցնցուղ են ընդունում միայն սառը ջրով: Վիկտոր Հովհաննիսյանն արդեն 11 տարի այս մարզադպրոցի տնտեսվարն է: Զոդել է անպետք երկաթներն ու ծանրաձող պատրաստել դրանցից:

«11 տարի առաջ, երբ աշխատելու եկա այս մարզադպրոց, հատակը փթած էր: Քանդեցինք, իբր պետք է նորոգեին: Մինչև հիմա նույն վիճակում է: Մարզադպրոցի գույքը պետությունը չի տվել. ես եմ բերել, դու ես բերել, նա է բերել, ու այդպես հավաքվել է: Ծանրաձող ենք պատրաստում տրակտորի ակերով. սա չլսված բան է: Ժանգոտ են բոլոր գործիքները, մատրասները խոնավությունից փտել են: Հենց այդ խոնավությունից Արթուրի ու մյուս ըմբիշների ոտքի և ձեռքի հոդերը ցավում են: Եթե 15 րոպեից ավելի ես մնում մարզասրահում, խոնավությունից տաբատդ կպչում է մարմնիդ, սկսում ես մրսել: Դե պատկերացրեք` ինչպե՞ս ըմբիշը մարզվի, հասնի լավագույն մարզավիճակին, գնա ու չեմպիոն դառնա: Դրանով հանդերձ` սա այն մարզադպրոցն է, որը բազմաթիվ մեդալակիրներ է տվել հայկական սպորտին»:

grig1

Սպորտի և երիտասադրության հարցերի նախարարությունը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, Գյումրու քաղաքապետրանը Արթուր Ալեքսանյանի յուրաքանչյուր ոսկե մեդալից հետո խոստանում են նորոգել մարզադպրոցը: Սակայն Օլիմպիական չեմպիոնը շարունակում է մարզվել վատ պայմաններում:

grig5

«Արթուրն այստեղ մարզվում է ամեն օր: Պատկերացրեք` փորի ձգումներ անելու, վազելու կամ որևէ ակտիվ գործողություն անելու ընթացքում մարզիկները փոշի են շնչում: Հատակ չկա, պատերը քանդված են: Հավաքարարը չի կողմնորոշվում` ինչը հավաքի, ինչը` թողի:Պարան թռնելիս այնպիսի փոշի է բարձրանում, որ դիմացդ չես տեսնում»

grig-3

Մարզվելու համար ըմբիշներն ամսական վճարում են 500 դրամ: Այո, զրոները ճիշտ են գրված: 200 ըմբիշից դպրոցն ամեն ամիս ստանում է 100 հազար դրամ: Պարզ է`այդ գումարով նույնիսկ ամենավառ երազներում մարզադպրոցը չի կարող նորոգվել կամ  ժամանակակից մարզագույք գնել:

grig-4

 «Անցած տարի ձմռանը 420 հազարի դրամ հատկացրել ենք միայն ջեռուցմանը` գազին: Մենք չենք կարողանում ապահովել այդ գումարները, բայց մյուս կողմից` երեխաները ցանկանում են մարզվել, ցանկանում են հաջողության հասնել: Ստիպված մարզվում են այսպիսի պայմաններում: Մեր հաշվարկով` դպրոցը հիմնովին նորոգելու համար հարկավոր է 500 հազար դոլար: Այս մարզադպրոցի մասին հիշում են, երբ մեր դաստիարակած, կրթած  ըմբիշները չեմպիոն են դառնում: Գալիս են, խոստումներ են տալիս ու անհետանում: Արդեն զզվել ենք խոստումներից: Մի փոքր անզգույշ բարձրացնես ծանրաձողը, տրակտորի ակը ոտքիդ կգցես»:

grig-2

Մարզադպրոցի նորոգումը կառավարության առաջնահերթության ծրագրում է արդեն 3 տարի: Ռիո-2016-ից հետո քաղաքաշինության նախարարությունը Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը ներառել է 2017 թ. պետական բյուջեի նախագիծ: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտնեց, որ շինարարությունը կսկսվի այս տարվա հոկտեմբերից և կավարտվի 2018-19 թվականներին:

Լուսանկարները` Աղվան Ասոյանի

newmag #73

Գրել կարծիք