Հենրիկ Հովհաննիսյան. Արտասովոր, անսովոր, կարևոր 7 միտք

Հենրիկ Հովհաննիսյան. Արտասովոր, անսովոր, կարևոր 7 միտք

Հենրիկ Հովհաննիսյանը իր տարեդաձին նախորդող օրերին հիվանդանոցում էր և դուրս գրվելուց անմիջապես հետո մեծ հարցազրույց տվեց newmag-ին: Ներկայացնում ենք մաս-մաս և ամբողջությամբ:

Հունիսի 3-ին լրացավ թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանի 80-ամյակը: Սկսած 70-ական թվականներից, Հենրիկ Հովհաննիսյանը հայկական թատերագիտության ամենաազդեցիկ քննադատն է, որը վերջին տարիներին թատրոնի մասին լռում է: Բայց նա հայտնի է նաև որպես արվեստաբան, գրականագետ, հայագետ ու պատմաբան: Ըստ Հենրիկ Հովհաննիսյանի` արվեստի նպատակը կյանք ստեղծելն է, ոչ թե կյանքը վերարտադրելը: Գեղանկարչության հիմքը ոչ թե գույնն է, ինչպես հաճախ ներկայացվում է, այլ գիծը: Նա կարծում է, որ կոմպոզիցիան իր օրենքն ունի` ձախ անկյունից աջ վերևի անկյունն է կոմպոզիցիոն շարժումը. «Նույն ներկը մեկը քսում է պատին` ներկ է: Այդ նույն ներկը նույն խառնուրդով մեկ ուրիշը քսում է կտավին` գույն է: Տարբերությունը ձեռքն է` ձեռքի շարժման մեջ է կյանքը»:


Հենրիկ Հովհաննիսյանը մի քանի առիթով ասել է, որ ինքը չի սիրում թատրոն: Նա նույնիսկ տարօրինակ է համարում, որ 80-ամյա մարդը թատրոն սիրի, համարելով, որ թատրոնն իր պատանեկան սերն է.«Ես թատրոն շատ սիրել եմ: Ես կարծել եմ, որ աշխարհում չկա ավելի լուրջ բան, քան թատրոնը, բայց մի՞թե պատանեկան սերը հասնում է ամուսնության»:


Հենրիկ Հովհաննիսյանը կարծում է, որ թատրոնը մեռնում է: Ըստ նրա` թատրոնը հաղորդակցվելու միջոց է, և հիմա հաղորդակցման բազմազան միջոցները սպանում են թատրոնը.«Ոչ մի ողբերգություն չկա, եթե արվեստի մի տեսակ սկսում է մեռնել: Բնական է: Անտիկ գրանդիոզ թատրոնը մեռավ»:


Հովհաննիսյանը պնդում է, որ հայկական թատրոնն իր աչքի առաջ արդեն 40 տարի մեռնում է: Դրանից առաջ հայկական թատրոնի մահը նկատել է Փափազյանն ու ասել, որ եթե շարունակվի այդպես, հետո ստիպված են լինելու սովորել «ալֆա-օմեգան». «Ես այնտեղ այնպիսի բաներ եմ տեսնում, որոնք կապ չունեն թատրոնի հետ: Եվ զարկերակս բարձրանում է 120»:


Թատերական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը մի հարցազրույցում ասել է, որ Հենրիկ Հովհաննիսյանը մի ամբողջ գիտահետազոտական ինստիտուտի գործ է կատարել: Դավիթ Մուրադյանի բնորոշմամբ` Հենրիկ Հովհաննիսյանը տիրապետում է պատմությանը, բայց նա չի դարձել պատմության պահակը. «Իմ ամենաբարձր արդյունքն իմ 50 տարվա աշխատանքի` դրամայի* ծագման հարցն է: Ցավոք, քիչ մարդ է հասկանում դրա իմաստը»:

(*«Հնագույն դրաման Հայաստանում», Երևան, 2010)


Հենրիկ Հովհաննիսյանին հաճախ համարում են հայագետ, գրականագետ, պատմաբան: Ինքը համարում է, որ դրանք փոխկապակցված մասնագիտություններ են, որովհետև առանց մեկի մյուսը գոյություն չունի. «Հնարավոր չէ զբաղվել արվեստագիտությամբ` չիմանալով պատմություն, լեզու և գրականություն»:


Հենրիկ Հովհաննիսյանը հայտնի է տարբեր հարցերի վերաբերյալ իր քաղաքացիական դիրքորոշմամբ: Շատ հաճախ այդ դիրքորոշումը շփոթում են քաղաքական դիրքորոշման հետ: Հենց այդ պատճառով Հովհաննիսյանն անընդհատ ընդգծում է, որ իր դիրքորոշումը քաղաքացիական է: «Քաղաքացի չկա, ո՜ւր մնաց` քաղաքացիական հասարակություն.Մի երկիր, որտեղից թողնում-փախչում են, էդտեղ կարո՞ղ է լինել քաղաքացիական հասարակություն: Խորտակեցին «Բանվորի արձանը», կորչի´ բանվորը: Այսօր հակված են խրտվիլակագործության»:

Գրել կարծիք